HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Գեղարոտ. աստծուն մոտ գյուղը

Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Տիգրան Մարտիրոսյանն կատակով ասում է, որ իրենց բարձրլեռնային գյուղը մի «պլյուս» ունի՝ աստծուն մոտ է: Բայց երկնային տիրոջը մոտ լինելը ինչ-որ իմաստով նաեւ շահութաբեր է. բնակավայրը գտնվում է ավելի քան 2000 մետր բարձրության վրա, ինչի համար էլ պետությունը հավելավճար է տալիս տեղի աշխատողներին (դրույքը, ի համեմատություն սովորական բնակավայրերի, այստեղ բազմապատկվում է 1,2 գործակցով):

Գեղարոտցիների հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն է, սակայն մարգագետնային այս գոտում, որը գյուղատնտեսական լավ շրջան է, այդուհանդերձ, մեծ խնդիր են եղանակային անակնկալները: Դպրոցի պահակ Էմիլ Բայրախտարյանն ասում է, որ մի քանի տարի առաջ «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկից վարկ էր վերցրել ու գարի ցանել, սակայն սեպտեմբերին ձյուն էր եկել ու փչացրել բերքը:

Ստիպված «Արդշինինվեստբանկ»-ից նոր վարկ էին վերցրել՝ նախորդը փակելու համար, այս նորն էլ մարելու համար անասուններին են մորթել, իսկ քանի որ առանց անասունի չէին կարող ապրել, 60-ամյա հայրը Ռուսաստան «խոպան» էր գնացել, որ իրենց վրա էլ «մի քիչ լույս բացվի»: Տիգրան Մարտիրոսյանը, ով նաեւ «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ»-ի տեղի վարկային խորհրդի նախագահն է, ասում է, որ, այնուամենայնիվ, դեռ ոչ մի գեղարոտցի վարկը փակել չկարողանալու պատճառով տնից կամ այլ ունեցվածքից չի զրկվել:

Պաշտոնական տեղեկանք Գեղարոտի մասին- գյուղ Արագածի տարածաշրջանում, Սպիտակ քաղաքից մոտ 15 կմ հարավ, Երեւան-Սպիտակ մայրուղու վրա: Մարզկենտրոնից գտնվում է 50 կմ հեռավորության վրա: Նախկինում մտել է Երեւանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ: Ունեցել է Քեշիշքյանդ, Քեշիշքենդ անվանումները: Գեղարոտ է վերանավանվել 1935 թ.-ին:

Գյուղի մոտ հայտնաբերվել են հին բրոնզի եւ վաղ երկաթի դարաշրջանի դամբարաններ:
Ընկած է ծովի մակարդակից 2060 մ բարձրության վրա, թեք սարավանդի վրա: Կլիման ցուրտ լեռնային է, առողջարար: Ձմեռները տեւական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը` -6 - -8-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները սեւահողային տափաստաններ են: 

Բնակչության նախնիների մեծ մասը գաղթել է Արեւմտյան Հայաստանից: 1873 թ.-ին գյուղն ունեցել է 218, 1926 թ.-ին` 604, 1939 թ.-ին` 768, 1979 թ.-ին` 482 հայ բնակիչ: Համայնքի բնակչությունը կազմում է 589 մարդ, որից 47% տղամարդիկ են, իսկ կանայք` 53%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 33%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 60%, հետաշխատունակները` 7%: Գյուղն ունի 144 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, կապի հանգույց:

Գյուղատնտեսական հողահանդակները օգտագործվում են հիմնականում որպես վարելահողեր, որտեղ զբաղվում են հացահատիկի, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների մշակությամբ: Տնամերձ հողերում կան բազմամյա տնկարկներ, մշակում են պտուղներ:

Պահուստային հողերը օգտագործվում են որպես վարելահողեր եւ արոտավայրեր՝ կազմելով համապատասխանաբար 55 հա և 171 հա: 

Զբաղվում են հիմնականում մանր եւ խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ: 

Արդյունաբերություն չունի:

Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է դպրոցի շենքի, գյուղամիջյան ճանապարհների, խմելու ջրի ջրագծերի վերանորոգումը: 

Գեղարոտցիները, ըստ տնօրեն Մարտիրոսյանի, մոտ 700 հա հող են մշակում, սակայն միջոցներ ունենալու դեպքում կարող են ավելին օգտագործել:

Է. Բայրախտարյանն էլ նշում է, որ երբ վերջերս անձրեւ էր եկել, ամբողջ գյուղն ուրախացել էր: Ըստ նրա՝ ոռոգման ցանց խորհրդային տարիներին եղել է, սակայն հողերի մասնավորեցումից հետո յուրաքանչյուրն իր հողամասով անցնող խողովակների հետ վարվել է ըստ ցանկության, ինչի արդյունքն էլ այսօրվա անմխիթար վիճակն է: Էմիլի ասելով՝ մի երկու-երեք ընտանիք կա միայն, որ հողով ու անասունով կարողացել է արդյունքի հասնել, մյուսները բախտ են որոնում գյուղից դուրս՝ Ապարանում, Երեւանում կամ Ռուսաստանում բանվորություն անելով:    

«Ով հնարավորություն ունենա, գյուղից դուրս կգնա, թեկուզ Երեւանին մոտ,- ասում է 35-ամյա Էմիլը, ով 5-հոգանոց ընտանիքի միակ աշխատողն է եւ դպրոցի պահակությամբ 50.000 դրամ է ստանում:- Ջահելությունը որ մի անգամ դուրս է գնում, հասկանում է, որ իրենց երեխեքին էստեղ ապագա չկա: Օրինակ, մի պարզ բան ասեմ. երեխեքը ֆուտբոլ են խաղում, բայց ծնողները հնարավորություն չունեն մարզադպրոց տանելու»:

Հիշում է, որ խորհրդային տարիներին Արագածի շրջկենտրոն Ծաղկահովիտում դաշնամուր կար, երեխաներով գնում զբաղվում էին, հիմա դա էլ չկա: Ինքն էլ 2001-ին աշխատել է Ռուսաստանում, բայց հիմա բավարարվում է նախկին շրջանի տարածքում շինարարական աշխատանքներով, իսկ 2004-ից ամառային արձակուրդներին մասնակցում է նաեւ գյուղի տարածքում ընթացող հնագիտական պեղումներին«Միշտ մտածում էի, որ եթե պայմաններ լինեն, ես կմնամ էստեղ: Ավելի լավ է, ես էստեղ ապրեմ՝ սովոր իմ շրջապատին, ուղղակի կարողանամ տարրական պայմաններ ստեղծել: 21-րդ դարում գյուղացին կարոտ է պրիմիտիվ պայմանների: Տղաներին հարցնում եմ, թե ինչի եք դրսում մնում, ասում են, որ պայմանների հարց է»,- պատմում է Էմիլը:        

Պաշտոնական տվյալներով՝ Գեղարոտը մոտ 600 բնակիչ ունի: Տիգրան Մարտիրոսյանն էլ ասում է, որ մի 100 հոգի արտերկում են ապրում, շուրջ 30-40 հոգի էլ պարբերաբար գնում-գալիս են: Գեղարոտցիների համար «դուրսը» Ռուսաստանն է, քանի որ այլ ուղղությամբ գնալու գումար դժվար է վաստակել: Ինքը՝ ներկայիս տնօրենն էլ է ժամանակին աշխատել հյուսիսային երկրում, ասում է բավականին մեծ գումար էր վաստակել ու հաշվարկել, որ մինչեւ 70 տարեկան կարող է չաշխատել: Գումարը փորձել է ներդնել բիզնեսի մեջ, գյուղում խանութ է ստեղծել, սակայն չի հաջողել: «Երեւի ինձնից էր,- ժպտում է նա ու հավելում,- մինչեւ էսօր գյուղում կայացած խանութ չկա»:  

Մթերքը գյուղացիները ձեռք են բերում կաթ հավաքողներից, ովքեր փոխանակում են կատարում: Կաթի լիտրն այստեղ գյուղացուց ձեռք են բերում 140-160 դրամով, իսկ տավարի միսը՝ 1400-1500 (ցուլիկինը՝ 2000), խոզի մսի համար էլ վճարում են 2300-2400 դրամ: Գեղարոտի կաթը հավաքողների ու մթերողների միջոցով հասնում է Ապարան, Վանաձոր, Աշտարակ, Երեւան: Միսն էլ նմանատիպ ճանապարհով իրացվում է, մասնավորապես, մայրաքաղաքում: Գյուղացիների եկամտի աղբյուր է նաեւ գարին, որը գնորդներ ունի Լոռու մարզից:  

Տիգրան Մարտիրոսյանի համոզմամբ՝ պետության կողմից դիզվառելիքի (20 լիտրը՝ 7000 դրամով) եւ պարարտանյութի (50 կգ-ն՝ 6000 դրամով) սուբիսիդիան ձեռնտու է իրենց, սակայն կան բնակիչներ, որ բավարար գումար չունեն՝ նախապես վճարելու համար. «Լավ կլինի, որ բերքից հետո պահանջեն գումարները: Չնայած շատ ժամանակ էլ մարդիկ լավ բերք չեն ստանում»:

Գեղարոտցիների 33 տոկոսը, ըստ պաշտոնական թվերի, մինչաշխատունակ է, իսկ 7 տոկոսը՝ հետաշխատունակ: Տ. Մարտիրոսյանը հիշում է, որ վերջին երկու տարում շուրջ 30 բնակիչ է մահացել, սակայն միայն երկու-երեք հոգի են տարիքով եղել, իսկ մյուսները 60-ի շեմին էլ հասած չէին: Սոցիալական պայմանների պատճառով խնդիր է ամուսնությունը, դրա հետեւանքով էլ՝ ծնելիությունը:

Այս տարի համայնքի միջնակարգ դպրոցը 11 շրջանավարտ է ունեցել, ինչը լավ արդյունք է համարվում, փոխարենը սեպտեմբերի 1-ին կրօջախ կմտնի 6 առաջինդասարանցի: Եթե մինչեւ մի տաս տարի առաջ այստեղ աշակերտների թիվը հասնում էր 162-ի, ապա վերջին 5 տարիներին դպրոցականները եղել են 60-65 հոգի: Ներկա պահին 150-տեղանոց դպրոցում կա 36 աշակերտ եւ 25 աշակերտուհի: Ներկա շենքը իր դռները բացել է 2003-ին, սակայն գյուղի դպրոցի պատմությունը սկսվում է 1936-ից: Սպիտակից 15 կմ հեռավորության վրա գտնվող Գեղարոտը բավականաչափ տուժել է 1988-ի երկրաշարժից. գյուղացիները հիշում են, որ չտուժած շինություն գրեթե չի եղել: Աղետից հետո՝ 1990-ականներին, դպրոցը տեղակայվել էր բաղնիքի շենքում, ու Տ. Մարտիրոսյանի պատմելով, երեխաները կատակով ասում էին, որ ավարտել են Գեղարոտի միջնակարգ բաղնիքը:

Շուրջ 3 տարի դպրոցը ղեկավարող Տ. Մարտիրոսյանը նաեւ շախմատ է դասավանդում տարրական դասարաններում: Ասում է, որ մարզաձեւի ներառումը դպրոցական ծրագիր շատ լավ նորամուծություն էր, քանի որ շախմատն առաջին հերթին նպաստում է երեխաների մտածելու, վերլուծելու կարողությունների, տեսողական եւ հիշողության զարգացմանը:

Համայնքների խոշորացման հայտարարված ծրագրի վերաբերյալ տնօրենը փոքր-ինչ մտավախություն ունի, որ Գեղարոտի դպրոցը կարող է միավորվել Ծիլքարի հետ՝ վերջինիս շուրջ: Հավանական է, որ Արագածոտնի մարզի ծայր հյուսիսում գտնվող երեք հայաբնակ բնակավայրերը՝ Գեղարոտը, Ծիլքարը, Լեռնապարը (սրանց հարեւանությամբ քրդաբնակ կամ եզդիաբնակ գյուղեր են), դառնան մեկ համայնք: Ըստ Մարտիրոսյանի, չնայած իրենց դպրոցը նախկինում ավելի մեծ է եղել, այսօր Լեռնապարի ու Ծիլքարի կրթօջախները գերազանցում են աշակերտների թվով: Բացի դրանից՝ Ծիլքարում երկրաշարժից հետո դպրոցի տիպային կառույց է ստեղծվել, ինչը եւս մեկ հանգամանք է այդտեղ միավորվելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter