HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միսիան տապալված է. Հայոց խորհրդարանական դիվանագիտության թշվառությունը-2

Ստեփան Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան

Հոդվածի սկիզբը

Միսիան ընթացքի մեջ է. Հայաստանը նույնպես դեմ է բանաձևի ընդունմանը

Պահանջի առումով ադրբեջանականին նույնական էր նաև հայկական պատվիրակության դիրքրոշումը, որն արտահայտեց նրա ղեկավար Արտաշես Գեղամյանը (տեսանյութում նրա ելույթը՝ 2:18:15-2:23:18): Նա էլ դժգոհություն հայտնեց երկակի ստանդարտների ու խտրական վերաբերմունքի առնչությամբ, թե բանաձևից այնպիսի տպավորությունն ունի, որ Հելսինկյան եզրափակիչ ակտը ընդամենը մեկ՝ տարածքային ամբողջականության սկզբունքից է կազմված, սակայն կրկնեց Ալեքսեյ Պուշկովի պահանջը, թե բանաձևը չպետք է քննակվի:

Հայաստանում փորձ արվեց տպավորություն ստեղծել, թե Հելսինկայն եզրափակիչ ակտի 10 հավասարազոր սկզբունքերի մասին խոսելով Արտաշես Գեղամյանը ի նկատի է ունեցել ղարաբաղյան հակամարտությունը կամ պատասխանել է ադրբեջանցի պատգամավորի հայտարարություններին: Չնայած այդ հարցի քննարկման ժամանակ դիտված հայ-ադրբեջանական փոքրիկ լեզվակռվին` իրականում հայկական պատվիրակության անունից նրա ղեկավարի գլխավոր մտահոգությունը վերաբերել է Կարդինի պատրաստած բանաձևով Ռուսաստանին վերագրվողին. այն է՝ խախտելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնամխելիությանը, ինչը փաստարկվում, շեշտվում ու դատապարտվում է, Մոսկվան ոտնահարել է նաև Հելսինկայն եզրափակիչ ակտի բոլոր տաս սկզբունքները:  

Ա.Գեղամյանի ելույթի այդ հատվածը մեջբերենք ամբողջությամբ, ինչը ապացուցում է վերն ասվածը. «Լսելով առանձին պատվիրակների ելույթները, իմ մոտ տպավորություն ստեղծվեց, թե Հելսինկյան եզրափակիչ ակտը կազմված է ոչ թե տասը սկզբունքներից, որոնց կիրառությունը պետք է համաժամանակյա լինի և որոնք ունեն հավասարազոր իմպերատիվ, իրավաբանական ուժ, այլ կազմված է ընդամենը մեկ սկզբունքից՝ տարածքային ամբողջականության սկզբունքից: Իսկ որտե՞ղ է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը: Նույնը նաև՝ ՄԱԿ-ը: ՄԱԿ-ի հիմնադիր-օրնեսդիր հայրերը «չգիտես ինչո՞ւ կարծես ծայրահեղ ճիշտ չեն վարվել», որովհետեւ ՄԱԿ-ի կանոնադրության 1-ին հոդվածի 2-րդ կետում հստակ ամրագված է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին: Եւ ահա, երբ ռուսաստանցի գործընկերն ասում է, թե այս հարցը քննարկումից պետք է հանել այն պարզ պատճառով, որովհետև առկա է ՄԱԿ-ի կանոնադրության 1-ին հոդվածի 2-րդ կետի  բացարձակ անտեսում, ճիշտ այնպես ինչպես առկա է Հելսինկայն եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքներից մեկի՝ նույն ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի անտեսում»:

Ա.Գեղամյանի ելույթի տողատակերում առաջին հերթին Ղրիմի հանրաքվեն է: Եթե Ուկրաինային վերաբերող բանաձևում ընդգծած լիներ նաև «Ղրիմի ժողովրդի» ինքնորոշման «հավասարազոր, իմպերատիվ իրավունքը», ապա կստացվեր, որ Ռուսաստանը ճիշտ է վարվել, միջազգային իրավունք չի խախտել, այլ ապահովել ու հարգել է ինքնորոշման իրավունքի հիման վրա տեղի ունեցած կամաարտահայտությունը, հետևաբար, տեղի ունեցածը ամենևին էլ օկուպացիա չէ, բռնակցում չէ, ուստի, ի հակառակ բանաձևի անվանման, ոչ մի բան էլ պետք չէ «կոռեկցիայի ենթարկել»:

Վերջապես, ամենավերջին փաստարկը, թե ինչու Վեհաժողովը չպետք է քննարկի Ուկրաինային նվիրված, կամ որ նույնն է՝ Ռուսաստանին դատապարտող բանաձևը, հայկական պատվիրակության ղեկավարը տալիս է այսպիսի հիմնավորում. «Դա մեր բոլորիս՝ Խորհրդային միության նախկին, ներկայումս՝ ԱՊՀ քաղաքացիներիս համար շատ ցավալի խնդիր է, քանի որ դժվար է բաժանել հայերին, ուկրաինացիներին ռուսներից: Դա մի հզոր քաղաքակրթություն է, որի ակունքները Կիևյան Ռուսաստանում են: Եվ ահա, այդ հարցի քննարկումը արդյո՞ք չի վնասի այն դրական տեղաշարժերին, որոնք տեղի են ունենում: Ի վերջո գաղտնիք չէ, որ բոլորովին վերջերս ՌԴ Դաշնային խորհուրդը բացառիկ ակտուալ որոշում ընդունեց Ուկրաինայի տարածք ռուսական զորքեր մտցնելը չթույլատրելու մասին: Ի վերջո, հենց այժմ շատ կարևոր բանակցություններ են շարունակվում ՌԴ նախագահի, ԳԴՀ կանցլերի և Ֆրանսիայի նախագահի միջև: Բանակցություները շարունակվում են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջեւ: Ուրեմն, հիշենք Հիպոկրատի սկզբունքը՝ «չվնասել»»:

Թե հազարամյակների պատմություն ունեցող հայկական քաղաքակրթության ակունքները ինչպես և որքանով են գնում դեպի մի քանի հարյուրամյակի պատմությամբ Կիևյան Ռուսիա, կամ այդ երբվանից է դժվար զատել «նույն քաղաքակրթությանը պատկանող» ռուսին ու հային (ուկրաինացու ու ռուսի պարագան դեռ մի  կերպ հասկացվում է), թողնենք մշտապես պատմության քաջատեղյակությամբ փայլել ցանկացող Գեղամյանի եւ հայկական խորհրդարանական պատվիրակության խղճին: 

Վերջապես, ադրբեջանցի պատգամավորի այն միտքը, թե ԱՄՆ-ը որպես գերտերություն պետք է միայնակ լուծի ղարաբաղի խնդիրը, հայկական պատվիրակության ղեկավարը վտանգավոր համարեց, քանի որ անտեսվում է Մինսկի խմբի դերը. «Եթե Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծում է ընդամենը մեկ երկիր, այդ դեպքում ինչու պահել ԵԱՀԿ Մինսկի խումբը: Այդ դեպքում սկզբունքորեն ինչի է պետք ԵԱՀԿ-ը, եթե կա համաշխարհային դատավոր»,- հեգնանքով հայտարարեց Գեղամյանը:

Անշուշտ, հակամերիկանիզմի մեջ չմեղադրվելու համար նա նաև շտապեց հայտարարել, թե Հայաստանը և ինքը հարգում են ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Ռուսաստանին, սակայն անուղղակիորեն ասվածն օգտագործեց բարձրաձայնելու համար ռուսական այն մտահոգությունը, թե վերջին շրջանում ԱՄՆ փորձում է իր հովանու ներքո փոխադրել ղարաբաղյան հակամարտության լուծումը: Եվ վերջում, Ա.Գեղամյանը Սերժ Սարգսյանի անունից հնչեցրեց այն միտքը, թե ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղություն կնքելու հիմքեր առկա են:

Այսպիսով, հայկական պատվիրակությունն էլ Վեհաժողովին ու Կարդինին մեղադրեց, թե քանի որ Ուկրաինային նվիրված բանաձևում ամրագրված չէ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, որը «պաշտպանելու և իրացնելու» համար էլ Ռուսաստանը «օգնության հասավ» Ղրիմում, քանի որ Հելսինկյան եզրափակիչ ակտի բոլոր տասը սկզբունքներն էլ հավասարազոր են ու գործում են անմիջականորեն, և որպեսզի ԵԱՀԿ ԽՎ-ը չվնասի Ռուսաստան-Արևմուտք բանակցություններին, պետք չէ հարցը քննարկել:

Որքան որ լսարանի համար տհաճ ու անցանկալի էր հայկական պատվիրակության ղեկավարի ելույթը, ինչը անգամ տեսանելի է նիստի տեսագրության մեջ պատվիրակների տարակուսած դեմքերից, նույնքան և զավեշտալի էր Ուկրաինային նվիրված բանաձևում Ադրբեջանին ԼՂ տարածքային պատկանելությունը ամրագրված տեսնելու ադրբեջանական պատվիրակության առաջարկը: Իրականում, այդ ամենը քողածածկույթ էր օրակարգից բանաձևի նախագիծը հանելու ռուսական պահանջին երկու երկրների պատվիրակությունների սատարումը թաքցնելու համար:  Իսկ եթե բանաձևը հանվեր օրակարգից, ապա ԵԱՀԿ ԽՎ կկարողանար դրան անդրադառնալ մեկ տարի անց՝ Հելսինկիում, ինչպես ադրբեջանական պատվիրակն ակնարկեց: Բնական է, որ Արևմուտքը դա թույլ տալ չէր կարող:

Բաքուն արդարանում է և ակնկալում տորգ...

Ռուսաստանին դատապարտող բանաձևի նախագծի քննարկման դեմ արտահայտվողները այնքան սակավաթիվ էին, որ հայկական ու ադրբեջանական պատվիրակությունների ղեկավարների պահվածքը չափազանց ցցուն ձևով տեսանելի էր բոլորին, այդ թվում` ուկրաինական պատվիրակության ղեկավարին: Թերևս դա հասկանալով` ադրբեջանական պատվիրակության ղեկավար Բախար Մուրադովը շտապեց ևս մեկ անգամ ձայն խնդրել (տեսանյութում նրա ելույթը՝ 2:26:30-2:29:15), թե իր երկիրը ոչ թե կողմ է ջայլամի քաղաքականություն վարելուն ու գլուխը ավազի մեջ թաղելուն կամ Ուկրաինային վերաբերող բանաձեւը երկրորդ պլան մղելուն, այլեւ նպատակը հնարավորությունից օգտվելն ու բանաձևի ընդունմանը մասնակցելն է: «Կոռեկտ չէ մեզ մեղադրել, թե ինչո՞ւ ենք գլուխներս թաղում ավազի մեջ: Մենք դա լսեցինք երկու անգամ: Մենք պետք է մեր գլուխը հանենք ավազից, սակայն մեր մի աչքը փակ է, մյուսը՝ բաց: Իսկ ես առաջակում եմ բացել երկու աչքերն էլ բոլոր հնարավոր խնդիրները տեսնելու համար»:

Մուրադովան ընդգծված սրտնեղել էր մեկ այլ պատգամավորի ելույթից, ով պատկերավոր ասել էր, թե Ուկրաինայի իրավիճակն այժմ նման է ողջ ԵԱՀԿ-ի ու տարածաշրջանի անվտանգության ճարտարապետության համար սրտի կաթվածի, և պետք է անհապաղ դիմել բժկի, այլ ոչ թե սպասել: Մուրադովան հեգնեց, թե մինչ այլոց թվում է, թե Ադրբեջանի, Վրաստանի ու Մոլդովայի հետ կապվածը ընդամենը «վարսերի կորուստ է» այլ ոչ թե նույնատիպ սրտի կաթված, իրականում պետք է համաչափ վերաբերմունք ցուցաբերվի բոլոր երկրների հանդեպ:

Ադրբեջանցի պատգամավորը շնորհակալություն հայտնեց բանաձևի հեղինակ Կարդինին, ով մինչ այդ հայտարարել էր, թե բանաձևի նախագծի ներառման ու քննարկման դեպքում հնարավոր կլինի աշխատել դրա վրա, և փորձեց հույս հայտնել, որ կհաջողվի այնպիսի փաստաթուղթ ընդունել, որի համար հպարտ կլինեն բոլորը, իսկ դրանում արտացոլում կստանան նաև աշխարհի ամենախնդրահարույց տարածաշրջանի՝ Կովկասի համամարտությունները: Ադրբեջանի պատվիրակը կարծում էր, թե տորգը կայացած է, և իրենց թաքնահարույց ռուսամետ դիմադրության արդյունքում հնարավոր կլինի Բաքվի համար կորզել ցանկալին ղարաբաղյան խնդրով:

Վերջապես, ուշագրավ էր նաև այս քննարկման ընթացքում Ռուսաստանի պատվիրակության ղեկավարի ամփոփոփիչ ելույթը (տեսանյութում նրա ելույթը՝ 2:30:34-2:34:32), որտեղ նա ոչ միայն ԱՄՆ-ի ու Արևմուտքին մեղադրեց միջազգային իրավունքի իրենց խախտումների, օկուպացիաների, ներխուժումների ու դրանով հանդերձ Ռուսաստանի հանդեպ երկակի, եռակի ստանդարտներ կիրառելու մեջ, այլև շարունակեց Արտաշես Գեղամյանի ելույթի թեզերը բանաձևում ՄԱԿ-ի կանոնադրության դրույթները անտեսելու, ԱՄՆ-ի՝ աշխարհի դատավոր լինելու մասին: Երկուսի օգտագործած բառաֆոնդը կատարյալ նման է եղել, ինչը պատահականությունների ու զուգադիպությունների շարքից չէ:

Հիշենք, որ Գեղամյանն առաջինն էր խոսել դրա մասին՝ հայտարարելով, թե իբր մինչև այդ ռուս գործընկերն է դրա մասին արտահայտվել: Մինչդեռ Պուշկովի առաջին՝ 50 վայրկյանանոց ելույթի մեջ այդպիսի հղումներ չի եղել, ինչը հատուկ ընդգծեցինք ամենասկզբում: Հավանաբար, նախնական պայմանավորվածությունների համաձայն՝ Պուշկովը առաջինը պետք է խոսեր դրա մասին, իսկ Գեղամյանը շարունակեր: Սակայն, Պուշկովը դա արեց ոչ թե իր առաջին, այլև վերջին ելույթում: Իսկ դրանց արանքում հայկական պատվիրակության ղեկավարի ելույթը մնաց «անհղում»՝ այս անգամ էլ ցույց տալով հայ-ռուսական պայմանավորվածությունը:

Չնայած Ուկրաինային նվիրված բանաձևը օրակարգում ընդգրկելու մասին վերոհիշյալ սակավաթիվ առարկություններին` այդուհանդերձ Վեհաժողովի Մշտական հանձնաժողովը ձայների 30 «կողմ» և 5 «դեմ» հարաբերակցությամբ այն ներառեց ԵԱՀԿ ԽՎ քաղաքական հարցերի ու անվտանգության հարցերի հանձնաժողովի և լիագումար նիստերի օրակարգում:

Ակնհայտորեն, հայկական պատվիրակությունը դեմ քվեարկածների մեջ է, ինչպես որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Երևանը պաշտպանեց Ռուսաստանի դիրքորոշումը: Թերևս հայտնի չէ, թե Հայաստանից ու Ռուսաստանից զատ ովքեր են «դեմ» քվարկած մյուս երեք երկրները, և արդյոք դրանց մեջ է նաև Ադրբեջանը: Մեծ հավանականությամբ Ադրբեջանը «կողմ» քվեարկածների մեջ կլինի` հաշվի առնելով Բախար Մուրադովայի վերջին ելույթում «տորգի» սպասումը:

Սակայն թե հայկական, թե ադրբեջանական պատվիրակությունների խաղերն այնքան տեսանելի էին բոլորի համար, որ դժվար թե ԵԱՀԿ ԽՎ-ում որոշիչ շրջանակները մարսեին դա ու թույլ տային նման էժան խաղից հետո ինչ-որ բան շահել: Մինչ հայկական պատվիրակությունն իր միսիան շարունակեց նաև հաջորդ օրը, իսկ Ադրբեջանին թույլ տրվեց իրեն «հաղթող» զգալ ընդամենը մեկ օր, Վեհաժողովի ամփոփոփիչ փաստաթուղթը սառը ցնցուղ էր պահելու թե այն հյուրընկալած Բաքվի, թե Երևանի գլխին:

Խնդիրն ամենևին Հայաստանի ռազմավարական դաշնակցին նրա համար նեղ պահին աջակցելը չէ: Խնդիրը հայկական պատվիրակության կողմից հայկական շահերը ստորադասելն է, ու նաև այն, որ իր սատարման դիմաց նույն միջազգային կազմակերպություններում Երևանը երբեք համարժեք պատասխանի չի արժանանում Մոսկվայի կողմից:  Ավելին, այդպիսի պահվածքի արդյունքում կարող են լուրջ ռիսկեր ստեղծվել Հայաստանի համար:

Այսպիսի զավեշտի կողքին թերևս միակ մխիթարությունն այն է, որ ի տարբերություն այլ երկրի շահերի պաշտպանությանը լծված հայկական պատվիրակության` գոնե միջազգային հանրությունն ու Վեհաժողովն իրենք խոհեմ գտնվեցին ու չվնասեցին ղարաբաղյան խնդրին, ինչի վտանգ ստեղծվել էր հունիսի 30-ին:

Իսկ այդ մասին կխոսենք եզրափակիչ մասում: 

Լուսանկարը` www.turan.az

Մեկնաբանություններ (2)

Հովսեփ
Էս դատարկ դհոլին դեռ բանի տեղ դնող էլ կա: Ընդհանրապես խորհուրդ եմ տալիս սրա ոչ մի ելույթներին անդրադարձ չկատարեք, թե չէ տպավորություն ա ստեղծվում` իբր Գեղամյանը քաղաքական գործիչ ա: Ու ինքը լավ կանի արտագաղթի ՌՍՖՍՀ-ը, իրան ընդեղ լավ թոշակ կնշանակեն ու ապահով ծերություն կերաշխավորեն: Համ էլ Կոմկուսը Ռուսաստանում դեռ հեղինակություն ա վայելում, կարա ազատ անդամագրվի ու շարունակի իրա համար ազգային փրկության նովելների շարքի հրատարակությունները: Ռուսաստանին քաղաքական դիակներ դեռ պետք են սրա-նրա վրա քսի տալու համար:
Մարատ
Ասենք Գեղամյանի ասած պաշտոնը ստանձնեց Ռուսաստանը, ի՞նչ եք կարծում ռուսը Հայաստանը տնտեսապես զարգացնելու է, վերադարձվելու՞ են մեր հողերը կամ չի՞ լինելու ռուսաց լեզուն Հայաստանի երկրորդ պետական լեզուն կամ արտագաղթը դադարելու՞ է և կամ Հայաստանի ներկայիս իշխանությունները սկսելու են ավելի օրինապահ լինե՞լ: Մեր վերջին 20 տարվա պատմության մեջ հենց այլ ուժերի ազդեցությամբ պառակտվեց մեր երկիրը և դրա մեջ մեծ դեր է խաղում ռուսը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter