HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ կառավարությունը կսուբսիդավորի թանկացած էլեկտրաէներգիայի սակագինը մանր սպառողների համար

Այսօր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը մամլո ասուլիսում հակիրճ ամփոփել է գործադիր մարմնի վեց ամսվա  կատարած աշխատանքը: Անդրադառնալով եղանակային պայմանների պատճառով  գյուղատնտեսության ոլորտում արձանագրված ոչ այնքան գոհացուցիչ արդյունքներին, վարչապետը նշել է, որ այդ բացը լրացվելու է արդյունաբերության ոլորտի` մասնավորապես, հանքարդյունաբերության, թեթև արդյունաբերության և շինանյութերի արտադրության հաշվին:

Խոսելով հուլիսի 1-ից աշխատավարձերի բարձրացման մասին՝ Ա. Հարությունյանը նշել է, որ աշխատավարձերի բարձրացմամբ պայմանավորված, հանրապետությունում էական գնաճ` հատկապես պարենային ապրանքատեսակների մասով, չի լինի: Իսկ ինչ վերաբերում է պետական համակարգի աշխատակիցների աշխատավարձերի գործակիցների հաշվարկմանը, ապա դա պայմանավորված է ՀՀ և ԼՂՀ միջև առկա համաձայնությամբ, որով սոցիալական և աշխատավարձային քաղաքականությունները պետք է նույնական լինեն: Հետևաբար, ՀՀ-ում ընտրված չափորոշիչները ներդրվել են նաև ԼՂՀ-ում:

Պատասխանելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ լրագրողների հարցին` կառավարության ղեկավարն ընդգծել է, որ օգոստոսի 11-ից հանրապետությունում էլեկտրաէներգիայի թանկացումը զգալու են խոշոր սպառողները, մնացած բաժանորդների համար պետությունը  սուբսիդավորելու է սակագինը: Ա. Հարությունյանը պարզաբանել է, որ  «Արցախէներգո» ՓԲԸ էլեկտրաէներգիա է գնում տարբեր աղբյուրներից, այդ թվում նաև ՀՀ մի շարք արտադրողներից: Ըստ նրա՝ Արցախում գործող հիդրոկայաններից և ՀՀ արտադրողներից էլեկտրաէներգիան «Արցախէներգո»-ն գնում է մինչև 25 դրամով (ներառյալ հարկերը), դրան գումարվում են նաև մոտ 5 դրամի չափով կորուստները, ինչպես նաև ընկերության աշխատակիցների աշխատավարձերը` 8 դրամի չափով, ևս 3 դրամ` վթարների ու այլ ծախսերի դիմաց:

«Արցախում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար ներդրողները պահանջում են կիրառել ՀՀ-ում գործող գները: Հիմնականում սրանով է պայմանավորված առաջիկայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը»,- եզրափակելով իր խոսքը՝ նշել է վարչապետը:

Այս մասին հայտնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter