HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանկաբարձ-գինեկոլոգների հետ հանդիպումները նաև կանխարգելիչ նշանակություն ունեն

Էմմա Պետրոսյան 

ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված չափորոշիչը, որը գործածումից դուրս է եկել 2013թ., ասում է, որ կանանց կոնսուլտացիաների այն մանկաբարձ-գինեկոլոգները, ում միջոցով սպասարկվում են նաև կցված բուժակ-մանկաբարձական կետերն ու բժշկական ամբուլատորիաները, պարտավոր են եռամսյակը մեկ տեղում կատարել հղիների և կանանց ընդունելություն: Չափորոշիչը կասեցվել է` հաշվի առնելով մի շարք հանգամանքներ:

«Նախ գինեկոլոգիական բազկաթոռներ չկան, որոնք խիստ անհրաժեշտ են: Եթե անգամ մեր գործիքները մի կերպ հարմարեցնում ենք, իրենց ունեցած թախտերը որպես գինեկոլոգիական բազկաթոռներ ենք փորձում ծառայեցնել, մեկ է՝ չի ստացվում լիարժեք բուժզննում անցկացնել: Այս պահի դրությամբ համայնքներում նաև ջրի խնդիր կա, ամբուլատորիաներում ու բուժկետներում չեն կարողանում մշտապես հոսող ջուր ապահովել, ինչն անհրաժեշտ է գործիքները մշակելու համար: Բացի այդ, ոչ մենք, ոչ էլ իրենք չեն կարող ապահովել  իրենց միանգամյա օգտագործման գործիքները»,- նշում է Ալավերդու բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ, կանանց կոնսուլտացիայի վարիչ Ռոզա Մաճկալյանը:

Արևածագ համայնքի ամբուլատորիայում, բացի անհրաժեշտ գործիքների բացակայությունից, 2 տարի է՝ չկա նաև հոսող ջուր: Ամբուլատորիան գործում է գյուղապետարանի շենքի առաջին հարկում:

«Անպայման հոսող ջուր է պետք, որ եթե արդեն սկսենք վիրուսները և այլն որոշել, քսուքները վերցնել, անպայման պտի ջրի հարցը լուծվի: Գյուղապետը խոստացել է անցկացնել ջուրը»,- նշում է Արևածագ համայնքի ընտանեկան բժիշկ Օֆելյա Գևորգյանը: Հարցին, թե առանց ջրի ինչպես են աշխատել, Օֆելյա Գևորգյանը այսպիսի պատասխան տվեց . «Կրում էինք դույլով: Դե հոսող ջուր էր պետք, բայց դե շատ տեղ չկա, սանէպիդկայանում էլ չկա՝ օրինակ: Դե կամաց-կամաց կլվանանք էլի»:

Համայնքներում բնակվող կանանցից շատերը, սակայն, կարևորում են բժշկական ստուգումներն ու բժշկի հետ խորհրդակցությունները, քանի որ դրանք կանխարգելիչ նշանակություն ունեն: Արևածագ համայնքի բնակիչ Հերիքնազ Սարգսյանն, օրինակ, վստահ է, որ կանայք բժշկի դիմում են մեծ մասամբ այն դեպքում, երբ առողջական որևէ խնդիր են ունենում: Ինքը, սակայն, այն կանանց թվին է պատկանում, ովքեր բժշկի այցելում են նաև պարզապես խորհրդակցելու նպատակով: «21-րդ դարում, այս զարգացած դարում անհրաժեշտություն է կանանց արագ ու շուտ ստուգվելը, որովհետև կրծքի ու արգանդի վզիկի քաղցկեղը շատ տարածված է Հայաստանում հիմա: Շատ լավ կլինի, որ բժիշկները հաճախակի այցելություններ կատարեն, գոնե 3 ամիսը մեկ անգամ այցելեն»,- ասում է Հերիքնազ Սարգսյանը:

Մանկաբարձ-գինեկոլոգ, կանանց կոնսուլտացիայի վարիչ Ռոզա Մաճկալյանը ասում է, որ կա նաեւ մեկ այլ խնդիր`համայնքներում ընդունելությունների ժամանակ քիչ թվով կանայք են ներկայանում: Արևածագի ամբուլատորիան, օրինակ, թեև սպասարկում է նաև հարևան` Ծաթեր, Մղարթ և Կարմիր Աղեկի գյուղերին, սակայն քիչ թվով կանայք են ներկայանում կոնսուլտացիաների: Ամբուլատորիայի աշխատակիցներն էլ որոշել են մեկ-երկու այցելուի համար «իզուր» նեղ մասնագետներին գյուղ չհրավիրել:  

«Մենք մտածել ենք` ինչ կարիք կա մի հղիի համար, իհարկե, եթե հղիության նորմալ ընթացք է և անհրաժեշտություն չկա այցի, նեղ մասնագետի հրավիրել: Չի եղել դեռ էդպիսի  դեպք, որ անհրաժեշտություն լինի, նեղ մասնագետները հրաժարվեն: Այ էդ ձևով ենք մտածել, որովհետև ազգաբնակչությունը քիչ է, նեղ մասնագետները մեկն են կամ երկուսը, իզուր ինչի համար ամբողջ օրը կտրվեն աշխատանքից, գան հասնեն էստեղ: Մենք մտածեցինք, որ էդպես ավելի ճիշտ կլինի, այսինքն` ես ուղեգրում եմ այցելուներին, իհարկե բացի շտապ դեպքից: Եթե շտապ դեպք լինի, անպայման մասնագետին կկանչենք, կկազմակերպվի պոլիկլինիկայի կողմից»,- նշում է Օֆելյա Գևորգյանը:

Սակայն նույն համայնքի բնակիչ Հերիքնազ Սարգսյանն էլ այլ կարծիքի է, որ գինեկոլոգների հետ կոնսուլտացիաներն անհրաժեշտ են ոչ միայն ստուգման կամ առողջական խնդիրների առկայության դեպքում, այլ նաև` պարզապես խորհրդակցման:  «Մանավանդ 50 տարեկանից հետո կանանց մոտ, ինձ թվում է, անհրաժեշտություն է գինեկոլոգի հետ զրուցելը, որովհետև կանացի շատ պրոբլեմներ են լինում էդ ժամանակ, թեկուզ բուժզննում չլինի, թող լինի նաև հարցազրույց` քո պահանջներն ասես, քեզ խորհուրդներ տան, դա էլ մեծ նշանակություն ունի»,- ասում է Հերիքնազ Սարգսյանը:

Հերիքնազ Սարգսյանը Արմինե Հովհաննիսյան

Սակայն միշտ չէ, որ գյուղի կանայք քաղաք են հասնում` հետազոտվելու կամ բժշկի հետ խորհրդակցելու համար: Մինչեւ «դանակը ոսկորին չի հասնում», ոչ ոք բժշկի դուռը չի թակում, ուր մնաց թե պարզապես խորհրդակցելու համար գյուղի կանայք, գործը թողած, քաղաք հասնեն: Տվյալ դեպքում ժամանակի կորստին գումարվում է նաև «ավելորդ» ֆինանսական ծախսերի անհրաժեշտությունը: Թեև ընդունելությունն անվճար է, սակայն բժշկական կենտրոն հասնելու համար նաև ճանապարհածախսն է պետք հոգալ:

«Գործի բերումով չենք կարողանում շուտ-շուտ գնալ, մանավանդ, որ դա կապված է նաև գումարի հետ, որ պտի գնան ուրիշ տեղ: Իսկ եթե գան մեր մոտ, ինձ թվում է` դա շատ լավ կլինի, կանայք կգնան հաճախակի կստուգվեն: Եվ ինձ թվում է` պրոբլեմները կկրճատվեն կանանց մոտ»,- ասում է Հերիքնազ Սարգսյանը:

Վերջինիս համագյուղացի Արմինե Հովհաննիսյանն էլ իրենց համայնքում կազմակերպված գինեկոլոգների հետ հանդիպումներին հաճախել է, հիմա, սակայն, ժամանակ չի գտնում քաղաք գնալու համար: «Լավ կլինի, որ, իրոք, երեք ամիսը մեկ այցելեն, որովհետև ճանապարհների առումով և ընդհանրապես`կանայք հնարավորություն չունեն այցելել մեր տարածաշրջանի հիվանդանոց: Որ տեսակետից էլ լինի`լավ կլինի, որ գյուղ շուտ-շուտ այցելեն նեղ մասնագետները»,- նշում է Արմինե Հովհաննիսյանը:

Ալավերդու բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ, կանանց կոնսուլտացիայի վարիչ Ռոզա Մաճկալյան էլ հենց այդպիսի պատասխան էր ակնկալում համայնքների բնակիչներից:  

Ռոզա Մաճկալյան

«Ճիշտ է` երբ որ դուք համայնքներում բնակվող կանանց հանդիպեք, իրենք իրենց առողջության համար կասեն` թող գան մեզ մոտ, մեր տներում ամեն ինչը հետազոտեն, ասեն:  Բայց իրականում չեն գալիս: Եթե ստեղից մենք մասնագետներով, սարքավորումներով գնում հասնում ենք գյուղ, 3-5 մարդ է հավաքվում միայն: Եվ այդ մարդկանց ընդունելությունը կազմակերպում են մեր ներկայությամբ, այսինքն` մենք գնում հասնում ենք համայնք, նոր էնտեղի աշխատակիցները սկսում են մարդիկ հավաքել: Բայց չէ՞ որ նախապես տեղյակ են եղել այցելության մասին»,- ասում է Ռոզա Մաճկալյանը:

Ստացվում է, որ սակավաթիվ կանայք են ներկայանում այցելությանը, համապատասխան պայմանների բացակայության պատճառով մասնագետները զննում անցկացնելուց հետո նրանց ուղեգրում են Ալավերդու բժշկական կենտրոն` լիարժեք հետազոտություն անցկացնելու և անհրաժեշտության դեպքում` բուժում նշանակելու համար: Երբ այս բուրգը շրջում ենք` ստացվում է, որ ավելի նպատակահարմար է առանց ավելորդ քաշքշուկների` գյուղի կանանց միանգամից ուղեգրել Ալավերդու բժշկական կենտրոն` խնայելով և ժամանակ, և ֆինանսական միջոցներ, քանի որ հատուկ մասնագետների եռամսյակային այցելություններ կազմակերպելու համար բուժակ-մանկաբարձական կետերի ու ամբուլատորիաների բյուջեից է գումար տրամադրվում:

«Գիտեք ոնց` եթե գրվածը մենք կատարենք պարզապես որպես գրված`ռոբոտային համակարգով, այսինքն՝ միայն ըստ չափորոշիչի, բա էլ ինչի՞ համար ենք աշխատում: Ճիշտ է, նախարարությունն է կազմում չափորոշիչները, բայց ինքն անմիջապես ժողովրդի հետ չի աշխատում: Իսկ մենք, ժողովրդի հետ աշխատելով, հարցեր ենք բարձրացնում, որը ներկայացնում ենք իրենց: Մեր համագործակցության արդյունքում տարեցտարի չափորոշիչները կվերանայվեն և արդյունք կտան»,- նշում է Ռոզա Մաճկալյանը: Վերջինս հավելում է նաև, որ իրենք նախարարության ներկայացուցիչների հետ հաճախակի հանդիպումներ և սեմինարներ են ունենում, որոնց ընթացքում էլ ներկայացվում են կատարած աշխատանքի արդյունքները և այն բոլոր նկատառումներն ու առաջարկները, որ իրենք նկատել են: Նույնը նաև` բուժակ-մանկաբարձական կետեր ու բժշկական ամբուլատորիաներ կանանց կոնսուլտացիաների մանկաբարձ-գինեկոլոգների եռամսյակային այցելություններ կատարելու չափորոշիչի դեպքում. նկատառումներն ու առաջարկներն արդեն ներկայացված են, 2014թ. չափորոշիչը կազմելու դեպքում դրանք հաշվի կառնվեն: «Առաջին բանը, որին պետք է ուշադրություն դարձնեն չափորոշիչը կազմելու դեպքում` բուժակ-մանկաբարձական կետերն ու բժշկական ամբուլատորիաները վերազինելն է,- նշում է Ռոզա Մաճկալյանը: Ըստ նրա` միայն այդ դեպքում եռամսյակային այցելություններն իրենց նպատակին կծառայեն:

«Ես վերազինումը նկատի չունեմ տեխնիկական նորամուծություններին համապատասխան կամ, օրինակ, մեր հիվանդանոցի արտաքին տեսքն ու վերազինումը, չէ, պարզապես մինիմալ պայմանների ապահովում, որն անհրաժեշտ է մանկաբարձ-գինեկոլոգներին նշված աշխատանքները կատարելու համար: Ու նաև տեղերում իրազեկում անցկացնեն: Եթե իրազեկման համար մեր կարիքը լինի, պատրաստ ենք աջակցել: Մենք պետք է մեր բնակչությանը հասանելի դարձնենք բոլոր կարևոր կետերը, որպեսզի իրենք էլ ավելի լրջորեն մոտենան իրենց առողջությանը»,- ասում է մանկաբարձ-գինեկոլոգ, կանանց կոնսուլտացիայի վարիչ Ռոզա Մաճկալյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter