HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դսեղի բյուջեն հիմնականում ծառայեցվել է սոցիալական օգնություններին

Լոռու մարզպետարանի վարչական հսկողություն իրականացնող հանձնաժողովը  2014թ.-ի 1-ին եռամսյակում վարչական հսկողություն է իրականացրել Դսեղ համայնքում: Հսկողությամբ բացահայտվել է, որ համայնքի  ավագանու 2012թ.  որոշումների  արձանագրությունների մատյանը (հունվարի 1-ից  մինչեւ նոյեմբերի 25-ը) չի պահպանվում: Հանձնաժողովն արձանագրել է նաեւ, որ համայնքի բյուջեի ծախսերի մեջ տեսակարար կշիռ են կազմում վճարված սոցիալական օգնությունները:

«2011թ.-ին  այն կազմել է 11,7 մլն դրամ, որը բյուջեի ծախսերի 33%-ն է, իսկ 2014թ. բյուջեով սոցիալական օգնությունների համար նախատեսվել է 3,6 մլն դրամ»,- արձանագրել է վարչական հանձնաժողովը: Հանձնաժողովը Դսեղի համայնքապետ Նորիկ Քոչարյանին հանձնարարել է օգնությունները վճարել խիստ կարիքավորներին, նվազեցնել միանվագ վճարվող օգնության գումարների եւ ուսման վճարների չափերը եւ բյուջեի միջոցներն ուղղել ընդհանուր համայնքային կարիքները հոգալուն:

Հիշեցնենք, որ մարզպետարանի վարչական հսկողություն իրականացնող հանձնաժողովը 2011թ.-ին նույնաբովանդակ հանձնարարություն տվել էր նաեւ Դսեղի նախկին համայնքապետին, սակայն սոցիալական օգնությունների բաշխման հարցում Դսեղում առ այսօր ոչինչ չի փոխվել: Վերջին տարիներին Կառավարությունը համայնքապետերից անվերապահորեն պահանջում է 100% հավաքագրել բյուջեի եկամուտները: Հրահանգն ամեն գնով կատարելու համար   Լոռու մարզի շատ համայնքներում (նաեւ` Դսեղ, Լորուտ), համայնքապետերի խնդրանքով, ուսանողների ուսման վարձերը որպես հողի հարկ գյուղացիները  մուտքագրում են համայնքի բյուջե: Այս կերպ արհեստականորեն ապահովվում է  հողի հարկի հավաքագրումը, սակայն այդ գումարները չեն  օգտագործվում համայնքի կարիքների համար, այլ որպես սոցիալական օգնություն վերադարձվում են ուսանողներին:

Վարչական հանձնաժողովն արձանագրել է, որ դսեղցիներին վճարվել են  անհամեմատ բարձր միանվագ սոցիալական նպաստներ: Ավագանու 2014թ.-ի  փետրվարի 25-ի թիվ 11 որոշմամբ 200 հազար դրամ սոցիալական օգնություն է տրվել դսեղցի Վրույր Շաքարյանին, 120 հազար դրամ` Էմմա Հախվերդյանին:    Ավագանու մեկ այլ որոշմամբ` 270 հազար դրամ դրամական  օգնություն է ստացել  Գագիկ Անտոնյանը, եւս 85 հազար դրամ վճարվել է վերջինիս աղջկան` Արուս Գագիկի Անտոնյանին: Դսեղցի Անժելա Չոփուրյանը ստացել է 240 հազար դրամ,  Վանուհի Եղիկյանը` 210 հազար դրամ, Թամարա Մխիթարյանը` 125 հազար դրամ,  Նելյա Սահակյանը` 110 հազար, Ժենյա Քոչարյանը` 130 հազար դրամ, Մանվել Հախվերդյանը` 100 հազար, Ռաֆիկ Հովակիմյանը` 90 հազար  դրամ սոցիալական օգնություն եւ այլն: 

Դսեղի ավագանին չի հիմնավորել օգնություն ստացողների սոցիալապես կարքավոր լինելու հանգամանքը: Վարչական հանձնաժողը Դսեղում հսկողություն իրականացնելիս շրջանցել է այս փաստերը, սակայն համայնքապետից պահանջել է նվազեցնել միանվագ սոցիալական վճարների գումարները եւ ուսանողների վարձերը:

Դսեղի համայնքապետն, արդյոք, չի՞ շարունակել սոցիալական օգնությունները բաշխելու Դսեղի  հին ավանդույթները: Նորիկ Քոչարյանն այսօր մեզ հետ  զրույցում  հերքեց ուսանողների ուսման վարձավճարներն իբրեւ հողի հարկ համայնքի բյուջե մուտքագրելու մեթոդը կիրառելը:

Այսուհանդերձ, Դսեղի բյուջեի 2013թ. եկամուտների հավաքագրումը 2014թ.-ի հունվարի 1-ի դրությամբ  կազմել է  89,5%:  Այս ցուցանիշն ապահովելու համար, համայնքապետի առաջարկությամբ, Դսեղի ավագանին 2013թ.-ի մայիսի 6-ի թիվ 24 որոշումով համայնքի 2013թ.-ի բյուջեի գյուղատնտեսական նշանակության  հողերի  նախատեսված 11 մլն 994 հազար 6 հարյուր  դրամ եկամուտները նվազեցրել է 3 մլն 850 հազար դրամով եւ բյուջեում  հողի հարկի եկամուտները սահմանել է 8 մլն 144 հազար 600 դրամ: Վարչական հանձնաժողովը չի արձանագրել այս փաստը:

Թեեւ Դսեղում ընդերք չի օգտագործվում, իսկ բնապահպանական խնդիրները բացառապես կապվում են ապօրինի անտառահատումների հետ, այսուհանդերձ Լոռու մարզպետարանի վարչական հսկողություն իրականացնող հանձնաժողովը նպատակահարմար է համարել Դսեղում ուսումնասիրել նաեւ ընդերքօգտագործումը եւ դրանից բխող բնապահպանական խնդիրները: Այստեղ էլ վարչական հանձնաժողովն արձանագրել է, որ Դսեղի վարչական տարածքում սպառված հանքավայրեր չկան, բնապահպանական գործառույթներ էլ չեն իրականացվել:

Վերահսկողության արդյունքների վերաբերյալ Դսեղի համայնքապետ Նորիկ Քոչարյանն առարկություններ  չի ներկայացրել: 

Մեկնաբանություններ (1)

Վ...........
Անտառահատումները, քարհանման աշխատանքները Դսեղում մոլեգնում են...Ո՞վ է վերահսկողը...Կա ընտանիք, որտեղ հայրը հիվանդ է, մայրն այստեղ-այնտեղ բանվորություն անելով է ծայրը ծայրին հասցնում, բայց սոցիալական ոչ մի օգնություն չի հատկացվում: Աղջիկն ուսանող է, մի կերպ են ապրում, անչափահաս տղան բանվորություն է անում: Համայնքապետին կառաջարկեի գոնե նվազագույն օգնություն ցուցաբերել սոցիալապես իրո՛ք կարիքավոր նմանատիպ ընտանիքներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter