HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գորիսի նորընտիր քաղաքապետն ստանձնեց իր լիազորությունները

Անահիտ Բաղդասարյան 

Գորիսի նորընտիր քաղաքապետ Վաչագան Ադունցը երեկ ստանձնեց իր լիազորությունները: 

Հիշեցնենք, որ  Գորիս քաղաքում հունիսի 8-ին տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրությանը մասնակցել էր 8204 մարդ, որը կազմել է ընտրողների թվի 50.7%-ը: Քվեարկության արդյունքներով 4732 ձայնով քաղաքապետ է ընտրվել Վաչագան Ադունցը: Նրա  օգտին քվեարկել է կողմ քվեարկողների 61,56%-ը:

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի որոշմամբ, Գորիս համայնքի նախկին ղեկավար Նելսոն Ոսկանյանի լիազորություններն ավարտվել էին  հուլիսի 20-ին, եւ հաջորդ օրվանից նորընտիր քաղաքապետն անցավ իր պարտականությունների կատարմանը: Միջոցառմանը ներկա Սյունիքի մարզպետի տեղակալ Աշոտ Մարդյանը շնորհակալություն հայտնեց նախկին քաղաքապետ Ն. Ոսկանյանին` իր ղեկավարման ընթացում կատարած աշխատանքների, բարեփոխումների եւ ձեռքբերումների  համար, իսկ նորընտիր քաղաքապետին շնորհավորեց ստանձնած պաշտոնի առթիվ: «Շատ պատասխանատու պաշտոն եք ստանձնում եւ դեռ շատ անելիքներ կան Գորիս համայնքում: Հուսով եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում շատ խնդիրներ կլուծվեն»,- ասաց Ա. Մարդյանը:

Նախկին քաղաքապետը եւս շնորհավորեց Վ. Ադունցին հայտնելով. «Չնայած քաղաքապետ լինելը մեծ պատիվ է, բայց միեւնույն ժամանակ մեծ պարտականություն, իսկ Վաչագան Ադունցը պատրաստ է այդ պարտականություններն ստանձնել»:

Նորընտիր քաղաքապետն իր հերթին շնորհակալություն հայտնեց ներկաներին ու հայտարարեց, որ «չի պատրաստվում կադրային որեւէ փոփոխություն կատարել եւ նպատակ չունի գործընթացը բնական ուղուց շեղել»: Նա նաեւ ավելացրեց, որ վերջին 20 օրերին հասցրել է փաստաթղթային ուսումնասիրություն կատարել եւ նկատել է, որ համայնքային իշխանության ենթակա հաստատություններում աշխատողների աշխատավարձերը շատ ցածր են: «Կփորձենք համատեղ քննարկումների արդյունքում  փոխել ստեղծված վիճակը»,- ասաց Վ. Ադունցը:

Թե որը կլինի քաղաքապետի առաջին գործնական քայլը «Հետքի» հարցին` Վ. Ադունցը պատասխանեց, որ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներից են իր նախընտրական ծրագրում նշած աղբահանությունը, թափառող շների դեմ պայքարը եւ գիշերային լուսավորությունը:

Հանդիպումից անմիջապես հետո քաղաքապետն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter