HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Ցզյա Չժանկե. «Միայնակ կինո նայելու միտումը վտանգավոր է»

Չինացի կինոռեժիսոր Ցզյա Չժանկեն համարվում է չինական կինոյի «6-րդ սերնդի» առանցքային դեմքերից մեկը:

Իր ֆիլմերում նա ներկայացնում է Չինաստանի ժամանակակից կյանքը. նրա ֆիլմերի շնորհիվ աշխարհը տեսնում է Չինաստանի չհորինված պատկերը: 1995-2013թթ. ընթացքում Ց. Չժանկեն նկարահանել է 16 ֆիլմ: Դրանցից «Նատյուրմորտ» (2006 թ.) ֆիլմի համար Վենետիկի ՄԿՓ-ին նա ստացել է «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակը, իսկ «Քաղաք 24» (2008թ.) ֆիլմն առաջադրվել է Կաննի կինոփառատոնին:

«Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի շրջանակներում չինացի ռեժիսորն այցելել է նաև Երևան: Հուլիսի 16-ին «Նատյուրմորտ» ֆիլմով մեկնարկեց նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը:

Ց. Չժանկեն նկատում է, որ տեխնոլոգիաների զարգացման այս ժամանակաշրջանում մարդիկ սկսում են ապրել երկու աշխարհներում՝ իրական և երևակայական: Միաժամանակ, այդ տեխնոլոգիաները մարդկանց դարձրել են միայնակ: Դրա վառ օրինակն այն է, որ մարդիկ սկսել են կինո նայել միայնակ՝ հեռախոսով, համակարգչով: Այնինչ, կինոն մարդկանց համախմբելու նպատակ ունի: Չինացի ռեժիսորի կարծիքով՝ միայնակ կինո նայելու այս միտումը վտանգավոր է:

Հետաքրքրական է, որ մի կողմից ռեժիսորի համար կարևոր է ցույց տալ մարդուն, նրա զգացմունքներն ու հույզերը, մյուս կողմից` նրա գլխում հարց է ծագում, թե ինչու է այս աշխարհն այսքան մարդկակենտրոն: Նա կարծում է, որ աշխարհը կարելի է դիտարկել նաև կենդանիների տեսանկյունից: Նա չգիտի՝ կա՞ն, արդյոք, այլմոլորկայիններ, թե ոչ, բայց կցանկանար հավատալ դրան: Դա կօգներ հասկանալ, որ մարդը տիեզերքի կենտրոնը չէ:

Ց. Չժանկեն պատմում է, որ ծնվել և մեծացել է չինական աղքատ քաղաքում, ինչը նրան հնարավորություն է տվել տեսնել հասարակ, աղքատ գյուղացու կյանքն ու կենցաղը, հասկանալ նրա ապրումներն ու զգացմունքները: Այս ամենը չէր կարող իր ազդեցությունը չունենալ նրա վրա: Եվ իր առաջին ֆիլմերում նա ներկայացնում է իր քաղաքի իրականությունը: Եթե նրա առաջին ֆիլմերում ներկայացված է չինացի գյուղացու կյանքն իր միջավայրում, ապա ավելի ուշ շրջանի ֆիլմերում ռեժիսորը ցույց է տալիս՝ ինչպես և ինչու է այդ գյուղացին թողնում իր բնակավայրն ու մեկնում մեծ քաղաք ու հաստատվում այդ քաղաքում:    

Դպրոցական տարիներին ռեժիսորը տարվում է գրականությամբ: Բայց որքան էլ սիրեր գրականությունը, հասկանում էր, որ այդ կերպ չի կարող հասանելի լինել իր ժողովրդին, քանի որ այդ ժամանակ չինացիների մի մասն անգրագետ էր: Ապագա ռեժիսորի հաջորդ տարերքը գեղանկարչությունն էր, բայց դա էլ սահմանափակ էր նրա համար: Երբ նա դիտում է չինացի ռեժիսորների «5-րդ սերնդի» ֆիլմերը, հասկանում է, որ ինքը ևս պետք է դառնա ռեժիսոր: Այդ կերպ միայն նա կարող է արտահայտել իր ասելիքը: Չինացի ռեժիսորը խոստովանում է, որ իր վրա մեծ ազդեցություն են թողել կինոյի իր ուսուցիչները, որոնց մեծ մասը դասավանդելու էր եկել ԽՍՀՄ-ից:

Երբ Ց. Չժանկեն վերջին կուրսում Պեկինից մեկնում է իր հայրենի քաղաք, տեսնում է, թե որքան փոփոխություններ են կատարվել այնտեղ: Իր բոլոր ծանոթներն ու ընկերները խճճվել էին իրենց հարաբերություններում, իսկ դրա պատճառը միայն փողն էր: Չինաստանում տեղի ունեցող տնտեսական փոփոխությունների ազդեցությունը ռեժիսորը դարձնում է իր ֆիլմի հերթական թեման: Նրա ֆիլմերում միշտ անդրադարձ է լինում հենց այդ շրջանում Չինաստանում տեղի ունեցող զարգացումներին ու փոփոխություններին: Ց. Չժանկեի ֆիլմերն արձանագրում են նաեւ Չինաստանի ներկան:  

«Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի ընթացքում ցուցադրվում են նաև նրա «Քաղաք 24», «Կուզեի իմանալ», «Հասարակական վայրեր», «Գրպանահատը», «Բեմահարթակ» և «Աշխարհը» ֆիլմերը: Ցզյա Չժանկեին նույնպես հանձնվել է «Փարաջանովյան թալեր» մրցանակը:  

Լուսանկարը` gaiff.am-ի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter