HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջիլիզա. փակ սահման

Էմմա Պետրոսյան

Ջիլիզ թարգմանաբար նշանակում է հեռավոր: Անվանը հավատարիմ` Լոռու մարզի Ջիլիզա գյուղն ամենահյուսիսայինն է Հայաստանում, Երևանից` 200, իսկ մարզկենտրոն Վանաձորից` մոտ 70 կմ հեռավորության վրա է գտնվում: Հեռավորությունն իր հերթին, չորս կողմից շրջափակված լինելու հանգամանքն էլ իր հերթին է գյուղը կտրում, բաժանում աշխարհից: Հարևան` Վրաստանի 5 հայաբնակ գյուղերում` Չանախչիում, Օփրեթում, Խոխմելում, Խոժոռնիում ու Ախքյորփիում շատ հարազատներ ունեն ջիլիզեցիները, ոմանք աղջիկ են հարս ուղարկել հարևան գյուղեր, ոմանք էլ հարս են բերել այդ գյուղերից:

2007թ. սահմանի փակվելուց հետո, սակայն, կապը հարազատների միջև գրեթե կտրվել է: Վրաստանի ու Հայաստանի միջև այստեղ անցակետ չկա, առաջ, երբ սահմանը բաց էր, հարևան գյուղեր հասնելու համար ջիլիզեցիներն ընդամենը 15-20 րոպե ճանապարհ էին անցնում: Այժմ 15-20 րոպեն դարձել է 4-5 ժամ, 1կմ-ը`100կմ, քանի որ նշված հարևան գյուղեր հասնելու համար ստիպված են Բագրատաշենով անցնել: Սակայն այստեղ էլ փաստաթղթային մի շարք հարցեր են առաջանում: Անահիտ Սարգսյանը Ջիլիզա հարս է եկել 1984թ. Ախքյորփիից և մինչ օրս այստեղ է ապրում: Ճակատագրի բերումով` նրա ավագ որդին էլ հարս է բերել հենց Ախքյորփի գյուղից, արդեն 5 տարի է, սակայն, ինչ Անահիտ Սարգսյանի հարսը չի կարողանում գնալ Ախքյորփի` ծնողներին այցելության:

«Ինչ ամուսնացել ա, սահմանը փակվել ա: Ինքն էլ առանց երեխու չի ուզում իրա ծնողներին գնա տենա, տենց էլ արդեն 5 տարի ա, ինչ չի գնացել: Այսինքն` թոռնիկս 5 տարեկան ա, իրա տատիկին, պապիկին, իրանց հարազատներին չի տեսել: Նրանք հնարավորություն չունեն գալու, հարսս էլ Վրաստանի քաղաքացի ա, զագրանպասպորտ ունի, էդ պատճառով հմի պետք ա կամ երկքաղաքացիություն ճանաչի, կամ անձնագիրը փոխի»,- պատմում է Անահիտ Սարգսյանը:

Անահիտ Սագսյանի ու իր հարսի` հարազատները, իսկ ահա Ջիլիզայի գրադարանավարուհու էլ գրքերն են մնացել սահմանի այն կողմում: 27 տարվա գրադարանավարուհին դեռ հույսը չի կորցնում, որ սահմանը կբացվի ու իր գրքերն էլ հարևան հայաբնակ, բայց արդեն Վրաստանի սահմանում գտնվող Օփրեթ գյուղից հետ կվերադառնան:

«Ցավով եմ հիշում էդ գյուղի մասին, որովհետև իմ երեխաներն էնտեղ են դպրոց հաճախել մինչև 6-րդ դասարան, որովհետև մեզ մոտ` Ջիլիզայում, էդ ժամանակ դպրոց չի եղել: Ես տոպրակներով գիրք էի դնում, որ երեխեքը տանեն, ընդեղ մենք հայ բնակիչներ ունեինք ահագին, նրանց տան, որ կարդան: Իմ երեխեքը նրանց տուն էին գնում: Գրքերից շատը մնացել ա ընդեղ, սպասում ենք` ճանապարհները բացվի, որ գրքերը բերենք»,- կեսկատակ-կեսլուրջ ասում է Հերիքնազ Վարդանյանը:

Վերջինս պատմում է, որ ոչ միայն Օփրեթից, այլ նաև հարակից այլ գյուղերից էին օգտվում իր գրադարանից: Հիմա արդեն գրադարանից օգտվողների թիվը պակասել է, քանի որ սահմանը փակվելուց հետո նվազել ու շարունակում է նվազել նաև Ջիլիզայի բնակչության թիվը:

Այս պահին գյուղը 120 բնակիչ ունի միայն, որոնցից շատերը տարեց մարդիկ են, ովքեր չեն պատրաստվում լքել գյուղը: Իսկ ահա երիտասարդ ընտանիքներ գյուղում քիչ են ձևավորվում: Ջիլիզայի Մուրադ Մուրադյանի անվան միջնակարգ դպրոցում ընդամենը15 աշակերտ կա: Դպրոցի տնօրեն Սաթենիկ Թունյանը նշում է, որ արդեն 4 տարի է, ինչ դպրոցն առաջին դասարանցիներ չի ընդունել:

«Առաջ, որ սահմանը բաց էր, հարևան 3 հայաբնակ գյուղերից միայն Չանախչիում էր 9-ամյա  դպրոց գործում, և այդ դպրոցի շրջանավարտներն ու մյուս գյուղերի երեխաները նույնպես հաճախում էին Ջիլիզայի միջնակարգ դպրոց: Դե հիմա սահմանը փակ է, էլ աշակերտներ չեն գալիս, երեխաների թվի նվազելն էլ ուսման որակի վրա է ազդում»,- նշում է դպրոցի տնօրենը:

Հայ-վրացական սահմանին մոտենալ մենք էլ չկարողացանք. սահմանապահներն արգելեցին: Անգամ Ջիլիզայի սահմանում գտնվող Գոմակ թաղամաս թույլ չտվեցին հասնել` պատճառաբանելով, թե եթե տեղաբնակ չենք, ապա հատուկ թույլտվություն պետք է ունենանք դրա համար: Տարիներ առաջ երկու կողմից էլ շատ հանգիստ հատում էին սահմանը, վերջին տարիներին, սակայն, վրացական կողմը ուժեղացրել է հսկողությունը, նույնը պարտադրված է նաև մեր կողմին:

Բնակիչները պատմում են, որ գյուղի անասնատերերն առանց անձնագրի իրենց անասուններին արածեցնելու չեն տանում, քանի որ պատահում է` անասունն արածելով հատում է սահմանը: Այսպիսի դեպքերի համար հայ և վրացի սահմանապահ ուղեկալների միջև ներքին պայմանավորվածություն կա` սահմանը հատած անասուններին հետ վերադարձնելու մասին: Բայց միշտ չէ, որ սահմանի այն կողմում հայտնված անասունը հետ բերելը հեշտ է լինում:

«Հիմնականում հետ է վերադարձվում, բայց ունենք դեպք կոնկրետ, որ երկու անասուն անցել է և մինչև օրս, արդեն 4-5-րդ ամիսն է` չենք կարողանում հետ բերել: Տարբեր պատճառաբանություններ են անում վրացական կողմից. հեռակա լսածովս եմ ասում, պաշտոնական հայտարարություն չեն արել, բայց էսպես են պատճառաբանում, թե անասունները անցել են ոչ թե պատահաբար, այլ միտումնավոր տերերն են անց կացրել վաճառելու համար»,- ասում է Ջիլիզայի գյուղապետ Մհեր Վարդանյանը:

Վերջինս փաստում է, սակայն, որ նման հայտարարություններ անելու համար վրացական կողմը ոչ մի հիմք կամ ապացույց չունի, քանի որ անասունները պարզապես գնացել են Ճալա գետից ջուր խմելու և հայտնվել են սահմանի այն կողմում: Հենց Ճալա գետն է պայմանականորեն գծում Հայաստանի ու Վրաստանի միջև սահմանը:

Ջիլիզայում ապրուստի հիմնական միջոցը անասնապահությունն է, սակայն փակ սահմանն ամեն կերպ խոչընդոտում  է նաև անասնապահությամբ զբաղվելուն, քանի որ սահմանի հակառակ կողմում հայտնված անասուններին  հետ չտալը, ինչպես նաև մսամթերքի ու բնամթերքի իրացման կետ չունենալու հանգամանքը ստիպում են  ջիլիզեցիներին ոչ միայն մտածել ապրուստի այլ միջոց գտնելու, այլ նաև բնակության վայրը փոխելու մասին:

«Ձեռնտու չի անասուն պահելը, բայց ստիպված ենք պահում: Ձեռնտու էր էն ժամանակ, երբ սահմանը բաց էր, թեկուզ մեր հայկական, հայաբնակ գյուղերն էին, բայց կարողանում էինք Վրաստանի հետ, իրանց հետ առևտուր անենք: էն ժամանակ հեշտ էր, առքուվաճառքը կար, մեր վիճակն էլ մի քիչ բարելավվում էր, սոցիալական ապահովվածություն ինչ-որ մի ձևով լինում էր»,- ասում է Ջիլիզայի բնակիչ Ղազար Կոնինյանը:

Հիմա արդեն այս գյուղում սոցիալապես ապահովված ընտանիք դժվար թե գտնվի: Ջիլիզայում անգամ խանութի կարիք չի զգացվում: Հին «Ուազ» մեքենան, որն այժմ որպես գյուղի միակ խանութ է ծառայում, գրեթե միշտ կողպված է: Ջիլիզեցիները քաղաքի հետ կապը պահպանել կարողանում են միայն կիրակի օրերին, երբ գյուղի միակ ավտոբուսը շարժվում է դեպի Վանաձոր և երկուշաբթի օրերին հետ վերադառնում: Ավտոբուսի վարորդը, սակայն, ոչ այնքան շատ ուղևորներ է իր հետ տանում, որքան իր համագյուղացիների կողմից տրված տարբեր ցուցակներ` այս կամ այն ապրանքը քաղաքից գնելու ու իր հետ Ջիլիզա բերելու համար: Գյուղում, երբեմն, կտրվելով հոգսաշատ առօրյայից, տղամարդիկ հավաքվում են գյուղամիջում ու քննարկում աշխարհի նիստուկացը:  

«Թե մոտիկ ա հանդիպում ճամփեքումը, թե եկող-գնացող ա ըլում` ծանոթ-բարեկամ, մի թիքա զրից ենք անում, օր սպանում»,- ասում է ջիլիզեցի Սուրեն Ծատինյանը:

Այսպես` ջիլիզեցիներն ամեն օր առավոտյան մութն ընկնելուն են սպասում, գիշերը` արևը ծագելուն, այդ ամբողջ ժամանակ, սակայն, մտքում փափագելով մի բան միայն. անցակետ ունենալ Վրաստանի ու Հայաստանի միջև:

«Բարձրացվել է հարցը և կառավարությունում, և զբաղվել է էդ հարցով նաև հանրապետության նախագահը, ուղղակի վրացական կողմը չի մերժում, բայց ձգձգում է: Հայկական կողմում նույնիսկ անցագրային կետի համար էդ շինարարության աշխատանքներն են ավարտված, հիմա միայն վրացական կողմի համաձայնությունը պետք է լինի, որ երկկողմ համաձայնությամբ անցակետը բացվի: Վերջին խոսակցությունն այդ մասին անցյալ տարի է եղել. վրացական կողմը կրկին ոչ հաստատել, ոչ էլ մերժել է անցակետ ունենալու առաջարկը: Անցակետ ունենալու դեպքում թե հարևան գյուղերում բնակվող մարդկանց բարեկամական կապերը կվերականգնվեն, թե առևտուրը թափ կառնի»,- ասում է գյուղապետ Մհեր Վարդանյանը:

Մեկնաբանություններ (1)

Արուս
Մեկ նկատառում. Օփրեթ գյուղը հայաբնակ գյուղերի թվին չի պատկանում: Այն նախկին հունական գյուղ է, ուղղակի այժմ ապրում են նաև այլ ազգեր, այդ թվում` հայեր: Իսկ շրջակա գյուղերի թվում բացառապես հայաբնակների շարքում է Խոժոռնիի հարևան Գյուլլիբաղ գյուղը` չնայած անվանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter