HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Փարաջանովի աշակերտն առաջարկում է Կիևում հետ գնել նրա տունն ու հիմնել թանգարան

«Ինձ հաճախ են հարցնում` արդյոք դժվար չէր նկարել Փարաջոնվին: Բայց դա շատ հեշտ էր, որովհետև նա ինքն է ստեղծում կադր. չէ՞ որ նա ռեժիսոր է», - ասում է ուկրաինացի կինոօպերատոր, լուսանկարիչ Յուրի Գարմաշը:

Վերջինս Սերգեյ Փարաջանովի հետ ծանոթացել է 1969 թ.-ին, երբ ուսանող էր: Յ. Գարմաշը կնոջ հետ տեղափոխվել էր Կիև, սակայն բնակության տեղ չուներ, և հենց Փարաջանովն է նրանց հյուրընկալում իր տանը, չնայած նոր էին ծանոթացել: Յ. Գարմաշը հիշում է, թե ինչպես էր Փարաջանովը հաճախ գնում հին իրերի շուկա, և այդ անպետք թվացող իրերից պեղում այնպիսիները, որոնք հետագայում դառնում էին արվեստի գործեր:

«Ես հիացել, հիանում եմ և ամբողջ կյանքս հիանալու եմ նրա վարպետությամբ. նրա ստեղծած գույները, ճկունությունը, գեղեցկությունն աննկարագրելի են», - ասում է Յ. Գարմաշը:

«Կադրի հետևում մնացել է 99.9%-ն այն ամենի, ինչն ինձ կապում է Փարաջանովի հետ»

Յ. Գարմաշը Փարաջանովին առաջին անգամ լուսանկարում է 1971թ.: Փարաջանովին լուսանկարելը սկսում է կրել պարբերական բնույթ, որի արդյունքում հավաքվում է Փարաջանովի լուսանկարների մեծ արխիվ: Հետագայում այդ արխիվային լուսանկարները դառնում են ցուցահանդեսի նյութ, որոնք լրացվում են այլ լուսանկարիչների լուսանկարներով ևս: Երկու տարի առաջ ցուցահանդեսը ներկայացվել է Ուկրաինայում: Այժմ ցուցահանդեսի նմուշները ներկայացված են նաև Երեւանում: Նախագիծը, որը կոչվում է «Փարաջանով. հպում», նվիրված է Ս. Փարաջանովի 90-ամյակին: Քանի որ այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը նույնպես նվիրված է Ս. Փարաջանովի 90-ամյակին, Յ. Գարմաշի ներկայացրած ֆոտոցուցահանդեսի բացման արարողությունը տեղի ունեցավ փառատոնի շրջանակներում` հուլիսի 13-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Յուրի Գարմաշը շրջում էր սրահով` ներկայացնելով իր սիրած լուսանկարներն ու դրանց ստեղծման պատմությունը:

Լուսանկարների մեծ մասը լրացված է Փարաջանովի գրած կամ նրան հասցեագրված խոսքերով: Մեր զրույցի ընթացքում Յ. Գարմաշը ցույց է տալիս Փարաջանովի նկարներից մեկը, որտեղ վերջինս նայում է պատուհանի ճաղերից: Լուսանկարիչը հիշում է, որ այդ ժամանակ նա ուզում էր գաղտնի լուսանկարել, սակայն հենց այդ ժամանակ Փարաջանովը, ով իրականում տեսել էր նրան, նայում է օբյեկտիվին: Ինչպես Յ. Գարմաշն է մեկնաբանում` նա ամեն ինչ տեսնում էր:

Այն հարցին, թե ինչ է մնացել այս կադրերի հետևում, Յ. Գարմաշը պատասխանում է.

«Կադրի հետևում մնացել է 99.9%-ն այն ամենի, ինչն ինձ կապում է Փարաջանովի հետ: Ես լավ հասկանում եմ ֆիլմերը` ինչպես են դրանք սարքել, գեղանկարչությունը` ինչպես է այն նկարվել, ինչ է կոլորիտը, կոմպոզիցիան և այլն, բայց երբ ես նայում եմ նրա աշխատանքներին, մանավանդ կոլաժներին, ես չեմ պատկերացնում` ինչպես է այդ մարդը կարողացել այդ ամենը ստեղծել նման երևակայությամբ»:  

Ինչպես է Փարաջանովը դիմավորել Իվոնա դը Գոլին

Այնուհետև Յ. Գարմաշը հիշում է Փարաջանովի հետ կապված դեպքերից մեկը. ինչպես է նա դիմավորել Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլի կնոջը` Իվոնա դը Գոլին, երբ վերջինս Ուկրաինայում էր և որոշում է այցելել ռեժիսորին: Այդ ժամանակ Փարաջանովն անջատում է իրենց շենքի մուտքի լույսերը և վերելակի հոսանքը, վերցնում հարսանեկան արարողությունների համար նախատեսված հարյուր խոշոր մոմ, այնուհետև վառում դրանք առաջին հարկից մինչև յոթերորդ հարկը, որտեղ գտնվում էր իր բնակարանը: Իսկ մոմերով լուսավորված այդ ամբողջ ճանապարհը Փարաջանովը զարդարում է վարդի թերթիկներով:

Այժմ այդ տունը, որտեղ ապրել է Փարաջանովը, ապրում է ռեժիսորի հետ առնչություն չունեցող այլ ընտանիք. Փարաջանովի ձերբակալությունից հետո այդ տունը վաճառվել է: Չնայած վերջին տարիներին Ուկրաինայում մի շարք արվեստագետներ հաճախ հարց են բարձրացնում՝ Կիևում ստեղծել Ս. Փարաջանովի անվան տուն-թանգարան, սակայն այդ գաղափարը դեռևս չի իրագործվել: Այդ գաղափարի ջատագովներից մեկն էլ Յ. Գարմաշն է, ով առաջարկում է հետ գնել այն բնակարանը, որտեղ տարիներ առաջ ապրել է Փարաջանովը և այնտեղ էլ հիմնել տուն-թանգարանը: Սակայն, Ուկրաինայում տեղի ունեցող քաղաքական գործընթացների հետևանքով այս հարցը դեռևս հետին պլանում է:

Փարաջանովի աշակերտն ասում է, որ տարիներ անց, երբ Փարաջանովն այլևս չկա, բայց հանկարծ նա հնարավորություն ունենար նրան որևէ հարց տալ, ապա նա ոչինչ էլ չէր հարցնի:

«Ես պարզապես կլսեի և կնայեի նրան»,- ասում է Յ. Գարմաշը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter