HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Զորակում մշակույթի տան դռները բացվում են ընտրությունների օրերին

Զորակ գյուղի կենտրոնում հավաքված տարեց տղամարդիկ արեւի կիզիչ ճառագայթներից պաշտպանող տաղավարի տակ նարդի էին խաղում: Նրանք վրդովված խոսում էին իրենց նարդին կամ զառերը, արդեն որերորդ անգամը տաղավարից գողանալու մասին: Շահեն Շահնազարյանի  խոսքերով՝ քանի որ գյուղում իրենց միակ հավաքատեղին բացօթյա է, իսկ ժամանակն սպառելու այլ տեղ չունեն, ստիպված նարդին դրսում են թողնում, անցորդներն էլ տիրանում են իրենց «հիմնական զբաղմունքին»:

«Մշակույթի նախարար Պողոսյանն ինչի՞ մի անգամ չի գալիս գյուղեր, գա մեր ակումբը տեսնի, թե ինչ է կատարվում, ամբողջը քանդվում է: Ամառ-ձմեռ այստեղ ենք նստում, նստելու տեղ էլ չունենք: Անունը մշակույթի նախարար է, ինչո՞վ է զբաղվում, թող գա տեսնի»,- վրդոված ասում է Շ. Շահնազարյանը:

Արարատի մարզի Զորակ գյուղում խնդիրները շատ են, իսկ համայնքային բյուջեն փոքր է, չեն կարողանում դրանց լուծումներ գտնել: Բյուջեն համալրելու հիմնական միջոցն աճուրդներից ու մրցույթներից ակնկալվող գումարներն են, սակայն, ինչպես վերջին ամիսներին մեր ուսումնասիրած համայնքների մեծ մասում, այնպես էլ Զորակում առաջնորդվում են ոչ թե հանրային շահով, այլ ծանոթ-բարեկամ սկզբունքով:

Օրինակ, հունիսի 17-ին համայնքապետարանն աճուրդով երեք լոտ բնակավայրի հող է օտարել: «Զուգադիպությամբ» յուրաքանչյուր լոտի համար հայտ է ներկայացրել երկու անձ եւ բոլորն էլ կատարել են ընդամենը 3 քայլ: Արդյունքում` աճուրդի դրված 167.120 դրամ մեկնարկային գնով հողատարածքը վաճառվել է 174.000 դրամ, ավելացել է ընդամենը 30.000 դրամ:

Հենց նման «զուգադիպություններն» են պատճառը, որ համայնքային բյուջեն աճ չի արձանագրում, հետեւաբար զորակցիները շարունակելու են դժգոհել եւ բարձրաձայնել իրենց խնդիրների մասին, քանի որ համայնքային բյուջեով հնարավոր չի լինելու դրանք լուծել:

Զորակի համայնքապետարանի հաշվապահ Լյուդմիլա Հարությունյանի տեղեկացմամբ` Զորակի բյուջեն կազմում է մոտ 35 մլն 490 հազար դրամ, որից 29 մլն 741 հազարը դոտացիան է: Այս գումարի զգալի մասն աշխատավարձ է տրվում, մնացած մասով էլ հնարավոր չէ լուրջ ծրագրեր իրականացնել գյուղում, բացի այդ սոցիալական օգնություններ են տալիս կարիքավորներին ու տակը ոչինչ չի մնում: Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մարուսյա Գրիգորյանի խոսքերով, եթե գումար ունենային  խմելու եւ ոռոգման ջրի ցանցը կվերանորոգեին, որոշ թաղամասեր կգազիֆիկացնեին, փողոցների լուսավորությամբ կզբաղվեին, մանկապարտեզը կշահագործեին եւ այլն: Այս ամենը ներառված է համայնքի քառամյա զարգացման ծրագրում, թե ինչ հույսով՝ պարզ չէ:

Մանկապարտեզը

«Մանկապարտեզ ունենք, մասնակի վերանորոգվել է, կահույք կա, բայց դեռ պատրաստ չէ շահագործման, կիսատ բաներ կան: Անելիքները շատ են, տեսնենք գումարը, որ խնդրի լուծմանը կբավականացնի: Մեծ գումարներ չկան, որ կարողանանք մեծ ծրագրեր իրականացնել, բայց սպասում ենք, մեծ հույսեր ունեմ, որ այս տարի մանկապարտեզը կգործի»,- նշում է աշխատակազմի քարտուղարը:

Մարուսյա Գրիգորյանը եւս գյուղի առաջնահերթ խնդիրներից մեկը համարեց 1981թ կառուցված մշակույթի տան վերանորոգումը, որը երբեք չի վերանորոգվել: Մշակույթի տան դռները բացվում են տարին 1-2 անգամ` հանրային միջոցառումների ժամանակ, ինչպես նաեւ` համապետական, համայնքային ընտրությունների ժամանակ, երբ այն ընտրատեղամաս է ծառայում: Մնացած օրերին այն փակ է, մարդիկ դրսում են հավաքվում: Գյուղում պարի եւ սպորտային խմբակներ են գործում, սակայն երեխաներն իրենց պարապմունքներն ստիպված դպրոցում են անցկացնում:

Մշակույթի տունը

Զորակում այլ խնդիր է հասունանում. Մարուսյա Գրիգորյանի ասելով՝ վերջին տարիներին Արարատյան դաշտավայրում ոռոգման ջուրը պակասել է, իրենց համայնքում նույնպես ջրի պակասն զգալի է: «Պատճառների մասով երեւի բնապահպաններն ավելի լավ կասեն, բայց իմ կարծիքով, պատճառը ձկնաբուծարաններն են: Մեր համայնքի տարածքում էլ է ջուրն արդեն պակասել»,-նշում է Մ. Գրիգորյանը:

Դրսում հավաքված գյուղացիներին նույնպես մտահոգողը ջուրն էր: Նրանց պատմելով` համայնքը տարիներ շարունակ սնվել է արտեզյան հորերից, սակայն ձկնաբուծարանների պատճառով աղբյուրները ցամաքել են, ինչի հետեւանքով ո’չ նորմալ խմելու ջուր ունեն, ո’չ էլ ոռոգման:

Գրիգորի Դանիելյան Շահեն Շահնազարյան

«Մեզ համար առաջնայինը ոռոգման ջուրն է, արտեզյան հորեր ենք ունեցել, հիմա դրանք չորացել են, շաբաթը մեկ անգամ էլ չենք կարողանում ոռոգել: Դե, մնացածն էլ, ապրում ենք, էլի, ամեն մեռնողին երանի տալով: Գազը` թանկ, լույսը` թանկացրին, ջուր չկա, էլ ո՞նց պիտի ապրենք: Լույսը որ թանկացնեն, մենք ո՞նց ենք դրա տակից դուրս գալու` չեմ իմանում, իրանց տված թոշակն սկի լույսի ու գազի փող չի, ասում են՝ գնացեք ապրեք»,- ասում է նարդի խաղացողներից Գրիգորի Դանիելյանը:

Էլեկտրաէներգիայի գնի բարձրացման սոցիալական բեռը մեղմելու համար Կառավարության` 1000 դրամով նպաստն ավելացնելը ծիծաղ է առաջացրել գյուղացիների մոտ: «Ժողովրդի աչքերը փակում են, հազար դրամին երկու հաց են տալիս, դա ի՞նչ փող է: Գիտեն, ժողովրդի վիճակը վատ է, դրանով բերաններս փակում են: Ոչ մեկը ժողովրդի մասին չի մտածում, մենակ իրանց մասին են մտածում: Բա խեղճ գյուղացին ի՞նչ անի, այս տարի վաճառելու բան գրեթե չկա: Ով ասում է գյուղացին հողից եկամուտ է ստանում, թող գա իմ հողը տամ իրեն` թող մշակի եկամուտ ստանա»,- ավելացրեց Գրիգորի Դանիելյանը:

Նրա խոսքը շարունակեց Շահեն Շահնազարյանը. «Թոշակ ենք ստանում, ռիսկ չենք անում թոռնիկի հետ խանութի կողքով անցնել, որ մառոժնի չուզի: Ի՞նչ թոշակ, դա ի՞նչ փող է, 30.000 դրամ թոշակ են տալիս, բայց գնում եմ բժիշկի 400.000 դրամ են ուզում, սա՞ է իրենց թոշակը»:

«Դե, գնա գրի’, հաջորդ անգամ լավ լուրերով կգաս»,- հրաժեշտից առաջ պարտավորեցրին զորակցիները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter