HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Բիենալեն այս տարի կանցկացվի «գյումրվա թասիբի» հաշվին

Գյումրու 9-րդ բիենալեն չի ունենա հստակ ժամանակացույց եւ ներկայացվելիք նախագծերի ցանկ: Բիենալեի գյումրեցի երեք համադրողներից մեկի՝ նկարիչ Սարգիս Հովհաննիսյանի փոխանցմամբ, նման դիրքորոշման պատճառը ֆինանսների բացակայությունն է: Եվրոպական երկրներում բիենալեներին հատկացվող գումարները միլիոններով են չափվում, իսկ Հայաստանում այդ դրամներն անգամ հազարների տեսքով հայթայթելն է դժվարություն ներկայացնում:

Մշակույթի նախարարությունն արդեն որերրորդ բիենալեն է, ինչ հրաժարվում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել կազմակերպիչներին: «Ինչու՞» հարցին պատասխանը միանշանակ է. «Հավանաբար չի հետաքրքրում, այլապես կարձագանքեին»,-նկատում է Սարգիսը:

Զրույցի հենց սկզբում գյումրեցի համադրողն ասում է, որ «Գյումրու բիենալե» հասկացություն որպես մեկ ամբողջական միջոցառումների ներկայացման հարթակ՝ այս տարի չի լինելու: «Անգամ քննարկվում էր չանելու հարցը,-ասում է Սարգիսը,-բայց քանի որ հերթականը պիտի 2014թ. լիներ, ու նախորդ տարիների մասնակիցներից շատերն էլ գիտեն այդ մասին, մի տեսակ դժվար էր չանելը: Բայց քանի որ ինչպես միշտ գումար չկար, որ կարողանայինք հրավերներ անել, կեցության հարց լուծել, ստիպված եղանք թողնել ինքնահոսի, այսինքն՝ կլինի պրոեկտ, կներկայացնենք: Հստակ ոչ մի բան չկա»:

Բրյուս Ալանի «Տարբերությունների էկրան» նախագծի՝ Գյումրիում 9-րդ բիենալեի շրջանակում ներկայացնելն էլ եղել է ոչ թե կազմակերպիչների առաջարկով, այլ՝ հեղինակի: «Քանի որ Ալանը նախորդ տարիներին մասնակցել էր եւ գիտեր, որ այս տարի հերթականը պիտի լինի, կապվել էր մեր հետ դեռ անցած տարի, ասաց, որ ուզում է այդ նախագիծը ներկայացնել: Ճիշտն ասած չէինք կարող նրան մերժել ու ասել, որ կներես, էսպիսի վիճակ է ստեղծվել, բիենալե չենք անում»,-պարզաբանում է զրուցակիցս:

Դիմե՞լ են այս տարի կոնկրետ մշակույթի նախարարությանն ու քաղաքապետարանին բիենալեի անցկացման համար ֆինանսական միջոցներ տրամադրելու խնդրով հարցին՝ Սարգիսը պատասխանում է. «Միայն քաղաքապետարանին եւ այն էլ բանավոր, թղթի վրա ոչ մի բան չկա»: Մշակույթի նախարարությանը գրավոր չեն դիմել, քանի որ դեռեւս «Թանգարանների գիշեր» միջոցառմանը Ժամանակակից արվեստի մոբիլ թանգարանի մասնակցության համար նամակ էին ուղարկել եւ որոշակի գումար խնդրել՝ առ այսօր չստանալով որեւէ պատասխան: Դե իսկ Գյումրու քաղաքապետարանի հետ ունեն միայն բանավոր համաձայնություն:

Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը նախ զարմացավ, երբ լսեց, որ հուլիսի 10-ին բիենալեի շրջանակներում արդեն մեկ նախագիծ է ներկայացվել: «Ինչի՞, բիենալեն արդեն սկսվե՞լ է,-արձագանքեց փոխքաղաքապետը,-մեզ հրավիրատոմս չեն ուղարկել, որեւէ բան ասող չի եղել: Ճիշտն ասած տեղյակ էինք մշակութային այդ միջոցառման մասին, նույնիսկ ուզում էինք անցած տարի անցակացնել՝ «Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում, բայց ասին, որ հնարավոր չէ, դա երկու տարին մեկ են անում եւ պիտի 2014թ. լինի հերթականը: Մենք մշակույթի նախարարությանը դիմել ենք եւ սպասում ենք, մեր ծրագրերում նշել ենք, երբ գումարներ լինի՝ կանենք»:

Սարգիս Հովհաննիսյանի փոխանցմամբ, 9-րդ բիենալեն այս անգամ դուրս կգա Գյումրու շրջանակներից եւ նախագծերի ներկայացում կլինի հանրապետության տարբեր քաղաքներում: Գյումրու 9-րդ բիենալեի ժամանակցույցը կարող է ձգվել մինչեւ նոյեմբեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter