HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձախողված ադրբեջանական դիվերսիայի հետաքննություն. ի՞նչ ուղերձ է պարունակում այն -1

Ստեփան Սաֆարյան, Քաղաքական վերլուծաբան

Հուլիսի 14-ի կեսօրին, հղում կատարելով Վարդենիսի բնակչի տրամադրած տեղեկատվության վրա, նախ հայաստանյան լրատվամիջոցները հայտնեցին, որ «հայկական զինված ուժերի որոնողական գործողությունների արդյունքում 12։00-ի սահմաններում ՀՀ եւ ԼՂՀ սահմանահատվածում` Հարուրի ձոր կոչվող տարածքում, մեկ ադրբեջանցի է վիրավորվել, ապա գերեվարվել», եւ «նրան պատրաստվում են Երեւան տեղափոխել»: Տեղեկությունը փոխանցողը նաեւ հայտնել էր, թե «տեղացիները համոզված են, որ սպանվածը նախորդ շաբաթ հայտնաբերված եւ մասամբ չեզոքացված ադրբեջանական դիվերսիոն խմբի փախուստի դիմած անդամներից մեկն է, սակայն վերջինը չէ»։

Շուրջ երկու ժամ անց՝ ժամը 14:00-ի մատույցներում, ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ «ժամը 13:00-ի դրությամբ, Քարվաճառում ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ»: Արցախի պաշտպանական գերատեսչությունը նաեւ հայտնեց, թե դրա «արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են հայկական ուժերի կողմից», խոստանալով դեպքի այլ մանրամասներ հաղորդել ավելի ուշ:

Թերեւս գրեթե մեկուկես ժամերի ընթացքում ոչ ՀՀ, ոչ ԼՂՀ պաշտպանական գերատեսչությունները չէին շտապել հաղորդագրություն տարածել ու հաստատել այդ ամենը, քանի դեռ վստահ չէին, որ խումբն ամբողջովին՝ մինչեւ վերջին մարդը վնասազերծված է: Իսկ դրանով եթե խմբի վնասազերծման փուլն ավարտվեց, ապա սկսվեց մեկ այլ կարեւոր փուլ՝ մի շարք կարեւոր հարցերի պատասխանները փնտրելու փուլը: Ժամանակն է նաեւ բարձրաձայն խոսելու բոլոր վրիպումների ու բացթողումների մասին:

Հարցեր, որոնց պատասխանը պետք է գտնեն Երեւանն ու Ստեփանակերտը

Ինչպես եւ խոստացել էր ԼՂՀ ՊՆ-ը, օրվա ընթացքում լրատվամիջոցներին տրամադրվեց երկու տեսանյութ: Նախ ժամը 17:00-ի մատույցներում «Երկիր» ինտերնետային պարբերականը տարածեց Քարվաճառի տարածքում դիվերսիոն խմբի անդամների կատարած տեսանկարահանումը:

Դրանում երեւում է, թե ինչպես են երեք ադրբեջանցիներ Քարվաճառի մոտակայքում, սաղարթաշատ մի վայրում, առվակի մոտ մանղալի վրա խորոված անում իրենց իսկ խոսքով՝ տեղացիներից գողացած հորթի մսով եւ պատրաստվում այն վայելել կրկին գողացված տնական օղով («Ջերմուկի» հանքային ջրի շշի մեջ): Հստակ երեւում են նաեւ դիվերսանտներից մեկի կողքից կախված ատրճանակը եւ այլ զենքեր:

Այնուհետեւ երեկոյան՝ 21:00-ի շրջանակներում ԼՂՀ ՊՆ մեկ այլ տեսանյութ տրամադրեց լրատվամիջոցներին, որում երևում է, թե ինչպես են երկու հայ հատուկջոկատայիններ մեքենայից հանում եւ ձեռքերը ոլորած վիճակում շենք մտցնում ձերբակալված ու վնասազերծված վերջին դիվերսանտին: 

Տեսանյութին կցված հաղորդագրության մեջ, որով վերահաստատվում էր կեսօրին հայտնված տեղեկատվությունը, ընդամենը մեկ էական հավելում կար, որից միանշանակ էր դառնում, որ վերջին վնասազերծվածին համարում են դիվերսիոն խմբի ղեկավար. «Արդյունքում խմբի ղեկավարն ու անդամների մի մասը ձերբակալվել, մյուսները ոչնչացվել են հայկական հատուկ նշանակության ջոկատայինների կողմից»,-ահա այսպես էականորեն լրացվել էր ԼՂՀ ՊՆ-ի կեսօրին տարածած հաղորդագրությունը:

Օրվա ընթացքում ադրբեջանական դիվերսանտներին վերաբերող մեկ այլ հաղորդագրություն էլ ՀՀ ՊՆ-ը տարածեց, սակայն դրան կանդրադառնանք վերջում:

Ուշադրություն դարձնենք, որ անգամ հուլիսի 14-ի երեկոյան ԼՂՀ ՊՆ տարածած վերջին հաղորդագրության մեջ խոսվում է այն մասին, թե «խմբի ղեկավարն ու անդամների մի մասը ձերբակալվել են, մյուսները՝ ոչնչացվել»: Հիշեցնենք, որ վերջին օրերին հանրությանը հայտնի է դարձվել երկու ձերբակալվածի մասին. առաջինը հուլիսի 8-ին ձերբակալված Գուլիեւ Շահբազ Ջալալօղլուն,երկրորդը՝ հուլիսի 14-ին ձերբակալված դիվերսիոն խմբի ղեկավարը` Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը: Հայտնի է նաեւ հունիսի 11-ին սպանված եւս մեկ դիվերսանտի մասին, ում անունը դեռեւս չի պարզել հայկական կողմը, իսկ Բաքուն էլ չի շտապում հայտնել այն:

Արդեն հետահայաց կարելի է ասել, որ տարածված առաջին տեսանյութում նա, ով «քարվաճառյան պիկինիկի» ժամանակ դանակը ձեռքին մաքրում է հորթի կտրտված միսը եւ հետեւում է խորովածին, հուլիսի 8-ին գերեվարված Գուլիեւ Շահբազ Ջալալօղլուն է, մյուսը`ատրճանակը կողքին եւ հորթի ազդրը ձեռքինը, հուլիսի 11-ին սպանված ադրբեջանցին է: Թերեւս, տեսանկարահանողն ու «պիկնիկի վայելքները» նկարագրողն էլ հուլիսի 14-ին գերեվարված Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովն է՝ դիվերսիոն խմբի ղեկավարը: Բնականաբար, տեսանկարահանումները կատարվել են մինչեւ հուլիսի 8-ը, այն է՝ մինչեւ հայկական զինված ուժերի ու ադրբեջանական դիվերսիոն խմբի առաջին «հանդիպումը», որի մասին նախ ավետեց հայկական մամուլը, իսկ հուլիսի 10-ին էլ հաստատեց ԼՂՀ ՊՆ-ը:   

Այդ դեպքում հարց է ծագում, թե ինչի՞ մասին է վկայում ոչ միայն անցած օրերին, այլեւ երեկ ԼՂՀ ՊՆ տարածած վերջին հաղորդագրությունում կրկնվող այն ձեւակերպումը, թե «մյուսները ոչնչացվել են հայկական հատուկ նշանակության ջոկատայինների կողմից», երբ ընդամենը մեկ ոչնչացվածի մասին է հայտարարվել: Ի վերջո, բացի այս երեքը, քանի՞ մարդուց է բաղկացած եղել դիվերսիոն խումբը, եթե ոչնչացվածների մասին խոսվում է հոգնակի թվով: Ո’չ հայկական, ո’չ ադրբեջանական կողմերը երբեք այս օրերին դիվերսիոն խմբի անդամների թիվ չեն հայտարարել:

Նույնիսկ հուլիսի 15-ին այդ երեքի դեմ քրեական գործ հարուցելու մասին ԼՂՀ տարածած հաղորդագրության մեջ չի նշվում, որ խումբը բաղկացած է եղել երեք մարդուց, այլ խոսվում է սահմանախախտ երեքին հայտնաբերելու ու վնասազերծելու մասին: Դա առնվազն նշանակում, ու նաեւ բնական է, որ դեռեւս նախաքննություն վարող հայկական կողմն էլ միարժեք համոզված չէ ու դեռեւս չի տիրապետում ամբողջ պատկերին:

Որտե՞ղ են «մյուս ոչնչացվածների» դիակները, եթե վերջին օրով էլ հայկական կողմը դրանց մասին խոսում է հոգնակի թվով, եթե դա այս օրերին պարզապես Բաքվին հավելյալ կորուստների մասին խոսեցնելու քարոզչական հնարք չէ, կամ էլ նման եղանակով հայկական կողմը պարզապես չի փորձել գլուխ գովել ու հանգստացնել սեփական հանրությանը, թե հակառակորդին մի քանի կորուստ է պատճառել:

Թերեւս, բաց մնացած այս եւ այլ հարցերը ստիպում են այս ոչ ստանդարտ դիվերսիայի մեր հետաքնությունը սկսել՝ նաեւ հասկանալու համար, թե ի դեմս այս «նախադեպի» ինչի՞ հետ են բախվում հայկական կողմերը, եւ ի՞նչ սպասել հակառակորդից առաջիկայում: Իսկ հակասություններ պաշտոնական հաղորդագրություններում նկատվել են շատ անգամներ, որոնք տակավին անբացատրելի են:

Ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի մասին առաջին տեղեկատվությունը ԼՂՀ ՊՆ հաստատեց առնվազն մեկուկես օր ուշացումով՝ հուլիսի 10-ի կեսօրին, նշելով, թե «ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը» եւ «պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել է, անդամների մի մասը ձերբակալված են, մյուսները դիմել են փախուստի»: ԼՂՀ ՊՆ-ը նշել է, թե գործողության արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

Թե որքանո՞վ է ԼՂՂ-Ադրբեջան սահմանագծից 60 կմ հեռու՝ խոր թիկունքում ադրբեջանական խմբի հայտնվելը «ներթափանցման փորձ», կամ որքանո՞վ է հուլիսի 8-ին խմբին հայտնաբերելը «ժամանակին», երբ մինչ այդ նա օրերով անխռով քեֆ է արել, կողոպուտներ գործել, եթե ոչ նույնիսկ մարդ առեւանգել Քարվաճառի շրջանում, կամ ո՞ւր են եղել «առաջապահ զորամասերը» խմբի կողմից սահմանը անցնելիս, ընդհուպ նրան հայտնաբերելիս, պատասխանները թողնենք ԼՂՀ ՊՆ հաղորդագրությունը թելադրողի խղճի ու բանականության վրա:

Տարօրինակ է, որ հաղորդագրության մեջ անգամ չէր նշվել, թե կոնկրետ երբ է տեղի ունեցել հարձակումը: Սակայն, հայկական մամուլը դրանից մեկ օր առաջ, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ նախօրեին Քարվաճառի ուղղությամբ դիվերսիոն հարձակման փորձ է եղել, եւ որ հայկական կողմին հաջողվել է ադրբեջանցիներից մեկին գերի վերցնել: Սա նշանակում է, որ դիվերսիոն խմբի հետ հայկական ուժերի առաջին «հանդիպումը» տեղի է ունեցել հուլիսի 8-ին, ինչը սակայն չի նշանակում, թե խումբը հայ-ադրբեջանական սահմանը հատել է հենց այդ օրը, եւ որ դիվերսանտները հայկական խոր թիկունքում են այդ օրվանից...

Թերեւս, մեկ այլ ցավալի փաստ մեծ հավանականությամբ կապ ունի ադրբեջանական դիվերսիայի հետ, որի տեղի ունենալու օրը հավելյալ տեղեկություն է տալիս այն մասին, թե երբվանից է խումբը գտնվում ԼՂՀ տարածքում:

Հայ պատանու անհետացումը եւ դիվերսիոն խումբը

Հուլիսի 4-ի երեկոյան Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի Ցականյանների ընտանիքի 17-ամյա որդին՝ Սմբատ Ցականյանը տարօրինակ հանգամանքներում անհայտացավ «Ճումեն» կոչվող հանդամասի իրենց տանից, երբ ընտանիքը ավանդույթի համաձայն անասնապահական նպատակներով գտնվում էր սարում: Հուլիսի 7-ի երեկոյան դեպքի առթիվ ոստիկանության շրջանային բաժանմունք դիմած նրա հայրը՝ Մեխակ Ցականյանը մի քանի օր անց «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պնդեց, որ իր որդուն տարել են ադրբեջանցի դիվերսանտները:

Թե՛ ոստիկանությանը, թե՛ թերթին Մեխակ Ցականյանը պատմել էր, որ հուլիսի 4-ի երեկոյան որդուն թողել են տանը եւ առավոտյան եկել են, տեսել՝ Սմբատը չկա: Ըստ այդմ, ուշացումով՝ հուլիսի 7-ին, ոստիկանությունում նրա կողմից հայտարարություն է տրվել այն մասին, որ որդին` Սմբատ Մեխակի Ցականյանը, (ծնված 28.04.1997թ., բնակվում է նույն գյուղում) հուլիսի 4-ին, ժամը 21:00-ի սահմաններում դուրս է եկել «Ճումեն» կոչվող տեղամասում գտնվող իրենց պատկանող տնից եւ չի վերադարձել. «Հենց դիվերսիոն գործողությունների ժամանակ է եղել: Դիվերսիայի արած գործերն է: Մտել են մեր տուն, բան-ման է պակասում, ուտելիք են տարել: Ես 100 տոկոսով վստահ եմ, որ դիվերսանտներն են տարել որդուս: Ուղղակի ես չգիտեի, որ որդիս մենակ կմնա ու սենց բան կլինի, կգան՝ կտանեն»,- ասել է Մեխակ Ցականյանը:

Որքան էլ մինչեւ վերջերս ԼՂՀ-ում կամ ՀՀ-ում խուսափում են հաստատել հայ պատանու անհետացման ու ադրբեջանական դիվերսիոն խմբի միջեւ կապը, այդուհանդերձ, այն այլեւս աներկբա է թվում: Հատկապես, երբ հայրը որդու անհայտանալուց զատ խոսում է տանից այլ իրերի, այդ թվում ուտելիքի անհայտանալու մասին: Իսկ ինչպես արդեն հրապարակված տեսանյութն է վկայում, դիվերսանտները իրենք են գլուխ գովացել ու խոստովանել տեղացիներից միս, ուտելիք, խմիչ գողանալու մասին: Անգամ հուլիսի 8-ին նրանք շորեր են փոխել Քարվաճառի տներից մեկում, որտեղ էլ նկատվել են անհեյտացած պատանուն փնտրող տեղացիների կողմից: Դա նշանակում է, որ եթե ոչ միայն Ցականյանների, ապա նաեւ ուրիշ տեղացիների տներից նրանք այլ իրեր նույնպես գողացել են:   

Դատելով հայ-ադրբեջանական շփման գծից «Ճումեն» տեղամասի հեռավորությունից՝ արձանագրենք, որ ադրբեջանական դիվերսիոն խումբը հուլիսի 4-ի դրությամբ 15-20 կիլոմետր խորացել է Քարվաճառի շրջանի տարածք: Իսկ նրանց հետագա շարժերը, եւ մասնավորապես տեսանկարահանված «պիկնիկի» վայրը ու խմբի հայտնությունը Քարվաճառի անմիջական մոտակայքում խոսում են ընդհուպ մինչեւ 60 կմ հայկական թիկունք ներթափանցելու մասին: Նաեւ ակնհայտ է, որ եթե խումբը արդեն հուլիսի 4-ի երեկոյան եղել է «Ճումեն» տեղամասում, ապա դա նշանակում է, որ նրանք ԼՂՀ տարածք ներխուժել են ավելի վաղ:

Ինքնին խոսուն է այն պատմությունը, թե ինչպես է հայկական կողմը դուրս եկել ադրբեջանցի դիվերսանտների հետքի վրա: Անհայտացած հայ տղային փնտրելիս են եղել ոչ միայն ԼՂՀ ոստիկանական ու զինված ուժերը, այլ նաեւ տեղի բնակիչները:  Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հաղորդել է Նոր Էրքեջի գյուղապետ Արա Հովհաննիսյանը. «Մենակ մեր գյուղացիները չէ, բոլորը, կողքի գյուղի ժողովուրդն էլ հավաքված, ամենքը ինչ- որ գործ են ուզում անեն: Չեմ կարող ասել՝ առեւանգել են, թե չէ, անորոշ վիճակ է»:

Ադրբեջանցի դիվերսատներին վնասազերծելու պատմությունից քաջատեղյակ Քարվաճառի բնակիչներից մեկ էլ Epress.am-ին էր պատմել, որ երկու ադրբեջանցուն տեղի բնակիչները նկատել են 17-ամյա Սմբատին փնտրելու ժամանակ:

Քիչ անց լրատվամիջոցին պատմելով դեպքի մանրամասների մասին, քարվաճառցիները հայտնել էին, որ հուլիսի 8-ին, ժամը 14։00-ի սահմաններում Քարվաճառում գյուղի կանանցից մեկը պատահմամբ նկատել է երկու ադրբեջանցիների եւ զանգահարել է Ստեփանակերտի ոստիկանություն։ Ավելի ուշ ոստիկաններին հաջողվել է բռնել նրանցից մեկին՝ մոտ 40 տարեկան, իսկ մյուսը՝ 50-ի սահմաններում, դիմել է փախուստի. «Մի ավերված տան մեջ շորերը փոխելուց են եղել, գյուղի կանանցից մեկը նկատել է, որ ռուսերեն են խոսում, զանգել է ոստիկանություն, եկել-բռնել են։ Ասեմ, որ զինվորական հագուստով չեն եղել», – նշել է թերթի զրուցակիցը։

Տեղաբնակը նաեւ հայտնել էր, որ հակառակորդի սահմանը հատելու, տարածքում իրականացրած գործողությունների մասին այլ տեղեկություններ իրենք չունեն, միայն գիտեն մեկ ադրբեջանցու գերեվարման մասին։

Վերջապես եւս մեկ կարեւոր հետեւություն. առնվազն մեկ շաբաթ ԼՂՀ տարածքում գտնվելը, դրա ուղիղ կեսը հայկական ուժերի համար աննկատ մնալը, սակայն ԼՂՀ-ում տեսանելի հետքեր թողնելը (խորովածի կրակ, պատանու անհայտացում, տեղացիների տներից ուտելիքի գողություն եւ այլն), սեփական արկածները նկարահանելը նշանակում է, որ խումբը շատ լավ է տիրապետել տարածքին, գործել է բավական աննկատ ու վստահ: Միանշանակ է, որ խումբը ԼՂՀ տարածքում անսովոր երկար մնալու առաջադրանք ու անհրաժեշտություն է ունեցել, այդ թվում՝ տեսանկարահանել իրենց խիզախ արկածներ, իրականացնել  անասնագողություններ, մարդկանց առեւանգում, ինչը ահուսարսափ կտարածեր տեղի բնակչության մեջ, առավել նշանակալի հաղթանակներն ամրագրել իրենց հետ տարված ադրբեջանական դրոշի ծածանումներով (ասենք՝ այն տեղադրելով վարչական շենքերից մեկի գլխին), հավաքագրել անհրաժեշտ տեղեկատվություն եւ վավերագրված տեսանյութերով վերադառնալ Ադրբեջան:

Եթե նրանց հաջողվեր կենդանի վերադառնալ Ադրբեջան, ապա լեգենդար հետախույզի փառքն ապահովված կլիներ, իսկ ադրբեջանական հասարակությունն էլ հերթական հրճվանքը կապրեր, թե հոլիվուդյան ինչպիսի հրաշքներ են գործում սեփական երկրի հետախույզները տարածաշրջանի ամենամարտունակ բանակի թիկունքում ու քթի տակ: Դեհ, այդ ամենից Ալիեւի վարչախամբի քարոզչական շահաբաժինների մասին չխոսենք: Դրա կողքին կլիներ ահաբեկված, վախեցած, նվաստացավ հայ հասարակություն, ում թիկունքը բաց է, անպաշտպան, իսկ թշնամին արդեն տանն է:  Թերեւս, հայկական երկու կողմերի լրջագույն բացթողումների կողքին մեծագույն մխիթարություններերից այն է, որ թույլ չտրվեց իրադարձությունների նման խայտառակ ելք ու դիվերսիան կասեցվեց:    

Այդպիսով, միայն հուլիսի 8-ին, Քարվաճառի բնակչուհու ահազանգից հետո են ՀՀ եւ ԼՂՀ զինված ուժերը հայտնաբերում նրանց, հաջողացնելով գերեվարել դիվերսանտներից մեկին, իսկ մյուսները փախուստի են դիմում: Թերեւս տեղի բնակիչներից ստացված նման վկայությունները լավագույնս ցույց են տալիս, թե ինչպես են պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը  «ժամանակին» դուրս եկել ադրբեջանցիների հետքի վրա....

Անխոս, դիվերսիայի այս մի դեպքը բավական անսովոր է ոչ միայն իր առանձնահատկությամբ, այլեւ այն ինֆորմացիոն օպերացիաներով, որն իրականացնում էին երկու կողմերը. դիվերսանտներին օրերով փնտրող եւ ամբողջ պատկերին չտիրապետող հայկական կողմը տեղեկատվությունը որոշակի «դոզաներով» փոխանցելով հընթացս փորձում էր կորզել Բաքվի ռեակցիան ու դիվերսիայի հաստատումը: Մինչդեռ վերջինս խորամանկորեն լռում էր՝ սեփական հանրությանը եղելությունը ներկայացնելով այլ կերպ եւ հընթացս հետեւելով պլանավորվածից շեղված դեպքերի ծավալմանն ու Հայաստանում դրա արձագանքներին:

Հ.Գ. Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ հայտնի դարձավ, որ 17-ամյա Սմբատ Ցականյանի դին գտնվել է սարերում բռնության, դանակահարության ակնհայտ հետքերով:

Երկրորդ լուսանկարը՝ «Հայկական ժամանակ»-ի

Շարունակություն

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
Դիտողությունները տեղին ու տրամաբանական են, իսկ հետեւությունները «պատիվ» են բերում «քաջարի ու մշտարթուն» պահապաններին: Այսինքն հայ սպայակույտը ճարպոտել է եւ զբաղվում է ինքնաարդարացմամբ ու փաստերի կոծկմամբ, տքնաջան աշխատանքի փոխարեն (Դե, ինչպես ցանկացած այլ պետական բնագավառներում:) Կարծում եմ սակայն, որ դեպքին պետք չէ չափից ավելի նշանակություն տալ ու խուճապի մատնվել: Վերջին բռնվածի որդին բողոքում է, որ իր հայրը դիվերսանտ չէ, այլ տեղացի է եւ նա ԱՄԵՆ ՏԱՐԻ (!) այցելում է իր ծնողների գերեզմանը Քարվաճառում: (http://www.regnum.ru/news/1825904.html) Ինչու չհավատալ? Այդ լեռնոտ-անտառոտ տեղանքում հարյուրավոր մարդիկ կարող են աննկատ գոյատեւել երկար ժամանակ, հատկապես ամռան ամիսներին: Ըստ ամենայնի, նրան որպես փորձառու ուղեցույց են օգտագործել ազերը: Իսկ ինչ կարելի է ձեռնարկել այս դեպքում? (Ղարաբաղցիներից նախապես ներողություն եմ խնդրում անկոչ խորհրդի համար!) 1. Նախ պետք է սահմանամերձ բնակավայրերի բնակչության կարող մասին լավ զինել ու վարժեցնել որսորդության, նրանց տալով կարգավիճակ ու որոշակի վարձատրություն: 2. Եւ մի շատ պարզ բան - Արցախը պետք է թույլատրի այնտեղ ծնված ադրբեջների մուտքն ու շրջագայությունները (առանց անձնագրերի մեջ նշում կատարելու նույնիսկ, որպիսզի այնտեղ նրանց չհալածեն, սակայն հսկողության տակ պահելով:) Այս դեպքում շահն ավելին կլինի քան վնասը՝ բոլոր առումներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter