HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԴՆԹ թեստը դարձյալ ապացուցել է դատապարտյալի անմեղությունը

Գրեթե ամեն շաբաթ միջազգային մամուլը գրում է հերթական դատական սխալի մասին, որն արժեցել է մարդկային խեղված ճակատագրեր: Տասնյակ տարիներ բանտում անցկացրած հարյուրավոր մարդիկ իրեղեն ապացույցների պահպանման, Innocecnce Project ամերիկյան կազմակերպության (օգնում է անմեղ դատապարտյալներին ապացուցել իրենց անմեղությունը գիտության նոր նվաճումներով) ու ԴՆԹ թեստերի շնորհիվ վերագտնում են իրենց ազատությունը: Նրանք դատարանների կողմից ճանաչվում են անմեղ: Ամերիկյան պետությունը կամք է ցուցաբերում` ուղղելու դատական ճակատագրական սխալները: 

Այս շաբաթ Հարավային Կալիֆոռնիայի Գերագույն դատարանի դատավոր Օրլանդո Հադսոնը բեկանել է 20 տարի բանտում պատիժը կրած 52 տարեկան Դարել Հովարդի դատավճիռը՝ նոր երևան եկած հանգամանքի հիմքով: ԴՆԹ թեստն ապացուցել է, որ Հովարդը 1991-ին չի սպանել 29-ամյա Դորիս Վոշինգթոնին և նրա 13-ամյա դստերը՝ Նիշոդային: Հովարդն արդեն գրավի դիմաց վերադարձել է ազատություն:

Դատավոր Օրլանդո Հադսոնը բեկանում է 1995 թ-ին կայացված դատավճիռը:

Գերագույն դատարանում Հովարդի շահերը ներկայացնում է փաստաբան Բարրի Շեկը, ով վերջին տարիներին օգնել է ավելի քան 300 ցմահ, մահապատժի ու երկարատև ազատազրկման դատապարտվածների ապացուցել իրենց անմեղությունն ու արդարացման դատավճռով դուրս գալ ազատություն:

«Այս պատմությունները ցույց են տալիս, որ դատական համակարգը, ինչպես և ցանկացած բան մեր կյանքում չեն կարող կատարյալ ու անսխալ լինել: Մենք չգիտենք, թե բանտերում քանի անմեղներ են շարունակում մնալ»,- ասել է Շեկը:

20 տարի անց միայն իրեղեն ապացույցների զննությամբ պարզվել է, որ մայրն ու դուստրը ենթարկվել են սեռական բռնության, իսկ սերմնահեղուկի առկայությունը թաքցվել է նախաքննության կողմից: ԴՆԹ թեստը ապացուցել է, որ սերմնահեղուկը չի պատկանում սպանության մեղադրանքով ցմահ ազատազրկման դատապարտված Դարել Հովարդին: Բացի այդ, վկաներից մի քանիսը խոստովանել են, որ տվել են սուտ ցուցմունքներ, քանի որ դատախազ Մայք Նիֆոնգը խոստացել է իրենց այլ գործերով չենթարկել քրեական պատասխանատվության:

Հովարդը միշտ պնդել է, որ անմեղ է ու պայքարել իր անմեղությունն ապացուցելու համար: Նրան է միացել կինը՝ Նանի Հովարդը, ով ամուսնացել է նրա հետ, երբ Հովարդն արդեն բանտում է եղել:

«15 տարի մենք միասին ենք, ու ես մի րոպե չեմ մտածել, որ իմ ամուսինը մեղավոր է: Ես աննկարագրելի երջանիկ եմ, որ վերջապես արդարությունը հաղթանակում է: Նա գեղեցիկ է, բարի, իսկական սև շոկոլադ, իսկ ես սև շոկոլոդ շատ եմ սիրում»,- լրագրողների հետ հանդիպմանը ասել է Նանի Հովարդը:

Նոր քննությունը կապացուցի, թե ինչ է տեղի ունեցել 1991 թ-ի նոյեմբերին, երբ սեփական բնակարանում հայտնաբերվել է Դորիս Վոշինգթոնի և նրա դուստր Նիշոդայի դիակները:

Հանցագործը սպանությունից հետո այրել է նաև այդ կնոջ բնակարանը՝ հանցագործության հետքերը թաքցնելու համար: Սպանությունից 6 շաբաթ անց ձերբակալվել է Դարել Հովարդը, ով մի քանի անգամ դատապարտված է եղել թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով:

Ձերբակալման համար հիմք են հանդիսացել մի քանի վկաների ցուցմունքներն այն մասին, որ դեպքի օրը տեսել են Հովարդին այն շենքում, որտեղ ապրել են մայրն ու դուստրը: Ի դեպ, սպանված կինը ևս զբաղվել է թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ: Թեպետ Հովարդն իրեն մեղավոր չի ճանաչել ու վերջին խոսքում պնդել է, որ անմեղ է, այդուհանդերձ 1995-ին ամերիկյան դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել նրան՝ մեղավոր ճանաչելով մոր ու դստեր դաժան սպանության մեջ:

Դարել Հովարդը 1995 թ-ին, երբ դատապարտվել է ցմահ ազատազրկման:

Գործի քննությունը հանձնարարվել է շրջանային դատախազությանը, վերահսկողությունը՝ դատախազի տեղալալ Մայք Նիֆոնգին, ով մի քանի տարի առաջ հեռացվել է պաշտոնից ու զրկվել իրավաբանական գործունեությամբ զբաղվելու արտոնագրից: Նա մեղադրվել է այլ գործերով ապացույցներ թաքցնելու, կեղծ ապացույցներ հավաքագրելու մեջ:

20 տարի անց միայն Հովարդի փաստաբանը այդ հիմքով դիմել է դատարան՝ վկայակոչելով անօրեն դատախազի գործունեությունը, կասկած հայտնելով, որ միգուցե իր պաշտպանյալի նկատմամբ ևս նույն պաշտոնյայի կողմից կատարվել են անօրինական գործողություններ, հավաքվել կեղծ ապացույցներ:

Փաստաբանը վեր է հանել այն խախտումները, որ թույլ է տվել նախաքննական մարմինը, նա նշել է, որ իր պաշտպանյալ Հովարդը ցմահ ազատազրկման էր դատապարտվել սոսկ վկաների ցուցմունքների հիման վրա, որոնք հակասում են մեկը մյուսին:

Լուսանկարները՝ Innocecnce Project-ի, առաջին լուսանկարում` Դարել Հովարդը 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter