HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրու 9-րդ բիենալեն սկսվա՞ծ է

Գյումրու միջազգային 9-րդ բիենալեի գոյության մասին առաջին տեղեկատվությունը ստացվեց Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով: Տարածած հաղորդագրությունում նշված էր, որ հուլիսի 10-ին` ժամը 13-ից 16-ը, Գյումրու Արվեստների ակադեմիայում, բիենալեի շրջանակներում տեղի է ունենալու Բրյուս Ալանի «Տարբերությունների էկրան» նախագծի ցուցադրությունը:

Եթե նախորդ տարիներին բիենալեի կազմակերպիչները նախապես էին լրատվամիջոցների ուշադրությունը գրավում, միջոցառումների սիզբն ու վերջն ազդարարում, խոսում ֆինանսական միջոցների առկայության կամ բացակայության, հրավիրված հյուրերի մասին, ապա այս տարի տպավորություն էր, որ արվում է պարտադրված ինչ որ մի բան՝ անելու համար միայն:

Եթե նախորդ տարիներին բիենալեների սկիզբն ազդարարվում էր մամուլի ասուլիսների միջոցով, լրատվամիջոցներին տեղեկատվություն էր տրամադրվում ներկայացվող նախագծերի և մասնակիցների վերաբերյալ, բացման հանդիսավոր արարողություն էր տեղի ունենում, ապա այս անգամ թվարկած բոլոր նախապատրաստական աշխատանքները մնացել էին ստվերում: Անգամ հայտնի չէ, թե այս տարի ովքեր են կազմակերպում դարձյալ «զրո» բյուջե ունեցող բիենալեն:

Գյումրու 7-րդ բիենալեին (2010թ.) նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ արվեստաբան Նազարեթ Կարոյանը նշեց, թե 10-12 տարիների ընթացքում տեղի են ունեցել ներդրումներ` արտիստական, կազմակերպչական, ֆինանսական և այլն: Եվ այս բիենալեով իրենք ուզում են հասկանալ, թե այդ ներդրումների արդյունքում ինչ չափով է տեղի ունեցել մշակույթի վերականգնումը, որին այնքան ձգտում էին կազմակերպիչները, երբ 12 տարի առաջ՝ 1998թ-ին, դնում էին հիմքերը Ժամանակակից արվեստների բիենալեի:

Բիենալեի բյուջեն «զրո. լումա է, այն ժամանակ հայտարարեց Նազարեթ Կարոյանը՝ նշելով, որ ամբողջը կազմակերպվել է տեղացի արվեստագետների ուժերի մոբիլիզացման շնորհիվ: «Դրականն այն է լինելու, որ, ի վերջո, կհասկանանք ինչ փոփոխություններ է կրել Գյումրիի մշակույթը և ի վերջո հասկանանք, պետք է մեզ Բիենալե կոչվող երևույթը և փորձ անել շարունակել ընթանալ առաջ»,-նշեց Նազարեթ Կարոյանը:

2012թ-ի Գյումրու 8-րդ բիենալեի սկիզբը ևս գրեթե չտարբերվեց նախորդից: Կայացած մամուլի ասուլիսի ժամանակ կազմակերպիչներից Ազատ Սարգսյանը հայտարարեց, թե այս բիենալեի բյուջեն ևս զրո է և մասնակիցները Գյումրիում ապրելու, սնվելու եւ 10-օրյա միջոցառումներին մասնակցելու են իրենց հաշվին:

Գյումրու 9-րդ միջազգային բիենալեի սկիզբը պաշտոնապես չազդարարվեց: Ակադեմիայի փոքրիկ դահլիճում հավաքված մոտ 15 հանդիսատեսի համար բացման խոսք ասեց «Տարբերությունների էկրան» նախագծի կուրատոր Բրյուս Ալանը: Նա նշեց, որ 2002 և 2004թթ. մասնակցել է Գյումրիում անցկացվող բիենալեներին տարբեր նախագծերով: «Տարբերությունների էկրան» նախագիծը ծնվել է Մեծ Բրիտանիայում իր և Բեն Իսթոփի համակուրատրությամբ: Երկու ու կես տարվա ընթացքում 11 կարճամետրաժ ֆիլմերից բաղկացած այս նախագիծը ցուցադրվել է մոտ 20 երկրում: Առաջին ցուցադրությունը կազմակերպվել է Անգլիայում: Դահլիճի փոխարեն, որպես ցուցադրության օրիգինալ վայր, ընտրվել էր գետնի տակ գտնվող մի քարանձավ:

«Նախագծի ցուցադրությունն անցած տարի եղել է Վրաստանում, երկու օր առաջ նախագիծը ներկայացվել է Երևանում և քանի որ Գյումրին ինձ հարազատ քաղաք էր դարձել նախորդ այցերիցս, 9-րդ բիենալեին այս նախագծով մասնակցելու հրավերը չմերժեցի: Հաջորդ ցուցադրությունները կազմակերպվելու են Նյու Յորքում եւ Մոնրեալում»,- «Հետք»-ին փոխանցեց Բրյուս Ալանը:

Լուսանկարում` Բրյուս Ալանը 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter