HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Մովսիսյանը կհանդիպի ցուցարարներին առանց լրագրողների ներկայության

Նախնական պայմանավորվածության համաձայն` այսօր առավոտյան ժամը 9-ից, Լոռու մարզպետրանի մերձակա հրապարակում հավաքվել էին «Վանաձորի-Քիմպրոմ» ՓԲԸ-ի շուրջ 300 աշխատողներ:

Նրանք պահանջում էին հանդիպում նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանի հետ: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հավաքվածներին խնդրեց սպասել մինչև Արմեն Մովսիսյանի հետ հեռախոսով ճշտի հանդիպման ժամը:

Նախագահի խորհրդականը մարզպետին տեղեկացրել էր, որ հանդիպման կոնկրետ ժամ կարող է հայտնել մոտակա մեկ ժամվա ընթացքում:

«Արմեն Մովսիսյանը այսօր մեր գործարանի10-15 աշխատակիցների հետ կհանդիպի որևէ դահլիճում»,- հայտնեց աշխատողների ցույցերը համակարգող խորհրդի անդամ, «Վանաձոր-Քիմպրոմի» ամոնիակի սիթեզի արտդրամասի հերթափոխի պետ Հրաչիկ Մարտիրոսյանը: «Ինչու 15 աշխատողներ, բոլորս էլ կտեղավորվենք այդ դահլիճում»,- դժգոհեցին հավաքվածները: 

Հրաչիկ Մարտիրոսյանի կարծիքով` աշխատողները հակաօրինական ոչ մի պահանջ չեն դնելու: «Պետք է նորմալ խոսանք, մեր պահանջները ներկայացնենք»,- ասաց նա: 

«Հասկանում եք, խաղ ա անում մեր ներվերի հետ: Էս ինչ վիճակ ա: Տապ են կենում ամենքն իրենց հերթին, ինչի15 հոգի: Ով է տեսել մարդուն աշխատանքից ազատեն, նրա վերջնահաշվարկը չվճարեն: Խաբում ա, խաբում ա: Որ օրենսգրքում ա գրված, որ 10 ամսվա աշխատավարձը չտան: Թող գա մի հատ օրենսգիրքը բացի աչքս կոխի»,- զայրացած ասաց գործարանի աշխատողներից մի կին:

«Աշխատանքային օրենսգրքում գրված է, թող էդ կառավարության անդամները իմանան, որ  աշխատավարձի մեկ օրվա ուշացման դիմաց 0,015 տոկոս է գալիս աշխատավարձի վրա: Մեզ համար ոչ մի տոկոս չի գործում, ոչ մի հաշվարկ չի արվում: Մեզ  դեռ 2011 թ.-ի աշխատավարձ չեն տվել: Ընդհանուր հրամանով մեզ բոլորիս ռաշչոտ են տվել»,- ասաց գազի արտադրամասի աշխատակցուհի Հասմիկ Մացակյանը:

Հրաչիկ Մարտիրոսյանը հավաքվածների հայտարարեց. «Քանի որ մեր պահանջը կառավարության դեմ չէ, խնդրում եմ մարզպետարանի մուտքը ազատել: Գնանք էն ծառի շվաքում կանգնենք սպասենք»:

«Իմ բողոքը հենց կառավարության դեմ ա»,- հակադարձեց  Հասմիկ Մացակյանը: «Բարձր ամբիոններից մեծագորգոռ ճառեր են ասում»,- գոռում էր հավաքվածներից մի տղամարդ:

«Մարզպետն ասում է՝ սեփականատիրոջը չգիտենք ով ա: Սնիգիրյովն ասում է` չգիտենք սեփականատերը ով ա: Վախում ա սեփականատերը մեզնից, եթե վախկոտ ա, ոնց է էդ հսկայական գործարանի սեփականատեր դարձել: Էդքան համարձակություն չունի դուրս գա մարդկանց առաջ կանգնի»,- ասում է Հասմիկ Մացակյանը:

«Մթամ գործարան ա մնացել: Ամբողջ կյանքում էդ գործարանում աշխատել եմ, թևիցս բռնել են դուրս են գցել, որպես ինչ են դուրս գցել: Բաց անեն իմ տրուդավոյն էլ կարդան, իրենցն էլ կարդան,12 ամսվա աշխատավարձ ունեմ ստանալու, ուր ա: Պատվով, հարգանքով աշխատող եմ եղել,12 տարի նկարս պատվո տախտակին է եղել: Էնա մեզ կերել են»,- զայրացած ասում է  բանվոր Գառնիկ  Թաթոյանը:

«Եթե ինքը մեկ ամիս աշխատավարձ չստանա, այս սենց կտրաքի փուչիկի նման: Ինչ մեղք ունենք մենք»,- ասում էր փոքրաքմարմին մի բանվոր:

Ցուցարարներին այցելել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Հուսահատ բանվորները շրջապատեցին պատգամավորին: Վերջինս հավաքվածներին խորհուրդ տվեց աշխատավարձի  պահանջով դիմել դատարան: «Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ  աշխատավարձի հարցը բարձրացրել եմ: Պատասխանել են. «Թող դիմեն օրենքով սահմանված կարգով», իսկ օրենքով սահմանված կարգը դատարան դիմելն է»,- բացատրեց   պատգամավորը:  

Աշխատողները հայտնեցին, որ գործարանի շուրջ 60 աշխատողներ աշխատավարձի վճարման դատարանի վճիռներ ունեն, որը Վանաձորի ԴԱՀԿ-ն հրաժարվում է կյանքի կոչել: Էդմոն Մարուքյանը խնդրեց աշխատողներին այդ վճիռները տրամադրել իրեն:

«Հնարավոր չէ՞ հանդիպենք վարչապետի հետ»,- պատգամավորին հարցրին բանվորները:  Պատգամավորն ասաց, որ այսօր ժամը 2-ին հանդիպելու է վարչապետին և այդ մասին կհաղորդի նրան: Պատասխանելով «Հետքի» հարցին` Էդմոն Մարուքյանը չբացառեց առջիկայում «Քիմպրոմի» սնանկ ճանաչվելը: «Խնդիրը ոչ այնքան աշխատավարձն է, խնդիրը առավել ևս «Քիմպրոմի» ճակատագիրն է»,- բացատրեց  Էդմոն Մարուքյանը: 

Իսկ մինչ այդ, մեկ ժամը լրանալուց հետո մարզպետարանից ցուցարարներին հայտնցին, որ Արմեն Մովսիսյանի հանդիպումը ցուցարաների հետ տեղի կունենա այսօր` ժամը 16:00-ին, «Քիմպրոմում»: Ըստ մարզպետի հետ նախնական պայմանավորվածության` նախագահի խորհրդականը ցանկություն է հայտնել հանդիպել ընդամենը15 աշխատողների հետ: Հրաչիկ Մարտիրոսյանը հավաքվածներին և լրագրողներին տեղեկացրեց, որ պարոն Ա.Մովսիսյանը աննպատակահարմար է համարել հանդիպմանը լրագրողների ներկայությունը:

Մեկնաբանություններ (1)

Արմեն
ՄԻԱՑԵՔ ՆԱԻՐԻՏՑԻՆԵՐԻՆ...ԻՐԱՐ ՀԵՏ ԱՎԵԼԻ ՀԶՈՐ ԿԼԻՆԵՆՔ ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter