HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիարբեքիրցի տղան փնտրում է Հայաստան գաղթած հարազատներին

Տաթեւ Գրիգորյան 

Օրեր առաջ Դիարբեքիրի սրճարաններից մեկում հանդիպեցինք 19-ամյա Յակուպ Էջեն, մատուցող էր աշխատում: Նա մոտեցավ մեզ եւ հարցրեց՝ արդյոք խմբում հայեր կա՞ն:  Ծանոթոցանք:  Զրույցից պարզվեց, որ  նրա նախնիները հայեր են: 

«Ես Դիարբեքիրի Քուլփ գավառում եմ ծնվել, մենք հայկական արմատներ ունենք: Մեր 4-րդ սերնդի ապուպապը հայ էր: 1915թ. մեր ապուպապերը հինգ եղբայրներ են եղել: Մեկին սպանել են, 2 եղբայրները այստեղ են մնացել և մուսուլման դարձել: Մյուս երկուսն էլ գաղթել են Երևան քաղաք: Այդ օրվանից միմյանցից տեղեկություն ստանալ չեն կարողացել:  Միայն 30-40 տարի առաջ մեզ Երեւանից մի նամակ են ուղարկել, և, ինչպես մեր մեծերն են ասում, այդ նամակը կորել է. ոմանք ասում են՝ կորել է, ոմանք՝ գյուղացիներն են վերցրել ու հետ չեն տվել, ոմանք էլ ասաում են, որ մեր մեծերից մեկն է պատռել-գցել կամ վառել: Բայց որ Երևանից նամակ է եկել, հաստատ է»:

Ջելալ Էջենը՝ կանգնած: Առջեւում նստած է տղայի հայրը՝
Շեմսեթին Էջեն: Աջ կողմում նստած է քեռին՝ Իսմեթ Էջեն:

Նամակը ստանալուց հետո երիտասարդի  քեռին ու հոր հորեղբայրը որոշում են  գտնել հարազատներին: «Սակայն վերջիններիս հավաստմամբ ՝ այդ ժամանակ բոլորը դեմ են դուրս գալիս ու ասում՝ մեր ճանապարհները մեկ անգամ արդեն բաժանվել են, ձեզ կսպանեն: Ասում են, որ այդ շրջանում բոլորի մեջ դեռ մահվան վախը կար: Բայց հիմա մեր ընտանիքի միակ ցանկությունը հարազատներին գտնելն ու կրկին միության ու համերաշխության մեջ ապրելն է»,- ասում է Յակուպ Էջեն:

Էջենի ընտանիքը Խիա աշիրեթից է՝ հայերեն Խիանք կամ Խիան գյուղախմբից: 

Ըստ հայկական համառոտ հանրագիտարանի՝ գյուղախումբը բնակվել է Բիթլիս նահանգի Գենջ գավառի Խուլփ (Կուլբ, Կողբ) գավառակում՝ Տալվորիկի ջուր (Ասպական) գետի ձորահովտում:  Կենտրոնը Փառկա գյուղն է, որտեղից էլ գաղթել են Էջեի հարազատները: Նրանց մի մասը մինչ այսօր էլ ապրում է այդ գյուղում, միայն թե բնակավայրը վաղուց վերանվանվել է Սալքըմլը (քրդերեն՝ Ֆիքրե):

akunq.net կայքում ասվում է, որ 1894-96թթ. հայկական կոտորածներից մեծապես տուժած Խիանքի հայերի մեծ մասը 1915թ. Մեծ եղեռնի ժամանակ հերոսական ինքնապաշտպանության շնորհիվ փրկվել է և ապաստանել Արևելյան Հայաստանում: Նրանց շառավիղները բնակվում են հիմնականում  Աշտարակի և Թալինի տարածաշրջանում:

Աջ կողմում հայրն է՝ Շեմսեթին Էջեն: Մյուսները քեռիներն են՝ մեջտեղում Մեհմետ Նուրի Էջեն, ձախ կողմում՝ Մեհմետ Հալիթ Էջեն: Աջ կողմում Սենիա Էջեն է, նա հայկական արմատներ ունի: Ձախ կողմում հորական տատն է, սակայն նա ծագումով հայ չէ:

 «Մեր հայ ապուպապերից հետո բոլորը մեզ հավատուրաց ցեղ կամ այլ կերպ ասած՝ «մալա քաթո», «մալա չոլագա» են ասում: Քեռուս խոսքով՝ այժմ հայաստանցիներն էլ են մեզ նման անուններով ճանաչում»,-պատմում է տղան:

Յակուպը ասում է, որ իր հայկական  ծագման մասին իմացել է մեծերից, երբ հավաքների, միջոցառումների ժամանակ հավաքվել են ու խոսել դրա մասին: Միշտ պատմել են Ցեղասպանության մասին. ովքեր են մահացել, ովքեր՝ ողջ մնացել: Նրա պնդմամբ՝ Էջեները երբեւէ չեն թաքցրել իրենց հայկական արմատները ու երբեք չեն ամաչել դրա համար: Միշտ ցանկացել են գտնել հարազատներին, սակայն չեն իմացել՝ ինչպես: Պատմում է, որ ամեն անգամ սրճարանում օտարազգի հաճախորդ տեսնելով՝ հարցուփորձ է անում՝ արդյոք հայ չե՞ն: Փաստաթղթեր չունեն, տեղեկությունն էլ սահմանափակ է, սակայն հարազատներին գտնելու հույսը շատ մեծ է: Նա անգիր գիտի իր ապուպապերի անունները, անգամ փորձել է տոհմածառը գծել:

Ձախ կողմում պապիկն է՝ Յուսուֆ Էջեն: Նրա հայրը հայ է եղել: Դեռ մանուկ ժամանակ նա դավանափոխ է եղել: Աջ կողմում անհայտ բարեկամ է:

«Այդ ժամանակ մեր ցեղախմբի բոլոր կանայք սպանվում են, փրկվում են միայն տղամարդիկ: Իմ ապուպապ Ահմեդը դավանափոխ է լինում ու մնում Քուլփում: Կապոն մահանում է: Վերեւում գրված երկու հոգու մասին տեղեկություն չենք ունեցել, իրենք գաղթել են: Ասյան ողջ է, իսկ Հեւոն Յակուպի մայրն է: Մնացածի մասին ոչինչ չգիտենք»,-պատում է Յակուպը: 

Մեզ հետ ծանոթանալուց հետո, ինչպես Յակուպն է գրում, հաճախ է ծննդավայր այցելում, խոսում հարազատների հետ, փորձում հավելյալ տեղեկություններ հավաքել:  Հարազատների փնտրտուքների հարցում Յակուպին միացել է նրա հորեղբայրը՝ Ազիզ Էջենը: Նրանք միասին մի դիմում են գրել եւ խնդրել տարածել մամուլով:

«Սրանով Հայաստանի ողջ ժողովրդին եմ դիմում՝ եթե ձեր նախնիները Դիարբեքիրի Քուլփ գավառից են գաղթել, խնդրում ենք մեզ իմաց տվեք, մեր կոչին պատասխանեք: Մեր միակ ուզածը ձեզ գտնելն ու կրկին միասին ապրելն է: Մուսուլման և քրիստոնյա, քուրդ և հայ լինելը կարևոր չէ, մեր մարդ լինելն է կարևոր: Մեր լեզուն ու կրոնը կարող է տարբեր լինել, բայց, վերջիվերջո, 5-րդ սերնդի մեր պապը նույնն է և նույն արյունն ենք կրում»:

Մեկնաբանություններ (4)

Edward Demiraiakian
Aferim/Abris.
zohrab
Very touching
Ahmet Bey
Now I can understand why people from Diyarbakir and Tunceli are more seperatist then Kurds from other provinces. It is because people from those provinces are Hidden Armenians. Kemal Kilicdaroglu is an example of an Armenian for instance.
Մուկուչ
Եթե Քուլփը դա Կողբն է, ապա Կողբից շատ գաղթածներ կան Արմավիրի շրջանի Նոր Արտագերս գյուղում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter