HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժողովրդավարական ինստիտուտների ստեղծման խնդիրը

Էդգար Վարդանյան 

Հայաստանյան մամուլում, սոցիալական ցանցերում շարունակվում է քննարկվել, «ի՞ նչ պետք է անել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար» թեման: Հաճախ նշվում է, որ քաղաքական ռեժիմը չի փոխվի, մինչեւ չբարձրանա հանրության որակը: Այսինքն, թեզը, որ ամեն ժողովուրդ արժանի է իր ղեկավարներին, շարունակում է համոզիչ թվալ շատերին: Իսկապես, ինչու՞, օրինակ, Շվեյցարիայում, հնարավոր չէ, որ ձեւավորվի որակական առումով այնպիսի խորհրդարանական մեծամասնություն, ինչպիսին Հայաստանում է: Շատերը կասեն, որ եթե լինեն արդար ընտրություններ, ապա հայ ժողովուրդը կձեւավորի շվեյցարական խորհրդարանից ոչ պակաս լավ Ազգային Ժողով:

Միանգամայն չբացառելով դրա հավանականությունը, նշենք, որ ամբողջ խնդիրն այն է, որ շվեյացարացիները, ի տարբերություն հայաստանցիների, այնպես են անում, որ ընտրությունները ազատ եւ արդար են լինում: Շատերը կասեն, որ շվեյցարացիների նկատմամբ սեփական իշխանությունները ուժ չեն կիրառում, նրանց ուղեղները չեն լվանում, կեղծիքներ չեն կատարում, դրա համար էլ նրանք կարողանում են ազատ եւ արդար ընտրություններ կազմակերպել:  Օրինակ,  քաղաքագետ Արմեն Գրիգորյանը նշում է, որ «եթե հանրությունը ունենա ժողովրդավարական արժեհամակարգ, իսկ իշխանությունը 300 հազար կեղծ անձնագիր, ապա իշխանությունը կօգտագործի այդ անձնագրերը ընտրությունները կեղծելու համար: Արժեհամակարգով հնարավոր չէր լինի կանգնեցնել նման կեղծիքի գործընթացը»:

Իհարկե, զուտ արժեհամակարգով չես կարող կանգեցնել նման կեղծիքի գործընթացը, բայց, միգուցե, արժեհամակարգով կարող ես թույլ չտալ, որ կեղծիք անող մարդիկ հայտնվեն իշխանությունում: Եվ այստեղ նորից վեադառնանք մեր շվեյցարացիներին` ինչու՞  նրանց մոտ ի հայտ չեն գալիս այնպիսի մարդիկ, որոնք բռնի ուժով եւ խարդախությամբ կցանկային իշխանության գալ եւ չեզոքացնել ընտրությունների ինստիտուտը:  Կարող ենք ենթադրել, որ վերոնշյալի պատճառն այն է, որ Շվեյցարիայում քաղաքացիների մեծամասնության մոտ բարձր իրավական գիտակցություն է, որ նրանք ժողովրդավարական արժեհամակարգի կրող են: Այսինքն, հնարավոր է, որ քաղաքացիների մոտ չկա կեղծիք իրականացնելու ցանկություն, որ դա նրանց համար անընդունելի է եւ նրանք գիտակցում են, որ միայն հավասար իրավունքների, ազատ մրցակցության պարագայում կարող են բարգավաճել եւ ապրել արժանապատիվ կյանքով:

 Սակայն, եկեք չբացառենք, որ այնտեղ էլ, միգուցե, գոյություն ունեն քաղաքացիներ, որոնք չունեն իրավական գիտակցություն եւ դեմ չէին լինի վերոնշյալ եղանակով գալ իշխանության: Նույնիսկ մի պահ ենթադրենք, որ այդպիսինները մեծամասնություն են:   Սակայն այս դեպքում էլ ստացվում է, որ Շվեյացարիայում նրանք այդպիսի բան անելու հնարավորություն չունեն: Իսկ ինչու՞  այդպիսի հնարավորություն չկա Շվեյցարիայում: 

Արմեն Գրիգորյանը նշում է, որ «ժողովրդավարությունը գործելու համար անհրաժեշտ են, որպեսզի ժողովրդավարական ինստիտուտները աշխատեն»: Ինչ խոսք ժողովրդավարական համակարգը բաղկացած է ժողովրդավարական ինստիտուտներից եւ եթե չկան ինստիտուտներ, ուրեմն չկա ժողովրդավարություն: Սակայն ի՞ նչ է անհրաժեշտ որպեսզի ստեղծվեն այդ ինստիտուտները: Ըստ Գրիգորյանի, անհրաժեշտ է, որ քաղաքական ուժերի միջև պայքար լինի: «Քաղաքական ուժերի միջև պայքարն էլ իր հերթին ենթադրում է, որ քաղաքական դաշտում որևէ ուժ չի կարող և չպետք է ունենա մենաշնորհ», գրում է նա եւ մեջբերում Դարոն Ասեմողլուին, որն անդրադառնով Անգլիայի ժողովրդավարեցման օրինակին, նշել է, որ ժամանակին ունեւորները խորհրդարանի միջոցով կարողացել են զրկել թագավորին իշխանության մենաշնորհից:

Այսինքն, եթե ընդունենք այս թեզի ճշմարտացիությունը, ապա պետք է նշենք, որ, նախ եւ առաջ, անհրաժեշտ է, որ գոյանան ինչ-որ քաղաքական ուժ կամ ուժեր, որոնց շահերը չեն համընկնում իշխանության մենաշնորհ ունեցողների հետ եւ որոնք ցանկանում են իրավունքներ ստանալ, որոնց միջոցով կկարողանան պաշտպանել սեփական շահերը: Իսկ ինչպե՞ ս են իշխանություններին ճնշելու կարողություն եւ հզորություն ունեցող ուժեր ձեւավորվելու, եթե իշխանությունները իշխանության նկատմամբ մենաշնորհ ունեն եւ ստեղծել են այնպիսի խաղի կանոններ, որոնք սպասարկում են միայն իրենց խմբի, խավի շահերը:  Ստացվում է, որ դրանք պետք է ձեւավորվեն մոնոպոլիստի կամքին, ընդունված խաղի կանոններին հակառակ, քանի որ իշխանությունները թույլ չեն տալու մրցակցություն լինի, նրանց խաղի կանոնները բացառում են որեւէ մրցակցություն:

 Այդ դեպքում ինչպես են նման ուժեր ձեւավորվելու: Ակնհայտ է, որ դա հնարավոր է միայն կամային գործողություն իրականացնելու, այսինքն պայքարի, իշխանությունների նկատմամբ ճնշում բանեցնելու միջոցով: Իսկ որպեսզի գոյանա այդ ճնշումը, անհրաժեշտ է, որ մարդիկ նախ ցանկություն ունենան իրավունքներ ստանալու, այսինքն պետք է լինեն մարդիկ, որոնք կգիտակցեն, որ իրավունքներ ունենալը դա արժեք է, որ առանց դրա իրենք չեն կարող արժանապատիվ ապրել, կամ ընդհանրապես ապրել: Եթե չմտածեն, որ դա արժեք է, ապա ինչու՞  պետք է ինքնակամ պայքարեն անարժեք բանի համար եւ վտանգեն իրենց կյանքը, կրեն զրկանքներ եւ այլն:

Կարող ենք նշել, որ պայքարողները մարտահրավեր են նետում հաստատված արժեքային համակարգին, ըստ որի իշխանության իրավունք ունի հասարակության միայն որոշակի խումբը, շերտը, իսկ մնացածները պետք է ենթարկվեն վերջինիս: Փաստորեն նրանք ցանկանում են հաստատել սեփական արժեքային համակարգը, ըստ որի չպետք է լինի մեկը, որն իշխանության նկատմամբ մենաշնորհ ունենա: Այլ հարց է, թե ինչպե՞ ս է մարդու մոտ ձեւավորվում այդպիսի արժեքային համակարգ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter