HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՎՏԲ» բանկը վտանգում է Ծիլքարի երեխաների` կրթություն ստանալու սահմանադրական իրավունքը

Վտանգված է Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի միջնակարգ դպրոցի հետագա ճակատագիրը: Պատճառը գյուղատնտեսական վարկերն են, որոնք «ՎՏԲ» բանկը տրամադրել է գյուղացիներին: Ծիլքարցիների չմարած վարկերը, տոկոսներն ու տույժ-տուգանքները «ՎՏԲ-Հայաստան բանկը» փորձում է գանձել պետական ֆինանսավորում եւ դոտացիա ստացող համայնքային կառույցներից:

Դեռեւս 2007 թ. ծիլքարցիները  «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Սպիտակի մասնաճյուղից վարկ են վերցրել, իսկ որպես երաշխավոր 12 գյուղացու համար հանդես են եկել դպրոցն ու համայնքապետարանը: Գյուղացիներն են խնդրել դպրոցի այն ժամանակվա տնօրենին եւ համայնքապետին` աջակցել իրենց, որպեսզի կարողանան վարկ ստանալ բանկից: Երաշտի ու եղանակային անբարենպաստ պայմանների, ինչպես նաեւ վրա հասած ճգնաժամի պատճառով գյուղացիների մեծ մասը չի կարողացել վճարել վարկի գումարը:

Գյուղացիների չվճարած պարտքի ու տոկոսադրույքների բռնագանձման պահանջով «ՎՏԲ-Հայաստան բանկը» դիմել էր դատարան` միջնորդելով արգելանք դնել դպրոցի ու համայնքապետարանի հաշիվների ու գույքի վրա, չնայած  ծիլքարցիները տրամադրած վարկի վերադարձելիությունը ապահովելու նպատակով զուգահեռաբար գրավադրել են կամ իրենց գույքը, կամ հողատարածքները: Օրինակ` ծիլքարցի Կույբիշեւ Սարգսյանը գրավադրել է իր վարելահողը: Մինչդեռ ամիսներ շարունակ համայնքապետարանի աշխատակազմն ու դպրոցի անձնակազմը աշխատավարձ չէր ստանում, քանի դեռ գործը դատարանում էր, եւ չկար վերջնական դատական ակտ:

Դեռեւս մեկ ամիս առաջ պարզաբանումներ ստանալու նպատակով գրավոր դիմել էինք «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ին: Հարցրել էինք, թե քանի վարկառու ընտանիք կա Ծիլքարում այդ պահի դրությամբ, քանիսի գործերն են դատարանում: Որքա՞ն է կազմում ծիլքարցիների պարտքը բանկին: Նաեւ խնդրել էինք պարզաբանել, թե ինչու է բանկը որպես երաշխավորող ներգրավել պետական ֆինանսավորում եւ դոտացիա ստացող հաստատություններին, ինչու է բանկը վարկ տրամադրել արդեն իսկ վարկ վերցրած եւ դեռ չմարած գյուղացիներին կամ նրանց ընտանիքի մյուս անդամներին: Չնայած մենք կոնկրետ որեւէ հաճախորդի մասին տեղեկություն չէինք ուզել, պարզվում է` այս տեղեկությունները «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի համար բանկային գաղտնիք են:

Մեր գրությանն ի պատասխան` «ՎՏԲ-Հայաստան բանկը» հայտնել է, որ համաձայն «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի` «Բանկային գաղտնիք են համարվում հաճախորդի հանձնարարությամբ կամ հօգուտ հաճախորդի կատարված գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները»: Հետեւաբար, նշված տեղեկությունները կարող են տրամադրվել միայն «Բանկային գաղտնիքի մասին» օրենքով սահմանված կարգով:

«Բանկային գաղտնիքի մասին» օրենքը բանկային գաղտնիքը հետեւյալ կերպ է բնութագրում.

«1. Բանկային գաղտնիք են համարվում բանկի հաճախորդին սպասարկելու կապակցությամբ տվյալ բանկին հայտնի դարձած հաճախորդի հաշիվների վերաբերյալ տեղեկությունները, հաճախորդի հանձնարարությամբ կամ հօգուտ հաճախորդի կատարված գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաեւ նրա առեւտրային գաղտնիքը, գործունեության ցանկացած ծրագրի կամ մշակման, գյուտի, արդյունաբերական նմուշի մասին տեղեկությունները եւ նրա վերաբերյալ ցանկացած այլ տեղեկություն, որը հաճախորդը մտադիր է եղել գաղտնի պահել, եւ բանկը տեղյակ է կամ կարող էր տեղյակ լինել այդ մտադրության վերաբերյալ:

2. Բանկերի վերահսկողության կապակցությամբ բանկերի եւ դրանց հաճախորդների վերաբերյալ Կենտրոնական բանկին հայտնի դարձած սույն հոդվածի առաջին մասում սահմանված տեղեկությունները համարվում են բանկային գաղտնիք: Բանկերը համարվում են Կենտրոնական բանկի հաճախորդներ»:

Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի բնակիչներն առաջին ատյանում հաղթել էին «ՎՏԲ» բանկին. գյուղի դպրոցի եւ համայնքապետարանի բանկային հաշիվների վրայից հանվել էր արգելանքը` շնորհիվ համայնքապետարանի եւ դպրոցի ներկայացրած հակընդդեմ հայցերի:

Գործող համայնքապետ Հակոբ Հակոբյանը պնդում է, որ թեեւ  կնքվել են երաշխավորության պայմանագրեր, սակայն հայցվորն իրավունք չի ունեցել իրենց ընդգրկել որպես երաշխավորներ, որովհետեւ նախ` համայնքապետարանն ու դպրոցը պետական ոչ առեւտրային կազմակերպություններ են, եւ ֆինանսական եւ գույքային միջոցները չեն կարող օգտագործվել որպես վարկային պարտավորության ապահովման միջոց:

Ավելին` Ծիլքարի միջնակարգ դպրոցն ունի շուրջ 30 աշխատակից, իսկ Ծիլքարի համայնքապետարանը` 10 աշխատող, որոնց աշխատավարձը նույնպես չի կարող հանդիսանալ որպես վարկի ապահովման միջոց: «ՎՏԲ-Հայաստան» բանկն առարկել է` նշելով, որ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով եւ Ծիլքարի միջնակարգ դպրոցի կանոնադրությամբ երաշխավորության պայմանագիր կնքելու վերաբերյալ որեւէ սահմանափակող դրույթ չկա, հետեւապես երաշխավորության պայմանագրերը կնքվել են ՀՀ օրենսդրության սահմաններում:

Այնուհանդերձ, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, զորօրինակ Կույբիշեւ Սարգսյանի գործով, հօգուտ համայնքապետարանի եւ դպրոցի է վճիռ կայացրել` բավարարելով համայնքապետարանի եւ դպրոցի հակընդդեմ հայցերը: Այսինքն` դատարանը բավարարել է բանկի միայն մեկ պահանջը, այն է` պատասխանողից  հօգուտ «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի բռնագանձել վարկային պայմանագրով ստացած վարկի չվերադարձրած գումարը, վարկի տոկոսները, ժամկետանց տոկոսի տույժը, պատճառված վնասի գումարը, բռնագանձումը տարածել գրավի վրա:

 Դատարանը դա հիմնավորել է «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, համաձայն որի` պետական կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առեւտրային կազմակերպություն է, որը ստեղծվում է միայն մշակույթի, առողջապահության, սոցիալական, սպորտի, կրթության, գիտության, բնապահպանական եւ ոչ առեւտրային այլ բնագավառներում գործունեություն իրականացնելու նպատակով: Ընդ որում, ըստ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի` ուսումնական հաստատությունը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է, որը նշյալ օրենքին, օրենքներին ու այլ իրավական ակտերին համապատասխան ձեռք է բերում իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ իրավունքներ ու պարտականություններ:

«Ինքնին հասկանալի է, որ հանրակրթական դպրոցի նպատակի տեսանկյունից, անհամատեղելի է դպրոցի հետ առնչություն չունեցող քաղաքացուն հատկացրած վարկի համար այդ ուսումնական հաստատության երաշխավոր դառնալու հանգամանքը, որովհետեւ հայցը բավարարվելու դեպքում բռնագանձումը պետք է տարածվի ոչ միայն պետության կողմից բացառապես կրթության իրականացման նպատակով հատկացված ֆինանսական միջոցների, այլեւ դպրոցի գույքի` այդ թվում նաեւ շենքի վրա: Սակայն պետության կողմից ինչպես օգտագործման իրավունքով հանձնված գույքը, այնպես էլ հատկացված ֆինանսական միջոցներն, ըստ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 45-րդ եւ 46-րդ հոդվածների, պետք է օգտագործվեն բացառապես կրթության գործի կազմակերպման եւ իրականացման նպատակով»:

Դատարանը նկատել է, որ բռնագանձման պահանջի բավարարման դեպքում առնվազն ֆինանսական անբավարարության պատճառով վտանգվում է դպրոցի գործունեությունը` դրանով պայմանավորված պետության կողմից երաշխավորված անվճար կրթություն ստանալու` ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքը: Հետեւապես, հանրակրթական դպրոցի կողմից վարկի վերադարձելիության համար երաշխավոր հանդես գալը բացահայտորեն անհամատեղելի է նրա կանոնադրական նպատակների հետ:

Անդրադառնալով համայնքապետարանի հետ կնքած պայմանագրին` դատարանը նշել է, որ քաղաքացու վերցրած վարկի վերադարձելիությունը երաշխավորելու նպատակով համայնքապետը, կնքելով երաշխավորության վիճահարույց պայմանագիրը, համայնքապետարանի անունից բանկի նկատմամբ ստանձնել է գույքային պարտավորություն: Սակայն, ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի, համայնքի ավագանին համայնքի ղեկավարի առաջարկությամբ որոշում է կայացնում համայնքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու եւ օտարելու մասին, հաստատում է դրանց վարձավճարների եւ օտարման գների չափերը եւ պայմանները, իսկ հրապարակային սակարկությունների դեպքում` մեկնարկային գները:

Նույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 12 կետի համաձայն` համայնքի ղեկավարը համայնքի ավագանու որոշմամբ ու սահմանված պայմաններով օտարում կամ օգտագործման է տրամադրում համայնքի սեփականություն համարվող գույքը: Հետեւապես, ՀՀ Արագածոտնի մարզի Ծիլքարի արդեն նախկին համայնքապետն իրավունք չի ունեցել ավագանու որոշման բացակայության պայմաններում հայցվորի հետ կնքելու երաշխավորության պայմանագիր, որով միանձնյա տնօրինել է համայնքի սեփականությունը, որովհետեւ վարկային պարտավորությունը չկատարելու պատճառով այս դեպքում եւս բռնագանձումը տարածվում է ինչպես գույք հանդիսացող ֆինանսական միջոցների, այնպես էլ` շարժական եւ անշարժ գույքի վրա:

Բանկը բողոքարկել է առաջին ատյանի դատարանի վճիռները, եւ անցյալ շաբաթ Ծիլքարի համայնքապետը ստացել է 12 բնակիչներից մեկի` Անժելա Մկրտչյանի գործով ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը: Համայնքապետարանի գույքի եւ հաշիվների վրա դրված արգելանքի վերացման մասով առաջին ատյանի վճիռը վերաքննիչը նույնն է թողել, սակայն դպրոցի հաշիվների վրա արգելանք կիրառելու մասով բանկի բողոքը բավարարել է:

Հոկտեմբերի 20-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում նշանակված է ծիլքարցիների գործով եւս մեկ դատական նիստ: Արդեն 6 գործ վերաքննիչում է, եւ միայն մեկի վերաբերյալ է դեռեւս որոշում կայացվել, բայց ոչ հօգուտ Ծիլքարի դպրոցի եւ երեխաների: Այդ որոշումը, սակայն, կարող է նախադեպային լինել նաեւ մյուս գործերի համար: Մեկամսյա ժամկետում վերաքննիչի որոշումը ուժի մեջ կմտնի, եւ բանկը կբռնագանձի դպրոցին փոխանցվող բոլոր գումարները:

Հ.Գ. Ծիլքարը միակ գյուղը չէ, որտեղ դպրոցը կամ համայնքապետարանը երաշխավոր են հանդես եկել եւ հայտնվել նույն իրավիճակում: Բախտակից մյուս գյուղերին կանդրադառնանք առաջիկայում:

Մեկնաբանություններ (2)

Aram
Why would the bank accept the village school's assets`as collateral for(yes even for needy people) in the firstplace? Should'nt this contract be unenforceable because of its illegality?
ASHOT MURADYAN
HARK E NSHEL, VOR AYSOR ( 10. 20. 2011 ) TSILQARI MIJNAKARK DPROCI USUCCHAKAN KOLEKTIVI KOXMIC TEXI E UNECEL GORCADUL. USTI VOCH MIAYN TUJUM E USUCCHAKAN KOLEKTIV@, AYL NAEV NUYN DPROCI ASHAKERTAKAN KAZM@. LAV KLINER VOR AYS GORCIN SHUTAPUT LUCUM TAIN HAMAPATASXAN MARMINNER@. PETQ CHE MORANAL VOR, ARJEVUM SPASVUM EN MIASNAKAN QNNUTYUNNER@.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter