HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդան Պետրոսյան. «Խնդիրը իմ ու Հակոբյանների մեջ չի, իմ ու «վերևների» հետ է»

Վարդան Պետրոսյանի գործվ այսօր ավարտվեց տուժողների ու տուժողների իրավահաջորդների հարցաքննությունը: Դատարանը լսեց հայր ու դուստր Հայկ և Էմմա Հակոբյաններին, ապա երկու ընտանիքների մայրերին՝ Աննա Կարապետյանին ու Նաիրա Հայրապետյանին: Հայկ Հակոբյանը պատմեց, որ նույնիսկ չի նկատել, որ անցել են Աշտարակ տանող ճանապարհը: «Ինձ դաժը թվաց՝ մտել ենք, էնքան արագ եղավ էդ պահը… աբոչինայի վրա ենք կանգնած եղել… էնքան ուժեղ էր հարվածը, որ ես 180 աստիճանով շուռ էի եկել մեքենայի մեջ ու դեմքով էրեխեքի կողմն էի շրջվել»,- ասաց նա՝ նշելով, որ հետո քննչական փորձարարության ժամանակ ներկայացրել է իր տեսածը. «Մեր ավտոյից ենք բերել, սրա ավտոյից ենք բերել (ցույց է տալիս Վարդան Պետրոսյանի կողմը) ու քննիչին ցույց եմ տվել անձամբ մեքենայի կանգնած տեղը: 100 հատ գայշնիկ ա եղել, մարդիկ են եղել»: Դատավորի հարցին, թե ոգելից խմիչք օգտագործել է, Հայկ Հակոբյանը պատասխանեց. «Հաց կերել ենք, բայց խմիչք չենք օգտագործել»:

- Քաղաքացիական հայցի պահանջ ունե՞ք,- հնչեց դատավորի հարցը:

- Ներկայացուցիչը կանի… Նայում եմ դեմքին, իրա ապրած կյանքին, իսան չի, ի՞նչ ասեմ,- պատասխանեց Հայկ Հակոբյանը:    

Էմմա Հակոբյանը պատմեց, որ վթարին նախորդող պահին քրոջ հետ հեռախոսներով էին խաղում ու չեն նկատել, թե ինչու է հորեղբայրը կանգնեցրել մեքենան: Ըստ Էմմայի ցուցմունքի՝ ամեն ինչ շատ արագ է եղել, մեքենայի կանգնելը ու հարվածը շատ արագ են իրար հաջորդել: Ասաց, որ նստած է եղել Տաթևիկից աջ, ձախ կողմում եղբայրներն են եղել:

Հակոբյան եղբայրները չեն ենթարկվի քրեական պատասխանատվության

Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի հարցին, թե ճանաչում եք արդյոք Սիրանույշ Տռուզյանին, Էմման պատասխանեց՝ ոչ: Հետո պաշտպանը մանրամասնեց.

- Սիրանույշ Տռուզյան անուն-ազգանունով ընկերուհի չունե՞ք:

-Ընկերուհի չի, ծանոթ ա,- պատասխանեց Էմմա Հակոբյանը:

-Ինչու՞ էիք ասում, որ չեք ճանաչում: Քրեական գործի նյութերին կցված է մի տեսանյութ, որտեղ Սիրանույշ Տռուզյանը լաց լինելով պատմում է դեպքի մասին ու նկարագրում, որ դուք նստած եք եղել երկու առջևի նստատեղերի արանքում՝ դեմքով դեպի երեխաները…

Պաշտպանը մեջբերում էր Սիրանույշի խոսքերը, երբ Հայկ Հակոբյանը, վիրավորելով ու սեռական բնույթի հայհոյանքներ տալով, դուրս եկավ դատարանի դահլիճից.

-Թողում եմ դուրս գամ, էս անասունին պիտի լսե՞մ…,- ասաց Հայկ Հակոբյանը:

-Վիրավորում է, հարգելի դատարան, չե՞ք լսում,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

-Դու հլը վիրավորել չես տեսել,- ասաց Հակոբյանների բարեկամներից մեկը:

Դատավոր Վաղինակ Մկրտչյանը սանկցիա կիրառեց Հակոբյան եղբայրների նկատմամբ՝ 4 ժամով հեռացնելով նրանց նիստերի դահլիճից:

Պաշտպան Բաղդասարյանը միջնորդեց քրեական գործ հարուցելու մասին հաղորդում ներկայացնել դատախազություն, ինչը պարտավոր է անել դատարանը նման անհարգալից վերաբերմունքի դեպքում՝ Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմի համաձայն. «Ես նիստերի սկզբից լռել եմ՝ համարելով, որ մարդիկ վշտի մեջ են, բայց տեսնում եմ, որ բոլոր դատական նիստերին Հակոբյանները վիրավորում են, հայհոյում են: Սա հետևանքն է նրա, որ Ձեր կողմից, հարգելի դատարան, որևէ գնահատական չի տրվում նրանց պահվածքին»:

«Ամեն անգամ Դուք եք հրահրում այսպիսի իրավիճակ: Ձեր վարքագծից է կախված տուժողների վարքագիծը: Հարցն առաջադրվում է այնպիսի ձևով, որ մարդկանց վրդովմունքն է առաջացնում»,- ասաց Հակոբյանների փաստաբան Ռուբեն Բալոյանը:

Վարդան Պետրոսյանը խնդրեց պաշտպանին հրաժարվել միջնորդությունից. «Աստված գիտե, թե ինչ է կատարվում: Այս դատը դեռ չավարտված՝ հիմա էլ երկրորդ դատը սկսվի՞: Ես ինձ չեմ ների: Ես խնդրում եմ հետ վերցրեք միջնորդությունը: Պատկերացրեք՝ այդ հայհոյանքներն ինձ են ուղղված: Ես դրանք ընդունում եմ լռությամբ: Թախանձագին խնդրում եմ, հասկանալով ինձ, հետ վերցրեք»,-ասաց Վարդան Պետրոսյանը:

Նիկոլայ Բաղդասարյանը հետ վերցրեց միջնորդությունը ու խնդրեց այն չքննարկել:

«Խեղդվողը փրփուրներից է կախվում». Ռուբեն Բալոյան

Պաշտպանական կողմը ներկայացրեց մամուլից քաղվածք և խնդրեց կցել քրեական գործին: Դեպքից 11 օր անց Տաթևիկ Հակոբյանին հղում անելով՝ մամուլը գրել էր այն, ինչ տառացիորեն ցուցմունքում նշել էր Արթուր Հակոբյանը: Դատախազ Արթուր Սարգսյանն ու փաստաբան Ռուբեն Բալոյանը նշեցին, որ այդ նյութերը չունեն ապացուցողական որևէ նշանակություն: Ռուբեն Բալոյանն ասաց. «Խեղդվողը փրփուրներից է կախվում…նախկինում մինչև մահացածի 40 օրը չլրանար, քննիչը չէր գնա հարցաքննության, իսկ Արթուր Հակոբյանը 2 օր հետո ցուցմունք է տվել»:

Վարդան Պետրոսյանն էլ ի պատասխան ընդգծեց. «Ինձ պիտի դատարան քարշ տային, որովհետև այս պատմությունը իմ ու Հակոբյանների մեջ չի, այս պատմությունը իմ ու վերևների մեջ է: Դուք դա ասացիք այսօր»:

Եվ կրկին ալկոհոլի մասին

Փաստաբան Ռուբեն Բալոյանը միջնորդեց, որ դատարան հրավիրվեն նաև «Քաղցած չէին սպասում» հաղորդման հեղինակները, ովքեր 2013թ. հոկտեմբերի 20-ին հաղորդումը նկարահանել են Վարդան Պետրոսյանի ամառանոցում: Ասաց, որ տվյալներ ունի, որ այդ օրը ոմանք օղի են օգտագործել:

«Ես որպես փաստաբան, որպես քաղաքացի համոզված եմ, որ Ռուբեն Բալոյանը միտումնավոր է ալկոհոլի թեման անընդհատ բարձրացնում: Նա միջնորդել է, որ դատարան գա Վարդան Պետրոսյանի սթափությունը ստուգած բժիշկ Համազասպ Գևորգյանը: Թող բժիշկը գա, հարցաքննվի, հետո եթե կասկած կմնա, կանդրադառնաք: Խնդրում եմ հետաձգել այս միջնորդության քննարկումը»:

Դատախազ Սարգսյանն ասաց, որ այդ անձինք հարցաքննվել են նախաքննության ժամանակ, նրանց ցուցմունքներով հերքվել է Վարդան Պետրոսյանի՝ ալկոհոլ օգտագործած լինելու հանգամանքը:

Դատարանը հետաձգեց միջնորդության քննությունը մինչև էական հանգամանքների ի հայտ գալը: Հաջորդ դատական նիստին՝ հուլիսի 23-ին կհարցաքննվեն չորս վկաներ: 

Վիճաբանություն դատարանի շենքի դիմաց

Դատական նիստի ավարտից հետո վիճաբանություն սկսվեց դատարանի շենքի դիմաց: Հակոբյանները սպառնալիքներ էին տեղում Պետրոսյանի հասցեին: Մասնավորապես՝ Վաարդան Պետրոսյանի քրոջ՝ Աշխեն Պետրոսյանի հասցեին հնչեց սպառնալիք. «Նույն օրը դու պիտի ընկնես, աղջկադ մինչև չթաղես…», «Թող հեսա նիստերը պրծնի, պիտի ռաստ գաս…»: 



 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter