HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Մովսիսյանը նորից խոստումներ է տվել «Վանաձորի-Քիմպրոմի» աշխատակիցներին

«Վանաձորի-Քիմպրոմ» ՓԲԸ-ում ստեղծված  իրավիճակի շուրջ այսօր «Հետքի» հարցերին պատասխանել  է ՀՀ  նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանը

- Ո՞վ է «Վանաձորի-Քիմպրոմի» սեփականատերը:

-«Քիմպրոմի» սեփականատերը  ռուսական ընկերություն է: Ինչ վերաբերում է այսօրվա իմ այցին, ժողովրդի  հետ հանդիպմանը ներկայացրեցի այն ծրագրերը, որոնք փորձում ենք իրականություն դարձնել, այն բանակցությունները, որոնք ընթանում են,  ըստ առանձին արտադրատեսակների `ըստ  քիմիական արտադրության, ջերմային կայանի հետ կապված` և առաջիկայում այն սպասելիքները, որ  ունենք: Ներկայացրեցի այն տեխնոլոգիական  ուղղությունները, որոնք զարգացումներ պետք է ունենան: Հույս ունենք, որ առաջիկայում այս բոլորը կարող ենք կյանքի կոչել: Ընդհանրապես նման ձեռնարկությունը վերականգնելը բավականին բարդ աշխատանք է և  ամեն անգամ մենք նշել ենք այն  բարդությունները, որոնք գոյություն ունեն:  Պատկերացրեք այսքան հին սարքավորումները, այսքան հին տեխնոլոգիան,  այսօրվա գոյություն ունեցող շուկան, շուկայում մրցունակ ապրանք հանելու հնարավորությունները: Դա. Իհարկե, բավականին լուրջ, բավականին  բարդ խնդիր է:  Այն ուղղությունները, որոնք այսօր  վերցրել ենք որպես առաջնային և փորձում ենք զարգացնել, դրանց իրականացման համար  ներգրավվելու ենք  այս ոլորտում ավելի մեծ փորձ ունեցող ընկերությունների, որոնք տիրապետում են այդ շուկային,  այդ շուկայում բարձր վարկանիշ ունեն և կարող են օգնել:  Սա է լուծումը, որը կարող է բերել  նրան, որ այս մարդկանց  ներգրավվենք  աշխատանքի մեջ և որը կարող է բերել նաև  գործարանի վերագործարկման:  

-Խնդրում եմ ասեք «Վանաձորի-Քիմպրոմի» սեփականատեր ռուսական այդ ընկերության անունը:

-Ռուսական այդ ընկերության անունը, բանից ավելի ճիշտ կճտեք, էսենց մի քիչ կդժվարանամ կոնկրետ անունը ասել: Սնիգիրյովը կգա աշխատանքի, կճշտեք: 

-Շրջանառվում են լուրեր , որ «Վանաձորի-Քիմպրոմի» բաժնետոմսերի սեփականատերերից մեկը հենց  դուք եք:

-Ուրեմն այն հարցը, որ իմ անունը շրջանառվում է գործարանի բաժնետերերի թվում, պետք է ասեմ, որ իմ անունը շրջառավում է նաև «Նաիրիտի» բաժնետերերի թվում, իմ անունը շրջանառվում է նաև Ուկրաինայի մետալուրգիական հզոր կոմբինատների  բաժնետերերի թվում: Ես որևիցէ կապ չունեմ: Իմ այս մասնակցությունը կայանում է նրանում, որ, երևի  թե ամենախորը ես եմ ծանոթ այս պրոբլեմներին և բավականին երկար ժամանակ եմ զբաղվել գործարանով: Սա է ընդամենը պատճառը, որ  սկսված բանակցությունները, որոնք ես վարում էի, շարունակում եմ և փորձում ենք վերագործարկել:

-Որքա՞ն են  կազմում ընկերության պարտքերը:

-Գիտեք, ես ընդհանուր թվով կարող եմ ասել, շուրջ 40 մլն. դոլարի կարգի: Բանակցությունները, որոնք ընթանում են  պոտենցիալ ներդրողների հետ նաև դրված է այն խնդիրը, որ այդ պարտքերը նրանք  մուծեն: Այսինքն խնդիրը   միայն վերագործարկելը չէ: Վերագործարկման սցենարի մեջ մտնում է նաև  այդ պարտքերի խնդիրը:   

 -Ի՞նչ ուղղություններով  կզարգանա «Քիմպրոմը»:

-Կզարգանա քիմիական արտադրության մասով, էներգետիկայի  մասով և կորունդների  արտադրության մասով: Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա բանակցությունները հիմա ընթանում են,  ուսումնասիրությունները պոտենցիալ ներդրողների կողմից գործարանում իրականացվում են, շուտով սպասվում է հերթական աշխատանքային խմբի այցը, որը կուսումնասիրի այն  խնդիրները, որոնց լուծումները տալուց հետո գործարանը հնարավոր կլինի գործարկել: :

-Ի՞նչ խոստումներ տվեցիք գործարանի աշխատողներին` չվճարված աշխատավարձերի հետ  կապված:

- Այս լուծումները տալիս, բնականաբար նաև աշխատավարձի պարտքերը ամբողջովին կմարվեն: Ինչ վերաբերվում է ընթացիկ աշխատավարձին,  պայմանավորվածություն ունենք, որ եկող ամսվանից  կփորձենք մեկ  աշխատավարձի հարց ևս լուծել:

- Պարոն Մովսիսյան , որքան նկատում եմ  դուք բավականին լավատես եք, պարտքերի մեջ թաղված «Վանաձորի-Քիմպրոմի» ապագայի նկատմամբ: Իսկ ի՞նչ կասեք,  գործարանի սնանկ ճանաչվելու հավանականության մասին:

-Ոչ: Մենք պետք է  թույլ չտանք, որպեսզի նման իրավիճակ առաջանա:  Պետք է  կարողանանք հասնել նրան, որպեսզի գործարանը վերագործարկվի: Չեմ կարծում, որ գործը կհասնի սնանկության: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter