HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկասարցիները` կարկտահարության մասին. հասկն անգլուխ է մնացել

Յուլիա Գրիգորյան

«12 հա ցորեն ու գարի էի մշակել, կարկուտը ջարդեց-տարավ: Շվարել, մնացել եմ, թե ինչ պիտի անեմ: Հասկն անգլուխ է մնացել. քաղելու մի կորեկ էլ չկա: Եթե էդ կրակող անտերներից ունենայինք, հո էս օրը չէինք ընկնի: Ես 8 հոգանոց ընտանիք եմ պահում, չորս երեխա ունեմ, ահագին անասուն ունեմ. էդ անասունը ծախե՞մ, որ ապրեմ, չի էլ ծախվի, մորթեմ` մորթելու չէ, ի՞նչ անեմ, ես էլ չգիտեմ: Ինչպե՞ս տունս պահեմ, անասունին ինչպե՞ս մինչև գարուն հանեմ, էդքան հեկտարն անպիտան դարձավ, ոչ մի օգուտ չստացա»,- հունիսի 30-ին պատուհասած կարկուտից հետո իր ծանր դրությունը ներկայացրեց Շիրակի մարզի Հայկասար գյուղի բնակիչ Ալիխան Շամոյանը, ով միակ եզդին է, որ չի հեռացել գյուղից և չի էլ պատրաստվում հեռանալ:

Հայկասարը փոքր գյուղ է. ընդամենը 60 տնտեսություն ունեցող գյուղում (234 մարդ) մոտ 25 հոգի 10-20 հա ցանքատարածություն է մշակում: Սակայն ներկայում համայնքի 240 հա աշնանացան և 150 հա գարնանացան ցորենն իսպառ ոչնչացված է:

Կակուտից տուժած հայկասարցիները հույս ունեն, որ կառավարությունը գյուղացուն կաջակցի և իրենք ինչ-որ չափով դուրս կգան այդ դժվար իրավիճակից: Հայսեր Խաչատրյանն իր 14 հա ցորենի և գարու ցանքերից մոտ 50 տոննա բերք էր ակնկալում:

«Գյուղնախարարը եկել-հուսադրել է. գոնե սերմացուով ու դիզվառելիքով ապահովեն, կարողանանք հաջորդ տարի նորից դաշտերը մշակել: Այսօր մեր գյուղը ցամաք հացի խնդիր ունի. երեխուն ցամաք հացով էլ  չենք կարող ապահովել»,-  ասաց Հայսեր Խաչատրյանը: 

Հայկասարի համայնքնապետ Հրաչ Բարսեղյանն ասաց, որ բերքի 100 տոկոս կորստից հետո գյուղացիները տագնապի մեջ են, ամեն օր իրեն հարցնում են` «բա ի՞նչ պիտի լինի մեր հալը», իսկ ինքը համայնքի 6 մլն-անոց բյուջեով ոչինչ չի կարող անել:

 «Եթե կարողանայինք տուժած գյուղացիների հողի հարկը մեր եկամուտների հաշվին փակել, կարողանայինք անապահով և ծանր պայմաններում ապրողներին ֆինանսական օգնություն տալ, այդքան չէի մտածի, բայց բյուջեն չնչին է և ոչ մի օգուտ չեմ կարող տալ մարդկանց: Սպասում ենք, որ պետությունը նրանց սփոփելու մի տարբերակ կգտնի, հակառակ դեպքում՝ վիճակն անելանելի կլինի, համայնքապետարանն էլ կփակվի,  գյուղն էլ կդատարկվի, որովհետև մարդիկ ի վիճակի չեն հարկերը տալու»,- ասում է համայնքապետը:

Հ.Բարսեղյանի խոսքով՝ 33 շահառու պետական ծրագրով 18,6 տոննա ցորեն ու գարի էր ձեռք բերել, նրանք աշնանը 1 կգ սերմացուի դիմաց 160 դրամ պայմանագրով նախատեսված պարտքը վերադարձնել չեն կարող: Հայկասարցու հիմնական եկամուտը ցորենի և գարու վաճառքից է ստացվում, իսկ դրա կորուստը մարդկանց կանգնեցրել է անելանելի դրության առջև: Անասնագլխաքանակը քիչ է, 10 ընտանիք ընդհանրապես կաթնատուներ չեն պահում, որովհետև անասնակեր չունեն, առնելն էլ ձեռք չի տալիս:

Բնակչության 70%-ը վարկերի ու պարտքերի տակ է, հենց այդ պատճառով էլ սոցիալական պայմաններն անբավարար են, իսկ այս տարվա տխուր «անակնկալից» հետո գյուղացիները վարկ փակելու համար կրկնակի վարկի տակ պիտի ընկնեն:

Հրաչ Բարսեղյանը նշեց, որ երկար տարիներ հողերը մշակել չկարողանալու պատճառով 120 հա վարելահող վաճառվել է հարևան գյուղերի բնակիչներին և մինչ հիմա էլ այդ գործընթացը շարունակվում է:

Համայնքում խնդիրներ շատ կան. չկա ոռոգման համակարգ, չկա բուժկետ, չկա մանկապարտեզ, թեև գյուղում նախադպրոցական տարիքի 20 երեխա կա, որոնց ծնողները ցանկանում են նախակրթարան տանել: Հայկասարում 1990թ.-ին կառուցվել է 270 քմ մակերեսով երկհարկանի շինություն, որի առաջին հարկը դպրոցն է, իսկ երկրորդ հարկում տեղակայված է համայնքապետարանը և ժամանցի կենտրոնը: Դպրոցում սովորում է 19 աշակերտ, դասերն իրականացվում է երկկոմպլեկտ 4 դասարաններով, այս տարվա սեպտեմբերին մեկ առաջին դասարանցի ունեն:

Իննամյա կրթությունից հետո երեխաներն ուսումը շարունակում են Տուֆաշենի ավագ դպրոցում: Դպրոցի տնօրեն Նվեր Խաչատրյանը նշեց, որ ձմռանը ճանապարհները փակվում են և հաճախ երեխաները չեն կարողանում մասնակցել դասերին կամ ստիպված են լինում 3-4 կմ ոտքով քայլել Տուֆաշենի դպրոց հասնելու համար: Ոմանք նախընտրում են ուսումը կիսատ թողնել, միայն լավ սովորողներն են դժվարություններն անտեսելով հաճախում հարևան համայնքի դպրոց:

Անցած տարի մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով վերանորոգվել է համայնքային կենտրոնի տանիքը և դպրոցը, 9 դասասենյակները համալրվել են նոր գույքով, սակայն դպրոցը չունի մարզադահլիճ և մարզական գույք: Համայնքի համար առաջնային է ճանապարհների վերանորոգումը, երկար տարիներ ներհամայնքային ճանապարհներն ահավոր վիճակում են, անանցանելի են փողոցները, տարիներ առաջ արված ասֆալտը քանդվել է, գոյացել են մեծ փոսեր, մեքենաները ջարդվում են խորդուբորդ ճանապարհներին:

Պետության տված 3,5 մլն դոտացիան, ինչպես համայնքապետը նշեց, հազիվ բավարարում է համայնքապետարանի 6 հոգանոց անձնակազմի աշխատավարձերին: Նրանցից 4-ն ստանում են նվազագույն աշխատավարձ, իսկ աշխատակազմի ղեկավարն ու համայնքապետը համապատասխանաբար՝ 55 և 80 հազար դրամ: Հրաչ Բարսեղյանն ասաց, որ սեփական եկամուտների հաշվին որևէ ծրագիր իրականացնել չեն կարող, ամեն տարի ֆինանսական օգնություն են հատկացնում ազատամարտիկի մեկ ընտանիքի և մեկ հիվանդ տղայի:

2013թ. համայնքի բյուջեից մոտ 400 հազար դրամ ծախսվել է համայնքապետարանին անհրաժեշտ գույք ձեռք բերելու համար: Հայկասարի միակ առավելությունն այն է, որ 2007թ. գազիֆիկացված է, սակայն գազը ջեռուցման նպատակով չի օգտագործվում, գյուղացիներն աթար և փայտ են վառում ձմռանը:

Չնայած դժվար կյանքին ու անհարմարություններին՝ Հայկասարից արտագաղթողները քիչ են, սակայն մեծ է արտագնա աշխատանքի մեկնող երիտասարդների թիվը: Բնակչության թիվը 2008թ. համեմատ պակասել է 40-ով: Հեռացողները բազմազավակ եզդիներն են եղել, թեև դա էլ, համայնքապետի խոսքով, իրենց համար անցանկալի էր: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter