HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեռ Կամսար. «Ժողովուրդը տիվ ու գիշեր աղաչում է Աստծուն, որ անդամալույծ դարձնի իր ղեկավարներին, որ ոչ մի շարժում չանեն»

Անտիպներ                  

Հինգշաբթի 1.-  Ես եթե ինձ համարեմ ջաղացի առու, ապա պիտի ասեմ, որ մինչև օրս բանեցնում էի երկու ջաղաց. նյութ էի տալիս սովետական թերթերին և գրում էի ինձ համար:

Այժմ, որովհետև սովետական թերթերն ինձ այլևս չեն տպագրում, «ջուրն» ամբողջովին շուռ եմ տվել իմ սեփական «ջաղացի» վրա ու սովետական կարգերը լցնելով վրան՝ «աղում» եմ ամբողջ կարողությամբս:

Ես գրում եմ աշակերտական տասներկու թերթանոց տետրակների մեջ: Սովետական այլանդակություններն արձանագրելու ճանապարհին ինձ ահագին, մեծ քանակությամբ այդպիսի տետրակներ են պետք, բայց ես երբեք մեծ քանակությամբ չգրված տետրակ չեմ պահում մոտս, առնում եմ մեկ-մեկ:

Եթե Չեկան հանկարծ տունս խուզարկության մտնի և կարդա գրված տետրակները ու կողքին բազմաթիվ չգրվածներ, պիտի հարցնի.

-Այս չգրված տետրակներում ի՞նչ ես գրելու:

-Չգիտեմ: Մուսաս ինչ որ թելադրեց, այն պիտի գրեմ:

Չեկիստը, որն ամենայն հավանականությամբ անգրագետի մեկը պիտի լինի, չիմանալով մուսայի իմաստը՝ պիտի հրամայի.

-Կանչի՛ր մուսայիդ, թող գա թելադրի:

-Մուսաս շա՜տ է վախկոտ, չեկիստ տեսնելիս լեղին պատռվում է:

-Հասցեն տո՛ւր, ես բռնությամբ կբերեմ:

-Ես Չեկայի ագենտ չեմ, որ մարդ մատնեմ:

-Այդպե՞ս, դե առա՛ջ ընկիր բանտ` այնտեղից էլ աքսոր գնալու համար:

Եվ չգրված տետրակներիս համար ես ավելի խոշոր պատիժ կստանամ, քան գրվածների, այն հիման վրա, որ մեր օրենքով անմեղները մեղավորներից ավելի են պատժվում:

Մեր աչքի առաջ խոսողը հինգ տարով դատապարտվեցավ, իսկ չխոսողը՝ տասը...

----------

Ցուրտ երկրի երեխաներն առանց Ձմեռ պապիի չեն կարող Նոր տարի տոնել:

Հետաքրքիր է` այն տաք երկրները, ուր ձյուն չի գալիս, «անձրև՞ պապիով» են իրենց Նոր տարին տոնում:

----------

Առաջները ես երկու օրը մի անգամ էի արտաքնոց գնում. հիմա՝ ամեն օր:

Չգիտեք թե զբաղված մարդու համար ժամանակի ինչ կորուստ է դա: Ոչ մի «կապիտալ գործ» չես կարողանա կատարել:

Ես բժշկական գրքի մեջ կարդացել եմ մի մադու մասին, որն ամիսը մի անգամ է դուրս գնացել: Ի՜նչ եմ ասել, այդ մարդը հեշտությամբ կարող էր տասը հատոր «Թշվառներ» գրել:Ի՞նչ եք կարծում` եթե Լենինը մեծ պնդություն չունենար, պիտի կարողանա՞ր հիսունհինգ հատոր բան գրել:

Ստամոքսի անկայուն վիճակը սաստիկ ազդում է սովետահայ գրականության վրա:

Կարդալով մեր գրողների երկերը` ես կարող եմ ասել, թե տվյալ վիպասանի ստամոքսը ինչ վիճակի է:

Երեկ թերթում մի գրական տեսություն կարդացի, ուր քննադատը նկատում է, որ առաջները մեզանում գրվում էին ծավալուն վեպեր, իսկ այժմ՝ փոքրիկ պատմվածքներ:

Այդ նշանակում է, որ ներկայումս գրողները լուծ են:

Այլապես ինչպե՞ս կարող էր գրողը, մեծ վեպը թողած, փոքրիկ պատմվածքներ գրել այն ժամանակ, երբ Պետհրատը մամուլին երեք հազար ռուբլի հոնորար է տալիս:

----------

Ես` որպես ընթերցող, կուզեի մեր գրողների ճաշի մեջ խառնել մի հզոր լուծողական, որ իրենց ողջ կյանքում արտաքնոց գնային-գային ու ազատեին մեզ իրենց արգանդում մեռած «ստեղծագործություններից»...

Ուրբաթ 2.- Մանկությանս, երբ ես սովորում էի մեր քաղաքի ծխական դպրոցում, մեր թվաբանության ուսուցիչը խնդրում թույլ տրված մի փոքրիկ սխալի համար գազանաբար ջարդում էր մեզ: Ականջներս արմատահան էր անում և գետին գցած ֆալախայի էր կապում:

Ես էլ բնավորությամբ` սաստիկ վախկոտ: Ամեն անգամ, երբ պետք էր լինում թվաբանական խնդիր լուծել, մտածում էի` կարող է պատահել հանկարծ սխալվեմ ու ծեծ ուտեմ. ավելի լավ չէ՞ մի իմացողից արտագրեմ, տանեմ ցույց տամ. ճիշտ է, բան չեմ սովորի, բայց ողջանդամ դուրս կգամ դասարանից: Սարսափից անգամ չէի փորձում լուծել. այնպես որ ինձ համար էլ պարզ չեղավ, թե մաթեմատիկայի մեջ ընդունակություն ունե՞մ, թե՞ ոչ:

Երբ միջնակարգ դպրոց մտա, ինձ հետ տարա նաև մեջս արմատացած հին սարսափը: Այնտեղ էլ էի արտագրում. այնպես, որ սիրտ չարի ողջ կյանքումս մի թվաբանական խնդիր լուծել:

Մենք խնդիրները լուծում էինք ոչ թե թղթի, այլ քարի տախտակների վրա՝ քարի գրիչներով: Սխալվելիս թքում, ջնջոցով սրբում:

Քարետախտակյան այս մեթոդը շատ հարմար էր մանավանդ ինձ նման բութ աշակերտի համար: Եթե ես խնդիրները լուծեի տետրակների մեջ, դպրոցն ավարտելիս առաջս դիզված պիտի ունենայի հսկայակն դեզ տետրակների՝ ամբողջովին սխալներով լի:

Ո՞ւմ է պետք այսպիսի «ստեղծագործություն»:

Չէ՛, քարի տախտակը հրաշալի բան է սխալ գործողի համար:

Հիմա մանավանդ:

Սովետական կառավարությունը հատորներով օրենսգրքեր է տպագրել տալիս և մեկը մեկի վրա շարում՝ բոլորն էլ սխալ:

Եթե քարի տախտակի վրա գրած լիներ, անմիջապես կթքեր ու ջնջոցով կսրբեր իր օրենքները...

Նույն կառավարությունը միլիոնների քսանհիգ տարով աքսորի դատապարտեց, վերջում զգաց իր սխալը և դատավճիռները քարի տախտակի վրա գրված չլինելու պատճառով չկարողացավ իր սխալն ուղղել:

----------

Ի՜նչ լավ կլիներ եթե մեր Պետհրատն էլ սովետական գրողների «ստեղծագործությունները» ընդուներ քարի տախտակի վրա:

Կարդար, հոնորարը վճարեր, հետո թքեր սրբեր` արժանանալով ընթերցողի օրհնությանը:

----------

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերը Տաճկաստանում ազգովին կոտորվեցին։ Ազատվեցին նրանք միայն, որոնք, իրենց հավատն ուրանալով, մահմեդականություն ընդունեցին։

Մի մազապուրծ ականատես, որ այդ տարիներին ծառայելիս է եղել թուրքական հիվանդանոցում, պատմում է, թե ինչպես խումբ-խումբ հայերի բերում էին այնտեղ ու թլպատում։

Հավատուրացությունը մի գովելի արարք չէ, իհարկե, բայց մահվանից ազատվելու մի նեղ ճանապարհ է։ Եթե այդպիսի ջարդի համար մեղադրենք թուրքական կառավարությանը՝ ի՞նչ պիտի ասենք բոլշևիկյան կառավարությանը, որի տիրապետության ժամանակ թլպատվող այլադավան կուսակցություններն էլ անթլպատների հետ միասին կոտորվեցան։

Երկրում դեղի համար ո՛չ սոցիալ դեմոկրատ մնաց, ո՛չ էսեռ, ո՛չ հնչակ, ո՛չ դաշնակ։

Անգո՛ւթ կառավարություն։

Ի՞նչ կլիներ, եթե թլպատեր այդ կուսակցություններին ու թույլ տար ապրելու։

Մի կրոն մարքսիզմն է, մեկը՝ մահմեդականությունը։ Ինչո՞ւ մեկն այդպես ողորմած, մյուսն անգութ լինի։ Ես ծանոթ չեմ մարքսիզմին։

Արդյո՞ք այնտեղ միլիոնատեր կապիտալիստը թլպատվելով չի կարող պրոլետարիատի շարքը անցնել. թե՞ նրա մարգարեն՝ Լենինը, խեղաթյուրում է այդ կրոնը։

Կա՛րլ Մարքս, ինձ մտիկ։ Դու ասում ես կապիտալիստը` որպես արդյունաբերական գործիքների տիրապետած դասակարգ, պիտի գոյություն չունենա։

Այժմ կապիտալիստն իր արդյունաբերական այդ անիծյալ գործիքը կտրում դեն է գցում, էլ ի՞նչ եք ուզում նրանից։

Ստալինը այն ժամանակ, երբ աղբարկղ չէր նետված իր կուսակիցների կողմից, ասում էր. «Մարդը ամենաթանկ կապիտալն է»։ Կապիտալիստը թլպատվելով չէ՞ որ իրեն զրկում է  Ստալինի ասած այդ թանկ կապիտալն արտադրելուց, էլ ի՞նչ ես ուզում։

Խնդրում եմ Ֆրիդրիխ Էնգելսի հետ խորհրդակցեք և ինձ պատասխանեք։

            ----------

Թեև այս էլ ասեմ, որ ինձ նման անհավատ մարդկանց համար մարքսիզմն ու մահմեդականությունը միևնույն բաներն են։ Սուտ, գոյություն չունեցող կրոնի համար ես իմ անձը չեմ զոհի։ Կկանգնեմ այդ զույգ կրոնների առջև համարձակ և կասեմ․

-Կտրեցե՛ք խնդրեմ իմ մարմնից այն, ինչ ձեզ հարկավոր է. միայն անձիս ձեռք մի տաք։ Ես հանդերձյալ կյանքի պետք չունեմ։

Իմ համոզմունքով մարքսիստներն էլ, մահմեդականներն էլ մեռնելիս միանման հող կդառնան` քիմիական միևնույն հատկություններով օժտված։ Այդ համախառը հողի մեջ ցանված գարին, անտեսելով կրոնական ճղճիմ հաշիվները, ո՛չ մահմեդական կբուսնի, ո՛չ մարքսիստ, այլ աբսոլյուտ գարի։ Նույնը` ցորեն, նույնը` տարեկան։

Բույսերից գազարը, ճակնդեղը, բողկն ու շաղգամը, չնայած «ընդհատակյա» տեսակին են պատկանում և կարող էին հողի տակ դաշնակ լինել, հողի երեսին՝ բոլշևիկ, բայց նրանք մարդ չեն, որ կեղծեն, նրանք ազնիվ տակռիներ են։

 

Շաբաթ 3.- Այսպես ուրեմն։ Խրուշչովը հաստատ որոշել է աշխարհը կործանել։ Մեզ ապրողներիս մնում է գաղափարապես պատրաստվել այդ աղետին։

Հավատացյալ պետություններին կրոնը օգնության է հասնում։ Նրանց կրոնն ասում է՝ դա աստվածային որոշումն է, որ այսօր իրագործում է Խրուշչովը։

Տարին չորային է, ջրհեղեղով հնարավորություն չկա մարդկանց խեղդել՝ կոմունիզմով է խեղդում, ի՞նչ տարբերություն։

Միայն աշխարհի կործանումը Աստծո կամքով բացատրելն այն անհարմարությունը ունի, որ եթե հանկարծ (ո՞վ գիտի), Խրուշչովը կշռի իր արածը ու ետ կենա իր մտքից, այն ժամանակ Աստված պիտի խայտառակվի և անզոր երևա իր խոստումները կատարելում։

Բայց հավանական չէ, որ Խրուշչովը կշռի իր արածը. նա շատ վաղուց կշեռքն էլ, կշռաքարերն էլ դես ու դեն է արել և իր ոտը մի լիտր համարելով` կշռում է ողջ աշխարհի գործերը։ Կրոնավորների բանը խեր է. ամեն տեսակ հիմարություններ սարի պես կանգնած են նրանց կռնակին։

Իմ բանն է դժվար, որ ոչնչի չեմ հավատում։

Ես էլ իմ հերթին այսպես եմ մտածում։

Ջհաննամը թե գալիք ատոմային պատերազմին Անգլիան կես ժամում կաևող է ծովի տակ գնալ, ինչպես ասել է  ռուս մարշալ Սոկոլովսկին, Անգլիայից մինչև օրս ի՞նչ օգուտ եմ տեսել։ Նույնը Ֆրանսիայից, նույնը Իտալիայից։

Հա՜, Ամերիկայի համար սիրտս ցավում է. նրա քաղցր կաթն ու կակաոն վայելել եմ սպիտակ հացի հետ միասին մեր գաղթի ժամանակ։

Ցավում եմ, բայց ի՞նչ կարող եմ անել։

Իսկ մենք, սովետական մարդիկս չպետք է վախենանք մահվանից, մենք վաղուց է որ չենք ապրում։ Մենք կոմունիզմի ծխի մեջ ապխտած ձկներ ենք` զուրկ լողաթևերից։ Մեզ վերցնում են որպես իր, մի տեղից դնում են մյուս տեղը։

Է, ի՞նչ կփոխվի, եթե մեզ հողի երեսից վերցնեն, հողի տակ դնեն…

----------

Իսկ իմ թոռը, անվերջ դիտելով սովետական կինոն, այնպես է վարժվել մահվան, որ նրա համար գնդակահարվելը խաղ է դարձել։

Կիրակի 4.- Երբ նստած գրում եմ, ու պատուհանիս տակից անցնում են հարևաններս կուշտ ու կուռ և ինքնագոհ, զարմանում եմ: Ասում եմ՝ երբ այս մարդիկ չեն գրում այն, ինչ ես եմ գրում, ինչպե՞ս կարող են ման գալ այսպես ինքնագոհ:

-Հարևա՛ն, - ասում եմ  մտքիս մեջ, - ինչպե՞ս կարող ես ապրել, ինչպե՞ս կարող ես մեռնել` առանց քո ապրած կոմունիստական շրջանի պատմությունը քո հետնորդներին թողնելու:

Բաս, մեր որդիները չիմանա՞ն` ինչ տառապանքներ ենք քաշել բոլշևիկների ձեռքը:

Չնկարագրե՞նք` ինչպես սա քառասուն տարի ձեռներնիս կապել են ետևներիս, բերաններս շոր ճխտած, պարանը վզներիս գցած քաշում են դեպի գոյություն չունեցող սոցիալիզմը:

Լա՜վ, քաշում են՝ քաշեն, մեր վզի պարանը գեթ մի փոքր երկար անեին, որ ճանապարհի երկու կողմերը բուսած խոտն արածեինք, ուժ հավաքեինք, ապա հասնեինք այդ անտեր սոցիալիզմին: Կարողությո՜ւն չի մնացել ոտներումս: Ամեն հնգամյակին խոստանում են մեզ կերակրել հաջորդ հնգամյակին, բայց հնգամյակները վերջ չունեն, որովհետև ժամանակը կանգ չի առնում:

Այս տարի էլ Խրուշչովը «հնգամյակի» ոտները բացեց, ու այսուհետև յոթնամյակներով պիտի քայլենք սոցիալիզմին չհասնելու համար:

-Ընկե՛ր Խրուշչով, մենք մենակ չենք, մեզ հետ կան նեղ շրջազգեստ հագած կանայք, որոնք եթե այդպես լայն բանան ոտները, այն կարող է պատռվել...

Տղամարդկանց շալվարները կարված են Երևանի կարի գործարանում հատուկ նորմայով, որը խախտելու դեպքում իր ամենաանհարմար տեղում կպատռվի: Հաշվի առեք այս հնագամանքները և դեպի սոցիալիզմ տանող քայլերը քիչ փոքրացրեք, եթե չեք ուզում, որ շալվարը ուսներիս ձգած՝ վարտիքով քայլենք դեպի այդ սուրբ նպատակը:

Ամոթ չէ՞:

----------

Մեզ մոտ երիտասարդները խմբակներ են կազմում (թերթում իհարկե)` Լենինի գրած հիսունհինգ հատորներն ուսումնասիրելու համար։

Բայց այդ վտանգավոր գործը երիտասարդությունը ձեռնարկում է առանց որևէ նախազգուշական միջոցառման։

Օրինակի համար, երբ բևեռախույզներն ուսումնասիրում են որևէ բևեռ, իրենց հետ վերցնում են ամեն տեսակի հարմարություններ։Երեք տարվա ուտելու պաշար, քնապարկեր՝ գիշերները պատսպարվելու համար, տաք հագուստ, ոգելից ըմպելիք, դահուկներ, սահնակներ ու շներ։

Եվ, այս բոլորով հանդերձ, էլի պատահում է, որ գնացողները չեն վերադառնում։

Իսկ մեր Լենինի հիսուհինգ հատորներն ուսումնասիրողները գնում են առանց  պաշարի, առանց սահնակի, անգամ հետները չեն վերցնում մի շան լակոտ։

Այս ձևով Լենինի հատորներն ուսումնասիրողն էլ հե՞տ կվերադառնա։

Դեպի Լենինի բևեռ գնացողը, ընդհակառակը, ավելի խոշոր պատրաստություն պիտի ունենա, որովհետև այս մտածողական բևեռը հյուսիսային բևեռից երկու, հարավային բևեռից երեք անգամ ավելի անշարժ է։Երկրի բևեռներում ապրում են սպիտակ արջեր, ծովային փոկեր ու բազմաթիվ այլ կենդանիներ, իսկ լենինյան բևեռում օդ անգամ չկա՝ բացարձակ ամայություն։

----------

Բանտում եղած ժամանակս ամեն բանտարկյալ, կամենալով պետության աչքը մտնել, բանտի գրադարանից Լենինի հատորներ էր վերցնում` որպես թե կարդալու համար։ Երևակայեցեք՝ ես էլ էի վերցնում, բայց ոչ պետության աչքը մտնելու համար, այլ սեփական կարիքներից դրդված։

Բարձս շատ ցած էր, մի քանի հատոր դնում էի բարձիս տակ, մնացածների վրա նստում էի` գետնի խոնավությունից պաշտպանվելու համար։

Այս կերպ ուսումնասիրողի համար հարկավ լենինիզմն ամենաճշմարիտ գիտությունն է, և մարդկությունը ամեն ինչի կարող է հասնել սրանով… բացի երջանկությունից։

 

Երկուշաբթի 5.- Ես մինչև տասնչորս տարեկանս հավատում էի Աստծուն: Գնում էի եկեղեցի և ուրիշների օրինակով չոքում, համբուրում էի հատակին գցած փոշոտ կարպետը ու բարձրանալով խաչ էի քաշում երեսիս:

Մի անգամ գետինը համբուրելիս շրթունքներս վատ բանի առան ու վեր կենալիս թքեցի: Թքեցի ու վախեցա. ասում եմ՝ չլինի՞ Աստված այդ թուքը իր հասցեին ընդունի:

Բայց հենց որ մտա տասնհինգիս մեջ, Աստված եկեղեցում թողի ու սկսեցի երկրպագել աղջիկներին՝ արդեն ինքնուրույն և ոչ ընդօրինակելով:

Մինչ եկեղեցում երկրպագում էի Աստծուն այնպես, որ բոլորը տեսնեին՝ աղջիկներին երկրպագում էի այնպես, որ մարդ չտեսներ:

Ծածուկ բաների հակառակ չէ մեր եկեղեցին. Քրիստոսն ասում է` այնպես պիտի տաս ողորմությունը աջ ձեռքովդ, որ ձախը չիմանա:

Ես, զարգացնելով այս տեսությունը, երկրպագում էի այնքան ծածուկ, որ աջ ձեռքս էլ չէր իմանում...

----------

Քերականական կանոններն անտեսվում են մեզանում:

Այդ կանոններն ասում են՝ եթե միևնույն ենթական մի քանի գործողություններ է կատարում, բոլոր բայերի հետ ենթական չի գործածվում:

Օրինակի համար, եթե Պողոսն առավոտը վեր է կենում, հագնվում, լվացվում, թեյում ու դպրոց է գնում, չենք ասում Պողոսը վեր կացավ, Պողոսը լվացվեց, Պողոսը թեյեց, Պողոսը դպրոց գնաց:

Եթե մենք իր ամեն շարժման հետ Պողոս կապենք, ու այդ քերականական Պողոսն էլ իր հերթին մի քիչ աշխույժ տղա լինի, նշանակում է` մեր բերանը պիտի պողոսանա` նույն բանը կրնելով:

Բայց եթե գործը մենակ Պողոսով վերջանար, փառք էր:

Մեզ ղեկավարող կոմունիստական կուսակցության մեջ նստած ղեկավարները 15-20 հոգի են: Բոլորն էլ օժտված անունով, ազգանունով և հայրանունով:

Այդ ղեկավարներից մեկնումեկը, ինչ քայլ էլ գցի, մամուլում պիտի հրատարակվի իր անուններով և պաշտոններով միասին:

Նրանցից Խրուշչովը նաև կառավարության ղեկավար է, ուրեմն, ավելի բազմաթերթ ենթակա:

Հիմա՝ փորձենք տեղից շարժել Խրուշչովին սովետական քերականության կանոնների համաձայն:

Ուղարկենք Անգլիա:

Իր ճանապարհին բնականաբար հանդիպելու է ճամփին ընկած բոլոր սոցիալիստական ու կապիտալիստական երկրների ղեկավարներին և զրույց ունենա նրանց հետ «ջերմ մթնոլորտում»: Նա «ջերմ մթնոլորտում» կապիտալիստներին «խաղաղ գոյակցության» կոչ պիտի անի, իսկ սոցիալիստներին հրահանգի շուտափույթ պատերազմի պատրաստվել:

Եվ ահա «Սովետական Միության Կոմունիստական Պարտիայի Կենտկոմի առաջին քարտուղար, Սովետական Միության Մինիստրների խորհրդի նախագահ ընկեր Նիկիտա Սերգեևիչ Խրուշչովը, որ Անգլիայի հրավերով Լոնդոն էր գնում, կանգ առավ Վարշավա»:

Թույլ տանք, որ Խրուշչովը Վարշավայում մի քիչ հանգստանա, մենք էլ մի փոքր շունչ առնենք, որ այդ բազմագլուխ հիդրան տեղից շարժենք մի այլ մայրաքաղաք:

Բախտավոր չէի՞նք լինի, որ այս մարդը զրույց ունենար և անցներ: Եթե մի օր էլ մնա Վարշավա, խոմ բերանը փակած չի՞ նստի Խորուշչովը: Նա պիտի թեյի, նախաճաշի, ճաշի և ընթրի: Չորս անգամ միայն «Սովետական Միության կոմունիստական պարտաիայի կենտկոմի առաջին քարտուղար և Սովետական Միության Մինիստրների խորհրդի նախագահ ընկեր Նիկիտա Սերգեևիչ Խրուշչովը» մամուլը պիտի լցնի իր այդ բաղադրյալ անունով: Է՛, ձեզ եմ հարցնում, օրական չորս անգամ աշխարհի բոլոր բարիքներն այսպես կուշտ ու կուռ ուտող Խրուշչովը քանի՞ անգամ պետքարան պիտի գնա:

Եվ դու ամեն գնալուն պիտի կարդաս մամուլում  նրա բարդ անունը` իր բոլոր մանրամասնություններով:

Եվ այն օրերին, երբ Խրուշչովը լուծ է, բոլոր թերթերը հավելվածով են լույս տեսնում, որովհետև այդքան հաճախակի երթևեկող ենթակայի համար չորս երեսանոց թերթը չի բավի նրա ստորոգյալներին:

Երևակայեցեք`, քաղբյուրոյի բոլոր 15-20 անդամներն այսպիսի անունով են տեղից տեղ շարժվում:

Ճիշտ է, նրանք Կենտկոմի առաջին քարտուղարը չեն, բայց նրանք էլ երկրորդ, երրորդ քարտուղարներ են, Կալուգայի մարզի հաստոցաշինական գրոծարանի նախկին դիրեկտորներ են` «Լենինի», «Աշխատանքի հերոսի», «կարմիր», «կապույտ», «դեղին», «կանաչ», «մանուշակագույն» «շագանակագույն գվարդիայի» շքանշաններով պարգևատրված: Տիտղոսներ, որոնք իրենց թվով գերազանցում են «Աբիսողոմ աղայի» ունեցած ոչխարի հոտերին և ունեցած ծառաներին...

Բաս այս անունները կարդալու բա՞ն են, որ օր ու գիշեր զռում են մեր թերթերն ու բարձրախոսները:

Մեր ականջներն ինչքա՞ն խուլ լինեն, որ կարողանան չլսել այս պատուհաս անունները:

Ժողովուրդը տիվ ու գիշեր աղաչում է Աստծուն, որ անդամալույծ դարձնի իր ղեկավարներին, որ ոչ մի շարժում չանեն:

Աստվա՜ծ, ասում են, մեր ենթականերին զրկի՛ր ստորոգյալից՝ մեր ականջը դնջանա:

Մեռա՜նք, մեռա՜նք այս դդումները մի պահեստից մյուս պահեստ փոխադրելուց:

իսկ Ռուսաստանն ունի միայն մի մարդ՝ անունը Խրուշչով։

Երեքշաբթի 6.- Իմ ծնունդից մինչև մահը կապված է մի լար, երևակայությունս լարախաղացի նման անվերջ գնում-գալիս է այդ լարի վրա։ Ասում են` ամենաարագ հաղորդակցության միջոցը ինքնաթիռն է հիմա, բայց սխալ է։ Ինքնաթիռը չի կարող մարդու ծննդյան ու մահվան միջև ընկած ճանապարհը կտրել մի ակնթարթում, այդ ճանապարհը կտրում է երևակայությունը։

Իմ երևակայությունը այն թազբեհի թելն է, որ կապում է իմ կյանքի բոլոր երեկները իմ կյանքի վաղերին։

Չլիներ երևակայությունս՝ իմ երեկներն ու վաղերը իրար կողքից կանցնեին իբրև անծանոթներ` առանց իրար բարևելու։

Ես յոթանասուն տարեկան եմ. ամեն անգամ, երբ երևակայությունս երթևեկում է այդ տարածությունը, քառասուն տարվա վրայից ցատկում է։ Այդ իմ չապրած տարիներն են։Այդ տարիներին բոլշևիկյան իշխանությունը եկավ, քացու մի հարվածով դուրս վռնդեց ինձ ղեկավարող կամքս, մի էշի նոխտա դրեց վզիս, տարավ կապեց սոցիալիզմի դատարկ մսուրին, և ես սա քառասուն տարի միայն ազատություն եմ զռում։

Բայց ես մի ժամանակ մարդ էի… Այդ նույն բոլշևիկյան կառավարությունը ամբողջ քսան տարի նոխտայիցս բռնած ման ածեց իր բանտերում ու աքսորավայրերում։ Երբ ուժասպառ եղա, բերեց կապեց ախոռը՝ մեռնելու։

Ձի եմ ասում, որ յոթանասուն տարվանից քառասունի վրայից ցատկ կատարի։ Այդ ցատկը իմ երևակայությունը կատարեց։ Ու հիմա, երբ մեռնում եմ, չգիտեմ` ո՞ր ձողին, ո՞ր ծառին, ո՞ր օղին կապեմ հեգ ձիուս սանձը, որ իմ մահվանից հետո էլ գնա գա կյանքիս լարի վրա։

Պատերազմներում, երբ ընկնում է զինվորը, նրա ձին երկար չի հեռանում իր տիրոջ դիակից, կանգնում ու պաշտպանում է նրան գազաններից ու գիշակեր թռչուններից։ Պատահել է ձի, որ մինչև վերջ էլ չի հեռացել իր տիրոջ դիակից։ Ի՛մ ձի, աղաչում եմ քեզ, կանգնի՛ր ու պաշտպանի՛ր ինձ բոլշևիզմից։ Նրանք պղծեցին իմ կյանքը, գեթ թողնեն, որ մաքուր մեռնեմ։ Չթողին որպես մարդ ապրել, գեթ թույլ տան մարդ մեռնել…

----------

Սրանից վեց օր առաջ Նոր տարի էր։ Մի տեսնեիք ինչպես բոլշևիզմի սեղանից կերակրվողները լեզուները մի մետր հանած, լիզում էին նրա կեղտոտ ոտները գետին թավալած։

Բանաստեղծները, շրթունքներին երկու հանգ պահած, հերթի էին սպասում էկրանի առաջ իրենց ներբողն արտասանելու։ Ամեն եկող մի կապոց սուտ խոստում էր դնում կառավարության առաջ ու աչքը երեսին՝ փոխհատուցում էր սպասում։

Պատմելու բան չէ։

Մխիթարականն այն է, որ Նոր տարին էլ հասարակ օրերի նման քսանչորս ժամ ունի։ Եթե երկար տևեր, ամբողջ տարի ժողովուրդը կառավարության ոտների տակ թավալած պիտի մնար։

Մինչդեռ, ըստ օրենքի, երկրի տերը ժողովուրդը պիտի լիներ, իսկ կառավարությունը` նրա ծառան…

Չորեքշաբթի 7.- Չնայած աշխարհի բոլոր ազգերն ապրում եմ մի երկրագնդի վրա կողք կողքի, բայց հարևանական ոչ մի հարաբերություն չեն պահպանում իրար հետ։

Այն ժամանակ, երբ ես ու կինս սկսում ենք իրար խեղդել, մեր ձայներից ողջ հարևանությունն է թափվում և կռիվն իր բնի մեջ խեղդում։

Մինչդեռ այն ժամանակ, երբ Լենինը ցարական կառավարությանը խեղդում էր, ոչ մի հարևան չհասավ օգնության։ Կանգնած հեռվից դիտում էին միայն։ Օ՜, ես այդպես չեմ, ես օգնության համար մեռած եմ, ու որպեսզի հավատաք, պատմեմ իմ կյանքից մի դեպք։

Ես, քաղաքից հալածական, Բասարգեչարի Տորֆի հանքում մեղվապահ էի և ապրում էի բանվորական հանրակացարանում։ Հիվանդ էի շատ ծանր, համարյա ոտից ընկել էի։ Մի օր տեսնեմ` իմ ապրած միջանցքի մի խցիկից երեխայի լացի աղիողորմ ձայն է գալիս։ Լացը ճիչի է փոխվում, ճիչն` աղաղակի՝ կոկորդը պայթելու չափ։

Ինչքան ուժ ունեմ բղավում եմ հարևաներիս օգնության հասնել երեխային։ Ոչ մի դուռ չի բացվում, և ոչ մի հարևան չի շարժվում իր տեղից։ Զայրույթիցս ուժ եմ առնում հանկարծ և ոտքի կանգնում։ Ոտքի կանգնում ու պատ բռնելով` դուրս եմ գալիս դեպի դեպքի վայրը։ Քացիով բաց եմ անում փակված դուռը և ներս մտնելով տեսնում եմ, որ բեղ ու մորուքի մեջ կորած մի կոպիտ գյուղացի բանվոր, տակը դրած իր տասը տարեկան, դեղնած, վտիտ, խղճուկ աղջկան անվերջ հարվածում է ու միայն հարվածում։

Ինքս ինձ կորցրած, կատաղությունից գերբնական ուժ ստացած` ձեռքս ընկածը վերցնում եմ և գազան հոր գլխին տալիս։ Իսկ երբ նա, իմ արարքից շշմած, թողնում է կիսամեռ իր զոհին ու կանգնում, ես նրան պատին եմ տալիս և գոռում.

-Գազա՛ն մարդ, այդ ի՞նչ ես անում։

Պարզվում է, որ հայրն այդպես ծեծում է իր աղջկան լոկ այն բանի համար, որ խեղճը մոռացել է ճաշից հետո ամանները լվանալ։ Ես գյուղացուն սպառնում եմ միլիցիայով և դուրս գալիս։

Ու այդ եղավ աղջկա վերջին ծեծը։ Հայրն իմ ներկայությամբ չէր համարձակվում այլևս իր աղջկան ձեռք տալ։ Հարևանությունն ահա այսպես կլինի, եղբա՜յր, հարևանությունն այն չէ, որ կանգնած անզգա դիտես աչքերիդ առաջ կատարվող տուր ու դմփոցը:

Աշխարհի բոլո՛ր պետություններ, դուք խո՞ւլ եք, չեք լսում Ռուսաստանից եկող աղաղակները։ Ինչո՞ւ դուռը չեք կոտրում ու ներս մտնում։ Ինչո՞ւ թույլ եք տալիս, որ մի բեղավոր կամ մորուքավոր «առաջնորդը», «գետինը փռած» իր թշվառ ժողովրդին, անվերջ բանտարկի, աքսորի ու գնդակահարի։

Ամո՛թ ձեզ։

Թո՛ղ ես պետություն լինեի, թո՛ղ Ստալինը համարձակվեր քսան միլիոն մարդ կոտորեր, Խրուշչովն էլ գար, նրանց գերեզմանի վրա արձան կանգնեցներ։

----------

Ես բնավորությամբ հրաշալի մարդ եմ։ Ափսոս չեք ճանաչում ինձ։

Ես անհատապաշտ եմ, իմ անձը պահպանում եմ` ուրիշին օգտակար լինելու համար միայն։

Ես սոցիալիստ չեմ, որ իմ հաճույքի համար միայն մտածեմ։

                                                                                                                       1959թ․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter