HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գլխավոր դատախազության անգործության հետևանքով խախտվել է զոհված ազատամարտիկի այրու իրավունքը»,- Օմբուդսմեն

Զոհված ազատամարտիկի կինը դիմել է իրավապահներին, երբ ամուսնու եղբայրը որդուն կեղծ վկայությունների և ապացույցների միջոցով դատարանում ճանաչել է տվել որպես իր ամուսնու՝ զոհված ազատամարտիկի որդի: Արդյունքում, տղայի նոր ծննդյան վկայականում հայրանուն է նշվել ազատամարտիկի անունը, իսկ հարազատ մոր անունը մնացել է նույնը:

Այրին՝ Թամամ Միսակյանը, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայություն: Այնտեղից նյութերն ուղարկվել են նախաքննության մարմնին՝ հետագա ընթացքը լուծելու նպատակով: Սակայն քննիչը որոշել է մերժել քրեական գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության պատճառով: Կինը բողոք է ներկայացրել դատախազին՝ խնդրելով վերացնել քննիչի որոշումը և անցկացնել փորձաքննություն: Սակայն դատախազը ևս մերժել է կնոջ բողոքը:

Այրին դիմել է մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով աջակցել իր իրավունքների պաշտպանության հարցում: Օմբուդսմենը գործի նյութերն ուսումնասիրելուց հետո պարզել է, որ քննիչը լրացուցիչ բացատրություն չի վերցրել ազատամարտիկի այրուց, հարցաքննել է միայն կեղծ տեղեկություններ հաղորդելու մեջ կասկածվող մարդկանց, չի նշանակել դատագենետիկական փորձաքննություն: Պաշտպանը գործում հայտնաբերել է մի շարք այլ խախտումներ և անտեսված հակասություններ ևս:

Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ նշելով, որ օմբուդսմենը գրություններ է ուղարկել Գլխավոր դատախազությանը` ուշադրություն հրավիրելով օրենսդրական այն պահանջին, որ դատախազությունը պարտավոր է հսկել հետաքննության և նախաքննության օրինականությունը, լիազորված է վերացնել քրեական գործի հարուցումը մերժելու մասին նախաքննության մարմնի որոշումը և հարուցել քրեական գործ:

Գլխավոր դատախազության անգործության հետևանքով խախտվել է զոհված ազատամարտիկի այրու իրավական պաշտպանության իրավունքը: Օմբուդսմենը կայացրել է մարդու իրավունքների խախտման մասին Որոշում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter