HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարապետ Ռուբինյան. «Պուտինը Սերժ Սարգսյանի նկատմամբ ուժային հնարք կիրառեց»

«Հետք»-ի հարցերին է պատասխանում ՀՀՇ վարչության անդամ Կարապետ Ռուբինյանը

Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը կարծես անորոշ ժամանակով հետաձգվել է: Ըստ Ձեզ, ո՞րն է ձգձգման պատճառը, արդյոք խոչընդոտները քաղաքակա՞ն բնույթ են կրում:

Ձգձգումն, այո, քաղաքական մոտիվներով է պայմանավորված, որովհետև Ռուսաստանի  քաղաքական հետաքրքրությունը Հայաստանին հապշտապ ներգրավելու Եվրասիական տնտեսական միության մեջ կորել է:

Երեք տարուց ավելի ՀՀ իշխանությունները զբաղված էին Եվրամիության հարևանության ծրագրի իրագործմամբ, այլ կերպ ասած՝ բռնել էին ճանապարհ դեպի Եվրոպա, և, կարծում եմ, որ այդ քաղաքականությունը վարելիս իրենք անկեղծ էին: Անկեղծ էին ոչ այնքան այն պատճառով, որ քաղաքակրթական առումով Հայաստանն ու հայ հասարակությունն ավելի շուտ Եվրոպա են, քան Ասիա, այլև այն առումով, որ բոլոր հաստաքսակ օլիգարխները գերադասում են իրենց հանգիստը, բիզնեսը, անշարժ գույքը ունենալ Եվրոպայում և ոչ թե օրինակ Մոնղոլիայում: Իշխանության այս ձգտումը հասկանալի էր, հասարակության կողմից էլ ողջունելի: Բայց ամեն ինչ ավարտվեց Սերժ Սարգսյանի տխռահռչակ հայտարարությամբ, երբ կատարվեց կուրսի կտրուկ փոփոխություն, որը ոչ մի տրաբանական բացատրություն, հիմնավորում չուներ, որովհետև հենց նույն իշխանությունները բոլոր տրամաբական փաստարկներով հիմնավորել էին, թե ինչո՞ւ չպետք է միանանք Մաքսային միությանը: Պարզապես սեպտեմբերի 3-ին Պուտինը, Սերժ Սարգսյանի նկատմամբ, ձյուդոյի լեզվով ասած, ուժային հնարք կիրառեց, արեց մի առաջարկ, որից Սարգսյանը չէր կարող հրաժարվել:

Ո՞րն էր Պուտինի մոտիվացիան Հայաստանին ներքաշելու դեպի Եվրասիական միություն, երբ նույն տրամաբանությամբ Հայաստանը իր փոքրիկ տնտեսությամբ, ազդեցությամբ որևէ հետաքրքրություն չէր ներկայացնում: Ընդանուր խնդիր էր դրված ընդհանրապես խոչընդոտել  նոր հարևանության ծրագրի իրականացումը, և Պուտինը փորձում էր առաջին հերթին լուծել Ուկրաինայի խնդիրը, իսկ Հայաստանն ուղղակի «կուժի» դերում էր. Պուտինը կիրառում էր «կուժ քեզ ասեմ, կուլա դու լսիր» սկզբունքը` Հայաստանի միջոցով Ուկրաինային ցույց տալով ճիշտ ճանապարհը:

Գիտեք, որ ըստ էության, ծրագիրը համարյա հաջողված էր, Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը նույնպես ստիպված եղավ հրաժարվել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց, սակայն կատարվեց անսպասելին՝ տեղի ունեցավ Մայդանը, ուկրաինացի ժողովուրդը ըմբոստացավ ու տապալեց թե՛ ատելի ռեժիմը, թե՛ Պուտինի պլանները: Երբ բոլորը հասկացան, որ Ուկրաինան այլևս կորսված է ԵՏՄ համար, Հայաստանն էլ կորցրեց իր՝ որպես «կուժ» նշանակությունը, կորավ ՌԴ շահագրգռվածությունը ՀՀ շուտափույթ անդամակցության վերաբերյալ ու այդ ֆոնին արդեն սկսկեցին իրենց սեփական խաղերը խաղալ Ղազախստանն ու Բելոռուսը:

Հիմա Ռուսաստանը աշխարհում բորոտ արջի դերում է, որից և վախենում են, և զզվում են, և փորձում են հեռու մնալ: Թուլացած Ռուսաստանի այս հանգամանքից փորձում են օգտվել մյուս երկու պետությունների ղեկավարները. Նազարբաևը իր  թրքական եղբայրության շահերն է առաջ մղում,  Լուկաշենկոն էլ առիթը չի կորցնում առևտուր սկսկել ինչ-որ հարցերի շուրջ:

Շատերի համոզմամբ` Հայաստանի անդամակցությանը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը: Այս մասին Հայաստանում խոսել էր նաև ԵվրԱզԷՍ-ի ինստիտուտի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը: Իսկ Աստանայում առաջին անգամ հարցը բարձրացրեց Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաևը: Չե՞ք  կարծում, որ հենց Արցախի հարցում են բանակցությունները դանդաղում:  

Չէ: Եկեք նախ հասկանանք, թե Ղազախստանին ինչո՞ւ պետք է հետաքրքրի Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը: Ղազախստանը որևէ սեփական հետաքրքրություն չունի և կարող էր համաձայնել Հայաստանի անդամակցությանը միայն ՌԴ ճնշմամբ և հանուն Պուտինի մոլագար ծրագրի իրագործման, որը կոչվում է «Խորհրդային միության վերականագնում»: Այս գաղափարի իրականացման համար Ռուսաստանը Ղազախստանին կպարատադրեր հաշտվել Հայաստանի ներկայության հետ ԵՏՄ-ում՝ նույնիսկ Ղարաբաղի հետ միասին, բայց քանի որ Ուկրաինան այլևս ԵՏՄ անդամ դառնալ չի կարող, Կրեմլի արկածախնդրությունը տապալվել է. Պուտինը նրանց էլ չի ստիպում ընդունել Հայաստանին: Ռուսաստանը հիմա թուլացած է, չի կարողանում այդ պետություններին շատ բան պարտադրել, և եթե հիշում եք, Ուկրաինայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում անգամ Ղազախստանն ու Բելառուսը չսատարեցին Պուտինին, ինչը նախկինում իրենց թույլ տալ չէին կարող:

Այս պարագայում Հայաստանը պետք է հետ կանգնի՞ ԵՏՄ-ին անդամակցելու գաղափարից, թե՞ իշխանություններն այդ մտքից այլևս հրաժարվել չեն կարող:

Մենք, որպես պետություն, իհարկե, կարող ենք հետ կանգնել անդամակցության մտադրությունից: Եթե քաղաքական ուժերը միասնական արտահայտեն իրենց «ոչ»-ը, բավական կբարդացնեն Սերժ Սարգսյանի գործը: Ս. Սարգսյանը որպես ՀՀ ինքնակոչ նախագահ չի կարող հետ կանգնել այս պրոցեսից, եթե ներսից ճնշում չլինի: Ես չգիտեմ, թե Պուտինը փաստարկների ինչ դոսյե է ներկայացրել, բայց այն, որ նա մեկ օրում պարտադրեց Սերժ Սարգսյանին իր 4.5 տարվա վարած քաղաքականությանը հակասող հայտարարություններ անել, փաստ է: Խնդիրն ուրեմն Ս. Սարգսյան անձի մեջ է, ով զավթել է իշխանությունն ու հակապետական գործունեություն է ծավալում: Նրան հեռացնելուց ու օրինական իշխանություն ձևավորելուց հետո միայն հնարավոր կլինի ձգձգել պրոցեսը կամ հրաժարավել դրանից առհասարակ:

Ասացիք, որ եթե քաղաքական ուժերը միասնական արտահայտեն իրենց «ոչ»-ը, բավական կբարդացնեն Սերժ Սարգսյանի գործը: Բայց երբ անդամակցության շուրջ գործըթնացը նոր էր սկսվել, հայաստանյան եվրոպամետ ուժերը որևէ քայլ չնախաձեռնեցին: ՀՀՇ-ն ևս հանդես է գալիս Եվրամիության օգտին, բայց դուք ևս որևէ քայլ չարեցիք կանխելու Ս. Սարգսյանի միանձնյա որոշումը:  Ձեր մեղավորությունը չե՞ք տեսնում:

Մեղավորություն կարելի է իհարկե ընդունել: Բայց պետք է հաշվի առնեք ՀՀՇ ներկայիս վիճակը և, ինչն ամենաէականն է, հասարակության վիճակը, որը բնորոշվում է լիակատար հիասթափությամբ թե քաղաքական ուժերի, թե քաղաքական գործիչների նկատմամբ: Այս իրավիճակում, ըստ էության, նորաստեղծ կուսակցության համար բավական դժվար վիճակ է: Կարելի էր ինչ-որ բաներ ձեռնարկել, բայց մենք տեսանք չէ՞, որ ձեռնարկողների շուրջն էլ մի քանի տասնյակ հոգի հավաքվեցին ու վերջ: Իշխանություններին հաջողվել է այնպես քայքայել քաղաքական դաշտն ու հանրության մեջ մի այնպիսի անտարբերություն սերմանել, որ այս պահին հնարավոր չէ Ս. Սարգսյանի` դեպի Եվրասիական տնտեսական միություն քաղաքականության դեմ վճռորոշ պայքար սկսկել:

Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին հայտարարություններին ինչպե՞ս եք վերաբերում: Նախ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջ. Հեֆֆերնը հայտարարեց, որ մինչև յոթ շրջանների վերադարձ չլինի, հակամարտությունը չի լուծվի, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ուոլրիքն ասաց, թե ստատուս քվոն գնալով վտանգավոր է դառնում:

Այս հայտարարությունները նորություն չեն: Նույն G8-ի հավաքների ժամանակ, եռանախագահող երկրների ղեկավարները նույնաբնույթ հայտարարություններ են արել: Վերջին հայտարարությունները պարզապես կարելի է համարել բանակցությունների նախորդ շրջանի պասիվությունը ինչ-որ կերպ լցնելու, հարցում աշխուժություն մտցնելու փորձեր: Միակ նրբությունն այն է, որ  Ռուսաստանը հակամարտության մեջ է մտել քաղաքակիրթ աշխարհի, այդ թվում` Արևմուտքի հետ, ինչը որոշ չափով սրել է ԱՄՆ-Ռուսաստան, Ֆրասիա-Ռուսաստան, Եվրամիություն-Ռուսաստան հարաբերությունները, և որի հետևանքով ստեղծվել է մրցակցություն, թե ով ավելի մեծ դերակատություն կունենա ԼՂՀ կարգավորման գործընթացի ներկայիս փուլում:

Իսկ ո՞վ ավելի մեծ դեր ունի հիմա` ՌԴ-ն, թե ԱՄՆ-ն:

Կարծես թե հավակնությունների առումով ՌԴ-ն ավելի մեծ հավակնություններ ունի: Ռուս որոշ վերլուծաբանների խոսքից պարզ է դառնում, որ ՌԴ-ն նրկտումներ ունի դուրս մղելու Արևմուտքի ներկայացուցիչներին այս հարցը կարգավորողների շրջանակից, որ միանձնյա լուծի խնդիրը: Եվ դրա դեմն առնելու համար են երևի աշխուժացել Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները:

Անթույլատրելի է միանձնյա դերակատություն տալ ՌԴ-ին այդ հարցում: Պետք է փորձենք հավասարակշռություն պահպանել, այլապես մեծ վտանգի առաջ կկանգնենք, եթե հարցի լուծումը վստահենք միայն Ռուսաստանին, որը դեռ ամբողջովին չի համակերպվել իր կայսերապաշտ ծրագրերի տապալման հետ և անթաքույց ձգտում է ԵՏՄ ներքաշելու նաև Ադրբեջանին: Իրական է վտանգը, որ Ադրբեջանին սիրաշահելու համար Ռուսաստանը հերթական անգամ փորձի Հայաստանի հաշվին խնդիրներ լուծել:

Նկատի ունեք, որ ԼՂՀ-ն կտրվի ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության դիմա՞ց:

Պարտադիր չէ, որ ամբողջ ԼՂՀ-ն տան, դա քիչ հավանական է, որովհետև խնդիրն ամբողջապես պրոադրբեջանական լուծելու դեպքում էլ նրանք կկորցնեն Հայաստանը: Բայց չի բացառվում յոթ շրջանների կամ դրանցից մեկի-երկուսի վերադարձի շուրջ խաղեր տալը:

- Ինչպե՞ս եք գնահատում ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների` քառյակի, գործունեությունը: Արդյոք այս համագործակցությունն ունի՞ Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու հեռանկար:

- Ներկա դրությամբ ես որևէ նախանշան չեմ տեսնում, որ կարող են ծավալվել իրական, արդյունավետ գործողություններ ուղղված Սերժ Սարգսյանի ռեժիմի տապալմանը: Ավելի հավանական է, որ տեղի ունենա պայքարի իմիտացիա, նմանակում, իշխանությունից ինչ-ինչ բաներ փախցնելու շուրջ առևտուր: Անշուշտ պայքարը աստիճանաբար կակտիվանա խորհրդրանական ընտրություններին ընդառաջ:

- Դուք Հայաստանում չէիք, երբ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական ներկայացրեց  ու գործադիր մարմնի ղեկավար նշանակվեց Հովիկ Աբրահամյանը: Քառյակը համարում է, որ հենց իրենց գործողությունների արդյունքում Տ. Սարգսյանը հրաժարվեց աթոռից, այդպե՞ս է:

- Եթե քառյակը դա ձեռքբերում է համարում, ապա թող դափնիները վերցնեն իրենց, բայց Տ. Սարգսյանի հրաժարականի և դրան հաջորդած նշանակման մեջ հպարտանալու ոչինչ չկա: Պարզապես ներիշխանական վերադասավարում էր, նոր կառավարություն չկա, նույն հին, վակաբեկված դեմքերն են, հասարակության մեջ էլ դրական սպասում չեն առաջացնում:  Իսկ Տ. Սարգսյանը վաղուց տապալված, անփառունակ վարչապետ էր, օֆշորային փորսուղ, տնտեսական անկման չեմպիոն, լիակատար վարկաբեկված հանրապետական` իր ոչ բարով տնտեսագիտական թիմով հանդերձ: Փոփոխության կարիքը վաղուց հասունացել էր և դա անելու համար Սերժ Սարգսյանը նաև օգտագործեց ոչ իշխանականներին:  Եթե հիշում եք` Ս. Սարգսյանը հայտարարել էր, որ նոր վարչապետը պետք է բոլորի կողմից ընդունելի լինի ու հաշվարկել էր, որ Հ. Աբրահամյանը ձեռնտու է նաև այսպես կոչված ոչ իշխանական թևին: Այստեղ, կարծում եմ, որ Ս. Սարգսյանը չսխալվեց, որովհետև քառյակն, ըստ էության, վստահության կրեդիտ բացեց վարչապետի համար՝ 12 կետանոց առաջարկներ ներկայացնելով  և մինչև սեպտեմբեր արձակուրդ գնալով: Այս գործընթացները միայն անուղղելի լավատեսները կանվանեն պայքար ռեժիմի դեմ:

 - Ձեր կարծիքով  ինչո՞ւ Ս. Սարգսյանի հրաժարականը չեն պահանջում:

- ԲՀԿ-ն հակված չէ դրան, նրանք վաղուց խոստովանել են, որ ընդդիմություն լինել չեն կարող: Քառյակի մյուս ուժերն էլ մեղքը գցում են ԲՀԿ-ի վրա, թե Բագավաճը համաձայն չէ` բա մենք ի՞նչ անենք, այն դեպքում, երբ հավանաբար իրենց էլ ձեռնտու է այս  կեցվածքը: Մի մոռացեք վերը ասածս ժողովրդի ապատիկ վիճակի ու քաղաքական ոչ մի ուժի չվստահելու վերաբերյալ:

- Պարբերաբար խոսվում է Հայաստանում երկբևեռ համակարգ ձևավորելու մասին: Այս մասին խոսեց նաև Սերժ Սարգսյանը: Դուք ասացիք, որ քառյակը կակտիվանա խորհրդարանական ընտրությունների շեմին: Ըստ Ձեզ`չորս կուսակցություններն ու ՀՀԿ-ն կարո՞ղ են դառնալ նման հարամակարգի երկու հակառակ բևեռներ:  

- Իմ կարծիքով, քառյակին անհրաժեշտ է ընդդիմադիր պայքարի իմիտացիա ստեղծել մինչև խորհրդարանական ընտրությունները և վերջ: Հետո գուցե ամեն մեկն առանձին գնա, գուցե շարունակեն միասնական գործել, չգիտեմ: Իսկ Սերժ Սարգսյանն իսկապես անթաքույց առաջարկ արեց այն մասին, որ ավագ եղբոր դերում լինի ՀՀԿ-ն, իսկ ԲՀԿ-ն իր արբանյակների հետ կստանձնի անվանական ընդդիմության դերը: Կարծում եմ, որ ԲՀԿ-ի համար Ս. Սարգսյանի առաջարկը մերժելի չէ, չնայած ախորժակներն ավելի մեծ է և հետագա զարգացումներից պարզ կդառնա` ԲՀԿ-ն կգնա՞ այդ ուղով, թե՞ ոչ:

- ԲՀԿ-ն հայտարարեց, որ չի բացառում Ռոբերտ Քոչարյան-քառյակ համագործակցությունը, ինչից հետո կարծիքներ հնչեցին, թե քառյակի հետևում Քոչարյանն է գործում` հաշվի առնելով նրա վերջին ընդդիմադիր հայտարարությունները: Դուք զարգացումների նման հեռանկար տեսնո՞ւմ եք, որ Քոչարյանը վերադառնա քաղաքականություն քառյակի միջոցով:

- Քառյակի հետևում չեմ կարծում, որ Քոչարյանն է, բայց ԲՀԿ-ի հետևում միշտ էլ երևացել են այդ հանցագործի ականջները: Ըստ  էության, դա նույնն է: Կարող է ստեղծվել իրավիճակ, որ այդ ուժերը համախմբվեն Քոչարյանի շուրջ, որովհետև ԲՀԿ-Քոչարյան գենեզիսը հայտնի է, Դաշնակցության կարոտախտը Քոչարյանի, նրա իշխանության ժամանակների նկատմամբ հայտնի է: ՀԱԿ-ի դեպքում սկզբունքային քաղաքական տարաձայնություններ կարծես էլ չկան, Մարտի մեկն է, դա էլ մոռացության է մատնվում և հետո Լևոն Տեր-Պետրոսյանն ինքը, կարծեմ չի բացառել համագործակցությունը Քոչարյանի հետ՝ ռեալ պոլիտիկի շրջանակներում: Միայն Ժառանգությունում է ինձ համար դեռ մի փոքր անհասկանալի իրավիճակ, բայց ժամանակի ընթացքում դա էլ կպարզվի:  

Լուս.` Կ. Ռուբինյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (2)

Նուբար Ասլանյան
Ես մի քիչ կասկածում եմ,«որ բոլոր հաստաքսակ օլիգարխները գերադասում են իրենց հանգիստը, բիզնեսը, անշարժ գույքը ունենալ Եվրոպայում և ոչ թե օրինակ Մոնղոլիայում»-գտնում եմ,որ Եւրոպա մուտք տվողների պահանջներից մեկը անտարակույս կլիներ պահանջ՝ ազատվել օլիգարխիայից...: Երկրորդ՝ այո,«Մայդանը տեղի ունեցավ»...բայց ոչ ինքնաբուխ, Մայդանը ուներ իր կնքամայրն ու կնքահայրը,նաեւ թխվածքներ բաժանողը... եւ կարծում եմ իմ հարգելի պրն Ռուբինյանը ինձնից պակաս չգիտե,թե ովքեր են «մայդանի հարազատները»... :Իսկ Պուտինի «ուժային հնարքի» վերաբերյալ անշուշտ համաձայն եմ, քանզի Պուտինը գիտե ամեն ինչ ՍՍ-ի մասին ,ճիշտ այնպես, ինչպես Օբաման՝ Մերկելի եւ մերկելների...Ընդունված,չնդունված կարգ է...
Артур
Армяне в Арцахе сегодня вооружены до зубов, и что они согласятся отдать что-то азерам? Не отдадут даже если это их попросит Ереван. Так что пусть Россия на территориальные уступки не надеется. Именно Россия раздала в свое время армянские земли туркам, грузинам, азерам. Сколько можно терпеть этот грабеж и обман? Если братская дружба к русским прошла у укранцев, зачем армянам тещить себя подобной вредной для жизни армян иллюзией? Что даст Евразийский Союза Армении? Больший рынок для своих товаро. Однако в Армении коррупция останется на выском уровне, а это значит страна развиваться не будет. Если же Армения присоединилась к ЕС, то рынок был бы еще больше, но самое главное - немецкие правила убирали бы много из коррупции, нечестности, глупости в жизни Армении. Армения бы модернизировалась, была бы значительну улучшена инфраструктура (немцы этим занимются в первую очередь), Диаспора стала бы без боязни вкладываться в Армении, потому что суды станут при ЕС честными. Только с ЕС Армения может стать процвтетающей. С Россией в вонючем коррупционном азиатском союзе, Армения будет для России лишь поставшиком рабочей силы, и военной базой. Россия не заинтересована в развитии Армении, чем слабее Армения, тем России легче на Армению давить. Да и в области экологии, Германия устанавливает правила для экологии, и они дейстуют устпешно. Россия, если распространится на всю планету - загадит ее.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter