HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձախողված ադրբեջանական դիվերսիայի հետաքննություն. ի՞նչ ուղերձ է պարունակում այն-2

Ստեփան Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան

Սկիզբը

Ձախողված ադրբեջանական դիվերսիայի հետաքննության համար չափազանց կարեւոր է դրա վերաբերյալ այն արձագանքների ուսումնասիրությունը, որոնք տեղ գտան թե’ հայկական, թե' ադրբեջանական հանրային կարծիքի դաշտում ու տեղեկատվական տարածության մեջ:

Այդ համատեքստում առանցքային նշանակություն ունեն ՀՀ եւ ԼՂՀ ՊՆ-ների կողմից իրականացված ինֆորմացիոն օպերացիանները, որի միջոցով Երեւանն ու Ստեփանակերտ փորձում էին խոսեցնել Բաքվին ու ստուգել նրա ռեակցիաներ: Վերջին հաշվով, «դիվերսիոն բախումից» զատ սկիզբ էր առել ու յուրօրինակ ընթացքով ծավալվում էր նաեւ ինֆորմացիոն պատերազմ: Ֆոկուսացված եւ ուղղորդվող տեղեկատվությունը դիվերսիաների անբաժանելի մասն են, քանի որ դրանք կոչված են հասարակական կարծիքում ստանալ ցանկալի էֆեկտը:

Իսկ հուլիսի 9-ից հետո այդ դաշտերում դիտարկվածը ավելի քան վկայում է, որ ադրբեջանական խումբը յուրօրինակ մասկիրվկայով դիվերսիոն խումբ էր, ինչի ուղղակի վկայություններն ու արտացոլումները նկատելի էին տեղեկատվական դաշտերում: Օրեցօր, անգամ՝ նույն օրվա ընթացքում մի քանի անգամ Բաքվի ռեակցիաների հարկադրված փոփոխությունը, ինչպես նաեւ ադրբեջանական լրատվամիջոցների պահվածքը այս առումով չափազանց կարեւոր տեղեկատվության ու եզրահանգումների աղբյուր են:    

Հուլիսի 9. հայկական կողմերի լռությունը, տեղեկատվական վակումը եւ քաոսը

Ինչպես արդեն նշել ենք հետաքննության նախորդ մասում, հուլիսի 4-ի երեկոյան անհայտացած 17-ամյա Սմբատ Ցականյանին փնտրող քարվաճառցի կանանցից մեկը հուլիսի 8-ի կեսօրին տարածքի ավերված տներից մեկում հագուստ փոխելիս նկատել էր ռուսերեն խոսող երկու ադրբեջանցու ու այդ մասին հայտնել ոստիկանությանը: ԼՂՀ ոստիկանության ու զինված ուժերի համատեղ գործողությունների արդյունքում նրանցից մեկը ձերբակալվել էր, մյուսը՝ դիմել փախուստի:

Այս մասին հայկական ԶԼՄ-ները ստույգ հայտնեցին միայն հուլիսի 10-ի կեսօրին, սակայն ադրբեջանցի դիվերսանտների մասին տեղեկությունները արդեն տեղի բնակչության շրջանում լայնորեն շրջանառվում էր:

Թերեւս իրականացված հատուկ գործողության այսպիսի ելքը հասկանալի է դարձնում, թե ինչո՞ւ ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանական գերատեսչությունները չէին կարող այդ եւ հաջորդ օրը օպերատիվ հաղորդագրություն տարածել. դիվերսանտներից ընդամենը մեկն էր բռնվել, մյուսին հաջողվել էր փախչել, եւ ընդհանրապես հայտնի չէր, թե խումբը քանի՞ հոգուց է բաղկացած, ի՞նչ երեւույթի հետ են բախվել Հայաստանն ու Արցախը:

Նման իրավիճակում հաղորդագրություն տարածել այն մասին, թե խումբը, բացառությամբ մեկ ձերբակալվածի, գտնվում է ազատության մեջ, նշանակում էր խուճապ տարածել ոչ միայն տեղի բնակչության շրջանում, այլեւ ողջ Հայաստանով մեկ: Նաեւ հասկանալի է, թե ինչո՞ւ այդ պահից սկսած պաշտոնապես չէին կապվում դիվերսիայի փորձն ու 17-ամյա Սմբատի անհայտացումը, որքան էլ ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանական գերատեսչությունները ներքին մեծ համոզմունք ունենային երկու փաստերի կապի առնչությամբ:

Այդ ամենի մասին պաշտոնապես խոսելը միայն խուճապի ծավալներն էր մեծացնելու եւ ոչ մի օգուտ չէր տալու: Առավել եւս, երբ հուլիսի 9-ին պետք է անհրաժեշտաբար իրականացվեր նախօրեին ձերբակալված ադրբեջանցու հարցաքննությունը՝ առաջին հերթին խմբի անդամների թիվը ճշտելու, նրանց գործունեության ու գտնվելու հնարավոր վայրերը պարզելու ակնհայտ առաջնահերթ նպատակներով: Հետեւաբար, այս համատեքստում պաշտպանության նախարարությունների գործելակերպն ու լռությունը հասկանալի էր:

Այդուհանդերձ, իրադարձությունն այնպիսին էր, որ որքան էլ ՀՀ եւ ԼՂՀ ՊՆ-ները պարտադրված չխոսեին դրա մասին, միեւնույնն է, շարունակվող որոնողական աշխատանքների ձեւը, (շրջանում համար մեկ մարտական պատրաստվածություն հայտարարելը, ուղղաթիռներով, հատուկջոկատայիններով դիվերսանտներին փնտրելը եւ այլն), ժողովրդի շրջանում տարածվող խոսակցությունները անխուսափելի էին դարձնում հայաստանյան մամուլում այդ ամենի երբեմն քաոսային, երբեմն էլ անցանկալի նրբերանգներով ու շեշտադրումներով հայտնվելը:

Արդեն հուլիսի 9-ին կեսօրից հետո հայկական կայքերում սկսեցին հայտնվել տեղացիներից ստացվող տեղեկություններ միջադեպի մասին: Մասնավորապես, www.armlur.am կայքը 16:00-ից ահազանգեց՝ «Վարդենիսում խուճապ է. 14-ամյա երեխա է կորել»: Ինչպես տեղի բնակիչներն էին հաղորդել լրատվամիջոցին՝ «չորս ադրբեջանցիներ դիվերսիոն հարձակում են իրականացրել Քարվաճառի (Քելբաջարի) ուղղությամբ», «հայ սահմանապահները կարողացել են դիվերսանտներին արագ հետ մղել, եւ նրանցից մեկը գերի է ընկել»: Լրատվամիջոցը նաեւ հայտնեց, որ «փոխարենը՝ ադրբեջանցիներն էլ իրենց հերթին են Քարվաճառի 14-ամյա մի բնակչի գերեվարել», եւ  «հովվի ընտանիքը երկար ժամանակ է՝ չի կարողանում գտնել իր 14-ամյա որդուն» (հետագայում պարզվեց, որ անհայտացածը 17-ամյա Սմբատ Ցականյանն է):

Գեղարքունիքի մարզի բանակային կորպուսի հրամանատարներից մեկը՝ Պողոս Պողոսյանը այդ օրը որքան էլ նշված լրատվամիջոցում հերքել էր դիվերսիայի փաստը, սակայն հաստատել էր տղայի անհայտացումը. «Չէ նման բան չկա: Եթե նման բան լիներ, չէի պատասխանի ձեր հարցին, բայց քանի որ նման բան չկա, այդ պատճառով էլ պատասխանում եմ: Մի երեխա, որը հովիվ է եղել, կորել էր, ծնողները  խառնվել էին, փնտրում էին նրան: Կրկնում եմ՝ դիվերսոն հարձակում չի եղել, մենք էլ ամուր ենք»: 

Մինչ ՊՆ մամուլի խոսնակը չէր պատասխանել նշված լրատվամիջոցի հեռախոսազանգերին, սակայն մեկ այլ լրատվամիջոցով՝ panorama.am-ով հերքել էր ԶԼՄ-ներում շրջանառվող այն տեղեկությունները, թե Քարվաճառում 14-ամյա տղա է անհայտացել, ընդգծելով, թե դա ապատեղեկատվություն է:

Իսկ armlur.am-ը հավելել էր, որ թեեւ «բարձրաստիճան զինվորականը հավաստիացրեց, որ ամեն ինչ կարգին է, այնուամենայնիվ, Վարդենիսում դեռ խուճապ է, մարդիկ անգամ ջուրը եռացնելուց հետո են օգտագործում, քանի որ լուրեր կան, թե ադրբեջանցիները, հնարավոր է, թունավորած լինեն Վարդենիս մտնող ջրային պաշարները»:

Նույն օրը մեկ այլ լրատվամիջոց՝ www.henaran.am-ն էլ 17:39 տեղեկություն տեղադրեց, թե «36 ադրբեջանցի դիվերսիոն նպատակով մուտք են գործել Վարդենիս», որը, սակայն, անհապաղ հանվեց կայքից: Ինչպես հաջորդ օրը «Հայկական ժամանակ» թերթն էր նշել, նախօրեին հաճախակի փոփոխությունների ենթարկվել էին նաեւ armlur.am կայքում տեղադրվող լուրերը, որոշներն անգամ հանվելով կայքից: Մի խոսքով՝ տեղեկատվական քաոսը նկատելի էր հուլիսի 9-ին:

Հուլիսի 10. Բաքուն նախապատրաստվում է «առցանց» հեռարձակել խուճապը եւ դիվերսիոն «արկածները»

Հուլիսի 10-ի առավոտից իրադարձությանն անդրադարձան նաեւ հայաստանյան այլ թերթեր ու լրատվամիջոցներ: Մասնավորապես «Հայկական ժամանակը» հղում կատարելով նախօրեին տեղեկատվական քաոսին ու վերը հիշատակված երկու լրատվամիջոցների տրամադրած հաղորդումներին, թե ադրբեջանցիները «դիվերսիոն հարձակում են իրականացրել Քարվաճառի (Քելբաջարի) ուղղությամբ եւ ներթափանցել մինչեւ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաք», հաղորդեց իր աղբյուրների տրամադրած տեղեկությունները:

Մասնավորապես, վարդենիսցիներից մեկը թերթին հայտնել էր այն, ինչ իրեն էին պատմել. «Քարվաճառի սարերում ադրբեջանցիների են տեսել, բայց թե հետագայում ինչ է եղել, հայտնի չէ: Ըստ որոշ տեղեկությունների, ադրբեջանցի դիվերսանտները եղել են երեք հոգով եւ Քարվաճառի սարերում են անցկացրել մոտ 4 օր: Դիվերսանտները, ըստ այդ նույն տեղեկությունների, շփվել են հովիվների հետ, վերջիններս էլ աչալուրջ են գտնվել եւ դիվերսանտների մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: Որոշ տեղեկություններով էլ, հայ սահմանապահների կողմից գերի վերցված դիվերսանտը գտնվում է Ստեփանակերտում՝ հատուկ ծառայությունների հսկողության տակ»: Թերթը հավելել էր, որ ըստ իր տեղեկությունների, Քարվաճառի սահմանում երեկվա դրությամբ համար մեկ մարտական պատրաստվածություն է հայտարարված:  

Հասկանալի պատճառներով (առաջին հերթին՝ խուճապը չմեծացնելու համար), ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը թերթի հետ զրույցում նույնպես հերքել էր այն տեղեկությունը, թե ադրբեջանցիները 14-ամյա երեխայի են գերեվարել, նաեւ չէր պատասխանել ադրբեջանցիների հերթական դիվերսիոն գործողությունների մասին հարցերին՝ նշելով, որ պատասխանելու իրավունք չունի, քանի որ դա փակ տեղեկատվություն է: 

Ամենայն հավանականությամբ թերթին հենց նա էլ տրամադրել էր տեղեկատվությունը: Այն չափազանց ճշգրիտ է կառուցված՝ այնպես, որ մեծ վախեր ու մտահոգություններ չի հարուցում. ադրբեջանցիները սարերում են, այլ ոչ թե բնակավայրերում, հովիվներն արդեն նրանց նկատել են ու հայտնել՝ ում պետքն է, նրանց ուժեղացված ռեժիմով փնտրում են, մեկն էլ ձերբակալված է եւ Ստեփանակերտում: Անշուշտ, նկատելի է այս ձեւով տեղեկատվության մատուցման տարբերությունը, քան armlur.am-ի նախօրեի լրահոսն էր, կամ նույնիսկ հենց այդ օրը epress.am-ի տարածածները, որոնք խուճապի մասին էին ու մտահոգություններն ուժգնացնող: 

Հենց հուլիսի 10-ի առավոտից ադրբեջանական «անկախ» լրատվամիջոցները,  բլոգային էջերը, սոցիալական կայքերի օգտատերերը սկսեցին օպերատիվ արտատպել ու իրենց հարմար ձեւով տարածել հայկական ԶԼՄ-ներում հայտնված վերոնշյալ տեղեկությունները, թե «համաձայն հաղորդումների ադրբեջանցի ռազմական հետախույզները Քելբաջարից հետո ներթափանցել են Հայաստանի Վարդենիսի շրջան», «Հայկական ԶԼՄ-ները պնդում են, թե Վարդենիսի շրջանում հատուկ գործողության արդյունքում անհայտացել է 14-ամյա հովիվ»,  իսկ «Panoarama.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հրաժարվել է մեկնաբանել հայկական ԶԼՄ-ների հաղորդումները»:  Թերեւս դա լրահոսի առաջին խմբաքանակն էր: 

Գիտակցաբար, թե անգիտակցաբար, մեխանիկորեն թե հանրության «մարտական ոգին» բարձրացնելու նպատակով, հայկական մամուլի տեղեկատվությունն արտատպելիս ադրբեջանական լրատվամիջոցները այդ առաջին լրահոսում  բացահայտված խմբին նույնպես ներկայացնում էին որպես «հատուկ գործողություն իրականացրած հետախուզական ջոկատ»: Գրեթե անխտիր, բոլոր կայքերում լուրը ուղեկցվում էր դիվերսանտի նկարով:

Այսպես՝ Азербайджанские разведывательные отряды провели спецоперацию на территории Кельбаджарского района, 10 հուլիսի 11:12),  Паника в Армении после спецоперации азербайджанской разведки, Армянские СМИ пишут об азербайджанских разведчиках в Келбаджаре (http://ru.oxu.az/society/32448), Минобороны карабахских сепаратистов о спецоперации Азербайджана в Кельбаджаре վերնագրով «թարմացվող լրահոս» Ազգային անվտանգության ինֆորմացիոն կենտրոնի կայքում եւ Haqqin.az-ում ժամը 11: 44-ից սկսյալ, եւ նույնը՝ բազում սոցիալական կայքերում՝ ВКонтакте,  Odnoklassniki:

Կարճատեւ հրճվանքից հետո շփոթ եւ մտահոգություն. Բաքուն «աննկատ» փոխում» է սյուժեն

Ժամը 14:08-ին միջադեպի, գերեվարված ադրբեջանցու ու Վարդենիս-Քարվաճառ տարածագոտում տիրող իրավիճակի վերաբերյալ Epress.am-ը նույնպես տեղեկատվություն տարածեց իր աղբյուրների վրա հղումով: Մասնավորապես, լրատվամիջոցը հաղորդեց, թե հուլիսի 9-ին «Վարդենիսում օրվա ընթացքում խուճապը մեծ է եղել», քանի որ ըստ տարածված լուրերի՝ «ադրբեջանցիները սահմանին մոտ են եկել», «Քելբաջարում նրանցից մեկը գերեվարվել է», իսկ «բնակիչների շրջանում լուրեր են տարածվել, թե ադրբեջանցիները թունավորել են ջուրը ու դրանից պետք չէ օգտվել»: Ապա մեջբերվել էր թերթի զրուցակցի՝ նախօրեին ասված ուղղակի խոսքը. «Այսօր ռազմական ուղղաթիռներ են անցել, շատ անսովոր վիճակ է, չգիտենք՝ ինչ է կատարվում։ Ամեն մեկը մի բան է ասում, սակայն հստակ ոչինչ չեն բացատրում»։

Epress.am-ի այս եւ մյուս լուրերին, պարզվեց չափազանց մեծ ուշադրությամբ հետեւում են Բաքվում, ինչպես ստորեւ կհամոզվենք: Այն նույնպես արագ արտատպվեց ու տարածվեց ադրբեջանական «ոչ պետական» լրատվամիջոցներում: Մի քանի «անկախ» ադրբեջանական լրատվամիջոցում ժամ առ ժամ «թարմացվող լրահոսի» տրաֆարետը ամբողջովին նույնն էր:  Թե ո՞վ էր պատրաստել այն, որը օպերատիվ, միաժամանակ ու նույն ձեւով տեղ էր գտնում լրատվամիջոցներում, տարածվում բլոգներում ու սոցիալական ցանցերում, ո՞վ կամ ո՞ւմից էր արտագրում այն, դժվար է ասել:

Epress.am-ի հիշյալ լուրից հետո ադրբեջանցի հետախույզների սխրանքները սեփական հանրությանը մատուցելիս ադրբեջանական կողմը բավական ծաղկացրեց այն: Ահավասիկ՝  «կատարյալ խուճապ է տիրում Քարվաճառին սահմանակից Հայաստանի շրջաններում», «հատկապես՝ Վարդենիսում», «կապված քաղաքի վրա թռչող ուղղաթիռների ու թունավորված ջրի վարաբերյալ շշուկների հետ»,  իսկ «դեռեւս նախօրեին լուրեր էին տարածվել, թե ադրբեջանցիները սերտորեն մոտեցել են սահմանին, իսկ հայ հետախույզներից մեկը Քարվաճառում գերի է ընկել»:

Փոքր-ինչ վերափոխվել ու ընդգծված շեշետվել էր Epress.am-ի լրահոսն այնպես, թե Քարվաճառում ապրողները հայտնել են, որ «երեքշաբթի ժամը 14-ի մոտակայքում քաղաքի տարածքում նկատվել են ադրբեջանցիներ: Հայաստանի պաշտպանության նախարարությունն ու տեղի բնակիչները չեն կարողանում բացատրել, թե ինչպես են ադրբեջացիները հայտնվել քաղաքում, որ հայերը թիկունքային են համարում»: Թերեւս սկզբնաղբյուրի հետ համադրությունից տարբերություններն ակնհայտ են, իսկ ավելացված շեշտադրումները՝ հասկանալի:

Վերջապես, հաղորդագրությունը հավելել էր, թե «Վարդենիսում խուճապը հիմքեր է ունեցել. քաղաքի վրայով թռել են Հայաստանի ԶՈՒ ռազմական ուղղաթիռները, իսկ բնակչության մեջ լուրեր են տարածվել, թե ադրբեջանցիները ջուրը թունավորել են»:  Ապա մեջբերբել էր Epress.am-ում վարդենիսցու ուղղակի խոսքը անորոշության, անիրազեկվածության ու ոչինչ չհասկանալու մասին՝ իբրեւ խուճապի փաստական ապացույց:

Թերեւս այդ պահին ադրբեջանական քարոզչության թիրախները պարզ էին. Արցախում ու Հայասանում խուճապ է, նրանց սահմանը անառիկ չէ, իսկ թիկունքը՝ բաց, մի քանի ադրբեջանցի իրար են խառնել բոլորին՝ ժողովրդից մինչեւ իշխանություն, ոչ մեկ տեղի ունեցողի բացատրությունը չունի, իսկ հայկական զինուժը կատաղությունից իրեն պատեպատ է տալիս՝ հողի վրա եւ օդում, փնտրելով ադրբեջանցիներին, որոնք անորսալի Ջո-ի նման հայտնվում են անգամ քաղաքներում, նույնիսկ մեկ հայ հետախույզ են գերեվարել ու հասցրել ջրի թունավորմամբ սարսափացնել բնակիչներին:

Ուշագրավ է, որ միատեսակ տրաֆարետով «թարմացվող լրահոսում» այս մի լուրն արդեն ուղեկցեց ադրբեջանական լքված բնակավայրի խորապատկերին տարեց մարդու լուսանկարով: Երկու ժամվա ընթացքում նկարային թեմատիկայի փոփոխությունը, այն էլ նման խնդրին վերաբերող լուրի պարագայում, երբ տրվող տեղեկատվության ամեն մի բառը ճշգրտվում, ստուգվում, եթե չասենք՝ թելադրվում է մեկ կենտրոնից, նշանակում է, որ հայկական կողմի տարածած տեղեկատվությանը լավ հետեւող, գերեվարված ադրբեջանցու մասին տեղեկատվությունը հասկացած ադրբեջանական կողմը փորձում էր «սահուն» փոխել կոնտեքստը. ադրբեջանցիները ոչ թե դիվերսանտներ են, այլ պատահական մարդիկ:


Այդպիսով, պատահական չէ, որ ժամը 12:00-ին արտատպված լուրում ադրբեջանական ԶԼՄ-ները դիվերսանտի նկարի ներքո խոսում էին «հատուկ գործողություն իրականացրած հետախուզական ջոկատ»-ի մասին, մինչդեռ ժամը 14:00-ից հետո արդեն գործածեցին «ադրբեջանցիներ» եզրը՝ լուրը զուգակցելով հայրենի գյուղի ու տան կարոտ ունեցող տարեց մարդու նկարի հետ:

Եւ սա այն դեպքում, երբ Երեւանն ու Ստեփանակերտը բացարձակապես ոչինչ չէին հաղորդել կամ անգամ հաստատել: Թերեւս չի բացառվում, որ Բաքվի վարքագծում նկատված այդ փոփոխությանը մեծապես նպաստեց Epress.am-ի լուրի տեղադրման ու արտատպման ժամի հետ գրեթե համընկած ԼՂՀ ՊՆ մամլո հաղորդագրության տարածումը:

Սակայն, սա այդ օրը դիտված միակ կարեւոր փոփոխությունն ու բացահայտումը չէ. կարճատեւ հրճվանքից հետո Բաքուն որքան էլ շփոթ ունեցավ, այդուհանդերձ շարունակեց չհավատալ պաշտոնական Ստեփանակերտին: Դրա պատճառը ԼՂՀ ՊՆ հաղորդագրության ու Բաքվում «մշտադիտարկվող» Epress.am-ի լրահոսերի միջեւ առկա հակասությունն էր, միգուցե նաեւ՝ դեռեւս փախուստի մեջ գտնվող երկու դիվերսանտներից մեկի հետ պահպանվող կապը...  Հնարավոր է նաեւ, որ այդ երկու հանգամանքն էլ առկա էին միաժամանակ:

Շարունակելի

Առաջին լուսանկարը` տեսանյութից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter