Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Նշվեց Ալավերդու օրը



Երեկ «Ալավերդու օր» տոնը նշելու համար «Մետալուրգ» մարզադաշտում հավաքվել էին գրեթե ողջ ալավերդցիները: Ժամը 17:00-ից մարզադաշտում սկսվեց քաղաքի ինքնագործ խմբերի համերգը: «Մենք տոնից տոն ժամանակահատվածում փորձել ենք Ալավերդու բնակչությանը ներկայացնել մեր համայնքային ծառայությունների,  նախադպրոցական հաստատությունների , արտադպրոցական հիմնարկների աշխատակիցների և սաների ելույթները: Այս գաղափարախոսությունն էլ ընդգրկել ենք տոնական միջոցառման սցենարի մեջ»,- ասաց քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը: Ըստ վերջինիս՝ տոնից տոն անցած ժամանակահատվածում վերանորոգվել է «Ալավերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն, վերականգնվել է Սանահին գյուղական թաղամասի խմելու ջրամատակարարման ներքին ցանցը, արդեն մեկնարկել է ալավերդցիների կողմից երկար սպաված քաղաքային զբոսայգու կառուցումը:

«Ամռան վերջին կունենանք արդեն թվով 6 արհեստական խոտածածկով խաղահրապարակներ: Այսօր վերաբացվեց վերանորոգված քաղաքի գեղարվեստի դպրոցը»,- ձեռքբերումները թվարկեց քաղաքապետը: Արտավազդ Վարոսյանը չմոռացավ նաև Ալավերդու հիմնախնդիրները: Ասաց, որ քաղաքը դեռևս խնդիր ունի իր 180 բազմաբնակարան շենքերի պահպանության, մասնավորապես տանիքների վերականգնման գործում:

Նշեց, որ Ալավերդին  ունի խոշորացված համայնքի մոդել, համայնքի վարչական սահմաններում գտնվում են 4 բնակավայրեր` Ալավերդի, Ակներ, Սանահին, Մադան թաղամասերը , այդ առումով էլ նա  քաղաքապետարանի համար ակտուալ խնդիր համարեց թաղամասերի համաչափ զարգացումը:

Մինչ քաղաղաքապետը ներկայցնում էր Ալավերդու հիմնախնդիրները, մարզադաշտ էին մտնում քաղաքապետարանի թիվ 6 մանկապարտեզի սաները, քաղաքային թատրոնի և «Լազուր» ժողգործիքների անսամբլի կոլեկտիվները, մարզադպրոցի, երաժշտական և գեղարվեստի դպրոցների սաները, քաղաքի պարի ինքնագործ խմբերը, որոնք իրենց կատարումներով բարձրացնում էին հոգսաշատ ալավերդցիների տոնական տրամադրությունը: «Վալեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը տոնական օրվա շրջանակներում պարգևներ հանձնեց պղնձաձուլական գործարանի մի խումբ մետալուրգների:

Քաղաքապետ Արտավազդ Վարոսյանն էլ պատվոգրերով, դրամական պարգևներով և առողջարանային ուղեգրերով պարգևատրեց իրենց գործին նվիրված ալավերդցիներին:

Երեկոյան տոնի առթիվ իրենց կատարումներով ալավերդցիներին շնորհավորեցին հայ էդրադայի երգիչներ Սոնա Շահգելդյանը, Լիլիթ Կարապետյանը, Արսեն Գրիգորյանը և էլի ուրիշներ: Տոնակատարությունը շարունակվեց միչև ուշ երեկո և ավարտվեց հրավառությամբ: Ալավերդցիները բարձր տրամադրությամբ և մեծ ակտիվությամբ նշեցին քաղաքի օրը: 


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (1)
1. Աշխեն22:45 - 21 հուլիսի, 2014
Նախ շնորհավորում եմ բոլոր ալավերդցիներին քաղաքի օրվա կապակցությամբ և շնորհակալ եմ մեզ պարգևած շքեղ տոնակատարության համար:Ալավերդցիներին մաղթում եմ պայծառ ու լուսավոր ապագա:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ