HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայրենադարձ ճարտարապետ. «Հայաստանը կարող է վերածվել դիզայնի կենտրոնի»

Ճարտարապետ Վազգեն Բրուտյանը 7 ամիս առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգներից փոխադրվել է Հայաստան: Ապրում էր Լոս Անջելեսում և իր ճարտարապետական գրասենյակն ուներ, սակայն փակել և հայրենադարձվել է Հայաստան: Ասում է՝ մտադիր չէ վերադառնալ Նահանգներ: «Թումո» ստեղծարար կենտրոնում երեկոյան Վազգեն Բրուտյանի նախաձեռնած և ղեկավարած «Արտադրական դիզայն» խորագրով ցուցադրությունն էր:

Կենտրոնի սաները հայկական զարդանախշերը փորձել են կիրառել տարբեր իրերի վրա՝ «արդիականացնելով» դրանք: Հայկական զարդանախշերը սկզբից ուսումնասիրվել են, այնուհետև լուսանկարների միջոցով վերածվել կոլաժների, իսկ վերջում՝ պատկերվել տարաբնույթ իրերի վրա: Նախագիծը հայկական ճարտարապետության զարդանախշերը նկատելու և գնահատելու հնարավորություն է տվել սաներին: «Մենք այսօր պետք է տանը թեյ ըմպենք այն բաժակներով, որի վրա հայկական զարդանախշերն են, այլ ոչ թե արտերկրյա»,-ասում է նախագծի մարզիչ Եվա Գյուլզադյանը:

Վազգեն Բրուտյանը մեզ հետ զրույցում նշում է, որ հույս ունի՝ նախագիծը դեռ շարունակություն կունենա և չի մնա լոկ պատկերների վրա:

Ձախից՝ «Թումո»-ի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը, Վազգեն Բրուտյանը և նախագծում ընդգրկված երիտասարդները

-Ինչպե՞ս ծնվեց նախագծի գաղափարը:

-Ես փոխադրվեցի այստեղ 7 ամիս առաջ, բայց դրանից առաջ արհեստավարժության մի քանի դասընթացներ էի անցկացրել, և գրեթե ամեն տարի գալիս-գնում էի Հայաստան, և վերջին անգամներին դիզայնի հիմնական սկզբունքների մասին էի խոսել: Շատ անգամ հայկական թեմատիկայով կոլաժներ էինք անում՝ վերցված բնանկարչությունից, ճարտարապետությունից և տարբեր ոլորտներից՝ քաղված հայկական մեր մշակութային նախշերից: Երբ ես վերջին անգամ եկա, ինձ առաջարկվեց տարբերվող մի բան անել՝ մեր առաջադեմ աշակերտների հետ այնպիսի վիճակ ստեղծել, որ նախագծի նմանվի, ոչ թե դասընթացի: Որոշեցինք արդիական իրեր ստեղծել, որոնք ունեն հայկական ուժեղ մասնիկ, բայց միևնույն ժամանակ արդիական կիրառվող իրեր լինեն, այսինքն՝ մի ձևով առաջադրում են մեր ներկա դիզայնի լեզուն: Այդտեղից էլ ծնվեց միտքը դիզայն անել յուրաքանչյուր կիրառական իր, որը միևնույն ժամանակ շատ արդիական է և մեր ներկա ժամանակի մաս է կազմում:

Զարդանախշով պայուսակն արդեն իսկ պահանջարկ ուներ ներկաների շրջանում. սպասում են արտադրությանը

-Պատկերված իրերին նպատակ ունե՞ք «կյանք տալու»:

-Նպատակ ունենք շատերին կյանքի կոչելու, գուցե շոկոլադները կամ մեղրը, որոնք ավելի հեշտ կարելի է զարգացնել: Որոշները քիչ ավելի շատ ժամանակի պահանջ ունեն: Սակայն դիզայն ենք անում այն նպատակով ու երազանքով, որ վերջում միգուցե կարելի է նախատիպեր ստեղծել, եթե ոչ արտադրություն:

-Ի՞նչն է պակասում, որ այս նախագիծն իրականանա:

Նախ տեխնոլոգիան, երկրորդ՝ անձինք, որ այդ կարողություններն ունենան, երրորդ՝ ժամանակը, ինչու չէ նաև ֆինանսները: Սկսել ենք մի քանի բաներից՝ ցուցադրված են կավից պատրաստված աշխատանքները, դրանցից հետո կամաց-կամաց կզարգացնենք:

Նմուշները ցուցադրված էին պատերին ու հատակին

-Դժվա՞ր է Հայաստանում ինչ-որ գաղափար զարգացնելը, իրագործելը:

-Կարծում եմ՝ շատ դժվար չէ, ընդհակառակը, Հայաստանը շատ հարմար տեղ է այդ տեսակի մտքեր զարգացնելու համար, մի բան սկիզբ դնելու, ստեղծագործելու համար, քանի որ ունենք մեծ թվով տաղանդներ: Տեսնում եք երիտասարդներին՝ սա16-20 տարեկանների աշխատանք է, և այդ կողմից հնարավորությունը շատ մեծ է: Դրանից բացի, մեր մշակույթն այնքան բազմազան է և այնքան կարողություններ է տալիս, որ մենք մեր մշակույթից կարող ենք հսկայական բաներ քաղել և բերել արդիական կյանք:

Նախշերով հագուստ

-Ինչո՞ւ տեղափոխվեցիք Միացյալ Նահանգներից:

-Միանգամից չէր կայացվել այդ որոշումը: Երեք անգամ եկել էի «Թումո» և դասընթացներ էի անցկացնում, և յոթ տարի շարունակ ամեն տարի եկել եմ, և միշտ փնտրում էի մի բան, որ ինձ բերեր Հայաստան, և իմ կապը ոչ թե տուրստական լիներ, այլ ավելի հստակ. մի ձև իմ գիտելիքներով ու հմտություններով ներդրում ունենայի Հայաստանի ստեղծմանը: Ամեն անգամ, երբ գալիս էի, երիտասարդներն այնքան ուշիմ ու կարողությունների տեր էին, որ երբ «Թումոյից» առաջարկ ստացա երկարատև դասավանդելու, որոշումս կայացրեցի:

-Երբ արտերկրից գալիս են Հայաստան, երկրի թերություններն ու առավելություններն ավելի ակնառու է նրանց համար: Դուք ի՞նչ եք «արձանագրել» այս 7 ամիսների ընթացքում:

-Երբ դրսից է գալիս մեկը, ավելի լավ է տեսնում այն, ինչ կարելի է գնահատել, օրինակ՝ հայ երիտասարդների տաղանդը, իրենց ուշիմությունն ու նվիրումը: Այս աշխատանքների համար մենք հանդիպել ենք շաբաթը երեք անգամ՝ 3-4 ժամ: Այս տարիքի երիտասարդներին դժվար է հավաք ու կենտրոնացած պահել, բայց Հայաստանում նրանք այնքան շատ են ուզում նորություն ստեղծել, երևակայել ապագայի մասին, որ երբ դու խնդրում ես մեկ ժամ, իրենք երեք ժամ կտան:

Ցուցադրված էին նաև «կյանք ստացած» իրերը

-Այս սերունդը ի՞նչ կարող է փոխել երկրում:

-Ես վստահ եմ, որ Հայաստանը շատ ճիշտ տեղ է դիզայնի կենտրոնի վերածելու համար: Բարձրակարգ դիզայն է արվում Հայաստանում, և դա ոչ միայն Հայաստանի համար: Մենք հաճախ խոսում ենք Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն դարձնելու մասին, քանի որ նախ՝ ՏՏ-ն սահմաններ չունի և հեշտությամբ կարելի է ուրիշ երկրների հետ աշխատել: Նույնն էլ դիզայնի դեպքում է: Մենք կարող ենք այստեղ չափազանց բարձրագույն դիզայններ անել, որն արտահանվի աշխարհի տարբեր կողմեր: Որևէ պատճառ չկա, որ մենք դա չկարողանանք անել: Հայաստանում կան մեծ թվով արվեստի հետ կապ ունեցող անձինք, տաղանդավոր անձինք և արհեստավորներ, որոնք կարող են մեր արած դիզայնի գոնե նախատիպը ստանալ: Դա մենք կարող ենք ներկայացնել ամբողջ աշխարհին որպես հայկական դիզայն, և ոչ միայն:  Կարծում եմ՝ հաջորդ մի քանի տարիներին պետք է լրջությամբ մոտենալ այն հարցին, որ Հայաստանը կարող է վերածվել դիզայնի կենտրոնի:

-Ռեսուրսներ կա՞ն:

-«Թումոն» հրաշալի տեղ է և հրաշալի բաներ են տեղի ունենում այստեղ: Ունենք մոտ 5000-6000 ակտիվ աշակերտո, որը հսկայական թիվ է և սերնդային զարգացման կենտրոն: Ես չգիտեմ աշխարհում ուրիշ մեկ այլ տեղ, որ այս տեսակի անվճար ռեսուրս կա իր ազգի երիտասարդների համար: Պետք է կարողանանք ոչ միայն մրցել ուրիշ երկրների հետ, այլ պետք է կարողանանք լինել լավագույններից մեկը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter