HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂ հիմնախնդրի տարընկալումները և շահարկումները

Էդգար Վարդանյան 

Վերջին շրջանում ղարաբաղյան հարցի վերաբերյալ ավելի հաճախ են հնչում Մինսկի խմբի համանախագահող երկրներից ԱՄՆ-ի ներկայացուցիչների մեկնաբանությունները:

Այդ ակտիվությունն, իր հերթին, առաջացրել է նոր քննարկումներ Հայաստանում եւ ԼՂՀ-ում վերոնշյալ թեմայի շուրջ: Արեւմուտքի կողմից ներկայացված մոտեցումների նկատմամբ առկա հայկական արձագանքը հիմնականում խիստ քննադատական է: Հնչում են տեսակետներ, որ ամերիկացիների մոտեցումները միակողմանի են եւ կյանքից կտրված:

Հարկ է նկատել, որ դրանք էապես չեն տարբերվում դեռեւս 2007-ին Մինսկի խմբի կողմից առաջարկված սկզբունքներից, որոնք հայտնի են որպես Մադրիդյան սկզբունքներ: Սակայն, քննադատների զգալի մասը որեւէ դժգոհություն ուղղված, օրինակ, Ռուսաստանի հասցեին, որը եւս Մինսկի խմբի համանախահներից է, չի ներկայացնում: Ավելին, քննադատներից շատերը նրանք են, որոնք սատարում են Մինսկի խմբի կողմից առաջարկված Մադրիդյան սկզբունքների հիման վրա բանակցող ներկայիս իշխանություններին: Ավելին, քննադատներից շատերը հենց իշխանությունների ներկայացուցիչներն են:

Հարկ է նշել, որ Մադրիդյան սկբունքներով նախատեսվում է նախկին ԼՂԻՄ-ը շրջապատող տարածքների վերադարձ:  Սակայն Մադրիդյան սկզբունքները, հայտնի վեց տարրերը` մեկ ամբողջություն են եւ խնդրից քիչ թե շատ տեղյակ բոլոր մարդիկ գիտեն դրա մասին: Եվ երբ, ասվում է, որ, օրինակ,  յոթ շրջանները պետք է վերադարձվեն Ադրբեջանին, դա նշանակում է, որ այդ դրույթը չի կարող գործել, եթե մնացած հինգ տարրերը ընդունված չեն: Ուստի անհիմն են իշխանությունների այն մեղադրանքները, որ միջնորդներից ոմանք, խոսելով տարածքները վերադարձնելու մասին, միակողմանի ճնշում են բանեցնում Հայաստանի վրա:  

Ընդհանրապես, պետք է խոստովանել, որ, այնուամենայնիվ, ղարաբաղյան կոնֆիկտի հետ կապված շատ անորոշություններ կան, որոնք, իրենց հերթին, հիմք են ծառայում բազմաթիվ շահարկումների համար: Պետք է նշել, որ առ այսօր միջազգային հանրության կողմից հստակ չի սահմանված, թե ինչ է ղարաբաղյան կոնֆլիկտը: ԵԱՀԿ Մինսկի խումբը, կոնֆլիկտի կարգավորման գործում հանդես գալով որպես միջնորդ, հետապնդում է մեկ հիմնական նպատակ` հասնել նրան, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ընդունեն խաղաղության պայմանագիր, այսինքն համաձայնության գան, որ միմյանց հանդեպ ռազմական գործողություններ չեն իրականացնելու: Ենթադրվում է, որ այդպիսով կոնֆլիկտը լուծվելու է: Միջնորդները առաջարկել են եւ կողմերը համաձայնվել են լուծել կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով հիմնվելով ուժի չկիրառման, ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքների վրա:

Սակայն միջազգային հանրությունը չի արձանագրել` արդյո՞ք առկա է տարածքային վեճ, ագրեսիայի ակտ, ինքնորոշման ակտ, թե այլ բան: Ըստ էության ամրագրված է միայն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղել է զինված հակամարտություն, որը տրանսֆորմացվել է զինադադարի ռեժիմի:

Հայտնի է, որ միջազգային հանրությունը չի ճանաչում ԼՂՀ-ն: Այդ դեպքում հարց է առաջանում` որպես ի՞նչ է ճանաչվում տարածքը, որի վրա ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, միգուցե, որպես վիճելի տարածք: Պարզվում է, որ ոչ, չկա որեւէ փաստաթուղթ, որում ամրագրված կլինի նման բան: Հստակ է, որ միջազգային հանրությունը առաջարկելով կոնֆլիկտի կարգավորման այն տարրը, որում ասվում է, որ հայկական զորքերը պետք է դուրս բերվեն Ադրբեջանի  «օկուպացված տարածքներից» նշանակում է, որ նախկին ԼՂԻՄ-ին սահմանակից, իսկ այսօր ԼՂՀ մաս կազմող յոթ շրջանները ճանաչում է որպես Ադրբեջանի մաս: Դրա մասին է վկայում նաեւ, օրինակ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի այն հայտարարությունը, որ «ԼՂ ինքնավար մարզի բուն տարածքը և շրջակա տարածքները տարբեր հասկացություններ են, ցանկացած լուծման պարագայում ԼՂ կարգավիճակի հարցը պետք է դիտարկվի բուն տարածքի մասում` չներառելով յոթ շրջանները և դրանց միջից հանելով միջանցքը»:  Սակայն նախկին ԼՂԻՄ-ի տարածքի  կարգավիճակի վերաբերյալ չկա հստակություն: Չնայած, օրինակ, ԱՄՆ Կենտրոնական Հետախուզական Վարչության (CIA) կայքում  տեղադրված քաղաքական քարտեզում նախկին ԼՂԻՄ-ի տարածքնել է ներառված Ադրբեջանի կազմում:   

Իսկ այն, որ միջազգային հանրությունը դեռեւս չի ճանաչել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը երեւում է, օրինակ, մադրիդյան սկբունքների մեկ այլ տարրից, ըստ որի ԼՂ-ի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի «ազատ կամարտահայտման» միջոցով: Այսինքն միջազգային հանրությունը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը միայն ապագայում կարող է ունենալ ինքնորոշվելու իրավունք, քանզի եթե ընդունվեր, որ ժողովուրդը արդեն ինքնորոշվել է, ուրեմն վերջնական կարգավիճակ որոշելու մասին տարրը ուղղակի գոյություն չէր ունենա:  

Այս ամենից հետո տարօրինակ է լսել, երբ հանրապետական կուսակցության որևէ ներկայացուցիչ ասում է, որ, օրինակ, հայկական կողմերը որեւէ տարածքային զիջում չպետք է անեն, կամ, որ Լեռնային Ղարաբաղի ժողուվուրդը վաղուց ինքնորոշվել է եւ միջազգային հանրությունը պետք է ընդունի դա: Այսպիսի բան կարող է ասել միայն նա, ով մերժել է Մադրիդյան սկզբունքները եւ դեմ դուրս եկել դրանց հիման վրա բանակցություններ անցնակցնելուն:

 Հնարավոր է նաեւ, որ այդ սկզբունքները իշխանությունները միայն ձեւական են ընդունել եւ իրականում Հայաստանը նպատակ չունի լրջորեն բանակցել եւ Մադրիդյան սկզբունքների հիման վրա հասնել խաղաղության պայմանագրի ընդունմանը: Եթե բոլոր միջնորդների համար, իրականում, դա ընդունելի է, ուրեմն խնդիր չկա, ուրեմն  «պայմանավորված խաղ» է այս ամենը, սակայն եթե այդպես չէ, ապա նշանակում է, որ Հայաստանը կրակի հետ է խաղում:

Մեկնաբանություններ (1)

Դժվար է!
Դժբախտաբար հայերը դեռ ոչ մի վճռական ու վերջնական բան չեն հայտարարել պաշտոնապես, որպիսզի մեկն ու մեկը հասկանա թե ինչ է իրենց ուզածը: Սա խաղ է ժամանակ ձգելու վրա, երեւի այն հույսով թե ինքն իրեն «կներծծվի» ու կմոռացվի խնդիրը: Դրությունը մնում է կախված ազերի շնորհիվ, որոնք չեն զիջում ու ամբողջ են ուզում: Ինձ թվում է ՀՀ - ն պիտի ճանաչի ու դուրս գա բանակցություններից - հետո ինչպես Արցախը կորոշի ազերի հետ (նոր հիմունքներով) ՀՀ-ն էլ այն կպաշտպանի: Թերեւս կարելի նաեւ պնդել անորոշ ժամանակով սառեցնելու վրա ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter