HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Տեղեկատվության աղբյուրի բացահայտումը վտանգավոր նախադեպ կլինի մամուլի համար

Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Գագիկ Խանդանյանի նախագահությամբ հունիսի 26-ին դռնփակ նիստով որոշում է կայացրել բավարարել Հատուկ քննչական ծառայության հատուկ կարեւորագույն գործերով քննիչ Գ. Բեգոյանի միջնորդությունը՝ քրեական գործով երկու լրատվամիջոցների տեղեկատվության աղբյուրը բացահայտելուն պարտադրելու պահանջի մասին:

Մայիսի 9-ին մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածել այն մասին, որ մայիսի 7-ին Գյումրիում ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանի եւ մարզիկներ՝ Արթուր եւ Ռաֆայել Ալեքսանյան եղբայրների միջեւ տեղի է ունեցել  վիճաբանություն, որի ժամանակ ոսիկանության մարզային վարչության պետն իրեն ամրակցված ատրճանակով հարվածել է Ռաֆայելի գլխին, ապա ատրճանակը պահել Արթուրի կրծքավանդակին:

Այդ ժամանակ, ըստ ՀՔԾ մամլո խոսնակ Միքայել Ահարոնյանի, որոշվել է քրեական գործ չհարուցել հանցակազմի բացակայության հիմքով, սակայն օրեր անց՝ 2014թ. մայիսի 30-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):

Քննիչը դատարան ներկայացրած միջնորդության մեջ նշել է, որ քննության ընթացքում կատարված բազմաթիվ քննչական գործողություններով Վ. Նադարյանի եւ մարզիկներ Արթուր եւ Ռաֆայել Ալեքսանյանների միջեւ որեւէ միջադեպի մասին ապացույցներ ձեռք չեն բերվել, եւ այս առումով «սպառվել են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները»:

Համապատասխան գրություններ են ուղարկվել միջադեպի վերաբերյալ տեղեկություններ տարածած երկու լրատվամիջոցների՝ Ilur.am ինտերնետային կայքի եւ «Հրապարակ» օրաթերթի ղեկավարներին, որպեսզի վերջիններս բացահայտեն տեղեկատվության աղբյուրները: Լրատվամիջոցների ներկայացուցիչները գրավոր պատասխաններ են ուղարկել, որ հրաժարվում են բացահայտել աղբյուրը՝ հղում անելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքին:

Քննիչն իր միջնորդությունը հիմնավորել է այն հանգամանքով, որ Ilur.am եւ «Հրապարակ» օրաթերթի տեղեկությունների աղբյուրի բացահայտումը կարող է օժանդակել քրեական գործով ենթադրյալ ծանր հանցագործության վերաբերյալ հաստատող կամ հերքող ապացույցներ ձեռք բերելուն: Ըստ նրա՝ տվյալ դեպքում հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը:

Գ. Բեգոյանը միջնորդել է պարտավորեցնել Ilur.am լրատվական ինտերնետային կայքին եւ «Հրապարակ» օրաթերթին քննությանը տրամադրել համապատասխանաբար՝ «Շիրակի ոստիկանապետը հարձակվել է հայտնի ըմբիշի վրա. Մարզիկը մտածում է Հայաստանի դրոշի տակ հանդես չգալու մասին» եւ  «Ծուխ առանց կրակի, կամ ոստիկանապետի գլխին ամպեր են կուտակվում» հոդվածների` Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանին եւ Արթուր ու Ռաֆայել Ալեքսանյաններին վերաբերող մասը հրապարակելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության աղբյուրները:

Դատարանն իր իրավական վերլուծության մեջ անդրադարձել է Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներին, որ խոսքի ազատության ցանկացած սահմանափակում պետք է «ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ լինի», այնուհետեւ անդրադարձել է Բարձր դատարանի այլ մեկնաբանությունների, որոնք վերաբերում են «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանափակումներին, այն է. «...ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների եւ պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով»:

Դատարանի հիմնավորումներն ընթերցելիս տպավորություն է ստեղծվում, որ այն ավելի շատ բխում է աղբյուրը չբացահայտելու` լրատվամիջոցի շահերից, սակայն որոշման եզրափակիչ մասը դրա հակառակ պատկերն է: Չկա հստակ հիմնավորում, որ աղբյուր բացահայտելը հնարավոր հանցագործությունը բացահայտելու միակ տարբերակն է: Կարելի է ասել` դատական ակտը պատճառաբանված չէ, իսկ հիմնավորումն օրենքի կամ ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումների պատճենն է, որն ավելի շատ լրատվամիջոցների օգտին է:

12 տարի առաջ ձախողվեց տեղեկատվության աղբյուրը բացահայտելու փորձը

Հայաստանում բազմաթիվ են դեպքերը, երբ քննչական մարմինները լրագրողներից պահանջում են բացահայտել տեղեկատվության աղբյուրը եւ այդ նպատակով հրավիրում զրուցելու: Սակայն, որքանով մեզ հայտնի է, առաջին դեպքն է, երբ  դատարանն է պարտավորեցնում բացահայտել աղբյուրը: Նման փորձ եղել է 2002թ., երբ «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի եղբայրը՝ Անդրանիկ Պողոսյանը «Տարեգիր» էլեկտրոնային պարբերականից պահանջում էր հերքել 9 ամսվա վաղեմություն ունեցող հոդվածում առկա տեղեկությունները (հոդվածի հեղինակը եղել է Լիլիթ Սեյրանյանը), ինչպես նաեւ բացահայտել տեղեկատվության աղբյուրը, քանի որ իրեն շատ է հետաքրքրել տեղեկություններ տվող անձը:

Լրագրողը հրաժարվել էր բացահայտել իր աղբյուրը։ Դատարանը նույնպես մերժել էր աղբյուրի բացահայտման պահանջը, սակայն թերթին պարտավորեցրել էր հերքել հրապարակած տեղեկությունները:

ՄԻԵԴ-ը բազմիցս նշել է, որ խոսքի ազատության սահմանափակման անհրաժեշտությունը պետք է հստակ սահմանված լինի: Եվրոպական դատարանը գտնում է, որ լրագրողական աղբյուրների պաշտպանությունը մամուլի ազատության հիմնարար պայմաններից մեկն է, քանի որ նման պաշտպանության բացակայության պարագայում տեղեկատվության աղբյուրները կդադարեն մամուլին աջակցելուց, ինչն էլ բացասաբար կանդրադառնա հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ ստույգ եւ վստահելի տեղեկատվություն տրամադրելու մամուլի հնարավորությունների վրա: «Դրա արդյունքում կխաթարվի մամուլի՝ որպես հասարակական շահերի պաշտպանի կենսականորեն կարեւոր դերը: Նկատի ունենալով ժողովրդավարական հասարակությունում տեղեկատվության աղբյուրների պաշտպանության կարեւորությունը մամուլի ազատության համար եւ այն վտանգավոր ներգործությունը, որով աղբյուրի բացահայտման մասին դատական կարգադրությունը կարող է ունենալ մամուլի ազատության վրա, նման միջոցը չի կարող համարվել համատեղելի Կոնվենցիայի 10-րդ հոդվածի հետ, եթե դա արդարացված չէ ավելի կարեւոր հասարակական շահի առկայության անհրաժեշտությամբ»,- նշել է ՄԻԵԴ-ը (Տես՝ Գուդվինն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1996):

«Հրապարակի» լրագրողը չի պատրաստվում բացահայտել տեղեկատվության աղբյուրը   


«Ծուխ առանց կրակի, կամ ոստիկանապետի գլխին ամպեր են կուտակվում» հոդվածի հեղինակ, «Հրապարակ» օրաթերթի լրագրող Սյուզան Սիմոնյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ քրեական գործը հարուցվել է ծանր հանցագործության հոդվածով, որպեսզի լրագրողներին պարտավորեցնեն բացահայտել լրագրողական աղբյուրը: Օրեր առաջ թերթը բողոքարկել է դատարանի որոշումը: Սյուզանը բացառում է աղբյուրի բացահայտումը:  Նա զարմանում է, թե ինչու են այդ հոդվածով քրեական գործ հարուցել, եթե Վարդան Նադարյանը շարունակում է զբաղեցնել մարզի ոստիկանապետի պաշտոնը: «Հակառակ դեպքում նրանք Նադարյանի նկատմամբ գոնե մեղադրանք կառաջադրեին: Այսօրվա դրությամբ դատավարական ոչ մի կարգավիճակ չունի, նա ոստիկանապետ է, իսկ լրագրողներին ներքաշում են անարդյունավետ մի դատավարության մեջ»,- ասում է լրագրողը:

Ս. Սիմոնյանը պատմեց, որ երբ տեղեկացել են միջադեպի մասին, իրենք զանգահարել են Գյումրիի հիվանդանոցներ, քանի որ, իրենց տեղեկություններով, Արթուրը վնասվածք է ունեցել եւ ենթադրել են, որ բուժօգնության համար բժիշկների հսկողության տակ կլինի: Հիվանդանոցների տնօրեններն ասել են, որ այդ անուն-ազգանունով մարդ չեն ընդունել, նրանցից մեկն էլ լրագրողին ասել է, որ  երբ բարձրաստիճան պատոնյա է լինում նմանատիպ միջադեպի հետեւում, նման դեպքերում տուժողներին հիվանդանոց չեն բերում եւ ցանկանում են թաքցնել դեպքը:

Այդ ճանապարհով լրագրողը չի կարողացել ճշտել միջադեպի մանրամասները, սակայն Գյումրու քաղաքապետարանից եւս մեկ աղբյուր ասել է, որ նման միջադեպ եղել է ոստիկանի եւ տղաների միջեւ, սակայն միջադեպի մասնակիցը եղել է ոչ թե ոստիկանապետ Վարդան Նադարյանը, այլ ուրիշ ոստիկան: Սյուզան Սիմոնյանի ասելով՝ այդ օրը Վ. Նադարյանը չի պատասխանել «Հրապարակի» հեռախոսազանգերին,  նույն կերպ վարվել են նաեւ Ալեքսանյան եղբայրներն ու նրանց հայրը:

Լրագրողն այլ լրատվամիջոցներից է տեղեկացել, որ Արթուր Ալեքսանյանն ասել է, թե ինքն այսուհետ Հայաստանի դրոշի ներքո հանդես չի գալու, իսկ նրա հայրը, ով նաեւ Արթուրի մարզիչն է, հերքել  է, թե իր որդին ՀՀ դրոշի ներքո ելույթ չի ունենալու՝ ավելացնելով, որ այդ տհաճ միջադեպի մասին  չի ուզում հիշել:

«Ամեն ինչ խոսում էր այն մասին, որ  ինչ-որ մի բան եղել է եւ կոծկել են: Ոստիկանությունն այդ օրերին ոչինչ չէր գրանցել: Հետագայում էլ ՀՔԾ-ն սկսեց հետաքննություն, բայց քրեական գործի հարուցումը մերժեցին: Հետաքննության օրերին մենք ստացել ենք պահանջ, որպեսզի բացատրություն գրենք եւ բացահայտենք  աղբյուրը: Մենք, հղում կատարելով «Զանգվածային լրատվամիջոցների մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթին, գրավոր պատասխանեցինք, որ չենք ցանկանում աղբյուրը բացահայտել, քանի որ դրա իրավունքն ունենք: Դրանից հետո՝ հունիսի 28-ին, միանգամից ստանում ենք դատարանի  որոշումը եւ տեղեկանում, որ փաստի առթիվ գործ է հարուցվել, մեղադրանք առաջադրված չէ, բայց քրեական գործ հարուցել են հարուցումը մերժելու մասին որոշումից 4 օր անց: Այդ քրեական գործի մասին ոչ մի տեղեկություն չկար, մենք իմացել ենք հենց  դատարանի որոշումից»,- ասում է Սյուզանը:

Նրա կարծիքով՝ տեղեկատվության աղբյուրը չպետք է բացահայտվի, որովհետեւ դա շատ վտանգավոր նախադեպ կլինի մամուլի համար: «Եթե մեկ անգամ մենք զիջեցինք ինչ-որ ձեւով, կատարեցինք նրանց պահանջը, հետագայում սա կօգտագործվի ազատ մամուլի դեմ, եւ մարդիկ կվախենան մեզ հետ աշխատել: Առանց այն էլ վախի մթնոլորտ կա, շատերը սարսափում են բացահայտվելուց: Ամեն դեպքում, ես խոստացել եմ չբացահայտել աղբյուրը եւ չեմ ասելու»,-ավելացնում է լրագրողը:

Սյուզանի կարծիքով՝ այս ամենը հստակ քաղաքականություն է: Նա հիշում է, երբ Գեւորգ Կոստանյանը զինդատախազ էր նշանակվել, նույն գործընթացը իրականացվում էր զինվորական դատախազությունում: Այն ժամանակ Սյուզանը գրում էր զինվորական գործերի մասին, եւ մի քանի անգամ ոլորտը լուսաբանող լրագրողներին հրավիրել են պաշտպանության նախարարության քննչական վարչություն ու պահանջել են բացահայտել աղբյուրը, սակայն գործը  դատարան չի հասել:

«Առաջին անգամ լրատվամիջոցին պարտադրում են դատարանի որոշում կատարել: Այն ժամանակ ուղղակի մենք գնում, ժամանակ էինք կորցնում հարցաքննությունների վրա, կրկին չէինք բացահայտում աղբյուրը: Այն ժամանակ էլ էր խոչընդոտվում մեր աշխատանքը, եւ իմ կարծիքով` սա նրա (նկատի ունի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին-հեղ.) ձեռագիրն է: Վերջերս ասուլիսում էլ հայտարարեց, որ երբ լրագրողները չեն բացահայտում աղբյուրը, այդ դեպքում կմտնեն դատարան եւ բացահայտելու պարտադրանքով որոշումը կբերեն, կդնեն լրագրողների առաջ: Այսինքն` սա շատ հստակ քաղաքականություն է: Կտեսնենք, որ աղբյուրի բացահայտման պահանջները գնալով ավելանալու են: Լավ կլիներ, որ մեկը հետազոտություն անցկացներ, թե այն գործերով, երբ քննիչը լրագրողից պահանջում է աղբյուրի բացահայտում, ինչո՞վ են օգնել քննությանը, ի՞նչ են տվել այդ բացահայտումները: Ինչո՞ւ են քննիչներն այդքան փաստաթղթեր բազմացնում: Իրականում դրանք անարդյունավետ գործողություններ են, առավել եւս դատարանի միջոցով պարտադրելը զուտ վախի մթնոլորտ ստեղծելու համար է թե́ լրագրողների, թե́ քաղաքացիների շրջանում»,- ասում է Սյուզան Սիմոնյանը:

Որոշումը կայացվել է նյութական եւ դատավարական իրավունքի խախտումներով 

Ilur.am եւ «Հրապարակ» թերթերի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առաջին դեպքն է, երբ դատարանի որոշմամբ լրատվամիջոցին պարտավորեցնում են բացահայտել տեղեկատվության աղբյուրը: Բացի այդ, նրա կարծիքով, որոշումը կայացվել է դատավարական եւ նյութական իրավունքի մի շարք խախտումներով, օրինակ՝ քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում այս միջնորդությունը քննարկելու ընթացակարգը, ընտրված է սխալ սուբյեկտ՝ լրատվամիջոցի փոխարեն պետք է լրագրողը սուբյեկտ լիներ, լրագրողները պետք է մասնակցեին միջնորդության քննությանը, եւ դռնփակ նիստ անցկացնելը պետք է նաեւ իրենց միջնորդությամբ լիներ:

Եվրոպայի խորհրդի նախարարների խորհուրդը ՄԻԵԴ-ի վճիռներից մեկի՝ Գուդվինն ընդդեմ Միացյալ Թագավորության գործի հիման վրա կայացրել է որոշում, որտեղ հստակ չափորոշիչներ է սահմանել, թե որ դեպքերում պետք է բացահայտվի տեղեկատվության աղբյուրը: Նշվում է չորս պայման: Ilur.am եւ «Հրապարակ» թերթերի դեպքում ընդամենը մեկն է առկա եղել, այն էլ, ըստ Արմեն Խաչատրյանի, թույլ հիմնավորումով, եւ անտեսվել են մյուս երեքը: Օրինակ` դատարանը չի անդրադարձել՝ նախաքննական մարմինն արդյոք սպառե՞լ է այլընտրանքային ճանապարհներով ապացույցներ հավաքելու գործընթացը, արդյոք հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի՞ ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը եւ այլն: Ընդամենն առկա է ծանր հանցագործության հատկանիշներով քրեական գործ հարուցելու փաստը, մյուս պայմաններով հիմնավորումներ չկան:

«Այս ամենի հետեւում տեսնում եմ դատախազության միտումը, մանավանդ գլխավոր դատախազի հայտնի ելույթից հետո փորձ է արվում մամուլը վերահսկելի դարձնել, այդ աղբյուրները մամուլից  կտրել, նրանց ճնշման տակ պահել: Իրավաբանությունը ինչքան էլ էական դեր է խաղալու դատաքննության փուլում, բայց ավելի կարեւոր է թաքնված միտումը, եւ ես կարեւորելու եմ հասարակության ըմբոստությունը: Այս քայլով նրանք մամուլի մի քանի ազատ միջոցների փորձում են կոտրել»,- ասում է լրատվամիջոցների ներկայացուցիչը:

Արմեն Խաչատրյանը նշեց, որ դատարանը պատրանք է ստեղծել, թե ինքն առաջնորդվել է միջազգային իրավունքի նորմերով, ՄԻԵԴ նախադեպային որոշումներով եւ այլն: Գուդվինն ընդդեմ Միացյալ Թագավորության գործից դատավոր Գագիկ Խանդանյանը մեջբերումներ է արել: Այդ գործով Միացյալ Թագավորության ազգային դատարանները պարտադրել են բացահայտել տեղեկատվության աղբյուրը, իսկ ՄԻԵԴ-ը դա համարել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում: «Ինքնին ենթադրելի է, որ եթե դու հղում ես անում Գուդվինն ընդդեմ Միացյալ Թագավորության գործին, ուրեմն աղբյուրը չպիտի բացահայտվի, եւ քննիչի  միջնորդությունը պետք է մերժվի: Հավանաբար, դատավոր Խանդանյանը հույսը դրել է այն բանի վրա, որ որոշումը չի բողոքարկվի, կմտնի օրինական ուժի մեջ, լրագրողները կամ նրանց ներկայացուցիչները ուշադրություն չեն դարձնի, չեն բացի, չեն կարդա… ես չգիտեմ` ինչով է առաջնորդվել դատարանը: Մի բան հասկանալի է՝ դա տպավորություն ստեղծելու համար է»,- նշում է Արմեն Խաչատրյանը եւ հավելում, որ դատարանի որոշումը պատճառաբանված չէ, իսկ մեջբերված նախադեպերն ավելի շատ լրատվամիջոցների, քան քննիչի օգտին են:

 

Սյուզան Սիմոնյանի լուսանկարը` նրա ֆեյսբուքյան էջից 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter