
Սփյուռքահայ ազատամարտիկը որդուն Հայաստան զինծառայության է բերել
Ջորջ Պողոսյանը մոտ 30 տարի բնակվում է Ֆրանսիայում: Նա Հայաստան է եկել որդուն՝ 18-ամյա Նարեկին, զինծառայության ուղարկելու համար: Երեկ Նարեկի զորակոչվել է բանակ, ավելի կոնկրետ՝ Մեղրիի զորամաս: Այս մասին խոսելիս Ջորջն ու նրա տիկինը՝ Արմինեն, թաքցնում են հուզմունքը, որովհետև, ըստ նրանց, հպարտությունն ավելի ուժեղ է:
Մեր զրույցի ընթացքում երկուսն էլ ժպտում են, ընդգծված համեստությամբ են խոսում իրենց քայլի մասին: Ամուսնացել են արցախյան պատերազմից հետո՝ 1994-ին: Արմինեն Երևանից է, իսկ Ջորջը Հայաստան էր եկել 1993 թ.-ին՝ մասնակցելու պատերազմին: «Եկել էի մեկ կտոր պատերազմին մասնակցելու»,- ասում է նա:
Կյանքը՝ պատերազմից պատերազմ
Ջորջ Պողոսյանը Ֆրանսիա էր տեղափոխվել 1984 թ. Լիբանանից, երբ դեռ պատերազմ էր այնտեղ: Նշում է, որ մասնակցում էր Բեյրութի հայկական թաղամասերի ինքնապաշտպանությանը, 1978 թ.-ին ոտքից վիրավորվել է: Իսկ Ֆրանսիա գնացել էր աշխատելու նպատակով: Սկզբից աշխատում էր տրիկոտաժի արտադրամասում՝ բանվոր էր, հետո արդեն ինքն էր գործվածք արտադրում: Հայաստան առաջին անգամ եկել է 1993 թ.: Պատմում է, որ, օդանավակայանում իջնելով, տաքսու վարորդը հարցրել էր, թե որտեղ պիտի գնա: Պատասխանել էր. «Ինձ զորամաս տարեք»: Վարորդը զարմացել էր, թե «Ֆրանսիան թողել, եկե՞լ ես»: Ջորջը ժպտացել էր: Զորամաս էին տարել, հետո՝ «Էրեբունի» օդանավակայան, որտեղ 3 օր սպասել էր ուղղաթիռին: Այդտեղից էլ տարել էին «Եղնիկներ» պարտիզանական ջոկատ:
Այդ ժամանակ արդեն ջոկատի հրամանատար Շահեն Մեղրյանը զոհվել էր, և ջոկատը ղեկավարում էր Սերգեյ Չալյանը: Մինչև պատերազմի վերջը մնացել է «Եղնիկներում», սակայն այդ ընթացքում երեք անգամ Ֆրանսիա է գնացել: Ասում է՝ հարկադրված էր գնալ, քանի որ այդ ժամանակ Ֆրանսիայում կացության վկայագիր ուներ, իսկ ըստ տեղի օրենքի, եթե 3 ամսից ավելի բացակայեր, կկորցներ կարգավիճակը: Սակայն Ֆրանսիա գնալն էլ առիթ էր այնտեղից օգնություն բերելու՝ ռացիայի անտեննաներ, մարտկոցներ: Հարցնում եմ, թե վախ չկար արդյոք Ֆրանսիայից հասնել Արցախ՝ պատերազմին մասնակցելու համար, պատասխանում է. «Բեյրութում արդեն սովորել էի պատերազմին, չէի վախենում»:
Ինչո՞ւ Նարեկը պետք է ծառայեր
Ջորջ Պողոսյանը երկու զավակ ունի՝ Նարեկն ու Մարոն: Նարեկն ավագն է: «Ես միշտ ուզում էի, որ Նարեկը ծառայի Հայաստանում»,- ասում է Ջ. Պողոսյանը՝ հայացքը հառելով դեպի պատուհանը: Ընտանիքից միայն նա չունի ՀՀ քաղաքացիություն, ինչի համար փաստաթղթերը կարգավորում է: Տարիներ առաջ է որոշել, որ երբ Նարեկի 18 տարին լրանա, կհաստատվի Հայաստանում: Դա պայմանավորված էր մի քանի գործոններով: Դրանք թվարկելիս Ջորջ Պողոսյանի դեմքին կորում է ժպիտը: Ասում է՝ իր պապը Ցեղասպանությունից փրկվել էր, 8 տարեկանում Ադանայից Սիրիա էր հասել, այնուհետ՝ Լիբանան:
![]() |
![]() |
«Մեծ հայրս շատ տառապեց: Նա ինձ պատմել էր, որ երկու գործ էր անում՝ կոշիկ էր ներկում փոքր տարիքում և գնում էր ատամնաբույժ էր սովորում: Դա 1920-30-ական թթ. էին: Մեծ հայրս դարձավ ատամնաբույժ, ստացավ դոկտորի դիպլոմ: Ինձ պատմել էր, թե ինչ տանջանքներ էր տեսել, իր հորը մորթել էին... Փոքր տարիքում այս պատմությունը շատ ազդեց ինձ վրա: Երբ պատերազմն սկսեց, ես համոզված էի, որ միայն հայն է, որ իր սահմանները կարող է պահել, ուրիշը չի կարող պահել: Եվ եթե մենք երկիր չունենանք, ուրեմն, ազգ չենք, ոչինչ ենք»,- ասում է նա:
Ֆրանիսայում ապրելով՝ տեսնում էր տասնյակ հազարավոր հայերի ձուլումը: Նշում է, որ ծանր է տանում այդ փաստը: Ֆրանսիայում այսօր քիչ հայ ընտանիքներ են մնացել, որոնք հայերեն են խոսում: Իրենից էլ ջանքեր են պահանջվել՝ իր երեխաներին հայ պահելու համար: «Գիտեք, եթե ես ասեմ՝ թող իմ երեխան չծառայի, ուրիշի երեխան ծառայի, դա խաբեություն է, ինքս ինձ խաբում եմ: Ինչո՞ւ ուրիշի երեխան պիտի ծառայի, իմ երեխան պիտի չծառայի: Էդ դեպքում ես կեղծ հայասեր կլինեմ»,- ասում է Ջ. Պողոսյանը: Որպես հայր՝ մտահոգություններ ունի: «Վստահ եմ, որ մի քիչ տխուր օրեր կանցկացնի, բայց անուշ օրեր էլ է տեսնելու: Այդ անուշ օրերը քաղաքում չի կարող տեսնել: Մեկը մյուսին լրացնում են», -նշում է զրուցակիցս:
Ինչո՞ւ Հայաստանը երազանքի հայրենիքը չէ
2009-ից հետո ամեն տարի հինգ անգամ Հայաստան էր գալիս-գնում: Երկիրն, ըստ նրա, զարգացել է, բայց սա իր երազանքի հայրենիքը չէ, որովհետև դեռևս կան սխալներ: Դրանք ղեկավարության սխալներն են, որոնք հույս ունի, կշտկվեն:
![]() |
![]() |
«Օրինակ, ես ցանկացա գործս դնել այստեղ, հաստոցները բերել: Գնացի մաքսատուն: Ասացի իմ ցանկությունը, որ գործարանս վաճառելու փոխարեն ուզում եմ բերել այստեղ աշխատեցնել: Հարցրեցի, թե ինչքան գումար է անհրաժեշտ, և թուղթ տան, որպեսզի իմանամ, թե քանի հաստոց պիտի բերեմ և ինչքան գումար պիտի վճարեմ: Ես ուրիշ բաների հանդիպեցի այդ հարցը տալուց: Այնպիսի օրենքներ կան, որոնք պիտի շտկվեն, նայվեն, երկիրն առաջ գնա, զարգանա: Թող պետությունն այս ասածս նայի՝ ճի՞շտ եմ ասում թե՞ ոչ: Պետությունը քեզ թիվ ասելու փոխարեն սկսում է խաբել: Ասում են՝ բեր, մենք հետո կնայենք, կասենք: Միշտ փորձում են շրջանցել օրենքը»,- ասում է Ջորջ Պողոսյանը:
![]() |
![]() |
Նա առայժմ որևէ աշխատանք չունի Հայաստանում: Ասում է՝ կսպասի որդու վերադարձին, այնուհետ միասին կորոշեն հետագա անելիքները: Չնայած այդ ամենին՝ նշում է, որ շատ ուրախ է, որ Հայաստանում է, հատկապես հիմա, երբ որդին արդեն զինվոր է: «Մի փոքրիկ հուզմունք կա, հայրական զգացում է, բայց շատ ուրախ և հպարտ եմ»,- ասում է նա:
Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել