HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Արքաները կգան ու կգնան, կրոնները կփոխվեն, սակայն հայ գիրը, լեզուն կմնա

Դրամատուրգ Գեւորգ Սարգսյանի «Մեսրոպ Մաշտոց» պիեսի հիման վրա նույնանուն ներկայացման ծնունդը բեմադրիչ, դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը համարում է ժամանակի հրամայականը:

«Ինչպես այն ժամանակ, հիմա էլ կա լեզվամտածողության խնդիր: Եթե 5-րդ դարում սեփական գիրն ունենալը դարձել էր ազգապահպանության միակ միջոցը, ապա հիմա այդ նույն գիրն ու լեզուն չգնահատելը, սեփական պատմությունն անտեսելն` ազգը կորցնելու, օտարների հետ ձուլման վտանգների առաջ է կանգնեցրել մեզ»,-մտահոգությունն է կիսում բեմադրիչը:

«Մեսրոպ Մաշտոց» պիեսը դրամատուրգ Գեւորգ Սարգսյանի չբեմադրված գործերից է: Հայ գիրը ստեղծողի մասին Ալեքսանդր Արաքսմանյանի պիեսը Հովհաննես Հովհաննիսյանը չի հավանել` սոցռեալիզմի կանոններով գրված լինելու պատճառով: Իսկ Սարգսյան դրամատուրգի մոտ ռեժիսորին հրապուրել է «անձի» գաղափարը: «Ինձ դուր եկավ հեղինակի հորինվածքը, որ Մեսրոպ Մաշտոցը բոլորի նման երիտասարդ է եղել, սիրած աղջիկ է ունեցել, ում հրաժեշտ է տվել՝ վերադառնալու պայմանով, սակայն ամբողջովին նվիրվել է ազգապահպան գործին»,-ասում է Հովհաննես Հովհաննիսյանը:

Բեմում ծավալվող դեպքերը հանդիսատեսին տանում են հեռավոր 5-րդ դար: Իրադարձությունների կիզակետում Վասպուրականի Գողթն գավառն է: Քրիստոնեության ընդունումից անգամ 80 տարի անց էլ Աստծո խոսքը մնում է անհասանելի ու անհասկանալի սովորական հավատացյալի համար: Կրոնական ծեսերը եկեղեցիներում կատարվում է հունարեն կամ ասորերեն լեզվով:

Հայ քահանաներն Աստվածաշունչն ընթերցում ու մեկնություններ են անում օտար լեզվով: Քրիստոնեությունը ժողովրդական լայն զանգվածների մեջ ամրապնդելու համար բանավոր խոսքը բավարար չէր՝ սա հասկանում էր թե Վռամշապուհ արքան, թե Սահակ Պարթեւ կաթողիկոսը: Անհրաժեշտ էր հայերեն թարգմանել «Աստվածաշունչը» եւ քրիստոնեական գրականությունը, ինչպես նաեւ հայոց բազմադարյան բանահյուսության գոհարները:

Հենց այդ աստվածահաճո գործին էլ լծվում է Մեսրոպ Մաշտոցը: Վռամշապուհ արքայի օգնությամբ Վաղարշապատ են բերվում այսպես կոչված Դանիելյան հայկական գրերը, սակայն պարզվում է, որ դրանք չեն համապատասխանում հայերենի հնչյունական համակարգին: Հայոց գրերը ստեղծելու նպատակով Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ ճանապարհ է ընկնում Ասորիքի Ամիդ, Եդեսիա և Սամոսատ քաղաքներ: 405թ.-ին Մաշտոցը ստեղծում է հայոց գրերը: Ասորիքում Մաշտոցն ու նրա աշակերտները թարգմանում են  Աստվածաշնչի որոշ հատվածներ և վերադառնում հայրենիք:

Այս ամենը բեմադրիչ Հովհաննես Հովհաննիսյանը փորձել է խտացնել երկմասանոց ներկայացման մեջ, որ հանդիսատեսի դատին հանձնվեց հուլիսի 13-ին: Դերասանների ընդգրկվածության եւ մասսայական տեսարանների առումով ներկայացումը բավական լայնամասշտաբ էր ստացվել: Հիմնական դերասանական կազմը 27 հոգի են: Մոտ երկու ժամ տեւող ներկայացման մեջ ընդգրկված են, թե Գյումրու դրամատիկական թատրոնի դերասանները, թե թատերական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի սաները: Ընդհանուր առմամբ մոտ 70 հոգի են զբաղված ներկայացման հիմնական եւ մասսայական տեսարաններում:

Մեսրոպ Մաշտոցի դերում ՀՀ վաստակավոր արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Խաչիկ Բադալյանն է: Վռապ Շապուհ արքայի դերը վստահվել է երիտասարդ դերասան Տիգրան Գաբոյանին, Սահակ Պարթեւի դերում ներկայացման ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանն է: Արդյո՞ք չի խանգարում դերասան Հովհաննիսյանը, բեմադրիչ Հովհաննիսյանին: Հարցը զրուցակցիս համար անակնկալ չէ: Ասում է, որ սովորաբար դատապարտում է այն բեմադրիչներին, ովքեր խաղում են իրեց իսկ բեմադրած ներկայացումներում:

Մ.Մաշտոց Ս. Պարթեւ

«Ես վերցրեցի Սահակ Պարթեւի դերը, որ ընդամենը մի քանի դրվագներում է երեւում եւ շատ աշխատատար չէր: Փոքր դեր է ու դա հնարավորություն տվեց ինձ լիարժեք զբաղվել ռեժիսուրայով: Պատճառը, որ ես խաղում եմ այս ներկայացման մեջ, որքան էլ տարօրինակ կարող է հնչել, իմ տարիքի դերասանների պակասն է: Ուրիշ խնդիր չկա, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ որպես բեմադրիչ աշխատում եմ 70 հոգու հետ: Ներկայացման դրական կողմերից մեկն էլ այն է, որ հնարավորություն է տալիս երիտասարդ սերնդին հանդես գալ փորձառու դերասանական կազմի հետ կողք-կողքի նույն բեմի վրա: Նաեւ սովորում են, ինչու չէ»,-շեշտում է զրուցակիցս:

Ներկայացման աշխատանքները սկսել են փետրվարին: Երաժշտական ձեւավորումը Հովհաննես Հովհաննիսյանին է: Ընտրել է միայն հայ երգահանների ստեղծագործություններ՝ Գրիգոր Եղիազարյան, Էդգար Հովհաննիսյան, Ալան Հովհաննես: Ներկայացման նկարչական ձեւավորումը կատարել է Լուսինե Խաչատրյանն, ում հետ ռեժիսորն աշխատել է նաեւ Այգեկցու «Խելոքներն ու հիմարները» պիեսի վրա:

Ներկայացման կոմերցիոն ուղղվածության մասին բեմադրիչը չի մտածել: Իհարկե, նախքան պիեսը հաստատելն այդ հարցը քննարկվել է, սակայն թատրոնն ի վերջո գնացել է բավական համարձակ քայլի՝ բեմ բարձրացնելով պատմական մի գործ, որի խաղացանկում լինել-չլինելու հարցը կախված է լինելու գյումրեցիների առաջնախաղի ընդունելությունից:

«Գեղխորհրդում պատճառաբանում էին, թե պիեսը թույլ է, դրամատուրգիական հենքը թույլ է, սակայն նկատենք, որ ասելիքն է այս պիեսի շատ հզոր: Դարեր առաջ  հասկացել էին, որ արքաները կգան ու կգնան, կրոնները կփոխվեն, սակայն հայ գիրը, լեզուն կմնա: Ցավոք, ներկայում, հայ ժողովրդի մեջ տեղ գտած օտարամոլությունը լեզվամտածողության հարցում սկսել է գերիշխել եւ մենք հեշտորեն կորցնում ենք այն, ինչ դարեր առաջ մեծ դժվարությամբ է տրվել մեզ: Համոզված եմ, որ ներկայացումը տեղին է եւ ասելիք ունի»:

Առաջնախաղից հետո «Մեսրոպ Մաշտոց» ներկայացումը կրկին բեմ կբարձրանա սեպտեմբերին: Հովհաննես Հովհաննիսյանը վստահ է, որ իրենց հանդիսատեսը հատկապես դպրոցականներն ու ուսանողներն են լինելու եւ ներկայացումը բաց դասի տարբերակով շատ կրթական հաստատություններ կընդգրկեն իրենց ծրագրերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter