HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ գլխավոր դատախազին

Հարգելի պարոն Կոստանյան,

ՀՀ ՊՆ 4-րդ կայազորային քննչական բաժնում է քննվում թիվ 90277012 քրեական գործն ըստ Ալբերտ Ռոստոմի Քարհանյանի մեղադրանքի` ՀՀ քրեական օրենսգրքի 109 -րդ հոդվածի 1-ին մասով և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, և Վարդան և Վահրամ Գագիկի Գրիգորյանների մեղադրանքի` ՀՀ քրեական օրենսգրքի 113- րդ  հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Վերը նշված քրեական գործով հանդիսանում եմ տուժող` Մկրտիչ Խաչատրյանի դուստրը և սույն քրեական գործով տուժողի իրավահաջորդը:

Այսպես, ՀՀ ՊՆ 55537 զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Ռոստոմի Քարհանյանը, քաղաքացիներ Վարդան և Վահրամ Գագիկի Գրիգորյանների և մի խումբ անձանց հետ 2012 թվականի սեպտեմբերի 13-ին, ժամը 23-ի սահմաններում Աբովյան քաղաքում գտնվող «Մա Պլազա» ժամանցային համալիրի դիմաց իրենց հայհոյելու պատճառով վիճաբանել են ժամանցային համալիրի տնօրեն Մկրտիչ Արարատի Խաչատրյանի հետ: Վիճաբանության ժամանակ դիտավորությամբ հարվածներ են հասցրել Մ. Խաչատրյանի դեմքի և մարմնի տարբեր մասերին` պատճառելով «գանգուղեղային փակ վնասվածք, գանգի հիմքի կոտրվածով» մարմնական վնասվածք: Դեպքից անմիջապես հետո Մ. Խաչատրյանը տեղափոխվել է «Աբովյան» ԲԿ, այնուհետև տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ մինչև 27.09.2012 թվականը ստացիոնար բուժում ստանալուց հետո` 18:30-ին գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը:

Նախաքննության ընթացքում դեպքի առթիվ 14.09.2012 թվականին կայացվել է դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին որոշում: 27.09.2012 թվականին Մ. Խաչատրյանի մահվան կապակցությամբ 27.09.2012 թվականին նշանակվում է դիակի դատաբժշկական փորձաքննություն: 25.11.2012 թվականին քննիչի կողմից կայացվում է դիակի լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն` տալով նույն հարցադրումները նույն փորձագետին:

Կրկին անհասկանալի պատճառներով (քանի որ քրեական գործով որևէ նոր հանգամանք կամ ապացույց ձեռք չի բերվել) 08.02.2013 թվականին նույն քննիչի կողմից կայացվում է դիակի լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն կատարելու որոշում` տալով նույն հարցադրումները, որոնք նախկինում արդեն իսկ տրվել էին նույն փորձագետին: Որից հետո պաշտպանական կողմը 23.01.2013 թվականին միջնորդություն է ներկայացրել կրկնակի հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին, սակայն քննիչի կողմից 27.01.2013 թվականին կայացվում է մեղադրյալի պաշտպանի միջնորդությունը ամբողջությամբ մերժելու  որոշում: Ի դեպ, նույն որոշմամբ քննիչը, հստակ մեկնաբանելով հանգամանքները, հիմնավորել է, որ «Մ. Խաչատրյանի կենդանության օրոք տրված դատաբժշկական եզրակացության և դիակի դատաբժշկական եզրակացության մեջ չկան էական հակասություններ»:

Սակայն 05.04.2013 թվականին նորից անհասկանալի պատճառներով (քանի որ կրկնակի փորձաքննությունը նշանակվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 245 -րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում, որոնք տվյալ պարագայում բացակայում են, ինչպես  որ քննիչը հիմնավորել էր իր 27.01.2013 թվականի կայացված մեղադրյալի պաշտպանի միջնորդությունը ամբողջությամբ մերժելու  որոշմամբ) նշանակվում է հանձնաժողովային փորձաքննություն, որի կատարումը նորից հանձնարարվում է ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ-ի փորձագետներին:

Հետագայում մեր ներկայացուցիչների միջնորդությամբ և Ձեր անմիջական հսկողության արդյունքում նշանակվում է կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն:

Թեև մեր ներկայացուցիչները ներկա են գտնվել փորձաքննության բոլոր քննարկումներին, հանձնաժողովի նախագահ Արսեն Բաբայանը հայտարարելով, որ փորձաքննության քննարկումները ավարտված են, արգելել է տուժող կողմին ներկա գտնվել եզրակացության կազմմանը:

Դա տեղի է ունեցել մոտավորապես 2014թ-ի փետրվար ամսին: Փորձաքննության քննարկումների ընթացքում բոլոր փորձագետները եկան այն եզրահանգման, որ տուժող Մ. Խաչատրյանի գլխի վրա դեպքի օրն առկա է եղել 4 վնասվածք, որոնք անմիջական կապի մեջ կարող էին գտնվել մահվան հետ:

Սակայն, մոտավորապես 8 ամիս ընթացող փորձաքննության եզրակացությունը մինչ օրս պատրաստ չէ:

Վերոհիշյալ հանգամանքն անհանգստացնում է մեզ:

Տեղյակ եմ, որ հանձնաժողովի նախագահ Ա. Բաբայանը պատճառաբանել է, որ եզրակացությունը պատրաստ չէ այն պատճառով, որ փորձագետների մոտ առաջացել են տարակարծություններ և հնարավոր է, որ փորձագետները արտահայտեն իրենց հատուկ կարծիքը: Տարօրինակությունը կայանում է նրանում, որ իմ ներկայացուցիչների մասնակցությամբ ընթացող փորձաքննության քննարկումներին փորձագետների մոտ տարակարծություններ առկա չեն եղել, մասնավորապես փորձագետները համակարծիք էին, որ Մ. Խչատրյանի միայն գլխի վրա առկա են մի քանի վնասվածքներ, որոնք ինչպես նշեցի անմիջական կապ ունեն նրա մահվան հետ: Վերոհիշյալ հանգամանքը արդեն իսկ բավական էր եզրակացնելու, որ նախկինում տրված 4 փորձագիտական եզրակացությունները հիմնավոր են և քննիչը առաջադրված մեղադրանքի ծավալը փոխել, նոր մեղադրանք է առաջադրել ու ազատ է արձակել իմ հորս ծեծելով սպանած հանցագործներին, առանց օրինական հիմքերի:   

Հարգելի պարոն Կոստանյան, ես հուսով եմ, որ փորձագետները տեսնելով Ձեր անմիջական հսկողությունը սույն քրեական գործի նկատմամբ կտրամադրեն նախկին չորս եզրակացություններին չհակասող եզրահանգումներ, չնայած այդ ամենին արդեն իսկ առկա փորձագիտական նախկին չորս եզրակացություններով հիմնավոր կերպով հաստատվել է, որ մահվան հետ ուղղակի կապի մեջ գտնվող վնասվածքները ստացվել են հարվածների արդյունքում, ինչը բացառել են ընկնելու հետևանքով, որը արդեն իսկ բավարար էր հանցագործների արարքները ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով որակելու համար, սակայն, հետագայում, ակնհայտ էր նախաքննական մարմնի տրամադրվածությունը հանցագործների արարքներին ակնհայտ մեղմ գնահատական տալու հարցում, ինչը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս մեր համար, որը արդեն լուրջ կասկածներ ունի նախաքննության օբյեկտիվության վերաբերյալ և պատրաստվում ենք դիմել միջազգային կառույցներին, թե փորձագիտական եզրակացություններ ձեռք բերելու և թե ներպետական ատյանների կողմից թույլ տրված քրեա-դատավարական կանոնների խախտումները բարձրաձայնելու ուղղությամբ, եթե ՀՀ ՊՆ-ը և ՀՀ Գլխավոր դատախազությունը չձեռնարկեն համապատասխան միջոցներ կատարված հանցագործությունը և հանցագործների արարքները ըստ արժանավույնս որակելու հարցում, արարքը կարող է ծնել նոր հանցանքներ:

Այդ ամենը կանխելու հարցում կարևորում ենք Ձեր դերը և անմիջական վերահսկողությունը սույն քրեական գործին, քանի որ Ձեր գլխավորած համակարգը հույս է ներշնչում, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ձեռնարկելու է բոլոր միջոցները արարքներին ճիշտ քրեա-իրավական գնահատական տալու, նախաքննության օրինական ընթացքը ապահովելուն, ինչը առանձնապես կարևոր է, որպեսզի հասարակությունը, տեսնելով, որ հանցագործները ստանում են կատարած արարքին համարժեք պատիժ, ապագայում զերծ պահեն իրենց նորանոր հանցանքների կատարումից, դրանով իսկ կանխվեն մարդկության համար առավել վտանգ ներկայացնող՝ մարդու դեմ ուղղված և մյուս բոլոր հանցագործությունները:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ գրեթե 8 ամիս տևող փորձաքննության արդյունքում դեռևս եզրակացություն չկազմելը, դրանից հետո վերոհիշյալ հանգամանքի պատճառաբանությունը այն մասին, որ փորձագետների մոտ առաջացել են տարակարծություններ մտավախություն է առաջացնում մեր մոտ, որ, փորձագիտական եզրակացությունը մասամբ կամ ամբողջությամբ կարող է օբյեկտիվ չլինել, այդ պատճառով խնդրել էինք իմ ներկայացուցչցներին մասնակից դարձնել նաև փորձագիտական եզրակացության կազմման փուլին, մինչդեռ Երևանի կայազորի զինվորական դատախազի տեղակալ, արդարադատության 1-ին դասի խորհրդական Տ. Հարությունյանի գրությամբ մեր խնդրանքը մերժվել է:

 

Հարգանքներով` տուժողի իրավահաջորդ

Քրիստինե Մկրտիչի Խաչատրյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter