HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Կիմ Կի Դուկը Երևանում տեսել է նաև աղքատություն. Հայաստանում և Կորեայում պատկերները նույնն են

«Բարև ձեզ, ես կորեացի ռեժիսոր Կիմ կի Դուկն եմ»,- այսպես ներկայացրեց իրեն Կիմ Կի Դուկը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Բացի լրագրողներից, կորեացի անվանի ռեժիսորի հետ հանդիպմանը եկել էին թե́ ուսանողներ, թե́ արվեստագետներ, թե́ կինոսերներ, թե́ Կիմ Կի Դուկի արվեստի սիրահարներ: Սա այն եզակի ասուլիսներից էր, որի ժամանակ լի էր ամբողջ դահլիճը: Կիմ Կի Դուկը Երևան է ժամանել «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի շրջանակներում:

Հարավկորեացի այս ռեժիսորի շնորհիվ Արևմուտքը ճանաչեց կորեական կինոն ու բացահայտեց Հարավային Կորեան: Նա նկարահանել է քսան ֆիլմ, որոնցից մի քանիսը դարձել են միջազգային հեղինակավոր փառատոների դափնեկիրներ: Ռեժիսորը հաճախ է լսում, որ իր ֆիլմերում դաժանության չափաբաժինը մեծ է: Բայց նա կարծում է, որ ինքը պարզապես ներկայացնում է կյանքը, որն ունի և́ լավ, և́ վատ կողմեր: Ինչպես իր «Գարուն, ամառ, աշուն ձմեռ և … նորից գարուն» ֆիլմում է ռեժիսորը պատկերել, տարվա եղանակների պես փոփոխվում է նաև մարդու կյանքը: Եվ եթե անգամ նա ներկայացնում է վատը, դա չի անում միտումնավոր: Պարզապես իր ֆիլմերի միջոցով ցանկանում է ցույց տալ այն, ինչ նա ապրել է և այն, ինչ գոյություն ունի կորեական իրականությունում: Կիմ Կի Դուկն իր ֆիլմերի ոչ միայն ռեժիսորն է, այլև սցենարիստը և մի մասի պրոդյուսերը:

Կիմ Կի Դուկը խոստովանում է, որ նախքան Հայաստան գալը այս երկրի մասին ոչինչ չգիտեր: Սակայն գալուց առաջ համացանցում կարդացել է Հայաստանի պատմության և մշակույթի մասին: Իսկ Երևանում գտնվելու ընթացքում ազատ ժամանակն օգտագործել է` քայլելով Երևանի փողոցներով: Այդ զբոսանքների ընթացքում հասցրել է տեսնել ոչ միայն քաղաքի կենտրոնը, այլև տեղի աղքատ խավին ու եզրակացրել, որ Կորեայում և Հայաստանում պատկերները գրեթե նույնն են: Այդ պատճառով էլ նա ցանկանում է հետագայում ուսումնասիրել Հայաստանը: Իսկ իր մամուլի ասուլիսը Կիմ Կի Դուկը որոշեց եզրափակել կորեական ազգային երգի կատարմամբ:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հետահայաց ցուցադրությունների» շարքում ներկայացվելու են Կիմ Կի Դուկի 6 ֆիլմերը (http://www.gaiff.am/hy/Retrospectives/sub/3548): Իսկ կորեացի ռեժիսորի «Հետահայաց ցուցադրությունների» բացումը կատարվեց «Պիետա» ֆիլմով: 2012թ. ստեղված այս ֆիլմն արժանացել է Վենետիկի ՄԿՓ-ի գլխավոր մրցանակին` «Ոսկե առյուծին»: Ֆիլմը նաև մրցանակներ է ստացել ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Չինաստանում, Ավստրալիայում, Դուբայում, Պորտուգալիայում: Նախքան ֆիլմի դիտումը Կիմ Կի Դուկը բարձրացավ բեմ` ողջունելու իր հանդիսատեսին: Նա նշեց, որ երկար ժամանակ է մտածել, թե ով է մայր արարածը, որի արդյունքում ծնվել է այս ֆիլմի սցենարը: Բայց սա ոչ թե բարի կամ փափկասիրտ մոր, այլ վրիժառու մոր պատմություն է: Փառատոնի շրջանակներում ցուցադրվելու են նաև նրա «Դատարկ տունը», «Հասցեն անհայտ է», «Առափնյա պարեկ», «Կղզին», «Գարուն, ամառ, աշուն ձմեռ և … նորից գարուն» ֆիլմերը:

Կիմ Կի Դուկը խոստովանեց, որ իրականում շատ հուզված է, քանի որ այդքան մարդ եկել էր թե́ իր ասուլիսին, թե́ իր ֆիլմի կինոդիտմանը: Ռեժիսորն ուրախ է, որ Հայաստանում իր ֆիլմերով հետաքրքվող այսքան մարդ կա և հույս ունի, որ շուտով այդ հանդիսատեսի դատին կներկայացնի իր նոր ֆիլմը:     

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում Կիմ Կի Դուկին է հանձնվել «Փարաջանովյան թալեր» մրցանակը, որը տրվում է համաշխարահային կինոյում ունեցած վաստակի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter