HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Իրանական գամբիտ. ինչու կրկին խոսեց դեսպան Ռեիսին

Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե իրենք դեմ են ղարաբաղյան հակամարտության  գոտում խաղաղապահ ուժերի տեղակայմանը, քանի որ դա կվտանգի ողջ տարածաշրջանը: Իրանի դեսպանն արձագանքել է նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք և զինտեխնիկա վաճառառելու փաստին` նշելով, որ սպառազինությունը երբեք չի կարող համարվել անվտանգության ապահովման միջոց:

Ռեիսիի վերջին շրջանի հայտարարությունները ինքնանպատակ չեն եղել ո́չ բովանդակային ու ո́չ էլ ժամանակագրական առումներով: Այս անգամ ևս բացառություն չեղավ: Դեսպանն իմաստային առումով կրկնեց նախագահ Սերժ Սարգսյանի` Բուենոս Այրեսից արտահայտած մտահոգությունը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի` բազմիցս արտահայտած դիրքորոշումը` ԼՂ շփման գծում խաղաղապահների տեղակայման նպատակահարմարության վերաբերյալ: Սա կարելի է համարել Հայաստանի հետ երկու հարցերում էլ Իրանի համակարծության, լիակատար աջակցության արտահայտում:

Բայց մյուս կողմից` այս հայտարարությունները, առավելևս հենց այս փուլում ասուլիսով հանդես գալու դեսպանի քայլը խոսում են այն մասին, որ Թեհրանը ոչ միայն չափազանց անհանգստացած է տարածաշրջանում և մասնավորապես ԼՂ հակամարտության կարգավորման պրոցեսում դրսևորվող միտումներով, այլև դրանք արդեն համարում է իրատեսական: Եթե փորձենք այս երկու ուղերձները դիտարկել մեկ հարթության մեջ, ապա Ռեիսին թափանցիկ ակնարկում է, որ Ռուսաստանի քայլերում տեսնում է ուժային բալանսը Ադրբեջանի օգտին խախտելու, դրանով Հայաստանի կախվածությունն իրենից մեծացնելու և ճնշումներ գործադրելու միջոցով իր խաղաղապահներին հակամարտության գոտում տեղակայելու արհեստական պահանջարկ ստեղծելու միտում: Դա Իրանին, հատկապես հիմա, բոլորովին պետք չէ: Իրանում հասկանում են, որ այս զարգացումները տեղի են ունենում հարավկովկասյան տարածաշրջանը Ռուսաստանի և Թուրքիայի միջև «կիսելու» տրամաբանությամբ, որի իմաստը Ադրբեջանի տարածքային հավակնությունները մասամբ բավարարելու դիմաց շփման գծում ռուս խաղաղապահների տեղակայման համաձայնություն ստանալն է: Դրանից ելնելով` Թուրքիան կարող է բացել Հայաստանի հետ սահմանը Ցեղասպանության ճանաչման 100-ամյակին ընդառաջ, ԵՄ-ի հետ հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև սիրիական ճգնաժամում կորցրած միջազգային հեղինակությունը վերականգնելու շրջանակներում լուծելով այսպես կոչված «հայկական հարցը»:

Դրա ուղղակի հետևանքը տարածաշրջանից Արևմուտքի և հատկապես Իրանի դուրսմղումն է: Վերջինս կորցնում է Հարավային Կովկասում ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական ու կոմունիկացիոն ազդեցությունը: Այդ հեռավորությունից Ռուսաստանի համար շատ ավելի հեշտ է դառնում տորպեդահարել դեպի Եվրոպա իրանական ածխաջրածնային ռեսուրսների արտահանման հետ կապված նախագծերը կամ առնվազն դրանցում մասնակցություն ունենալով` վերահսկելու ոտնակներ ձեռք բերելը:

Այս իմաստով Իրանին ձեռնտու չէ Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը, որն ինքնին ռուս-ադրբեջանական բանակցությունների հարթակ է և խնդիրներ է ստեղծելու առևտրային հարաբերություններում: Հետևաբար, Մոհամմադ Ռեիսին պատահական չէ այդ կառույցի ստեղծման և դրան Հայաստանի միանալու հարցում ընդգծված զգուշավորություն ցուցաբերում:  

Եվ ահա Թեհրանը Մոսկվային, Վաշինգտոնին, Բաքվին ու Երևանին հասկացնում է, որ չի պատրաստվում համակերպվել Հարավային Կովկասում իրեն վերապահվող` շարքային դիտորդի կարգավիճակի հետ: Բայց Իրանը, մեծ հաշվով, չունի իրավիճակը և զարգացումների ընթացքը փոխելու գործուն լծակներ և այդ փնտրտուքների մեջ է: Աառայժմ Իրանը կարողանում է ընդամենը հասկացնել, որ պատրաստ է իր ներդրումն ունենալ դրանց չեզոքացմանն ուղղված նախաձեռնություններում: Կոշտ, թե մեղմ տարբերակով, բայց Թեհրանը կգտնի միջոցը: Հարցն այն է` դրանում Հայաստանը խաղացողի՞, թե՞ կրկին խաղալիքի դերում կլինի:  

Ռեիսին հասկացնում է, որ Իրանը պատրաստ է օգնել Հայաստանին` դուրս գալու այն ցայտնոտային վիճակից, որում վերջինս հայտնվել է ԵՏՄ-ին անդամակցելու թակարդն ընկնելու հետևանքով: Բայց հարցն այն է, որ Թեհրանը չգիտի, թե Երևանն ինքը ինչ է ուզում կամ ուզու՞մ է առհասարակ, որ իրեն օգնեն, թե՞ ոչ: Արդեն ամիսներ շարունակ Թեհրանն ամենատարբեր դիվանագիտական հնարքներով, ուղերձներով փորձում է Հայաստանից կոնկրետ պատասխաններ ստանալ: Նախ հայ-ռուսական խայտառակ գազային համաձայնագրերը ստորագրելու ժամանակ դեսպան Ռեիսիի շուրթերով Իրանն առաջարկեց որպես այլընտրանք գնել իր գազը համեմատաբար էժան գնով: Հետո առաջարկեց արագացնել Իրան-Հայաստան երկաթգծի շինարարությունը` անհրաժեշտ ներդրումների մի մասը վերցնելով իր վրա: Ապա Թեհրանից տեղեկատվական խայծ նետվեց առ այն, որ Իրանը պատրաստ է որպես իր գազը եվրոպական շուկաներ հանելու այլընտրանքային ուղի դիտարկել Հայաստանի տարածքը: Բայց այդ առաջարկություններին Երևանը պատասխանեց քար լռությամբ, բացարձակ անզգայությամբ: Եվ ահա հիմա էլ Իրանն առաջարկում է օգտագործել տարածաշրջանային այս զարգացումներին իր հակադրվելու հանգամանքը:

Պատային վիճակը, որում հայտնվել է Հայաստանը, գործնականում այլընտրանք չի թողնում, քան բնական կամ արհեստական եղանակով Իրանի գործոնն օգտագործելը, Թեհրանին տարածաշրջան ներքաշելը: Արևմուտքի և Իրանի հարաբերությունների նկատելի բարելավումը և հատկապես ռուսական հավակնությունները չեզոքացնելու հարցում Արևմուտքի նույնչափ շահագրգռությունը դրա համար նպաստավոր նախապայմաններ են ստեղծում: Մնում է մտածել` ինչպե՞ս դա կարելի է անել` առանց կրակի և ջրի զոհը դառնալու: Բայց, ըստ ամենայնի, Հայաստանը նախընտրում է ոչ թե մտածել, այլ մնալ փայտացման վիճակում, գործելու փոխարեն` սպասել: Սպասել, թե ինչ կորոշեն Մոսկվան, Անկարան ու Բաքուն իր փոխարեն և իր ճակատագրի համար: 

Լուսանկարը` Արմենպրեսի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter