HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաղատուրում գրադարանը փակել են`գիրք կարդացող չի մնացել

«Էդ, վեր մեր գյուղի մասին կիրում ես, քեզ տըրա հետի փող են տամ, տոն ես պահում, թե` իսկականից մեր կյանքը քեզ հետաքրքիր ա. կամ էս աշխարհքի քարտեզումը մեր շենն ալ ա՞ մարդահաշիվ»,- ասում է վաղատուրցի Ջուլիետան ու առանց սպասելու պատասխանիս, շարունակում է,- եթա ծերքավդ պան ա կամ, նաչալնիկներին խաբար ըրա, ասի, մեռնում ենք յեղտուտ ճուր խմելավ, մի բաժակ նամուսավ չայի կարոտ ենք»:

Նրա պատմելով` բնակիչները տների ծորակներից հոսող ջուրը միայն կենցաղային կարիքների համար են օգտագործում, իսկ խմելու համար բերում են գյուղի տարածքում գտնվող բնական աղբյուրից, որը խորհրդային տարիներին նաեւ որպես հանքային ջուր, շշալցվում էր, վաճառվում: Ջուլիետայի ամուսինը` Էդիսոնը, հաստատում է կնոջ ասածը, նրան միանում են նաեւ հարեւանները, նշելով, որ բաժակի մեջ աղբն անզեն աչքով էլ երեւում է, գույնն էլ դարչնագույն է, անգամ ամսական շնչին 100 դրամ ջրի վարձ են տալիս:

«Քաղաքից յեկին, թե հոսանքի լարերը մաշված են, կփոխենք, հուր ա հարկավեր, լուսի գինը էնքան պիրցրցրալ են, վեր ավելի լավ ա քարմա (գոմաղբ) էրենք»,- բարկանում է Էդիսոնը, ով ճամփեզրին նստած սպասում էր, թե վերջապես, երբ են Գորիսից ուղարկելու վնասված տրակտորի  մասը, որը նորոգելու համար մի շաբաթ առաջ էր վարպետի մոտ ուղարկել: «Առանց էն էլ, էս տարի խոտ չկա, իլածն ալ փըչընալու ա, թե վեր շուտ չըհըսցըրին»,- ասում է Էդիսոնը:

Ջուլիետա Էդիսոն

Ջրից, հոսանքի գնից հրատապ, նրանք կարեւորում են միջհամայնքային եւ ներհամայնքային ճանապարհների հարցը: Գորիսից Վաղատուր տանող  ճանապարհի մի մասը, ճիշտ է, համեմատաբար բարեկարգ է, բայց մի քանի տեղերում անձրեւների, սողքի պատճառով երբեմն անանցանելի է դառնում: Բնակիչներն առաջարկում են միջոցներ ձեռնարկել Գորիս տանող այլընտրանքային ճանապարհը բարեկարգելու համար, մանավանդ, որ դրանով 32 կմ երկարությամբ ճանապարհը կիսով չափ կկրճատվի:

Ճանապարհի պատճառով չի գործում Գորիս-Խնածախ-Վաղատուր ավտոբուսի երթուղին: Տեղացիները նշում են, որ թե’ ճանապարհի, թե’ տրանսպորտի համար նախագահական ընտրություններին խոստումներ են տալիս, բայց հետո «մոռանում են»: «Հին մարզպետը խոստացավ, գնաց, նորի երեսն էլ չենք տեսել»,- ասում է բնակիչներից մեկը:

Դարչո Հայրապետյանը, խնդրում է հրապարակել իր խնդրի մասին, նշելով, որ այս տարվա ապրիլի 17-ի կեսգիշերին իր հողամասում, տնից 10 մետր հեռավորության վրա ական է պայթել: Պայթունից տնեցիներից ոչ ոք չի տուժել, բայց տանն ավերածություններ են եղել. ջարդվել են ապակիները, քանդվել են անասնագոմի, նկուղի պատերը, ճաշասենյակի առաստաղը, որոշ տեղերում պատերի երկայնքով ճեղվածքներ են առաջացել:

«Դեպքի օրը շատերը եկան, նաեւ` հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, ոստիկանությունը, ամբողջ գյուղը, բայց հաջորդ օրը բոլորը մոռացան մեզ, մի քառակուսի մետր ապակի էլ չտվին, մինչեւ հիմա ակուշկեքին ցելոֆան ա կպցրած, անձրեւին էլ ջրերը պատերի վրայով ներս են թափվում»,- սրտնեղում է Դարչոյի կինը` Արեգը: Նրա կարծիքով «սնարյադն» իրենց այգում մնացել է պատերազմից, երբ մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող սահմանից ազերիները հրետակոծում էին գյուղը: Տարիների ընթացքում չեն նկատել: Դարչոն ասում է, թե լսել է, որ պաշտպանության նախարարը խոստացել է օգնել, բայց դեռ ձեն-ձուն չկա, ու էս վիճակով մնալու դեպքում ձմռանը ստիպված կլինեն ապրելու ուրիշ տեղ փնտրել:

Դարչոն Ճաշասենյակի առաստաղը

Վաղատուր համայնքի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը համայնքում ամենահրատապը ճանապարհների բարեկարգումն է համարում, այն ընդգրկվել է նաեւ համայնքի քառամյա մի քանի ծրագրերում, բայց այդպես էլ չի լուծվել: «Վաղատուրում մարդիկ վատ չեն ապրում, անասուն են պահում, այգի, բանջարանոց մշակում, բայց ճանապարհի համար շատ են խեղճանում: Նամուսով էլ ամեն տարվա նոյեմբեր եւ ապրիլ ամիսներին իրենց հարկը վճարում են: Մեր բյուջեով համայնքի համար որեւէ հարց հնարավոր չէ լուծել, բայց դե ձեռներս ծալած չենք նստում, հարյուր մարդու ենք դիմում»:

«2014թ.-ին 14 երեխա ա ծնվել գյուղում, բայց քիչ ա, սահման ենք, կռիվ, մահ տեսած ժողովուրդ ենք, պիտի շատ ծնվեն, որ գյուղը ամուր մնա»,-ասում է գյուղապետ Հովհաննես Հովհաննիսյանը:

Վերջիններիս թվում Հովհաննեսը հատկապես նշում է պաշտպանության նախարարի անունը, ասելով, որ իրենց եւ հարեւան երկու գյուղերի ամեն նոր ծնված երեխայի նա 200 հազար դրամ փող է տալիս:  

Նա ցավով է նշեում, որ գյուղում գիրք կարդացող չի մնացել, դրա համար որոշել են գրադարանը փակել, գրքերն էլ նվիրել դպրոցին: «Ո՞ւմ ենք խաբում, որ դրա համար մի հաստիք պահենք»,- ասում է նա:

Հովհաննեսը կարեւոր ձեռքբերում է համարում, որ երկար ջանքերից հետո, վերջապես գյուղը պիտի գազաֆիկացվեր. ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի աջակցությամբ, նախատեսվում էր կապույտ վառելիքը գյուղ հասցնել դեռեւս նախորդ տարվա հոկտեմբերին, սակայն համաֆինանսավորման պայմանագրով ամրագրված պարտավորությունները չապահովելու պատճառով ոչ միայն դադարեցվել են շինարարական աշխատանքները, այլեւ 2013թ. օգոստոսի 1-ին Կատարողը հայցադիմում է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ Վաղատուր համայնքի`14 մլն 590 հազար դրամ բռնագանձելու պահանջով, եւ գրեթե մեկ տարի  է շարունակվում է ներդրումն ապահովելու թնջուկը:

Համայնքի ղեկավարի խոսքով` դեռեւս անորոշ է, թե ինչպես է լուծվելու խնդիրը, սակայն համոզված է, որ գազիֆիկացումն էապես կբարելավի սահմանամերձ Վաղատուրի բնակիչների սոցիալական վիճակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter