HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ազատե՛ք երկկողմանի ծնողազուրկ տղային, նա չէ որդուս սպանողը» - մաս 2

Սկիզբը

3 տարի առաջ որդուն՝ 26-ամյա Գալուստ Մելքոնյանին կորցրած մայրը՝ Անահիտ Մելքոնյանը համոզված է, որ որդու սպանության համար ուրիշ մարդ է դատապարտվել: Նա վստահ է, որ 8 տարվա ազատազրկման դատապարտված Հակոբ Բունիաթյանն անմեղ է, որ որդուն դանակահարողները (դանակը հայտնաբերված չէ), վեճը հրահրողները Մասիսի բնակիչներ, եղբայրներ Վլադիմիր ու Միքայել Ռաֆայելյաններն են, ովքեր, տիկին Անահիտի պնդմամբ, պատասխանատվության չեն ենթարկվել (2-ական ամիս կալանք): «Դա պատասխանատվություն չէր, այլ ծաղր»,- ասաց Անահիտ Մելքոնյանը: Նրանց հանդեպ որպես խափանման միջոց կիրառվել էր ստորագրություն` չբացակայելու մասին:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ 21-ամյա Հակոբ Բունիաթյանը, եղբայրներ Վլադիմիր և Միքայել Ռաֆայելյանների հետ 2011 թ. նոյեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը Խաղաղ Դոնի 13/1 հասցեում գտնվող ավտոնորոգման արհեստանոցի մոտ ծեծել էին Գալուստ Մելքոնյանին, Բունիաթյանը դանակի 7 հարված էր հասցրել նրան, վնասել ազդրային զարկերակը: Արյան կորստից, բուժօգնությունը ուշ կազմակերպելու պատճառով Մելքոնյանը մահացել էր:

«Հիշում եմ՝ 2 տարի առաջ դատական նիստերին երկկողմանի ծնողազուրկ Հակոբ Բունաթյանի համար գալիս էին հարևանները, որովհետև այդ երեխան ոչ մեկը չունի այս աշխարհում: Հարևանները դրական էին խոսում Հակոբի մասին, ոմանք անգամ լաց էին լինում՝ համոզված ասելով, որ Հակոբը չէր կարող մարդու դանակահարել: Ես ինքս էլ նայում եմ փաստերին ու տրամաբանում, որ այդ տղան որևէ վեճ չի ունեցել իմ որդու հետ, չի ճանաչել նրան: Ինչո՞ւ պիտի դանակահարեր Գալուստին»,- «Հետքի» հետ զրույցում պատմեց Անահիտ Մելքոնյանը` վեճի պատճառով դանակի 7 հարվածից մահացած 26-ամյա Գալուստ Մելքոնյանի մայրը:

Ո՞վ է 8 տարվա ազատազրկման դատապարտված Հակոբը

«Հետքը» եղավ Արզումանյան փողոցի վրա գտնվող այն շենքում, որտեղ ծնվել ու մեծացել է 8 տարվա ազատազրկման դատապարտված Հակոբ Բունիաթյանը: Նրա մեկ սենյականոց բնակարանը, որտեղ 14 տարեկանից ապրել է մենակ, փակ էր: Բնակարանը լուսանկարեցինք դրսից: Մեզ ընդունեցին Հակոբի  հարևանները: Հենց լսում էին` Հակոբի հետ կատարվածի մասին հոդված եմ պատրաստում, ասում էին՝ օգնեք նրան, թող բացահայտվի ճշմարտությունը: Գրեթե բոլոր հրևանները հիշում էին, թե ինչպես էր Հակոբը օգնում շենքի բնակիչներին, երբ նրանք ծանր պայուսակներով տուն էին գալիս. «Կբարձրացներ մինչև մեր հարկ, նոր կգնար իր գործերով»,- պատմում էին նրանք:

Հակոբ Բունիաթյան, լուսանկարը` aravot.am-ի 

«Հետքը» հանդիպեց Հակոբի հարևանուհիներից տիկին Սվետային, ով պատմեց, որ նախաքննության ու դատավարության ժամանակ օգնել է կազմակերպել Հակոբի պաշտպանությունը, անգամ ստորագրություններ է հավաքել՝ ի պաշտպանություն նրա:

Հակոբ Բունիաթյանի հետ նույն բակում մեծացած մանկության ընկերուհին, ով չցանկացավ նշել անունը, արտասվում էր ընկերոջ մասին խոսելիս.  «Շատ խելոք, հանգիստ, համեստ մարդ է Հակոբը: Մենք ո՛չ հավատացել ու ո՛չ էլ հավատում ենք, որ նա ունակ է դանակով մարդ խփել: Բանտն իր տեղը չէ»:

Արզումանյան 16/1-ի բանկչուհիներից տիկին Ժենյան մեզ պատմեց առանց հոր ու մոր մեծացած իր հարևանի մասին: «Շատ սիրալիր, շատ մարդկային տղա է...  Հուզվում եմ, որ նրան հիշում եմ, ա՛խր ոչնչով օգնող չուներ: Մայր, հայր չուներ: Բայց որևէ մեկին նեղություն չէր տալիս: 14 տարեկանից աշխատել է ավտոլվացման կետում, բենզալցակայանում, կահույքի արտադրամասում: Իրավապահները այդպիսի տղաներին ոչ թե պիտի բանտ գցեն, այլ մի հաստատություն տանեն, որտեղ նրանց մասին հոգ կտանեն, արհեստ կսովորեցնեն: Ամեն դեպքում ինձ թվում է՝ իրեն ստիպել են, որ գրի, թե ինքն է դանակահարել: Ինչո՞ւ եմ այդպես մտածում, որովհետև այդ երեխան այս բակում է մեծացել, մեր աչքի առաջ, նրանից որևէ մեկը մի անշնորհք բան չի տեսել»,-ասաց տիկին Ժենյան:

Հակոբ Բունիաթյանն իր ցուցմունքում նշել է, որ տուժող Գալուստ Մելքոնյանի հետ պարզելու որևէ խնդիր չի ունեցել: Նրան չի էլ ճանաչել: Խնդիրը եղել է Ռաֆայելյան եղբայրների հետ: Կառնիզները տաքսիով տեղափոխել-չտեղափոխելու պատճառով ծագած վեճի մեջ Հակոբին ներգրավել են Ռաֆայելյան եղբայրները՝ գիշերով զանգահարելով ու տնից դուրս կանչելով իրեն:

Դատարանում Հակոբը նշել է, որ ինքն է հարվածել Գալուստին դանակով, որ մեղավոր է իրեն ճանաչում ոչ թե առաջադրված մեղադրանքում, այլ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցումով կատարած հանցագործության մեջ (Քր. օր.-ի 108 հոդվածով): Մինչդեռ նախաքննության ժամանակ Բունիաթյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում՝ 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով՝ կատարվածի ամբողջ պատասխանատվությունը վերցնելով իր վրա:

Եվս մեկ ծեծկռտուք. ի՞նչ կապ կա այս երկու գործերի միջև

Սպանված Գալուստ Մելքոնյանի մորը՝ Անահիտ Մելքոնյանին, երկրորդ անգամ հանդիպեցինք Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ նա մասնակցում էր Վլադիմիր Ռաֆայելյանի գործով մեկ այլ նիստի: Այս անգամ Վլադիմիր Ռաֆայելյանը մեղադրվում է անցյալ տարի տեղի ունեցած մեկ այլ ծեծկռտուքի մեջ, որի հետևանքով քաղաքացի Գևորգ Մուրադյանը կորցրել է աջ աչքի տեսողությունը:

Տիկին Անահիտը կապ է տեսնում իր տղայի սպանության և Գևորգ Մուրադյանի հետ կատարվածի միջև: «Տեսնո՞ւմ եք, Վլադիմիրի ձեռքն ուրեմն սովոր է, նա կռվի ժամանակ խփել է այս տղայի աչքին: Եթե նա իմ տղայի գործով պատասխանատվության ենթարկվեր, այս դեպքը չէր լինի: Ես հետևում եմ այս գործերին, ուզում եմ իմանալ ճշմարտությունը, քանի որ Հակոբ Բունիաթյանին դատապարտելով 8 տարվա ազատազրկման՝ տղայիս սպանությունը չի բացահայտվել»,-ասաց նա:

Վլադիմիր Ռաֆայելյանին այս անգամ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ընկերոջ և գործով դեռևս չպարզված ևս 3-5 անձանց հետ վիճաբանության մեջ է մտել Գևորգ Մուրադյանի և նրա ընկերների հետ, որի ընթացքում բռունցքով հարվածել է Գևորգի աջ աչքին և դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառել ծանր վնաս: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով: Մեղադրյալն այս անգամ գտնվում է կալանքի տակ:

Գագիկ Պողոսյանի նախագահությամբ ընթացող դատական նիստը բացվելուն պես հետաձգվեց գործով մեկ այլ դատախազի ընդգրկվելու պատճառով:

«Հետքի» հարցերին տուժող Գևորգ Մուրադյանը գերադասեց չպատասխանել: «Աչքս լավ չի, բայց հույս կա, որ կտեսնի.. մենակ ուզում եմ էս ամեն ինչը շուտ վերջանա, գնա»,-ասաց Գևորգը:

Առաջին լուսանկարում 2011թ.-ին սպանված Գալուստ Մելքոնյանն է

Մեկնաբանություններ (2)

anahit
Բացահայտեք հիմնադիր հրամանատարի որդու իրական սպանողին,այն ես գիտեմ,բայց բացահայտեք անբողջը՝ընդգրկեք դիտավորյալ,քր. գործից բաց թողած «Լինքոլն »ավտոմեքենայի ձախ կողային հայլիի ջարդված լինելու փաստը և կհամոզվեք,որ ամբողջ գործը կոծկված է:
anahit
11.07.Գալուստս կդառնար 29-ը տարեկան: Աստված ամենօրյա արցունքներս գետին չի թողնի, թող անիծվի այն մարդը,ով կտրեց իմ չբացված վարդը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter