HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Զգուշանալ խարդախների՞ց, թե՞ նրանց աջակցող իրավապահներից

40-ամյա Աբրահամ Ալավերդյանն արդեն հասցրել է դատապարտվել 6 անգամ: Օրերս նրա վերաբերյալ 7-րդ քրեական գործն է ուղարկվել Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

«Աբրահամ Ալավերդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մորը՝ Ռոզա Զաքարյանին պատկանող Նորքի 2 զանգվածի Թոթովենցի 7 շենքի 22 բնակարանը աճուրդով վաճառելու նպատակով վերջինիցս պահանջել է իրեն տրամադրել համապատասխան լիազորագիր, սակայն մերժում ստանալուց, 2014թ. ապրիլի 8-ին ժամը 15:00-ի սահմաններում հիշյալ բնակարանում ծեծի է ենթարկել նրան` առողջությանը դիտավորությամբ պատճառելով թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ»,- ասվում է մեղադրական եզրակացության մեջ:  

Ինչո՞ւ է անհրաժեշտ հաստատել Ռոզա Զաքարյանին ծեծի ենթարկելու փաստը

Ապրիլի 8-ին Ռոզա Զաքարյանն ու Աբրահամ Ալավերդյանը միասին գնացել են նոտարական գրասենյակ, եւ Ռոզա Զաքարյանը որդուն լիազորագիր է տվել իր` Նոր Նորքի 2 զանգվածի Թոթովենցի 7 շենքի 22 բնակարանը վաճառելու համար: Ռոզա Զաքարյանը լիազորագիրը տվել է որդուն այն ժամանակ, երբ իր մեկ սենյականոց բնակարանի համար գնորդ էր հայտնվել եւ պայմանավորվել էին իրականացնել առքուվաճառքը: Նոտարը վավերացրել է լիազորագիրը, քանի որ Ռ. Զաքարյանի ծեծված լինելը նկատելի չի եղել նոտարի համար, նրա մարմնական վնասվածքները, ինչպես քննիչն է արձանագրել, «թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող» են եղել:

Որդին այդ լիազորագրով 2014թ. ապրիլի 9-ին բնակարանի առքուվաճառք է իրականացրել Կենտրոնի նոտարական գրասենյակներից մեկում: Գնորդը՝ Երեւան քաղաքի բնակիչ Գոհար Աբրահամյանը, Նոր Նորքի 2 զանգվածի Թոթովենցի 7 շենքի 22 բնակարանը վաճառելու մասին հայտարարությունը կարդացել էր www.list.am ինտերնետային կայքում, զանգահարել էր հայտարարությունը տեղադրած «Սամ Էլիտ» անշարժ գույքի գործակալություն եւ նույն օրը գործակալի հետ գնացել էր բնակարանը տեսնելու:

«Դուռը բացեց տան սեփականատեր Ռոզա Զաքարյանը, որին բարեւեցինք եւ ներս մտանք: Նա տանը մենակ էր, ցույց տվեց բնակարանը, խորհուրդներ տվեց, թե բնակարանը գնելու դեպքում ինչ ձեւափոխություններ կարելի է անել: «Տես՝ աղջիկ ջան, պետական վիճակ է, գազը տեղափոխել եմ պատշգամբ, խոհանոցում մահճակալ եմ տեղադրել ու սարքել եմ ննջասենյակ»,- ասաց նա: Ինձ նաեւ հետաքրքրում էր, թե բնակարանը լվացք փռելու պարան ունի՞, թե՞ ոչ, ինչին տկն Ռոզան դրական պատասխանեց եւ բացելով պատուհանը ցույց տվեց այն: Ապա ցույց տվեց սեփականության իրավունքի վկայականի բնօրինակը, որպեսզի համոզվեմ, որ ինքն է բնակարանի սեփականատերը»,- պատմում է բնակարանի գնորդ Գոհար Աբրահամյանը:

Վերջինիս ասելով՝ առանձնապես չի հավանել բնակարանը եւ դուրս գալուց հետո անշարժ գույքի գործակալ Սերգեյին հայտնել է, որ բնակարանն այնքան էլ չի հավանել, քանի որ վերանորոգված չէ:

«Սերգեյը զանգահարեց ինչ-որ մեկին, այդ մասին ասաց նրան եւ սկսեց սակարկել: Արդյունքում՝ համաձայնության եկանք 26.000 ԱՄՆ դոլարի շուրջ, գումարած գործակալին վճարվելիք 417.000 դրամը»,- պատմում է Գ. Աբրահամյանը:

Ապա պայմանավորվում են եւ նույն օրը ժամը 19:00-ի սահմաններում հանդիպում են գործակալի հետ ու գնում Երեւան քաղաքի Սարյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Սամ Էլիտ» անշարժ գույքի գործակալություն՝ առքուվաճառքի գործարքը նախապատրաստելու համար: «Ինձ ասել էին, որ գործարքի համար պետք է տկն Ռոզան գա, սակայն մոտ կես ժամ սպասելուց հետո եկավ Շիրակ Ավետիսյանը, որին դիմում էին Շիրազ անունով եւ ներկայացավ Ռոզա Զաքարյանի եղբոր որդի: Այդ ժամանակ ներս մտավ գործակալության ղեկավար Արման Դավթյանը եւ ես հարցրեցի, թե ինչու տկն Ռոզան չի եկել: Շիրազն ինձ ասաց, որ նրա ճնշումը բարձրացել է, դրա համար չի կարող գալ: Նա պայուսակից հանեց տկն Ռոզայի բնակարանի սեփականության վկայականի բնօրինակն ու անձնագիրը, ասելով՝ «տեսեք, տվել է ինձ եւ ես իր փոխարեն եմ եկել»:

Կանխավճարը տալուց մի քանի օր հետո` ապրիլի 9-ին, գործակալ Սերգեյը զանգել է Գ. Աբրահամյանին, պայմանավորվել են ժամը 13:30-ին հանդիպել իրենց գրասենյակում ու միասին գնալ նոտարական գրասենյակ: «Երբ գնացի նոտարի մոտ, պայմանագիրն արդեն ձեւակերպված էր, սակայն տկն Ռոզան դարձյալ չկար: Հարցրեցի, թե ուր է նա, ինձ ասացին, որ նա լիազորագիր է տվել իր որդուն` Աբրահամ Ալավերդյանին, որն էլ եկել էր նոտարական գրասենյակ: Նրա հետ էր նաեւ Շիրազը: Շիրազն ու Աբրահամ Ալավերդյանը ներկայացան եղբայրներ: Ես համաձայնվեցի եւ բոլորս միասին, այդ թվում Շիրազը, մտանք նոտարի մոտ: Պայմանագիրը նոտարի մոտ կնքեցինք ես եւ Աբրահամը, եւ բոլորս միասին` ես, անշարժ գույքի գործակալ Սերգեյը եւ Շիրազը` տաքսիով, իսկ Աբրահամը մեկ այլ` «Հոնդա» մակնիշի մեքենայով գնացինք Զարգացման հայկական բանկի Ավանի մասնաճյուղ, որտեղ իմ հաշվեհամարից ես հանեցի գումարը: Ճանապարհին, երբ հասանք բանկի մոտ, Աբրահամ Ալավերդյանը զանգահարեց եւ Շիրազին ասաց, որ իրեն վատ է զգում, եւ որ գումարը հանձնեմ Շիրազին: Այդպես էլ արեցի»,- բնակարանի առքուվաճառքի գործարքն է ներկայացնում Գ. Աբրահամյանը:

Վերջինս գումարը վճարելուց հետո, նույն օրը պայմանագիրը ներկայացրել է անշարժ գույքի կադաստր` իրավունքի պետական գրանցում կատարելու համար: Ապրիլի 14-ին Կադաստրից տեղեկացրել են, որ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցվել է, որովհետեւ Ռոզա Զաքարյանը ապրիլի 10-ին, այսինքն՝ բնակարանի առքուվաճառքի գործարքը կատարելուց մեկ օր հետո հայտարարություն է ներկայացրել, որ վերոհիշյալ լիազորագրի գործողությունը դադարեցրել է:

Մայր ու որդի նոտարից պահանջել են դադարեցնել լիազորագիրը

Գործարքը վավերացրած նոտարական գրասենյակում Գ. Աբրահամյանին հայտնել են, որ ապրիլի 10-ին դարձյալ մայր ու որդի ներկայացել են ինչպես լիազորագիրը վավերացրած, այնպես էլ գործարքն իրականացրած նոտարին եւ պահանջել պատռել թղթերը՝ ասելով, թե «իրենք տուն չեն վաճառում»:

Այնուհետեւ 80-ամյա Ռոզա Զաքարյանը դիմում է ներկայացրել ոստիկանություն` իր «ծեծված» լինելու փաստը գրանցելու համար: Հարուցվել է քրեական գործ, որի արդյունքում քննիչ Արմեն Մուշեղյանը պարզել է, որ որդին մորը դիտավորությամբ պատճառել է «թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ»:

Հասկանալով, որ խաբեությամբ իրենից գումար են կորզել, Գ. Աբրահամյանը նույնպես 22.05.2014թ. հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ռ. Զաքարյանին: Գ· Աբրահամյանին դիմումը ներկայացնելուց հետո է միայն հայտնի դարձել, որ արդեն քրեական գործ կա հարուցված: Վերջինս հարցաքննվել է այդ քրեական գործի շրջանակում, միաժամանակ իրեն տուժող ճանաչելու մասին դիմում է ներկայացրել:

Դեռեւս հայտնի չէ, թե քննիչ Ա. Մուշեղյանը մինչ Գ. Աբրահամյանի դիմելը պարզե՞լ էր, թե ի վերջո, «ծեծվելուց» հետո մայրը լիազորագիր տվե՞լ է որդուն, թե` ոչ, իսկ եթե տվել է՝ կիրառվե՞լ է այն: Այնուամենայնիվ, եթե մինչեւ Գ. Աբրահամյանի հանցագործության մասին դիմում ներկայացնելը, «տուժող» Ռ. Զաքարյանի սրտաճմլիկ պատմությունից հուզված քննիչը չէր կարողացել շարունակել քննությունը՝ պարզելու համար այլ տուժողներ կա՞ն, թե՝ ոչ, գոնե դիմումից հետո այդ փաստն ակնհայտ էր: Սակայն քննիչ Արմեն Մուշեղյանը նրան հարցաքննելուց մոտ երկու շաբաթ հետո, սպիտակ թղթի վրա, առանց ամիս-ամսաթվի եւ գրության համարի Գ. Աբրահամյանի՝ իրեն տուժող ճանաչելու միջնորդությանը պատասխանել է. «Ձեր դիմումի քննարկումը հետաձգվում է, քանի որ դեռեւս քրեական գործով անհրաժեշտ է կատարել մի շարք քննչական գործողություններ, որոնք ուղղված են Ձեզ պատճառված վնասի հանգամանքերի բացահայտմանը, ինչից հետո միայն հնարավոր կլինի լուծել Ձեր դիմումի ընթացքը»:

Քննիչ Ա. Մուշեղյանն իր անելիքն ավարտած համարելով քրեական գործն ուղարկել է դատարան, իսկ թե ում է թողել «հանգամանքների բացահայտումը» եւ ի՞նչն էր խանգարում նրան քննչական գործողություններ կատարելով մինչեւ վերջ բացահայտել հանցագործությունը, չի բացատրել:

Քննիչ Ա. Մուշեղյանին, փաստորեն, անհրաժեշտ է միայն դատարանի վճռով հաստատված համարել խարդավանքի սցենարը՝ լիազորագիր ստանալու համար Աբրահամ Ալավերդյանը ծեծել է մորը՝ Ռոզա Զաքարյանին: Սրանով քննիչը ստանձնել է այս չափազանց լավ բեմադրված խարդախությունն ավարտին հասցնելու գործը` լիահույս լինելով, որ Աբրահամ Ալավերդյանի վարքագծին միանգամայն հարիր է մորը ծեծելու սցենարը:

Գործի փաստական հանգամանքները

Նախաքննության մարմինն ամբաստանյալ Աբրահամ Ալավերդյանին ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրել այն արարքի համար, որ ՙնա ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու նպատակով, 2011 թվականի մայիսի 7-ին` ժամը 16:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Ադոնց փողոցի 7 հասցեում գտնվող թիվ 77 դպրոցի մոտ զանգահարելու պատրվակով,անչափահաս` 1999թ. ծնված Էրիկ Նորիկի Մուսաբեկյանից, վերցրել է վերջինիս պատկանող, 12.500 ՀՀ դրամ արժողությանՙԱՆՈՎԱ-Վ99՚ մոդելի բջջային հեռախոսը ու ձեւացնելով, թե խոսում է, քայլել է դեպի թիվ 77 դպրոցի բակ, որտեղ դպրոցի պահակին իբր լուր հայտնելու համար Է. Մուսաբեկյանից պահանջել է կանչել նրան, սակայն վերջինիս հասկանալով , որ Ա. Ալավերդյանը ցանկանում է հափշտակել իր բջջային հեռախոսը հրաժարվել է կատարել նրա պահանջը` պատճառաբանելով, որ հեռախոսը չի թողնի: Տեսնելով, որ իր պահանջը չի կատարվում, Ա. Ալավերդյանը բղավել է Մուսաբեկյանի վրա, ինչի հետեւանքով վերջինս վախեցել է ու թողնելով բջջային հեռախոսը Ա. Ալավերդյանի մոտ, գնացել է դպրոցի պահակին կանչելու , սակայն հետ շրջվելով նկատել է, որ Ալավերդյանը դիմել է փախուստի» (Թիվ քրեական գործից No ԵԱՔԴ/0098/01/11):

Մեղադրանքը հաստատող դատախազին քննիչը, փաստորեն, կարողացել է համոզել, որ «ծեծված» Ռոզա Զաքարյանը, ով, նրանց ասելով, համաձայն չի եղել իր բնակարանը վաճառելուն, ժամանակին այդ մասին չի կարողացել հայտնել բնակարանը տեսնելու համար այցելած հաճախորդին եւ անշարժ գույքի գործակալին: Ինչո՞ւ ապրիլի 3-ից մինչեւ 8-ն ընկած ժամանակամիջոցում չի հայտնել ոստիկանությանը բնակարանն իրենից ուժով վերցնելու մասին, եթե, իրոք, այդ է ճշմարտությունը: Չէ՞ որ բնակարանի սեփականության վկայականը եւ նրա անձնագիրը ապրիլի 3-ին է Շիրակ Ավետիսյանը ներկայացրել անշարժ գույքի գործակալություն: Ինչո՞ւ է նոտարական գործարքը կատարելուց եւ գումարը ստանալուց մեկ օր հետո միայն` ապրիլի 10-ին, այն էլ որդու հետ միասին ներկայացել նոտարին եւ դադարեցրել իր ձեռքով ստորագրված լիազորագրի գործողությունը: Դատախազության համար կարեւոր չէ՞ր մեղադրանքը հաստատելուց առաջ այս հարցերն առաջադրել քննիչին, որպեսզի դրանով մասնակից չդառնար լավ մտածված կողոպուտին:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter