HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մենք կոլապսի մեջ ենք». փնտրվում է «Նաիրիտի» սեփականատերը (վիդեո)

«Նաիրիտ գործարանի» աշխատակիցները կառավարության շենքի մոտ են. նրանց պահանջը  վերջին 4 տարիներին նույնն է՝ վերագործարկել «Նաիրիտը» և վճարել իրենց՝ ավելի քան 1 տարվա աշխատավարձերի պարտքը:

Մինչ գործարանի աշխատողների մի մասը քայլերթով ու ցուցապաստառներով գործարանից հասնում էր կառավարության շենք, հավաքված նաիրիտցիներին անակնկալ մատուցեցին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Նրանք եկել էին «Նաիրիտի» աշխատակիցներին հերթական խոստումները տալու: 

Նախարար Զախարյանը խոստովանեց, որ դժվարանում է «Նաիրիտի» փաստաթղթերի և վիճակի մասին որևէ կոնկրետ բան ասել: «Նաիրիտի ֆինանսական վիճակը, ձևակերպված փաստաթղթերը բավականին խառն են ու դժվար հասկանալի: Վերջնական որոշումներ «Նաիրիտի» հարցով մենք չունենք»,- ասաց նախարար Զախարյանը: Նա գործարանի աշխատակիցներին պատմեց, որ 50-60 մլրդ դրամի  ֆինանսական պարտավորություն ունի «Նաիրիտը»՝ չհաշված վարկերը և գործարանի աշխատողների 15 ամիսների աշխատավարձը:

Երվանդ Զախարյանը հավաստիացրեց, որ կառավարությունը գիտակցում է այսօրվա վիճակը, սակայն հնարավորություն չունի լուծել այդ խնդիրները:

Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որպեսզի ուսումնասիրվի գործարանում ստեղծված իրավիճակը: Աշխատանքային խմբում նաև նախարար Զախարյանն է, և ուսումնասիրությունների վերջնական արդյունքների համար կպահանջվի մոտավորապես 2 ամիս: Երվանդ Զախարյանը խոստացավ մինչև սեպտեմբերի 15-ը վերջնական հայտնել գործարանի ճակատագրի մասին: «Հեսա 4 տարի է ուսումնասիրում եք»,- եղավ ներկաներից մեկի պատասխանը:

Իսկ մինչ այդ, Երվանդ Զախարյանի խոսքով, աշխատավարձ չի վճարվի նաիրիտցիներին, քանի որ յուրաքանչյուր ամսվա աշխատավարձը կառավարության համար մոտ 1 մլն դոլարին համարժեք դրամ է արժենում: Մինչ օրս այդ աշխատավարձերը վճարվում են այլ կազմակերպությունների հաշվին, թե ո՞ր՝ նախարար Զախարյանը չնշեց. «Դրանք օդից չեն գալիս և արդյունքում դրանք դառնում են վնասներ գործարանի համար»:

«Մենք համաձայն չենքը» և սուլոցները եղան հավաքվածների արձագանքը նախարարին: 

«Աշխատավարձերի պարտքի մարում», «Պահանջում ենք վերագործարկել «Նաիրիտը»» պաստառներով ժամանեց նաև գործարանի աշխատակիցների մյուս մասը: Հովիկ Աբրահամյանը նախընտրեց ժողովրդին մոտենալ և նրանց հետ անձամբ շփվել:

Պարզվում է, որ նոր կառավարությունը դեռ չգիտի, թե ինչպես է սնանկացել «Նաիրիտը» և ինչ մեխանիզմներ են օգտագործվել դրա համար: Այդ և սեփականատերերի մասին «Հետքը» բազմաթիվ փաստեր է հրապարակել:

«Մենք կոլապսի մեջ ենք, երկու ամիս է ուսումնասիրում ենք, չենք կարողանում ծայրը գտնել՝ ինչ են արել, ոնց են տարել, ոնց են բերել,- անկեղծացավ վարչապետ Աբրահամյանը,- երկու ամիս է` փնտրում ենք սեփականատիրոջը, չենք կարողանում գտնել»:

Թե ինչու մինչ օրս որևէ մեկը չի պատժվել «Նաիրիտը» այս վիճակին հասցնելու համար, Հովիկ Աբրահամյանը պատասխան չուներ. «Պիտի ճշտենք, որ պատժենք»:

Հովիկ Աբրահամյանի այս խոսքերին ի պատասխան` գործարանի աշխատակիցները անընդհատ հարցնում էին, թե ինչու մինչ օրս գործարանի նախկին տնօրեն և խորհրդի նախագահ Վահան Մելքոնյանը չի պատժվել:

Հովիկ Աբրահամյանը խոստացավ կառավարության նիստից հետո ընդունել 10-15 աշխատակցի և մանրամասն զրուցել նրանց հետ:

 

Հ.Գ. Կառավարության նիստից հետո վարչապետն ընդունել է «Նաիրիտ»-ի աշխատակիցներին, լսել նրանց խնդիրներն ու մտահոգությունները: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Զրույցի ընթացքում քննարկվել է ինչպես աշխատավարձերի, այնպես էլ գործարանի հետագա ճակատագրի հարցը: Վարչապետ Աբրահամյանը տեղեկացրել է, որ գալիք շաբաթվա ընթացքում աշխատակիցները կստանան իրենց մեկ ամսվա աշխատավարձը և նշել, որ մինչ օգոստոսի վերջ մանրամասն կուսումնասիրվի «Նաիրիտ»-ի շուրջ ստեղծված իրավիճակը և կմշակվեն դրանից դուրս գալու հնարավոր քայլերը: Վարչապետը խոստացել է կրկին ընդունել նաիրիտցիներին և նրանց ներկայացնել կառավարության կատարած ուսումնասիրությունների արդյունքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter