HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի շուրջ նոր խաղն արդեն սկսված է... ու ավարտված

Բոլոր դիկտատորները ցած են գլորվել մեծամտության բարձունքից: Հեքիաթներում սերն է հաղթում, իսկ իրական կյանքում՝ վախը: Պատմությունը վախի խաչմերուկներում է սկսվում ու …ավարտվում: Իսկ մարդու կյանքը  ներքին ու արտաքին վախի չվճարված տարբերությունն է, որն, ի վերջո, վճարում է գալիք սերունդը:

Վախը վատ խորհրդատու է, բայց մարդը խորհուրդ չէ, որ փնտրում է: Ամենաշատը վախենում են դիկտատորներից. ուստի ոչ ոք չի համարձակվում նրան ասել ճշմարտությունը, որի հետևանքով դիկտատորները մեծամտաբար կարծում են, թե իրենք  «անսխալական կիսաստված-փրկիչներ» են: 

Պուտինը դիկտատոր է: Շատ վախեցող դիկտատորները ամենամեծ սխալներն են  անում. Ղրիմի անեքսացան՝ հերթական օրինակը: Սադամն ու Քադաֆին ստորգետնյա փոսում վերջացան՝ վախի խորշերում: Որտե՞ղ կվերջանա Պուտինը:  

Հայաստանի շուրջ պատմության խաղը միշտ նույնն է. նույն խաչմերուկով անցնող իրարից վախեցած ժողովուրդներ: 301 թվից սկսած՝ հայ տղամարդն աստիճանաբար դարձավ վախեցած աղոթող. նա այլևս ի՛ր հաղթանա՛կի համար չէ, որ աղոթում է(ր).  սրա՛ պատճառով հայը կորցրեց իր հայրենիքի մեծ մասը:   

Կյանքում ստանում ես ոչ թե այն, ինչ ուզում ես, այլ այն ԻՆՉԻՑ ՎԱԽԵՆՈՒՄ ես: 

ՄԱԿ-ը վախից է գոյացել, նույնը՝ միջազգային իրավունքը: Վախեցած ազգերի համակարգում միջազգային ոստիկան է պետք: Դա հիմա ԱՄՆ-ն է  ու դեռ տասնյակ տարիներ ինքն է լինելու: Ո՛չ դաժան ռուսը, ո՛չ էգոիստ չինացին, ոչ՛  «փիլիսոփա» հնդիկը, ո՛չ  «զվարճասեր» բրազիլացին  (BRIC) և ո՛չ էլ դեռ 7-րդ դարում ապրող մահմեդականը միջազգային ոստիկան չի կարող դառնալ, քանի որ ավելի  ցածր ու   հոտային-խմբային զսպանակող քաղաքակրթություններ են ներկայացնում: ԱՄՆ-ն ավելի բարձր քաղաքակրթություն է, քանի որ  ԱՆՀԱՏԻ հոգու ու կամքի ԱԶԱՏՈՒԹՅԱՆ կողմնակից է: Մարդկությանը պետք չէ ռուսի կամ չինացու «դեմոկրատական դիկտատուրան»: 

Հզորանում են այն երկրները, որտեղ ԱՆՀԱՏԻ ազատություն կա: «Եղբայրության» ու «ազգային համերաշխության» (այսինքն՝ վախեցած  հոտային-բնազդային զսպանակող նորմերի) վրա կառուցված ազգերը կամ չկան, կամ էլ լուսանցքում են: Պատճառն այն է, որ միայն ԱԶԱՏ քաղաքացին կարող է իսկապես կերտել: 

Ղրիմում ազատ անհատի քաղաքակրթությունը (ԱՄՆ) ու հոտային-խմբային քաղաքակրթությունը (Ռուսաստան) նորից պաշտոնապես թշնամացան: Ղրիմը ամեն ինչ փոխեց, կամ ավելի ճիշտ՝ դիմակները հանվեցին: 

ԱՄՆՆԱՏՕ: ՆԱՏՕ-ին միշտ թշնամի է պետք. դա կրկին Ռուսաստանն է: Առաջիկա տարիներին ՆԱՏՕ-ի թիվ մեկ առաջադրանքը լինելու է Ռուսաստանին վերջնականապես  Եվրասիայի խորքերը քշելը: Ղրիմը (դեռ) կթողեն Ռուսաստանին, որ վերքին աղ լցնեն ու միշտ պատրվակ ունենան: Հավանաբար նույն դերը կկատարի նաև Հյուսիսային Կովկասը՝ կախված դեպքերի հետագա զարգացումից: 

Ղրիմից հետո՝ դիկտատոր Լուկաշենկոն ու թյուրք-ղազախ սուլթան Նազարբաևը, առաջվա պես, չեն կարող շատ մոտենալ Ռուսաստանին, այլապես կզայրացնեն  ԱՄՆ-ին ու իրենք էլ առաջնային թիրախ կդառնան: Ուստի՝ «Եվրասիական (տնտեսական) միություն» կոչվածը ապագա չունեցող մի կառույց է՝ ԱՊՀ-ի ու ՀԱՊԿ-ի նման անապագա: 

Արևելյան Ուկրաինայում խաղն արդեն ավարտված է՝ հօգուտ ԱՄՆ/ՆԱՏՕ-ի: Հումք արտահանող Ռուսաստանը երկարաժամկետ չի կարող դիմադրել. սա բոլորը գիտեն: 

Հունիսի 27-ին Ռուսաստանը վերջնականապես կորցրեց նաև Վրաստանը...և Անդրկովկասը: 

Հայաստանին ու Ադրբեջանին էլ կորցնելու Ռուսաստանի վախը մեծ է ու միակ հույսը ԼՂՀ ազատագրված տարածքներ ՀԱՊԿ/ռուսական «խաղաղարարներ» մտցնելն է: Սրա համար Ադրբեջանին հարձակողական զենք տալը բավարար չէ, որպեսզի վերջինիս ռուսը ներս հրապուրի մեռելածին «Եվրասիական տնտեսական միություն»: Ադրբեջանը ազատագրված տարածքներն է ուզում Ռուսաստանից, բայց Ռուսաստանը չէ միակ որոշողը, այլապես այն կրկին հանգիստ կնվիրեր «կարմիր» թյուրքին: 

Բացի այդ՝ Ադրբեջանը վաղուց է ընտրել Թուրքիային, որը շատ լավ հասկանում է ԱՄՆ-ն: Ուստի՝  եթե Վրաստանին  Հայաստանը չմիանա, ապա ռուսին (ու թյուրքին) տարածաշրջանում զսպելու ԱՄՆ-ի ջանքերը ապարդյուն կլինեն: 

Մյուս կողմից՝ ԱՄՆ-ն հոգնել ու ձանձրացել է սուննի տեռորիզմից, որոնք հզորացել են ամերիկյան դոլարով (նավթի գնումներից): Դրա համար ԱՄՆ-ն ցանկանում  է շիաների վերադարձը՝ որպես սուննիներին հակազդող ուժ ու նավթ-գազի երկրորդ աղբյուր:  ԱՄՆ-ն այլևս չի ցանկանում, որ ի՛ր զինվորները զոհվեն՝ սուննի ծայրահեղականների դեմ պայքարում: Դա հիմա պիտի անեն շիաները (և քրդերը): Հենց սրա՛ համար է Իրանի դերը փոխվելու ու քարտեզում հայտնվելու է  «Քրդստանը»: 

Լիբանան-Սիրիա (շիա/քուրդ մաս)-Քրդստան-Իրան- ( Նախիջևա՞ն ) -Հայաստան-Վրաստան-Ուկրաինա-Ռումինիա  պատնեշը այլևս երևակայություն չէ: 

Հայաստանի շուրջ նոր խաղն արդեն սկսված է ու ... ավարտված. Հայաստանի գնացքը վերջնականորեն գնում է դեպի Վրաստան, Արևմուտք  ու ՆԱՏՕ: Այս տեսակետից՝ արդեն կարևոր էլ չէ, թե ով Հայաստանում իշխանության ղեկին կլինի կամ գնացքը արդյոք մի քանի ժամ/օր կկանգնի ՞ «ՄՄ/ԵՏՄ » կոչված կայարանում: Անկախ արագությունից ու վագոնների քանակից՝ ուղղությունն արդեն որոշված է. ու դա լավ լուր է հայի համար: 

Վարազ Սյունի

Ամստերդամ

14.07.2014

Լուսանկարը՝ http://cyberdissidents.org-ից

Մեկնաբանություններ (6)

մամիկոն
Յուրաքանչյուր հավի ճուտիկ իր կճեպի ճեղքից է տեսնում ու դատում ողջ աշխարհի մասին
Մ.Կ.
լավ է ուշ, քան երբեք.
Մարատ
Ղարաբաղի հարցը իրոք -որ ռուսի ձեռքը չի, ու եթե հնարավորություն ունենա հաստատ կտա :Բայց ասեմ , մենք ուր էլ , որ վազենք` ԱՄՆ , Եվրոպա, թէ` Ռուսաստան , միևնույն է, մեզ չեն հարգելու. մինչև , որ մենք ներսում իրար չհարգենք , չհամախմբվենք ու մեր երկիրը ինչքան ունենք /բարեխղճորեն/ այդքանով չսարքենք, որ ոտի տակ չըկնենք , նրանք դա կտեսնեն ու կգնահատեն : Իսկ եթե ամեն անգամ ուզում ենք , ուզում . դա լավ չի : Ինչպես կասեր Րաֆֆին. :
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Պրն. Եսայի Ռուբէնյան(3) - հոդվածը «երևակայական նախագուշակություն» չէ: Արդեն կատարված փաստերը (facts on ground) իրար հետ որ ճշտորեն միացնենք,ապա ուրվագծվում է ապագայի պատկերը. այսինքն՝ հիմնական գծերը: Այդ հիմնական գծերի արանքում ոչ-հիմնական գծերը միշտ էլ փոփոխության կարող են ենթարկվել՝ կախված պահի հանգամանքներից:
Եսայի Ռուբէնյան
Յարգելի Պրն․ Վարազ Սյունի, Ընդունեցեկ խորին շնորհավորանքներս ձեր երազաին երևակայության առթիվ․ Եթէ այդպես մի նախագուշակու- թյուն իրականանա առնւազը գոնէ ես աշխարհի ամենա երջանիկ անձնավորը կլինէի․ Բայց եկեք չմօռանանք ԱՐՑԱԽԸ․ Բարևներս բոլորին․
Արթուր
Ճիշտն ասած, նույնիսկ մարմինս փշաքաղվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter