ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Մարզահամերգային համալիրը գնահատել է ԴԱՀԿԾ պետի պատգամավոր ընկերոջ ՍՊԸ-ն



Երբ մայիսի 19-ին ԴԱՀԿ ծառայությունը հարկադիր աճուրդի հանեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, հասարակությունը զարմացավ՝ ի՞նչ է պատահել այս անգամ, ինչու՞ է կրկին վաճառվում համալիրը: Աստիճանաբար պարզ դարձավ, որ սա երկար պատմության մի դրվագն է միայն, իսկ ամեն ինչ սկսվել է շատ ավելի վաղ:

Մուրադյան եղբայրների նոր սեփականությունը

2005-ի սեպտեմբերին պետության սեփականություն հանդիսացող այս հուշարձանը 5,7 մլն դոլարով վաճառվեց Ռուսաստանում հայտնի գործարար Մուրադյան եղբայրներին, որոնց պատկանում է «ԲԱՄՕ» ընկերությունների խումբը: Մուրադյանների գործունեության հիմնական ոլորտը շինարարությունն է:

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի (ստեղծվել է 2005-ին) սեփականատերերը, ըստ ՀՀ պետռեգիստրի կայքի վերջին՝ 2013 թ. հունիսի տվյալների, երկուսն են՝ «ԲԱՄՕ» ՍՊԸ-ն (75 %, գրանցված է ՌԴ Սոլնեչնոգորսկ քաղաքում) եւ «Մուրադին» ՓԲԸ-ն (25 %, գրանցված է Երեւանում, հիմնադրել է Հարություն Մուրադյանը): Սակայն մարզահամերգային համալիրի (ՄՀՀ) աշխատակից Կորյուն Գիգորյանն ասում է, որ ներկայում ՓԲԸ-ն մեկ անձի՝ Հարություն Մուրադյանի ձեռքում է:

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ընկերության տնօրենն էլ 2011-ից հենց Հարություն Մուրադյանն է (հայտնի է Բորիս անունով): 2003-2007 թթ. անկուսակցական Մուրադյանը ԱԺ պատգամավոր էր «Ազգային միաբանություն» խմբակցության կազմում: «ԲԱՄՕ» (Մուրադյան եղբայրների անուների ռուսական տարբերակների առաջին տառերով՝ Բորիս, Հակոբ, Մուրադ, Հովիկ) ընկերության հիմնադիրը եւ նախագահը 1992-2010 թթ. եղել է Մուրադը, որը 2010-ից մինչեւ վերջերս՝ հունիսի 26-ը, ՀՀ դեսպանն էր Իրաքում (2013-ի հունիսին Մոսկվայի հյուրանոցներից մեկի մոտ դանակահարության զոհ դարձավ Հովիկ Մուրադյանը):

Համալիրը գնելիս նոր սեփականատերերը պարտավորվեցին 3 տարում 9-10 մլն դոլար (ըստ կառավարության 2005 թ. օգոստոսի 25-ի որոշման՝ 4 մլրդ 275 հազ. դրամ) ներդնել կառույցում: 2005-2008 թթ. շինությունը վերանորոգվեց, կառուցվեց նոր կաթսայատուն, ներդրվեցին հակահրդեհային, ջեռուցման, անվտանգության եւ կապի համակարգեր, վերակառուցվեց սահադաշտը: 2008-ին՝ վերաբացման ժամանակ, հայտարարվեց, որ կառույցի համար ներդրվել է 42 մլն դոլար:

Ինչի՞ց սկսվեցին համալիրի մութ օրերը

Ըստ «ՍիվիլՆեթ»-ի՝ 2009 թ. հունիսի 23-ին կառավարությունը՝ ի դեմս ֆինանսների նախարարության, գաղտնի ձեւով  «ԲԱՄՕ Մետալ» ՍՊԸ-ին տրամադրել է 20 մլն դոլարի բյուջետային երաշխիք՝ առեւտրային բանկերից վարկային միջոցներ ներգրավելու համար: Մուրադ Մուրադյանը «168 ժամ»-ի հետ զրույցում ժամանակին հաստատել է, որ իրենք գումարը ստացել են առեւտրային երկու բանկերից, որոնցից մեկը «Յունիբանկ»-ն է: «ՍիվիլՆեթ»-ի փոխանցմամբ՝ բյուջետային երաշխիք 20 մլն դոլարը կառավարությունը տրամադրել է 2009-ին ՌԴ-ից ստացած 500 մլն վարկից, ինչը հերքել է Մուրադ Մուրադյանը, սակայն «Հետքի» հետ զրույցում հաստատել է ՄՀՀ-ի ներկայացուցիչ Կ. Գրիգորյանը: Երաշխիք տրամադրելուց օրեր անց՝ հունիսի 30-ին, ֆիննախը «ԲԱՄՕ Մետալ» ՍՊԸ-ի հետ փոխկապակցված «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի հետ կնքել է անշարժ գույքի գրավի պայմանագիր՝ իբրեւ երաշխիքի ապահովման միջոց:   

Մամուլում շրջանառվում էր այն վարկածը, որ գումարը վերցվել է՝ Սոչիում «Արմենիա» անունով հյուրանոց կառուցելու համար (այդ ծրագիրը, սակայն, չիրականացավ), չնայած Մուրադ Մուրադյանը «168 ժամ»-ին ասել է, թե գումարը վերցրել են՝ Հայաստանում ներդրումներ անելու համար:

Հիշեցնենք, որ 2007-2012 թթ. «ԲԱՄՕ Մետալ» ՍՊԸ-ն Սյունիքի Նոր Աստղաբերդ համայնքում՝ Ոսկեձոր տեղամասում, երկրաբանական ուսումնասիրություններ անցկացնելու արտոնագիր ուներ եւ ոսկու պաշարներ էր որոնում (պայմանագիրը կնքվել է 2008-ին): Այս համայնքում են գտնվում մարզկենտրոն Կապանի խմելու ջրի ակունքները, ու կապանցիները դեմ էին հանդես գալիս հանք բացելուն: Նրանց իբր աջակցում էր նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, որը «ԲԱՄՕ Մետալ»-ի արտոնագրի ավարտից հետո ինքը սկսեց ոսկու հանքավայր հետազոտել: Նույն հատվածում «ԲԱՄՕ Մետալ»-ը նաեւ Գեղի գետի ավազանում պղինձ ու մոլիբդեն որոնելու լիցենզիա ուներ:  

Թե ումից եւ ինչ նպատակներով է «ԲԱՄՕ Մետալ»-ը վերցրել գումարը, այլ պատմություն է: Փաստն այն է, որ այս վարկը եւ դրա դիմաց գրավը Մուրադյան եղբայրների միջեւ վեճի պատճառ է դարձել:

Մամուլում գրվել է նաեւ, որ վարկը վերցնելիս գրավադրվել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի 75 տոկոսը: Այս փաստը մամուլի հրապարակումներում չեն հերքել Մուրադ եւ Բորիս Մուրադյանները: Ինչպես վերը նշեցինք, այդ բաժնեմասը պատկանում էր Սոլնեչնոգորսկում գրանցված «ԲԱՄՕ» ՍՊԸ-ին: ՀՀ պետռեգիստրի տվյալներով՝ 75 տոկոս բաժնեմասը կազմել է 656 մլն 400 հազ. դրամ:

Կրկին ըստ «ՍիվիլՆեթ»-ի՝ 2012-ի սեպտեմբերի 13-ին կառավարությունը գաղտնի որոշում է կայացրել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին 9,77 մլրդ  դրամ (մոտ 23 մլն դոլար) բյուջետային վարկ տրամադրելու մասին: Սեպտեմբերի 20-ին կնքվել է համապատասխան պայմանագիր ֆիննախի ու ՓԲԸ-ի միջեւ, իսկ վարկի ապահովման միջոց հանդիսացել է ընկերության անշարժ գույքը: Վարկը տրամադրվել է 6 ամսով, սակայն մարման ժամկետը երկարացվել է մինչեւ մեկ տարի:

Սա, ըստ ՓԲԸ-ի ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանի, այլ բան չէ, քան հետեւյալը. «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն չնայած ընդհանրապես չի օգտվել «ԲԱՄՕ Մետալ»-ի վերցրած վարկից, այդուհանդերձ, 2012-ի աշնանը ՓԲԸ-ն իր վրա է վերցրել ՍՊԸ-ի վարկային պարտավորությունները: Եվ ընկերության հիմնական ունեցվածք ՄՀՀ-ի շենքն էլ այսօր հայտնվել է վարկային պատմության «զոհասեղանին»:

«Հետքի» աղբյուրի փոխանցմամբ՝ Մուրադ (նախկինում՝ նաեւ Հովիկ, որը մինչեւ սպանությունը (2013 թ.) «ԲԱՄՕ Մետալ» ՍՊԸ-ի 100-տոկոսանոց փայատերն էր) եւ Բորիս եղբայրների լարված հարաբերությունների պատճառներից մեկն այն է, որ «ԲԱՄՕ Մետալ»-ի վարկի դիմաց գրավադրվել է Բորիսի ղեկավարած ՓԲԸ-ի կապիտալը:

Այդուհանդերձ, «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն, Կ. Գրիգորյանի փոխանցմամբ, երբեք չի հրաժարվել իր ստանձնած վարկային պարտավորությունները կատարելուց: Գրիգորյանն ասում է, որ իրենք դիմել էին կառավարությանը՝ առաջարկելով երկարացնել վարկի ժամկետը, որն ավարտվում էր 2013-ի աշնանը, սակայն մերժում են ստացել. գործադիրն առանց հապաղելու մտել է դատարան՝ ՓԲԸ-ի չվճարած 10,2 մլրդ դրամը (տոկոսները, տույժ-տուգանքները ներառյալ) բռնագանձելու պահանջով: Իբրեւ համահայցվոր հանդես են եկել ֆիննախն ու ՊՆ-ն:  

ՓԲԸ-ի իրավաբան Մարիա Խաչատուրյանն ասում է, որ մինչ օրս կադաստրում ՄՀՀ-ի գրավի իրավունքը գրանցված է ֆինանսների նախարարության անունով: Այսինքն՝ թե վարկային, թե գրավի պայմանագրերը կնքված են ֆիննախի հետ, եւ խոսք չկա ՊՆ-ի մասին: Կ. Գրիգորյանն էլ ասում է, որ մինչեւ վարկի վերջնաժամկետի ավարտը հարցում են արել կառավարությանը, թե որքան է կազմում ընթացիկ պարտքը (ըստ նրա՝ իրենք մինչ այդ ինչ-որ չափով վճարումներ կատարել էին), եւ ում պետք է վճարեն, այնտեղից էլ պատասխանել են, թե ՊՆ-ին պետք է վճարեն, ինչը զարմացրել է իրենց: Ըստ ՄՀՀ-ի ներկայացուցչի՝ սա լուրջ խնդիր է իրավական տեսանկյունից:

«ՍիվիլՆեթ»-ը գրել է, որ 2012-ի դեկտեմբերի 27-ին կառավարությունն անհատական գաղտնի որոշում է կայացրել. ֆիննախի եւ ՓԲԸ-ի միջեւ սեպտեմբերի 20-ին կնքված վարկային պայմանագրից եւ անշարժ գույքի հաջորդող գրավից բխող իրավունքների իրականացման լիազորությունը վերապահել պաշտպանության նախարարությանը։

Դատական թնջուկ՝ մարզահամերգային համալիրի շուրջ

2013-ի նոյեմբերին ֆիննախն ու ՊՆ-ն «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ից 10,2 մլրդ դրամ բռնագանձելու պահանջով մտել են դատարան: Դատավարությունը եղել է դռնփակ, ՓԲԸ-ի փաստաբան Արմինե Հակոբյանը գաղտնիության փաստաթուղթ է ստորագրել եւ պարտավորվել որեւէ բան չհայտնել դատական գործընթացի մասին: Գործը հասել է մինչեւ Վճռաբեկ դատարան եւ արդեն այս տարվա գարնանն ավարտվել է ի վնաս ՓԲԸ-ի: Իրավաբան Մ. Խաչատուրյանն ասում է, որ նույնիսկ դռնփակ գործերի վճիռների եզրափակիչ մասերը պիտի հրապարակվեն դռնբաց նիստում ու նաեւ տեղադրվեն «Datalex.am» կայքում, սակայն որեւէ տեղեկություն այս գործի մասին չկա ու չի էլ հրապարակվել: Այս գործի համարն է ԵԿԴ/2788/02/13: Ու զավեշտն այն է, որ վճռաբեկ ատյանի դատավոր Մամիկոն Դրմեյանի վարույթում եղած այս նույն գործի հայցվորը իբր «Արեգակ» ՍՊԸ-ն է, իսկ պատասխանողը՝ «Լուսին» ՍՊԸ-ն:

Դատարան մտնելիս ֆիննախն ու ՊՆ-ն պահանջել են հայցագնի չափով արգելանք դնել ՓԲԸ-ի գույքի վրա, ԴԱՀԿ ծառայությունում հարուցված վարույթով պարտապանին արգելվել է օտարել բաժնետոմսերը: Երբ գործն ավարտվել է նաեւ Վճռաբեկ դատարանում, ԴԱՀԿԾ-ն վերսկսել է վարույթը: Ըստ այդմ՝ ՓԲԸ-ից հօգուտ ՀՀ-ի պետք է բռնագանձվեր 10,2 մլրդ դրամ, որը տարածվելու էր ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող մարզահամալիրի շենքի վրա, իսկ չբավարարելու դեպքում՝ ՓԲԸ-ին պատկանող այլ գույքերի վրա:     

Այս ընթացքում ընկերությունը դիմել է դատարան՝ իրեն ֆինանսական պարտավորությունից ազատելու հայցով, քանի որ, ըստ իրավաբան Խաչատուրյանի, պետբյուջեում օրենքով նախատեսված չի եղել իրենց պարտավորությունը: Սակայն ՓԲԸ-ն գործը պարտվել է հայաստանյան ատյաններում եւ, ըստ էության, այս դրվագով կդիմի Եվրադատարան:

Մյուս կողմից՝ երբ հայտնի է դարձել, որ ԴԱՀԿԾ-ն վերսկսել է վարույթը, ՓԲԸ-ն մեկ այլ հայցով դիմել է դատարան՝ գույքը արգելանքից հանելու պահանջով (այս գործը դեռ չի ավարտվել): Քանի որ գույքի վերաբերյալ դատական գործ է սկսվել, ԴԱԿՀԾ-ն ապրիլի 22-ին օրենքի պահանջով կասեցրել է վարույթը ու դիմել է հետաքրքիր քայլի. ինքն է մտել դատարան: Ընկերության ներկայացուցիչներ Արմինե Հակոբյանն ու Մարիա Խաչատուրյանը հավաստիացնում են, որ ԴԱՀԿԾ-ն դատարանից ցանկացել է խորհրդատվական բնույթի որոշում ստանալ, որի էությունը հետեւյալն է. եթե գույքի վերաբերյալ կա դատական գործ, արդյոք ես պետք է կասեցնեմ կատարողական վարույթը այդ գույքի նկատմամբ: «Այսինքն ԴԱՀԿԾ-ն կարծես չի կողմնորոշվում իր գործողություններում եւ հարցում է ուղարկում: Այնինչ ինքը կարող է դիմել դատարան այն դեպքում, երբ կատարողական թերթի «վճռեց» մասն իր համար անհասկանալի է, օրինակ՝ ում եմ փոխանցելու բռնագանձած գումարը՝ ՊՆ-ի՞ն, թե՞ ՖՆ-ին: Իսկ այս մեկը լրիվ խորհրդատվական բնույթի է»,- ասում է Մ. Խաչատուրյանը: Փաստաբան Հակոբյանն էլ շեշտում է, որ դատարանին ներկայացրել է Արաբկիրի դատարանի նախադեպային որոշումը, որով վերջինս մերժել է խորհրդատվական բնույթի ակտ կայացնել, այնինչ Կենտրոնի դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը դրան չի անդրադարձել եւ նշել է, որ վարույթը ենթակա չէ կասեցման: Ընկերությունն այս որոշումը բողոքարկել էր վերաքննիչ ատյանում, որտեղ նիստերը նույնպես դռնփակ էին անցնում:

Ու չնայած բողոքարկման փուլն ընթացքի մեջ էր, չկար ուժի մեջ մտած դատական ակտ, ԴԱՀԿԾ-ն շտապեց մայիսի 19-ին ՄՀՀ-ի աճուրդ հայտարարել:

Այդուհանդերձ, առանց փաստաբան Հակոբյանի մասնակցության էլ, որը հրաժարվել էր գաղտնիության թուղթ ստորագրել ու, ըստ այդմ, իրավունք չուներ նիստերին մասնակցել, վերաքննիչ դատարանը հունիսի 26-ին կայացրեց որոշում, որը մեծ հաշվով անակնկալ էր շատերի համար: Աստղիկ Խառատյանի նախագահությամբ դատարանը որոշեց բեկանել եւ փոփոխել ստորին ատյանի որոշումը՝ ԴԱՀԿԾ-ի դիմումը մերժել: Ա. Հակոբյանի փոխանցմամբ՝ վերաքննիչը նշել է, որ ընդհանուր իրավասության ատյանը խախտել է Սահմանադրության 5-րդ հոդվածը՝ դուրս է եկել իր լիազորություններից, բացի դրանից՝ ԴԱՀԿԾ-ն չէր կարող կոնկրետ նման պարզաբանման համար դիմել դատարանին:

Չնայած կա հստակ դատական ակտ, մյուս կողմից էլ՝ «ԴԱՀԿ մասին» օրենքի 37-րդ հոդվածով՝ «հարկադիր կատարողը պարտավոր է կասեցնել վարույթը, եթե հայց է ներկայացվել դատարան այն գույքն արգելանքից հանելու մասին, որի վրա բռնագանձում է տարածվել կատարողական թերթով (իսկ նման հայց, ինչպես նշեցինք, կա- հեղ.)», այդուհանդերձ, ԴԱՀԿԾ-ն այսօր էլ շարունակում է հարկադիր աճուրդը՝ հայտարարելով, թե իբր վերաքննիչ դատարանը իրավաչափ է համարել ստորին ատյանի եզրահանգումը վարույթը չկասեցնելու մասին, իսկ ՓԲԸ-ի բողոքը համարել է ոչ հիմնավոր:

Ո՞վ եւ ինչպե՞ս է գնահատել մարզահամերգային համալիրը  

«Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 30-րդ հոդվածով («Լոտի գնահատումը»)՝ «անշարժ գույքի գնահատումն իրականացվում է համապատասխան լիցենզիա ունեցող անձանց միջոցով, որոնց ընտրության կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի աշխատակիցներ Մարիա Խաչատուրյանն ու Կորյուն Գրիգորյանն ասում են, որ ՄՀՀ-ի շենքը պիտի գնահատեր հատուկ հանձնաժողովը, որպիսին, սակայն, չի կազմվել:

«Ապրիլի 18-ին եկել էին գնահատում անելու: Փորձագետին ճանաչում եմ, «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի մասնագետ է, պարզվում է, որ հիմա ինչ-որ «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ի փորձագետ է, որը եկել է շենքը գնահատելու: Հարություն Մուրադյանը թույլ չի տվել, որ գնահատում անեն, որովհետեւ իրավունք չունեին ամբողջ կազմով գալ այստեղ: Կարող էին գալ միայն հարկադիր կատարողն ու փորձագետը: Իսկ եթե այդ օրը ինչ-որ մեկն այստեղ լիներ, կտեսներ որ ամբողջ ԴԱՀԿԾ-ն այստեղ էր. մի 40 հոգի էր եկել: Փորձագետը չէր կարող գնահատում անել, որովհետեւ ամբողջ համալիրի դռները փակ էին: Այդ պահին համալիրում անգամ լույս չկար, ինձ համար անհասկանալի է, թե փորձագետն ինչ ֆենոմենալ կարողություններ ունի, որ կարող է 5 րոպեում փակ շենքում, առանց հոսանքի գնահատում անել եւ գտնել, որ շենքն արժե 25,8 մլրդ դրամ ու դնել աճուրդի 19,3 մլրդ դրամով (օրենքով՝ հարկադիր աճուրդում վաճառվող լոտի մեկնարկային գինը սահմանվում է գնահատված լոտի գնի 75 տոկոսի չափով- հեղ.): Փորձաքննությունը ամիսներ է տեւում, ինչպե՞ս եղավ, որ գնահատեցիր մի քանի րոպեում»,- ասում է իրավաբան Մ. Խաչատուրյանը:

Վերջինիս ներկայացմամբ՝ ՓԲԸ-ն իր հերթին դիմել է այլ փորձագետի՝ գնահատում անելու համար: Մասնագետն էլ նշել է մոտ 38-40 մլրդ դրամ գին, բայց շեշտել է, որ կոնկրետ գնահատում չի կարող անել, քանի որ տվյալ ոլորտի փորձագետ չէ:

Եվս մի դիտարկում. մայիսի 19-ին առաջին անգամ աճուրդ հայտարարելուց հետո լոտի նկարագրության բաժնում ԴԱՀԿԾ-ն չի գրել, որ ՄՀՀ-ն պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձան է (կառավարության 2004 թ. որոշմամբ): Սա ավելացվել է աճուրդ հայտարարելուց մի քանի օր անց միայն: ՄՀՀ-ի աշխատակիցները համոզված են, որ եթե ի սկզբանե հաշվի առնվեր հուշարձան լինելու հանգամանքը, ապա կառույցի արժեքն ավելի բարձր պիտի սահմանվեր, չնայած այս փաստը արձանագրելուց հետո էլ գնային որեւէ փոփոխություն չի եղել:   

Իսկ ովքե՞ր են գնահատել կառույցը: «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ն գրանցված է Երեւանում: Սրա տերերը օֆշորային գոտի հանդիսացող Պանամայում գործող 2 ընկերություններ են. «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգ» եւ «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ»: Առաջինի ղեկավարը Լիանա Մուրադյանն է, երկրորդինը՝ Արթուր Ստեփանյանը: Վերջինս ՀՀԿ-ական պատգամավոր է 2012-ից, ավելի հայտնի է իբրեւ Չախկալ Արթուր: Թիվ 3 ընտրատարածքում նրա թեկնածուական արշավը սերտորեն կապվում էր ԴԱՀԿԾ-ի պետ Միհրան Պողոսյանի (Քեթրինի Միհրան) հետ, ինչը պատահական չէր: Ստեփանյանը 2000-2011 թթ. իբրեւ տնօրեն աշխատել է «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ում, որը հիմնադրել է Մ. Պողոսյանը: 2011-ից «Քեթրին» բարեգործական ՀԿ-ի նախագահն է, որը նույնպես հիմնադրել է Պողոսյանը, միասին հիմնադրել են «Քեթրին սուսերամարտի ակումբ» ՀԿ-ն: Մինչեւ պատգամավոր դառնալը Ստեփանյանը աշխատել է նաեւ ԴԱՀԿԾ-ում որպես բաժնի պետի տեղակալ: «Հետքի» զանգին պատասխանելով՝ Ստեփանյանը խնդրեց զանգել մեկ ժամից, սակայն հետո այլեւս չարձագանքեց զանգերին:

Ա. Ստեփանյանի ստորագրությունները՝ իբրեւ «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ի փայատեր օֆշորային ընկերության եւ «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ի ղեկավար 

Փաստորեն, ընկերներից մեկի կառույցը կատարողական վարույթ է սկսել ՄՀՀ-ի նկատմամբ, ապա վերջինիս արժեքը գնահատելու համար նշանակել է ընկերոջ ՍՊԸ-ի փորձագետին, ինչից հետո էլ հարկադիր աճուրդ է հայտարարել: Մյուս կողմից՝ ստացվում է, որ ՀՀԿ-ական պատգամավորը օֆշորային ձեռնարկատեր է:

Համալիրի տիրոջը դատի են տվել կինն ու ռուս ներդրողները

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի մասնակցությամբ ՀՀ դատարաններում այս պահին կան բազմաթիվ գործեր: Դրանցից մեկով ընկերությունը վարչական դատարանից պահանջել է ԴԱՀԿԾ-ի՝ արգելանքի դրված գույքը աճուրդով վաճառելու որոշումը առ ոչինչ ճանաչել:

«2008-ի հունիսին պաշտոնը ստանձնելուց հետո այս պարոնը՝ Միհրան Պողոսյանը (ԴԱՀԿԾ-ի պետը- հեղ.), օգոստոսին փոփոխություն է կատարում կառույցում: Երեւանի քաղաքային բաժնի պետի պաշտոնը հանում շպրտում է դուրս: Քանի որ գործերի առյուծի բաժինը Երեւանում է, քաղաքային բաժնի պետին հանել են, դրա փոխարեն ստեղծել են շրջանների բաժիններ, որոնք պետք է լինեին բաժանմունքներ,- ասում է ՄՀՀ-ի ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանը,- մի բաժնի պետի փոխարեն իջեցրել են 6 բաժնի պետերի հաստիքներ: Ամենակարեւորը՝ դեպոզիտային հաշիվը Երեւանից վերցվել է, այն տնօրինում է արդեն պարոն Միհրանի տեղակալը՝ այսինքն՝ անձամբ Միհրանը: Այսինքն՝ մեծ հաշվով ԴԱՀԿԾ-ն դարձել է ԱՁ: Երեւանի բաժինների դեպոզիտային հաշիվը մի հատ է, բայց բաժնի պետ էլ չկա: Ստացվել է օրենքից դուրս հաշիվ»:

Համալիրի գործով կատարողական վարույթ իրականցնողը ԴԱՀԿԾ-ի Կենտրոն եւ Նորք-Մարաշի բաժնի պետի պաշտոնակատար Արտակ Մեժլումյանն է, սակայն, ըստ օրենքի, կառույցն ունի Երեւանի քաղաքային բաժին, ինչպես որ մարզերում, եւ բաժանմունքներ, այլ կերպ ասած՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշի բաժնի պետի պաշտոն գոյություն չունի: «Մենք այս դեպքում հարց ենք տալիս. լավ վճարում ենք, բայց ու՞մ ենք վճարում,- նշում է Կ. Գրիգորյանն ու հավելում, որ դիմել են արդարադատության նախարարին, որ շտկեն կառույցը:- Սպասում ենք պատասխանին, բայց լռում են ու կլռեն: Դիմել ենք նաեւ վարչապետին: Ոչ մի արձագանք չկա, հույս էլ չունենք»:

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին դատի տվողների ցանկում է նաեւ ռուսական «Ռեգիոնսնաբսերվիս» ՍՊԸ-ն, որը հայկական ընկերության դեմ գործ է շահել ՌԴ-ում եւ վճիռը ներկայացրել է ՀՀ՝ ճանաչման համար: Այս ընկերությունը համալիրում ներդրում կատարածներից մեկն է: Ըստ Մինսկի կոնվենցիայի՝ օտարերկրյա պետության վճիռը ՀՀ-ում ենթակա է կատարման: Իրավաբան Խաչատուրյանն ասում է, որ Կենտրոնի դատավոր Ալեքսեյ Սուքոյանը, ռուսական կողմի դիմումը ընդունելով վարույթ, կատարման է ճանաչել ՌԴ դատարանի վճիռը բռնագանձման մասին, սակայն համալիրը հիմա չի կարող վճարել այդ գումարը: Մի որոշ ժամանակ անց նույն ընկերությունը կրկին դիմել է ՀՀ ատյաններին՝ ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու հայցով: Նույն դատավոր Սուքոյանն այս անգամ վերադարձրել է դիմումը՝ ասելով, թե այն իրեն ընդդատյա չէ, քանի որ ընկերության իրավաբանական հասցեն Գեղարքունիքի Ծովասար (նախկին Թազագյուղ) համայնքում է: Սակայն Գեղարքունիքի մարզի դատավոր Ավագ Գաբրիելյանն էլ է նույն պատճառաբանությամբ վերադարձրել դիմումը: «Քաղ.դատ.օր-ով հայցը քննվում է պատասխանողի գտնվելու վայրում (ՓԲԸ-ն գործում է Երեւան, Ծիծեռնակաբերդի զբոսայգի 1 հասցեում- հեղ.): Դա շատ լավ գիտեն պարոն Սուքոյանն ու մյուս դատավորները, ուղղակի ցուցում կա դիմումը վերադարձնել,- ասում է ընկերության իրավաբան Մարիա Խաչատուրյանը,- որովհետեւ սնանկության գործը հենց վարույթ ընդունվեց, ամբողջ այս պրոցեսը կասեցվելու է անորոշ ժամանակով: Իսկ դա ոչ մի կերպ թույլ չեն տա: Այնքան կփոխեն այստեղից այնտեղ, մինչեւ աճուրդը կայանա»:

Հետաքրքիր մի գործ էլ կա համալիրի տնօրեն Հարություն Մուրադյանի դեմ: Նրան դատի է տվել կինը՝ Ռիտա Մուրադյանը, որն իբրեւ պատասխանող խնդրել է ներգրավել նաեւ ֆիննախին ու «Մուրադին» ՓԲԸ-ին, իբրեւ երրորդ անձ՝ Կենտրոնի նոտարին, անշարժ գույքի կառավարման պետկոմիտեին, ԴԱՀԿԾ-ին: Ռ. Մուրադյանը պահանջել է արգելանքից հանել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի գույքը, դրա նկատմամբ ճանաչել համատեղ սեփականություն, անվավեր ճանաչել գրավի պայմանագիրը եւ գրավի իրավունքի պետական գրանցումը: Դատարանը երկու անգամ վերադարձրել է տիկին Ռիտայի դիմումները՝ նշելով, որ ներկայացված հայցերը փոխկապակցված չեն: Ռ. Մուրադյանը, սակայն, նորից է դիմել դատական ատյան:

Մեր դիտարկմանը, թե տպավորություն է, որ այսկերպ փորձ է արվում կասեցնել աճուրդի գործընթացը, իրավաբան Մ. Խաչատուրյանը ժպտում է. «Ամեն դեպքում ընկերությունը փորձում է օրենքով նախատեսված բոլոր միջոցներով իր իրավունքները պաշտպանել: Երբեւէ չենք ասել, որ մեր պարտավորությունները չենք պատրաստվում իրականացնել, ընդամենը խնդրել ենք ժամանակ տալ: Ռիտա Մուրադյանի հայցը չեն ընդունում վարույթ, քանի որ այն կկասեցնի կատարողական վարույթը»:

«ԴԱՀԿԾ-ի այս շտապողականությունը պատվեր է»

«Պետությանը պետք չէ, որ համալիրը մնա իր վրա, քանի որ «թթվելու» է: Մենք ամեն ամիս համալիրի պահպանման համար (20 հա հարակից տարածքի ջրում, հոսանքի, պահպանության եւ այլ ծախսեր) 100.000 դոլար ենք ծախսում: Ըստ ձեզ՝ պետությունն այդքան փող ունի՞: Չունի: Իրենց պետք է սա վերցնել, տալ պողոսին: Սա հստակ է: Չեմ կարող ասել, թե ում մասին է խոսքը: Այդ անձը չի երեւում: Անում են արագ ու փնթի: Քանի գնորդը չի հայտնվել, ես ի սկզբանե չեմ կարող ասել, որ ինչ-որ մեկը մեղավոր է այս հարցում: Սակայն զգացվում է, որ ԴԱՀԿԾ-ի այս շտապողականությունը պատվեր է: Եթե արժեքը շատ դնեին, աճուրդը երկար կտեւեր: Բայց թող իրական գին ֆիքսեին, էլի անեին իրենց գործը»,- վրդովված ասում է Կորյուն Գրիգորյանն ու հավելում, որ այս պահին արգելանքի տակ են ընկերության անշարժ ու շարժական գույքը, ֆինանսական հաշիվները: «Ընդառաջեք մեզ ընդամենը երկու տարի, մենք այս հարցը կկարողանանք լուծել»,- դիմում է նա կառավարությանը:

28 մլրդ դրամ գնահատված մարզահամերգային համալիրի գնորդ այս պահի դրությամբ չկա: Օրենքի համաձայն՝ գնորդ չհայտնվելուց հետո հարկադիր աճուրդը համարվում է չկայացած, եւ հայտարարվում է նորը, որում լոտի գնային առաջարկը իջեցվում է 10 տոկոսով: Համալիրի շենքի առաջին աճուրդում հայտարարված 19,3 մլրդ դրամ գինն այս պահին ընթացող չորրորդ հարկադիր աճուրդում հասել է 14,1 մլրդ դրամի: Ընկերության ներկայացուցիչները համոզված են, որ այս ամենն արվում է միտումնավոր, մինչեւ գինն իջեցվի գնորդին ձեռնտու մակարդակի:   


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ