HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վալլեքս» գրուպը հրաժարվում է «Մանես» ԲԲԸ-ից, բայց պահանջում է վերականգնել նրա հաշվապահի յուրացումներից կրած վնասը

Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդու նստավայրում դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ տեղի ունեցավ Ալավերդու «Մանես գունավոր մետաղների գործարան» ԲԲԸ-ի և «Վերդ» ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահ Թամարա Վարդումյանի խոշոր չափերի յուրացումների քրեական գործի դատաքննությունը: Հայցվորի դերում հանդես են գալիս «Վալլեքս» խմբի ընկերությունները: Նրանց շահերը դատարանում ներկայացնում է «Վալլեքսի» իրավաբան Սահակ Կարապետյանը:

«Վալլեքսը» տարիներ շարունակ պաշտոնապես հայտարարել է, որ իրավաբանական որևէ կապ չունի «Մանես գունավոր մետաղների գործարան» ԲԲԸ-ի հետ և հրաժարվել է պատասխանատվություն կրել ինչպես վերջինիս հաշվեկշռում նստած Ալավերդու մկնդեղի գերեզմանոցի, այնպես էլ նախկին լեռնամետալուրգիական կոմբինատի արտադրությունում խեղված աշխատողների նպաստների վճարման համար: «Մանես գունավոր մետաղների գործարան» ԲԲԸ-ն արդեն 7-րդ ամիսն է՝ չի վճարում 59 խեղված մետալուրգների նպաստները: Այդ մարդիկ իրենց կյանքի մեծ մասը աշխատել և հաշմանդամություն են ստացել հենց Ալավերդու պղնձաձուլական գործարանում:

«Հետքը» «Վալլեքսից» պարզաբանում խնդրեց նպաստները չվճարելու վերաբերյալ: «Պայմանավորված այն հանգամանքով , որ «Մանես գունավոր մետաղների գործարան» ԲԲԸ-ն «Վալլեքս» խմբի ընկերություն չէ և իրավաբանական որևէ կապ չունի «Վալլեքս» խմբի ընկերությունների հետ, «Վալլեքս» խմբի ընկերությունները չեն կարող պարզաբանել այդ ընկերության գործողությունների և անգործության պատճառները»,- պատասխանեց «Վալլեքսի» լրատվական ծառայության պատասխանատու Վահրամ Ավագյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի 58-րդ հոդվածի համաձայն՝ տուժող է ճանաչվում այն անձը, ում քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով անմիջականորեն պատճառվել է բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս: «Վալլեքսը» տարիներ շարունակ հրապարակայնորեն հրաժարվել է և շարունակվում է հրաժարվել «Մանես գունավոր մետաղների գործարան» ԲԲԸ-ի հետ անմիջական իրավաբանական որևէ կապից: Հարց է առաջանում՝ որ իրավունքով է Լոռու մարզի դատախազությունը «Մանես գունավոր մետաղների գորածարանի» հաշվապահի յուրացումների գործով «Վալլեքսին» ճանաչել հայցվոր և տուժող:

Այսուհանդերձ, Թամարա Վարդումյանին 2014թ. ապրիլի 11-ին ՀՀ քր. օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի, 1-ին կետով համակցված մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2002-2009թթ. ընթացքում աշխատելով «Մանես գունավոր մետաղների գործարան» ԲԲԸ-ի գլխավոր հաշվապահ, միաժամանակ իրականացնելով այդ ընկերության գանձապահի պարտականությունները, ընկերության դրամական միջոցներից յուրացրել է 5 մլն 216 հազար 381 դրամ: Թամարա Վարդումյանը 2004-2009թթ. ընթացքում աշխատելով «Վերդ» ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահ և գանձապահ, «Վերդ» ՍՊԸ-ի դրամական միջոցներից յուրացրել է 3 մլն 238 հազար 400 դրամ:

Այսօր դատարանում «տուժող» «Վալլեքսի» ներկայացուցիչ Սահակ Կարապետյանը դատարանին ներկայացրած հայցադիմումով հայտնեց, որ քր գործով անցնող 8մլն 57 հազար 21 դրամը «Վալլեքսի» իրական վնասի չափը չէ: «Իրականում երկու կազմակերպությունների` «Մանեսի գունավոր մետաղների գործարան» ԲԲԸ-ի և «Վերդ» ՍՊԸ–ի պատճառած վնասի ընդհանուր գումարը կազմում է 11 մլն 489 հազար 179 դրամ»,- ասաց Ս. Կարապետյանը:

Նախորդ դատական նիստից հետո ամբաստանյալի հարազատները որպես մասնակի հատուցում «Մանես գունավոր մետաղների գործարան» ԲԲԸ-ի հաշվեհամարին վճարել են 750 հազար դրամ: Այս գումարի չափով Սահակ Կարապետյանն իր քաղհայցում նվազեցրել էր վնասի փոխհատուցման գումարի չափը և 11մլն 489 հազար 179 դրամի փոխարեն դատարանից պահանջեց ամբաստանյալ Թամարա Վարդումյանից բռնագանձել 10 մլն 739 հազար 139 դրամ: «Մենք քաղհայցով պահանջվող գումարը լրիվ վերականգնելու ենք»,- հայտնեց ամբաստանյալի պաշտպան Գարեգին Մարգարյանը:

Մեղադրող Մովսես Մովսիսյանը դատարանին ներկայացրեց ամբաստանյալ Թամարա Վարդումյանի նկատմամբ իր կողմից առաջադրվող նոր մեղադրանքի որոշում: ՀՀ քրեական օրենսգրքի 20-րդ հոդվածում 2011թ. մայիսի 24-ին կատարված փոփոխությունից հետո հանցագործությունների համակցությունը չի կարող տարածվել ամբաստանյալ Թամարա Վարդումյանի վրա, քանի որ վերջինիս մեղսագրված արարքը ավարտվել է 2009թ. նոյեմբեր ամսին: «Գտնում եմ , որ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը անհրաժեշտ է փոփոխել և Թամարա Վարդումյանին մեղադրանք առաջադրել ՀՀ քր, օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով»,-հայտնեց մեղադրող Մ. Մովսիսյանը:

Դատական նիստը պաշտպանական կողմի միջնորդությամբ հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 18-ին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter