HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Հասկացա, որ պետք է ջանք չխնայեմ, որ մեր ֆիլմը հաջողություն ունենա». մրցանակակիր ֆիլմի դերասանուհի

«Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ ՄԿՓ-ի ժամանակ «Ցեղը» ֆիլմի հաղթանակից հետո գլխավոր դերակատարուհի Յանա Նովիկովան այդ լուրը միանգամից հայտնեց Կիեւում գտնվող ֆիլմի ռեժիսոր Միրոսլավ Սլաբոշպիցկուն: Վերջինս սկզբում զարմացել, բայց և շատ է ուրախացել: Կինոփառատոնի «Միջազգային խաղարկային» մրցույթում ուկրաինական այս ֆիլմը ստանում է առաջին մրցանակը՝ «Ոսկե ծիրանը», ինչպես նաև ՖԻՊՐԵՍԻ-ի մրցանակը:

Սա Յանա Նովիկովայի առաջին դերն է ֆիլմում: «Հետքի» հետ զրույցում Յանան պատմում է՝ ինչ ճանապարհ է անցել նախքան այս դերը ստանալը: Դերասանուհին ծնվել է բելառուսական ընտանիքում, որտեղ ծնողները խոսում են, իսկ ինքն ու քույրը լսողության խանգարումներ ունեն: Երբ փոքր էր, ծնողներին հաճախ էր հարցնում՝ արդյոք ինքը նույնպես կարող է դերասանուհի դառնալ: Բայց ծնողները համոզված էին, որ դերասանի մասնագիտությունը խուլուհամրերի համար չէ: Այդ պատճառով նրանք Յանային նկարչություն են սովորեցնում: Ինչպես ֆիլմի հերոսուհին, այնպես էլ Յանան հաճախել է գիշերօթիկ դպրոց: Նա խոստովանում է, որ ֆիլմում ներկայացված դաժանությունը նա իրականում տեսել է նաև իրենց գիշերօթիկում: Միաժամանակ, նա համոզված է, որ լսողության խանգարումներ ունենալը չի նշանակում լինել հաշմանդամ: Պարզապես իրենք խոսում են մի լեզվով, որով մյուսները խոսել չեն կարողանում: Դպրոցն ավարտելուց հետո Յանան ընդունվում է մեքենաշինության քոլեջ, բայց երրորդ կուրսում ուսումը կիսատ է թողնում:

«Սիրտս հուշում էր, որ պետք է այլ ճանապարհով գնամ, որ ինձ այլ ապագա է սպասվում», - ասում է Յանան:

Այդ ժամանակ է, որ նա դերասանուհի դառնալու հստակ որոշմամբ Բելառուսից մեկնում է Կիև և մասնակցում դերասանական քասթինգի: Նրան նկատում է Մ. Սլաբոշպիցկին և  առաջարկում է գլխավոր դերը: Այս ամենը նա անում է ծնողներից գաղտնի: Ֆիլմում նկարահանվելու մասին ծնողներն իմանում են միայն դերը հաստատվելուց հետո:

Յանան խոստովանում է, որ ֆիլմի նկարահանման սկզբում չէր կարծում, որ այն նման հաջողություն կունենա: Չնայած ռեժիսորը խոստացել էր, որ ֆիլմը ներկայացնելու են եվրոպական տարբեր փառատոներում: Երբ Յանան համաձայնվում է նկարահանվել ֆիլմում, դեռ ամբողջությամբ ծանոթ չէր սցենարին: Այնուհետև հակասություն է ունեցել ռեժիսորի հետ, երբ իմացել է, որ պետք է նկարահանվի բաց տեսարաններում: Մ. Սլաբոշպիցկին սկզբում կտրուկ ասել է, որ կամ այդպես նկարահանվում է, կամ դուրս է մնում նախագծից: Բայց արդյունքում ռեժիսորն ու դերասանուհին կարողանում են համաձայնության գալ: Այժմ դերասանուհին այն կարծիքին է, որ հանուն արվեստի մերկանալն ամոթ չէ:

«Երբ տեսա ֆիլմերը, որոնք հաղթում են փառատոններում, հասկացա, որ պետք է ջանք չխնայեմ, որպեսզի մեր ֆիլմը ևս հաջողություններ ունենա: Զարմացա, որ մասնակցեցինք Կաննի փառատոնին», - ասում է Յանան:

Դերասանուհու համար բավականին լարված և դժվար ընթացք է եղել տնային պայմաններում հղիության արհեստական ընդհատման տեսարանի նկարահանումը: Սկզբում նրանք փորձնական  նկարահանումներ են արել, ցույց տվել բժշկին, որպեսզի հնարավորինս իրականությանը մոտ պատկեր ստանան: Ֆիլմում այդ ամբողջ գործընթացը մանրամասն ներկայացված է:

«Նկարահանման ժամանակ շատ էի տառապում, լացում, ուզում էի առավելագույնս բնական լինել, - հիշում է Յանան: - Ուզում էինք ցույց տալ այն, ինչ տեղի է ունենում իրականում, փոխանցել այդ տանջանքն ու էմոցիաները»:

Նկարահանման վեց ամիսների ընթացքում Յանան չի հանդիպել ծնողներին, և նրանց չի ասել, թե ինչպիսի ֆիլմում է նկարահանվում: Վերջիններս միայն Կաննում ունեցած հաջողությունից հետո մամուլից են տեղեկացել ֆիլմի մանրամասների մասին:  

«Ես ծնողներիս բացատրեցի, որ ամոթ չէ մերկ նկարահանվելը, և եթե հաղթել ենք, ուրեմն հաջող աշխատանք ենք ունեցել, - հիշում է Յանան: - Հետո մայրս շատ ուրախացավ, որ կարողացել եմ առաջ գնալ»:

Այժմ Յանան նոր առաջարկ է ստացել Նյու Յորքում աշխատող մի ռեժիսորից՝ նկարահանվելու իր կարճամետրաժ ֆիլմում: Նորաթուխ դերասանուհին ցանկանում է իրեն փորձել տարբեր դերերում, և ցանկանում է նկարահանվել հատկապես մարտաֆիլմում:  

«Ուժեղ եմ, համարձակ և սիրում եմ հասնել իմ ուզածին: Ես երազում էի դառնալ դերասանուհի, և իմ երազանքն իրականացավ», - ասում է Յանա Նովիկովան: 

Մեկնաբանություններ (1)

Ham
The article is not relevant to Armenians. The movie she plays a part in won an award at Golden Apricot festival. What does her decision on taking the part have to do with Armenians? I mean, who cares, really?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter