HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վոլոդյա Ավետիսյանի գործով դատավորը հիվանդացել է. դատավճռի հրապարակումը հետաձգվեց

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով, թերևս, վերջին դատական նիստը տեղի չունեցավ: Նիստերի քարտուղարը հաղորդեց, որ դատավոր Լևոն Ավետիսյանը հիվանդ է: Նախատեսվում էր դատավճռի հրապարակում: Հիշեցնենք, որ նախորդ նիստին դատախազը պահանջել էր  6 ու կես տարվա ազատազրկում և 864 հազար դրամի բռնագանձում (տուժող կողմ չկա այս գործում): Դատական նիստը հետաձգվեց անորոշ ժամանակով:

Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանն ասաց, որ  տեղեկություն ունի դատավորի արձակուրդ մեկնելու մասին: Քարտուղարը պատասխանեց, որ դատավորը արձակուրդում է, սակայն դիմում է գրել արձակուրդից վերադառնալու համար և հնարավոր է նիստը մոտ օրերս նշանակվի:

«Դուխներդ չգցեք»,-ասաց Վոլոդյա Ավետիսյանը: Իսկ ազատամարտիկները պահանջում էին ասել, թե ի՞նչ հիվանդ է դատավորը:

Արա Ղազարյան

«Դատավորի հիվանդ լինելու վերաբերյալ, կարծում եմ, գրություն պիտի ներկայացվի: Ես հաջորդ նիստին կխնդրեմ այդ փաստաթուղթը»,-ասաց Արա Զաքարյանը: Հարցին, որ արդյոք ձգձգվում է նիստը, քանի որ դատավորը չի կոմնորոշվում, թե ինչքան պատիժ տա Վոլոդյա Ավետիսյանին, փաստաբանը պատասխանեց այսպես. «Չեմ կարծում, թե դատավորն է մտածում՝ ինչքան տա, դատավորին են ասում, թե ինչքան տա: Չեմ բացառում, որ ժամանակ շահելու միտում լինի: Իշխանությունն ամեն ինչ անում է, որ Վոլոդյա Ավետիսյանը հնարավորինս երկար մնա կալանքի տակ: Չեմ բացառում նաև, որ այս դատավորը այնքան պատիժ սահմանի, որ համաներման կիրառումը չազդի: Իշխանության համար Վոլոդյա Ավետիսյանին մեկ օր կալանքի տակ պահելը գերակա խնդիր է»:

Ժիրայր Սեֆիլյան

 

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, ով ներկա էր դատավարությանը կարծիք հայտնեց, որ այս գործընթացը ևս մեկ անգամ ապացուցում է՝ Հայաստանում դատական համակարգ գոյություն չունի. «Այս համակարգը ծառայում է ռեժիմի համար որպես գործիք՝ հալածելու, ճնշելու այն մարդկանց, ովքեր չեն համակերպվում այս վիճակին: Պատճառաբանությունը, որ բերում են՝ ինչքան ցինիկ, այդքան լավ: Չեմ բացառում, որ ձախ ձեռքը չի իմանում, թե աջն ինչ է անում: Բայց մի բան վստահաբար բոլորս էլ գիտենք, որ դատավճռի բովանդակությունը Բաղրամյան 26-ից է գալու: Պատահական չէր դատախազի պահանջած 6 ու կես տարին: Սա էլ արվում է, որ Վոլոդյան երկար մնա կալանքի տակ: Բայց սա ոչ մեկի վրա չի ազդում՝ ո՛չ Վոլոդյայի, ո՛չ իրեն սատարողների, ո՛չ այն շերտի, ովքեր ելել են պայքարի: Չէ՞ որ այսպիսի հալածանքներով ռեժիմը օգնում է նաև պայքարելու»,-ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

Կարեն Մելիքբեկյան

Վոլոդյայի ընկերներից ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը (Կոռնիձորի Կարենը) «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Վոլոդյային ազատությունից զրկելը իշխանությունների կողմից քաղաքական հետապնդումների մի մասն է. «Իշխանությունն ուզում է հանգիստ վայելել հանգիստը, ինչպես Վովա Գասպարյանն է ասում՝ հանդարտվե՛ք, հանդարտվե՛ք, հանդարտվե՛ք: Վոլոդյային ձերբակալելով նաև ցույց տվեցին, թե ինչ ողբալի վիճակում է պետական բյուջեն: Մտածեցին ինչպես չեզոքացնեն Վոլոդյային, որ չվճարեն ազատամարտիկներին իրենց հասանելիք արժանապատիվ թոշակները: Բյուջեն կարկատված է հազար տեղից, ունի իր տանողները, որ ազատամարտիկներին բաժին հանկարծ չհասնի: Բայց մենք ավելի խիստ պահանջներ ենք դնելու կառավարության առաջ»:

Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանի կարծիքով, հայաստանյան դատարանների մասին կարելի է պատկերացում կազմել Վոլոդյայի գործի օրինակով. «Վոլոդյայի գործը Հայաստանի իրավիճակն է ցույց տալիս: Այս ամենը կատարվում է հայ մարդու հետ, նույն դատերը Շենգավիթի դատարանում են, Գյումրի, Ապարանի…սա մեր վիճակն է ցույց տալիս: Պետք ա դատեն, դատում են, պետք ա Հայաստանի կեսը դատարկեն, դատարկում են: Իսկ մենք ուզում ենք իրավական երկիր, հետևաբար մենք դնում ենք համակարգային փոփոխության պահանջ, որը հայտարարել է Նախախորհրդարանը, ինքնառաջադրվել է նաև Վոլոդյա Ավետիսյանը»,- «Հետքի» հետ զրույցում ասաց ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter