HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանության նախարարի ճանաչողական այցը Լոռի

Երեկ ճանաչողական այցով Լոռու մարզում էր Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: Նա այցելեց «Մեթըլ Փրինս Էլ-Թի-Դի» ընկերությանը պատկանող Ճոճկանի պոչամբար և «Թեղուտ» ՓԲԸ: «Հետքը» մի քանի հարց ուղղեց նախարարին:

- Ճոճկանի պոչամբարի ջրի շրջանառու համակարգն արդեն մի քանի տարի չի գործում: Դրա հետևանքով  պոչամբարից արտադրական թունավոր պոչանքերը  պարբերաբար  թափվում  են Դեբեդ գետը: Բնապահպանության նախարարությունն առաջիկայում ի՞նչ միջոցառում է ձեռնարկելու  պոչամբարի  հետագա անվտանգությունն ապահովելու համար: 

-Մենք զրուցեցինք տնօրինության ներկայացուցիչների հետ, իրենք իրենց պարտավորությունները լիարժեք կատարելու են, նմանատիպ խնդիրներ չեն առաջանա: Թունավոր արտանետումները, բնականաբար, չեն հոսի գետ: Եթե հոսեն, մենք կմիջամտենք: Մենք խիստ պատժամիջոցներ կկիրառենք նմանատիպ վտանգները վերացնելու համար: Այսօր հենց դրա համար էլ մենք այստեղ ենք, որպեսզի մեր աչքով տեսնենք և հասկանանք, թե ինչ է կատարվում:  Կա նաև դժգոհություն տարածաշրջանի  բնակչության,  բնապահպանների կողմից, և խնդրին պետք է լուծում տրվի: 

-Տեղյա՞կ եք Դեբեդ գետի բնապահպանական ռիսկերին: Դրանք առաջին հերթին պոտենցիալ վտանգ են գետի ջրով ոռոգվող Մեծ Այրում, Ճոճկան, Շնող և հարևան գյուղերի այգիների և դաշտերի համար` Ճոճկանի պոչամբարի արտանետումների պատճառով:   

-Ձեր հարցը տեղին է: Մենք այսօր ընդամենը ճանաչողական այցով ենք եկել:   Ինձ բնապահպանական տեսչության պետը տեղեկացրեց, որ, այո, այս պահին էլ որոշակի խնդիրներ կան: Մենք անդրադարձ ենք կատարելու: Մարզպետի հետ մենք պայմանավորվածություն ունենք և առաջիկայում  կտրուկ միջոցների ենք դիմելու: Բայց  ընկերությունն էլ պետք է կարողանա ինքն իր ձեռքով իր խնդիրներին լուծում տալ: Նորից եմ կրկնում` աղտոտվածության հետ կապված ամեն տեսակի տույժ և տուգանքները մենք կկիրառենք: Վատ վիճակներ կառաջացնենք արտադրողների համար, եթե իրենք չկարողանան իրենց խնդիրները լուծել: 

-Ի՞նչ տպավորություն ստացաք «Թեղուտ» ՓԲԸ-ում Ձեր շրջայցից:

-Վերջնական փուլին չեն հասել աշխատանքի առումով: Հիմա նախնական աշխատանքներ են կատարվում: Հետաքրքիր էր, որ ամբողջությամբ նոր տեխնոլոգիաներ են իրականացնում: Առաջին անգամ հանրապետությունում փակ ցիկլի համակարգ է իրականացվելու: Սեփականատերերի պարտավորությունները` նախնական իրենց խոստումների հետ կապված, բնականաբար, իրականացվում են: Մենք բնապահպանական խնդիրների առումով հետագայում համագործակցելու ենք «Թեղուտ» ՓԲԸ-ի հետ: Հուսով եմ` ամեն ինչ նորմալ կլինի:

-Ալավերդու պղնձաձուլական գործարանի բնապահպանական վճարները պետբյուջե 444 մլն դրամից նվազել և դարձել են 100 մլն դրամ` բնապահպանության նախարարության մոնիտորինգի արդյունքներով: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:

-Եթե  նվազել են գումարները, ես կուսումնասիրեմ և Ձեզ կտեղեկացնեմ, դա արդեն առանձին:

-Ի՞նչ կասեք ապօրինի անտառահատումների մասին: Տեղյա՞կ եք, որ    «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, մասնավորապես` Դսեղի անտառտնտեսությունում 4խմ փայտի մեկ օրինական փատաթղթով առնվազն 7 անգամ հատատեղից փայտ են տեղափոխում:  

-Խնդիրը կա, այո: Եթե դուք հետևում եք նաև մեր լրատվությանը, մենք հաճախակի ներկայացնում ենք, թե որ անտառտնտեսությունում ինչ տույժ և տուգանքներ են կիրառվել: Բայց դրանով հարցը չի լուծվում: Յուրաքանչյուրս  պետք է դառնանք բնապահպան, յուրաքանչյուրս պետք է պայքարենք նման վատ երևույթների դեմ: Մեր քայլը հետևյալն է` մեր տեսչությունն իր դերում է, և մենք առաջիկայում ոստիկանության հետ  միջոցառումներ ունենք իրականացնելու` ապօրինի անտառհատողներին պատժելու համար:

-Թումանյանի տարածաշրջանը  հանքարդյունաբերության  և լեռնամետալուրգիական արտադրության կիզակետ է: Չեք կարծու՞մ, որ Ձեր պարբերական այցելությունները տարածաշրջան կնպաստեն  բնապահպանական խնդիրների լուծմանը:

-Քիչ առաջ մենք զրուցում էինք պոչամբարին հարակից համայնքների համայնքապետերի հետ: Եկանք այն եզրակացության, որ այստեղ բնապահպանական ծրագրերի իրականացման խնդիրներ կան: Եվ ներդրողը պետք է լինի համապատասխան հանքը շահագործողը: Դրանով պետք է կարողանանք օգնել համայնքներին: Պատահական չէ, որ մենք այսօր իրավիճակը քննարկում էինք  մարզպետարանի ներկայացուցչի, հանքարդյունաբերողի և համայնքապետերի մասնակցությամբ: 

Լուսանկարում` մեջտեղում` Արամայիս Գրիգորյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter