HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխարհաքաղաքական ներկա տեղաշարժերն ու Կովկասը - 5

Սարո Սարոյան, քաղաքական վերլուծաբան

սկիզբը

Աշխարհաքաղաքական բախումների առանցքի վրա Թուրքիան ամենից կարևոր, բայց միևնույն ժամանակ ամենից խոցելի օղակն է: Գտնվելով Եվրոպայի, Ասիայի ու Աֆրիկայի ծովային և ցամաքային ամենակարճ ու բանուկ ուղիների վրա, զինված լինելով օսմանյան պետականության փորձով, վերջին տարիների ընթացքում արձանագրելով կայուն տնտեսական ցուցանիշներ, պահպանելով ՆԱՏՕ-ում երկրորդ մեծ բանակի իր առավելությունները, տարածաշրջանում վարելով ագրեսիվ արտաքին քաղաքականություն` Թուրքիան համագործակցության դժվարին գործընկեր է եղել Արևմուտքի համար: ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն, իրենց տարածաշրջանային ծրագրերը կյանքի կոչելիս, մշտապես խնդիր են ունեցել կամ հաշվի նստել Թուրքիայի շահերի հետ (երբեմն լիարժեք սպասարկել դրանք), կամ դժվարությամբ հաղթահարել պաշտոնական Անկարայի արհեստական խոչընդոտներն ու բնական քմահաճույքները:

Սակայն, ի տարբերություն նախորդ` հետսառըպատերազմյան ժամանակահատվածի, այսօր Թուրքիայի արտաքին քաղաքական երկնակամարում կարծես թե «անորոշության ամպերն» են կուտակվում: Խնդիրն այն է, որ եկել է ԱՄՆ-ի և արևմտաեվրոպական տերությունների կողմից Թուրքիայի նշանակության ու դերակատարության վերագնահատման հերթական ժամանակահատվածը: Արդյունքում աշխարհիկ Թուրքիան արդեն իսկ մուտք է գործել իր պատմության երրորդ  շրջափուլը:

Թուրքիան ԽՍՀՄ լիակատար կազմավորման շրջանից մինչև լիակատար փլուզման ժամանակահատվածում ԽՍՀՄ-ին հակադրված աշխարհաքաղաքական ուժերի համար մշտապես եղել է Մերձավոր Արևելքում նրա ծավալմանը խոչընդոտելու ռազմաքաղաքական  հիմնական գործիքներից մեկը: Ընդ որում, նման դերակատարություն Թուրքիան ստանձնել է կամավորապես ու լիարժեք գիտակցված: Դա նրան հնարավորություն է տվել երկրի ներսում տասնամյակների ընթացքում ապահովել հարաբերական կայունություն, իսկ տարածաշրջանում էլ` հետևողականորեն մեծացնել ազդեցությունը:

Սառը պատերազմի ավարտից և ԽՍՀՄ փլուզումից հետո` քառորդ դար տևած հետսառըպատերազմյան անցումային ժամանակահատվածում, Արևմուտքը տարածաշրջանում Թուրքիայի դերակատարությանը կրկին մեծ նշանակություն է տվել: Այդ գործում, հատկապես, ԱՄՆ-ն ելել է էական մի շարք խնդիրներ լուծելու հրամայականից, որոնք ի հայտ են եկել նախորդ դարի 90-ական թվականներին: Դրանց թվում հարկ է նշել մասնավորապես հետևյալները` Ռուսաստանում իսլամի եւ ահաբեկչության ծավալման նկատմամբ վերահսկողություն ունենալու խնդիրը, աշխարհիկ «արևմտականացած» պետություն կառուցելու Թուրքիայի փորձը Կենտրոնական Ասիայի երկրներին ու Ադրբեջանին փոխանցելու խնդիրը, Մերձավոր ու Միջին Արևելքում Իրանի ազդեցությունը թուլացնելու խնդիրը, Ռուսաստանը շրջանցող էներգետիկ նախագծերը կյանքի կոչելու խնդիրը, արաբական աշխարհի հետ հակամարտության մեջ գտնվող Իսրայելի դիրքերը ամրացնելու խնդիրը և այլն: Այդ խնդիրներն ու դրանից բխած ծրագրերը ուղղակիորեն կապվել են տարածաշրջանում Թուրքիայի ունեցած լեզվամշակութային, քաղաքական ու տնտեսական կապերի եւ դրանք իրացնելու նրա կարողությունների հետ: Ուստի հարկ է եղել երբեմն չխոչընդոտել, իսկ երբեմն էլ ուղղակիորեն օժանդակել ու ուղղորդել Թուրքիային` նրա տարածաշրջանային քաղաքականության մեջ:

Այդ դեպքում որո՞նք են Թուրքիայի ներկայիս խոցելիության ու նրա ապագայի անորոշության հիմքերը:

Ըստ էության, միայն այն դեպքում կարելի է խոսել նման շեշտադրումների մասին, երբ աշխարհաքաղաքական գործընթացներում տեսանելի են դառնում մի կողմից Թուրքիայի ստանձնած կամ նրան վերապահված նախկին դերակատարության ու գործառույթների նվազման միտումներն ու փոշիացումը, իսկ մյուս կողմից` նոր դերակատարության ստանձման ու առկա մարտահրավերներին դիմագրավելու անհնարինությունը: Այդ տեսանկյունից գնահատման առաջնային չափանիշը Մերձավոր Արևելքում մյուս տերությունների հետ նրա փոխհարաբերությունների ու շահերի համադրման եւ հակադրման հարաբերակցությունն ու տարբերությունն է:  

Ակնհայտ է, որ Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության հիմնական «կողմնորոշիչները», այդ թվում նրանք, որոնք Արևմուտքն օժանդակել կամ հովանավորել է, վերջին տարիներին արմատական փոփոխությունների են ենթարկվել: Այսօր արաբական երկրների, Իսրայելի, Իրանի և Ռուսաստանի ուղղություններում փոխհարաբերությունների ելակետային դրվածքներն ու հանգամանքները բոլորովին այլ են: Փոխվել է նաև Թուրքիայի ազդեցության աստիճանն ու շահերի բնույթը առկա քաղաքական գործընթացներում:

Այսպես, Սիրիայի քաղաքացիական պատերազմին Թուրքիայի միջամտությունը երկարատև թշնամանքի հիմքեր է ստեղծել երկու երկրների համար, այն դեպքում, որ 2000-ական թվականներին Էրդողանի կառավարությունը սկսել էր բավական սերտ գործակցել Ասադի վարչակազմի հետ: Եգիպտական հեղափոխության մի կարևոր հանգրվանում «Մուսուլման եղբայրներ» ռազմաքաղաքական խմբավորմանը պաշտոնական Անկարայի ցուցաբերած ակտիվ աջակցությունը նրա հանդեպ խոր անվստահություն ու հակադրություն է առաջացրել նաև Եգիպտոսի մոտ: Միաժամանակ, Իրաքի ներքին անկայունության պայմաններում վերջինիս էթնոկոնֆեսիոնալ երեք համայնքներից յուրաքանչյուրի յուրօվի դժգոհությունները Թուրքիայից, Ալ-Մալիքիի կառավարության կախվածությունը Իրանից նմանապես Թուրքիային ոչ մի հնարավորություն չեն տալիս Իրաքում դրական դերակատարություն ստանձնել:

Կորսված են նախկին առաջնային դիրքերը նաև Իսրայելի հետ Թուրքիայի փոխհարաբերություններում: Պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի ձեռնարկած ռազմական գործողությունների փաստով` Թուրքիայի վարչապետ Էրդողանի եւ Իսրայելի նախագահ Պերեսի միջև 2009թ. հունվար ամսին Դավոսում ծագած տհաճ միջադեպը, իսկ ապա նաև 2010թ. մայիս 31-ին Գազայի շրջափակումը ճեղքելու եւ հումանիտար օգնություն հասցնելու մեկնած «Ազատության նավատորմիղի» դեմ իսրայելյան ռազմուժի գործողությունները երկու երկրների հարաբերությունները լրջագույն ճգնաժամի են հասցրել: Ուստի արդեն մի քանի տարի է, որ «իսրայելական ճակատում» ևս Թուրքիան լիարժեք կորցրել է իր նախկին դերակատարությունը:

Իրան-Արևմուտք բարելավվող հարաբերությունների խորապատկերի վրա Իրանի հետ փոխհարաբերությունները Թուրքիային ևս նոր հնարավորություններ գրեթե չեն խոստանում:

Աշխարհաքաղաքական այս նոր իրավիճակում նա, իհարկե, կարող է հույս փայփայել, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի առջև Իրանին զսպելու իր նախկին հանձնառությունը վերաթարմացման միջոցով ապագայում ևս բարեհաջող կյանքի կկոչվի: Սակայն, ընդհանուր առմամբ, արդեն հենց նույն Իրանի միջոցով Թուրքիային զսպելու Արևմուտքի հնարավորությունները, բնական խանդը Իրանի աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային նոր դերակատարությունների նկատմամբ, Իրաքում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում Իրանի ծավալմանը խոչընդոտելու կենսական անհրաժեշտությունը, նախորդ տարիներին Իրանի դաշնակից Սիրիան նրա «քթի տակից առգրավելու» անհաջող փորձը և այլն, Թուրքիային թույլ չեն տալիս լայն քայլեր ձեռնարկել «շիա աշխարհում» ու նրա հեգեմոն Իրանի հետ փոխհարաբերություններում:

Եթե վերևում ներկայացված քաղաքակրթական բնագծերում Թուրքիան անհաջողությունների կամ իր ծրագրերը կենսագործելու սահմանափակ հնարավորությունների առաջ է կանգնել, ապա այլ է Ռուսաստանի հետ նրա փոխհարաբերությունների ներկայիս աստիճանը: Ռուս-թուրքական ռազմավարական գործընկերությունն այսօր կարելի է դիտարկել իբրև չհրապարակայնացված, բայց կայացած փաստ: Ըստ էության, Արևմուտքի ու Իրանի գործնական հակազդեցությունը թույլ չտալու ցանկությունն ու օսմանյան և ռուսական կայսրությունների փորձառությամբ պայմանավորված` երկարատեւ կտրվածքում դաշնակցելու անհնարինությունն են այն հիմնական պատճառները, որոնք փոխադարձ անվստահություն են ստեղծում Թուրքիայի ու Ռուսաստանի մոտ և թույլ չեն տալիս ռազմավարական գործընկերության ներկայիս դե-ֆակտո իրողությունները վճռականորեն բարձրացնել դե-յուրե աստիճանի:

Պետք է նկատել, որ բացի արտաքին քաղաքական տեղաշարժերից, Թուրքիայի աշխարհաքաղաքական կշռի վրա, ինչպես միշտ, ազդում են նաև ներքաղաքական գործընթացներում ի հայտ եկող լրջագույն խնդիրներն ու հանրային կյանքի պարբերական խաթարումները:

Այսօր Թուրքիայում ներքաղաքական բնականոն կյանքը խաթարող կարևոր գործոնների թվում ոչ միայն արդեն ավանդական դարձած քրդական ազգային պայքարի, պետական կյանքում բանակի ներգրավման կամ իսլամի ու աշխարհիկության մրցակցության հիմնախնդիրներն են ընկած, այլ նաև` չափավոր իսլամի, համայնականության և բարոյականության վրա հիմնված գյուլենական շարժման, ինչպես նաև Գեզիի պուրակում իրենց մկրտությունը ստացած քաղաքացիական զանգվածների առաջ բերած տեղաշարժերը: Այն քաղաքացիական զանգվածների, որոնք իրենց ժողովրդավարական արժեհամակարգի վրա հիմնված քաղաքական պահանջներն ու հեղափոխության փոխանցիկ դրոշը պատրաստ են բերել արդեն Մարմարա և Էգեյան ծովափերը:

Հենց այս աշխարհաքաղաքական իրավիճակով էլ պայմանավորված կարելի է խոսել ԱՄՆ-ի և արևմտաեվրոպական տերությունների կողմից Թուրքիայի նշանակության ու դերակատարության վերագնահատման հերթական ժամանակահատվածի մասին: Ասվածի համատեքստում կարևոր հարցեր են ծագում, որոնց պատասխանից է կախված Թուրքիայի ապագան: Թվարկենք դրանցից կարևորները:

Արդյո՞ք Արևմուտքի համար Թուրքիան պահպանել է Մերձավոր Արևելքում տարածաշրջանային տերությունների ազդեցությունները զսպելու և Արևմուտքի ծավալմանն օժանդակելու իր երբեմնի հիմնական առաքելությունը:  

Արդյո՞ք Թուրքիան չի սպառել իրեն արաբական և իրանական քաղաքակարթական բնագծերում և ընդհակառակը, չափն անցել ռուսականում:

Արդյո՞ք Թուրքիան ունի Հարավային Կովկասում և Բալկաններում ուժերի հաշվեկշիռը պահպանելու ցանկություն, թե վերջին տարիների արտաքին քաղաքական անհաջողությունները փորձելու է իրացնել հենց այդ ճակատներում:

Արդյո՞ք Թուրքիան պատրաստ է ռուսական էներգետիկ հաղորդուղիներին իբրև այլընտրանք ծառայող իր միջանցիկ գավառներով առանց խնդիրներ հարուցելու և առանց Ռուսաստանի հետ ստվերային գործարքներ կնքելու փոխադրել Իրաքից, Իրանից և Հարավային Կովկասից եկող էներգակիրները:

Արդյո՞ք Թուրքիան պատրաստ է իր իրավազորության տակ գտնվող Սև ծովի հսկայածավալ տարածություններն ու նեղուցները հանձնել Եւրոպայի անվտանգության լիարժեք կայացման գործին:

Արդյո՞ք Թուրքիան պատրաստ է Կենտրոնական Ասիայում իր լեզվամշակութային բնական առավելությունները և ընդհանրապես իր քաղաքական, դիվանագիտական ու մյուս ռեսուրսները ծառայեցնել ընդհանուր գործին` Չինաստանի ծավալման սահմանափակմանը, և վերջինիս զսպելու գործում Արեւմուտքի դաշնակիցը դառնալ:

Աշխարհաքաղաքական բախումների առանցքի վրա ահա այս կարևոր հարցերն են, որ ուրվագծում են Թուրքիայի ներկայիս խոցելիության ու նրա ապագայի անորոշության հիմքերը: Առաջիկա ամիսներին հատկապես երեք ուղղություններում` թուրքական հանրության ներքին պառակտվածությունը հաղթահարելու, Քրդական անկախ ու միացյալ պետության լիարժեք կայացման ծրագրերին դիմագրավելու ու Հարավային Կովկասում և, մասնավորապես, Հայկական հարցում չսայթաքելու խնդիրներներում է, որ կամ բյուրեղանալու են Թուրքիայի նոր դերակատարություն ստանձնելու հնարավորությունները, կամ ի ցույց են դնելու այս ռեգիոնալ տերության անախրոնիզմը 21-րդ դարում:

(Շարունակելի)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter