HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Քննարկելով մալազիական «Բոինգ 777»-ի խոցման վարկածները

Երեկ Ուկրաինայում տեղի ունեցավ կոնֆլիկտի ամենաարյունալի ողբերգությունը: Դոնեցկի մարզի գլխավերևում կործանվեց մալազիական ավիաուղիների «Բոինգ 777» օդանավը և 298 մարդ զոհվեց:

Կոնֆլիկտի կողմերից յուրաքանչյուրը շտապեց հայտարարել, որ ինքնաթիռը խփվել է մյուսի կողմից արձակված հրթիռով: Ու թեև դեռ վերջնականապես պարզ չէ, թե ով է արձակել այդ հրթիռը, կարծես բոլորը համակարծիք են, որ ինքնաթիռը խոցվել է հրթիռով: Փորձենք քննարկել և վերակառուցել ողբերգության պատճառները:

Վարկած 1 - Ուկրաինական Су-27

Վթարից հետո Twitter սոցիալական ցանցում հայտնվեց իսպաներեն մի գրառում, որի հեղինակը, ներկայանալով Կիևի ավիադիսպետչեր, պնդում էր, որ ռադարների էկրանից կորելուց առաջ «Բոինգին» ուղեկցում էին երկու կործանիչներ:

Այդ վարկածը զարգացրեցին որոշ ռուսական լրատվամիջոցներ, որոնք նկատեցին, որ մալազիական ավիաուղիների ինքնաթիռը նման է Վլադիմիր Պուտինի  «բորտ համար 1-ին», որն այդ ժամին այդ վայրով էր անցնում, և ուկրաինացիները որոշել էին սպանել Պուտինին, սակայն վրիպեցին:

Թեև Twiter-ի այդ գրառումը անհետացավ, և մենք չենք կարող տալ դրա հղումը, նշենք, որ Կիևի Բարիսպոլ օդակայանը, ուր իբր գտնվում էր իսպանացի դիսպետչերը, դեպքի վայրից 600 կմ հեռավորության վրա էր, ինչն իր տեսադաշտից դուրս կթողներ 10 կմ բարձրության վրա թռչող ինքնաթիռին մոտիկից ուղեկցող փոքր կործանիչներին:

Մյուս կողմից, դեպքը եղել է ռուսական Դոնի Ռոստովից ընդամենը 140 կմ հեռավորության վրա: Ուստի, եթե եղել են կործանիչներ, ապա դրա ապացույցը կգտնվի Դոնի Ռոստովի ռադարային կայանների ձայնագրություններում:

Բացի այդ, հարկ է նկատել, որ Պուտինի ինքնաթիռն այդ պահին թռչում էր Վարշավայից Մոսկվա և պետք է միջադեպի վայրից գտնվեր ոչ մոտ, քան 1000 կմ-ի վրա… Ուստի, Պուտինի մահափորձի վարկածը սոցցանցերում նորանոր «մեմեր» ծնեց:

Վարկած 2 - Ուկրաինական հրթիռ

Ռուսական պետական որոշ մարմիններ ու հեռուստաալիքներ պնդում են, որ ինքնաթիռը խփվել է ուկրաինական բանակի արձակած հրթիռով:

Ուկրաինական բանակը նշված տարածքում իրոք ունի ՀՕՊ զորքերի զորամաս, որում կան նաև «Բուկ» տեսակի զենիթահրթիռային միջոցներ: Իսկ ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ արձանագրել է այդ հրթիռների կրակոցներ մալազիական «Բոինգի» վթարի պահին: Թեև ՌԴ ՊՆ-ն չի պնդում, որ այդ հրթիռը կրակել են հենց ուկրաինական զորքերը,  ներկայացնում է ծանրակշիռ ապացույցներ առ այն, որ ուկրաինացիները կարող էին դա անել:

Այս վարկածի համար ներկայացվում է երկու մոտիվացիոն հիմնավորում. 1) ուկրաինացիները փորձել են անջատողականների «գլխին սարքել», 2) ուկրաինացիները պատահաբար են խփել ինքնաթիռը:

Դժվար է ասել, թե որքանով է տրամաբանական ու ռիսկային միտումնավոր սպանել 298 հոգի` անջատողականների «գլխին սարքելու» համար: Սակայն, պատահական կրակի վարկածն ունի նաև «պատմական հիմնավորում»:

2001 թվականին ուկրաինական Հակաօդային պաշտպանության զորքերը զորավարժությունների ժամանակ Ղրիմում С-200 հրթիռով պատահաբար խփել են «Սիբիր» ավիաուղիների Թել-Ավիվ – Նովոսիբիրսկ թռիչք իրականացնող ինքնաթիռը: Ընդ որում, հետաքննության սկզբում ուկրաինական կողմը չէր ընդունում, որ ինքնաթիռը կործանվել է իր զինվորականների սխալի պատճառով:

Սակայն, այս վարկածն ունի երկու անուղղակի հակափաստարկ: Առաջինն այն է, որ կոնֆլիկտի ընթացքում ուկրաինական բանակը հակաօդային մարտեր չի վարել անջատողականների դեմ, քանի որ վերջիններս չունեն ավիացիա:

Իսկ երկրորդն այն է, որ մալազիական ինքնաթիռը թռչում էր արևմուտքից արևելք, այսինքն՝ Ուկրաինայի հիմնական տարածքից դեպի անջատողական «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» վերահսկողության տակ գտնվող տարածք ու Ռուսաստան: Այլ կերպ ասած՝ այդ «Բոինգը» հնարավոր չէր ընդունել որպես ռուսական կամ անջատողական ռազմական ինքնաթիռ:

Վարկած 3 – Պրոռուսական անջատողական հրթիռ

Ուկրաինական իշխանություններն ու լրատվամիջոցները դեպքից ամինջապես հետո հայտարարեցին, թե «Բոինգը» խփվել է անջատողականների արձակած «Բուկ»-ի կրակից: Իսկ ահա անջատողականները հերքում են, որ ունեն նման հակաօդային միջոցներ:

Սակայն հարկ է նշել, որ դեռևս հունիսի 29-ին անջատողականները հայտարարել էին, որ ուկրաինացիներից ավար են վերցրել «Բուկ» համակարգեր, իսկ ԴԺՀ-ին աջակցող Սերգեյ Կուրղինյանը հայտարարել էր, որ Ռուսաստանից եկել են մասնագետներ, ովքեր կգործարկեն այդ «Բուկ»-երը:

Անջատողականներն արդեն ապրիլ ամսից ունեին տարբեր հակաօդային միջոցներ և խոցում էին ուկրաինական ուղղաթիռներն ու ինքնաթիռները: Բայց այդ միջոցները շատ թեթև էին և «համեստ» (խոսքը «Իգլա» տեսակի հրթիռի մասին է): Սակայն հունիսի 14-ին անջատողականները խոցեցին 6200 մետր բարձրության վրա գտնվող ուկրաինական« ԱՆ26»  ռազմական-տրանսպորտային մի ինքնաթիռ, ինչը հաստատեց, որ նրանք ունեն բավականին լուրջ ՀՕՊ միջոցներ, քանի որ «Իգլայի» խոցման առավելագույն բարձրությունը ընդամենը 3500 մետր է:

Վերադառնալով «Բոինգի» խոցմանը՝ հարկ է նշել, որ անջատողական ԴԺՀ պաշտպանության նախարար (ՌԴ քաղաքացի և բանակային հետախուզության նախկին սպա) Իգոր Գիրկին-Ստրելկովը ինքնաթիռի անկումից անմիջապես հետո հայտարարեց, որ իրենց հաջողվել է խոցել ուկրաինական ևս մի «ԱՆ26» ու համացանցում տեղադրեց տեսանյութ (որը, ինչպես հետագայում պարզվում է, հենց ընկնող «Բոինգն» էր):

«ԱՆ26»-ի խոցման լուրը անգամ հասցնում են տարածել ԴԺՀ-ի պաշտոնական Twitter-ում, ռուսական պետական լրատվամիջոցները և հեռուստաալիքները: Սակայն շատ արագ պարզվում է, որ նույն վայրում անկում է ապրել մալազիական «Բոինգը», և Իգոր Ստրելկովի ԴԺՀ-ի մյուս գրառումները անհետանում են համացանցից:

Հարկ է նշել, որ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը ներկայացնում է տեսանյութեր, որոնցով փորձում է ապացուցել, որ «Բուկ-Մ» ՀՕՊ միջոցները անջատողականներին փոխանցել են Ռուսաստանի Դաշնությունից: Իսկ այդ երկրի ՆԳՆ-ի հրապարակած մի տեսանյութում, ըստ այդ գերատեսչության, երևում է, թե ինչպես է վրան մի հրթիռ պակաս «Բուկ» համակարգը քարշակով «դեպքի վայրից» տեղափոխվում ՌԴ:

Սակայն, առավել ուշադրության է արժանի գաղտնալսված ու հրապարակված այն ձայնագրությունը, որում, ըստ ուկրաինական կողմի, անջատողականները «բացահայտում են», որ քաղաքացիական ինքնաթիռ են խոցել:

 

Անշուշտ, այս խոսակցությունները կարող են սաքովի լինել: Սակայն հայտնի անջատողական Իգոր Բեսլեռը հաստատել է, որ դրանում լսվում է իր ձայնը, բայց խոսակցությունը իրականում այլ ինքնաթիռի մասին է, որը, իբր, խփվել է ««Բոինգից» հարյուր կիլոմետրի վրա»:

Ինչո՞ւ տեղի ունեցավ ողբերգությունը

Ռուսաստանի նախագահը և այլ պաշտոնյաներ թեև չեն պնդում, որ ինքնաթիռը խոցվել է ուկրաինացիների կողմից, բայց միաբերան մեղադրում են ուկրաինական կողմին այն բանի համար, որ վերջինս չի արգելել քաղաքացիական ինքնաթիռների թռիչքները մարտական գործողությունների տարածքում:

Ուկրաինայի անվտանգության ծառայության հրապարակումներից պարզ է դառնում, որ ուկրաինական կողմն արդեն առնվազն մեկ շաբաթ առաջ գիտեր, որ անջատողականներն ունեն «Բուկ» տեսակի հակաօդային պաշտպանության համակարգեր: Բացի այդ, հուլիսի 14-ին 6200 մետր բարձրության վրա խոցված «ԱՆ26»-ն ապացուցում է, որ անջատողականներն արդեն կարող են խոցել ինքնաթիռները մեծ բարձրությունների վրա (ուր թռնում են քաղաքացիական ինքնաթիռները):

Այդ ամենի ֆոնին ակնհայտ է դառնում, որ Ուկրաինան պարտավոր էր արգելել քաղաքացիական ինքնաթիռների թռիչքները Դոնեցկի և Լուգանսկի մարզերի վրայով, սակայն չարեց դա (ավելի ճիշտ` արեց, բայց միայն ողբերգությունից հետո): Ուստի, եթե Ուկրաինան չունի մեղք «Բոինգի» խոցման մեջ, ապա, միևնույն է, մեղավոր է քաղաքացիական ինքնաթիռներին վտանգավոր տարածքից հեռու չպահելու համար:

Առաջին լուսանկարը՝ Միխայիլ Վոսկրեսենսկու/«Ռիա Նովոստի» 

Մեկնաբանություններ (5)

Վ. Առաքելյան
2001 թվականին ուկրաինական Հակաօդային պաշտպանության զորքերը Ղրիմում С-200 հրթիռով ուզում էին խոցել ոչ թե Թել-Ավիվ– Նովոսիբիրսկ թռիչք իրականացնող ինքնաթիռը, այլ Հայաստանի ուղևորնեով ինքնաթիռը: Պարզապես երբ հրթիռն արդեն արձակվել էր, այդ պահին ամպերի տակից դուրս եկած Թել-Ավիվ թռչող ինքնաթիռը հրթիռի ավելի մոտ տեսադաշտում էր հայտնվել քան հեռացող մյուս ինքնաթիռը:
Նուբար Ասլանյան
Հայ .ժող. ասացվածքն ասում է«մինչեւ չթռնես,հօպ մի ասա»: Հարգելի Վարազ Սյունի՝ սա ձեզ է վերաբերվում:«,բայց արդեն կասկածից վեր է,որ սա պրոռուսական «Բուկ» տեսակի զենիթահրթիռային հարված էր »-Վարազ Սյունի:
Գեւորգ
Վարազ! Ինչ որ անկապ դատողություններ էս անում՝ «հաստատված չէ, բայց կասկածից վեր է», «ՍԽԱԼՄԱՄԲ» --- «ՏԵՌՈՐԻՍՏԱԿԱՆ ԱԿՏ է» ու անթաքույց հրճվում - թե հեսա «դրանց մերը կլացացնեն»: Տո գետինը մտի! Այդ դժբախտ ժողովրդի վիճակը պատկերացրու, որ տները գլխներին քանդում են «գրադով:» Ստեփանակերտը հիշի, ոնց էին թուրքի կրակի տակ կոտորվում... քանի որ իրենք էլ էին «սեպարատիստ ու տեռորիստ»: Աչքերդ բաց, ԶԶՎԵԼԻ Է ինչ գրել ես!
Գեւորգ
//Ուստի, եթե Ուկրաինան չունի մեղք «Բոինգի» խոցման մեջ, ապա, միևնույն է, մեղավոր է քաղաքացիական ինքնաթիռներին վտանգավոր տարածքից հեռու չպահելու համար:// - Այդպես է իհարկե, ուզենք թե չուզենք: Իսկ վրդովեցնողն այն է, որ մինչ այդ մարդկանց կենդանի վառեցին Օդեսայում ու ձեն հանող գրեթե չեղավ: Օրական անընդհատ բնակչություն է կոտորվում զին. գործողությունների հետեւնքով - դա եւս «նորմալ» է: Այսինքն որոշ տեսակի մարդկանց կոտորելու «դոբրոն» տրված է՝ նրանք ուղղակի մարդահաշիվ չեն! Իսկ իրենց իսկ թույլատրած կոտորածի պատճառով, իրենց բաժին ընկած դժբախտությունը (ակամա, կամ սարքած!) ահավոր հանցանք է իհարկե!! Սա պիտի մի նոր դաս լինի մեզ համար՝ լավ հասկանալու աշխարհի զորեղների լրբությունը, որպիսզի երբեք հույս չդնենք որեւե մեկի բարեհաճության վրա!
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Թեև պաշտոնապես դեռ հաստատված չէ,բայց արդեն կասկածից վեր է,որ սա պրոռուսական «Բուկ» տեսակի զենիթահրթիռային հարված էր (surface-to-air missile): Պրոռուսական անջատողականները պարզապես ՍԽԱԼՄԱՄԲ կարծել են,որ դա էլ ուկրաինական ռազմական ինքնաթիռ է: ........................................................Ըստ միջազգային իրավունքի՝ սա ՏԵՌՈՐԻՍՏԱԿԱՆ ԱԿՏ է,անկախ նրանից,որ պրոռուսական անջատողականները non-state actors են: Այսինքն՝ մեղավորները հավանաբար կդատվեն Հաագայի միջազգային քրեական դատարանում: Սա հարցի ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ կողմն է,թեև քաղաքականությու՛նը հավանաբար կձգձգի/կզիգզագի գործի ընթացքը: .....................................................Զոհերից 192-ը հոլանդացիներ են (որոնց թվում 1 սենատոր և բարձրակարգ մասնագետ-բժիշկներ), 44-ը՝ մալազիացիներ, 28-ը՝ ավստրալիացիներ, 12-ը՝ ինդոնեզացիներ, 10-ը՝ բրիտներ, 4-ական՝ գերմանացի և բելգիացի, 1-ական՝ ամերիկացի և նորզելանդացի: Մի խոսքով՝ սա միջազգային մասշտաբի ԱՀՌԵԼԻ մի ակտ է: Մի բան պարզ է՝ ռուսների ՄԱՅՐԻԿՆԵՐԸ լացացնելու են՝ մինչև ՎԵՐՋԻՆ ԱՐՑՈՒՆՔԸ: .......................................................ՀԳ. Դա ճիշտ չէ,որ՝ «եթե Ուկրաինան չունի մեղք «Բոինգի» խոցման մեջ, ապա, միևնույն է, մեղավոր է քաղաքացիական ինքնաթիռներին վտանգավոր տարածքից հեռու չպահելու համար»: Վերջնական որոշողը ավիաընկերություններն են՝ թռչել,թե ոչ տվյալ տարածքով: Ինչպես հայտնի է՝ տարբեր ավիաուղիներ վաղուց արդեն չէին թռչում Ուկրաինայի այս հատվածով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter