HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխարհաքաղաքական ներկա տեղաշարժերն ու Կովկասը - 6

Սարո Սարոյան, քաղաքական վերլուծաբան

սկիզբը

Հարավային Կովկասը եվրասիական մեծ աշխարհամասի կարեւոր պատուհաններից մեկն է: Սա այն տարածաշրջանն է, որը Եվրոպայից Չինաստան ձգվող առանցքի վրա իրարից բաժանում է Ռուսաստանն ու Իրանը եւ ծառայում է իբրեւ այդ տերությունների ուղղակի միջամտությունից դուրս գտնվող միակ այլընտրանքային ճանապարհ այլ տերությունների համար: Հենց այդ հանգամանքից ելնելով էլ գերտերությունների աշխարհաքաղաքական մրցավազքում Հարավային Կովկասին տրվում է կարեւոր նշանակություն: Հնարավոր չէ մերձավորարեւելյան ռազմական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային աշխարհաքաղաքական նախագծերը կյանքի կոչել` առանց ծրագրելու ընդհանրապես Կովկասի ու, մասնավորապես, Հարավայի Կովկասի դերակատարությունը դրանում:

Վերջին տարիներին աշխարհի ուժային կենտրոնների, հատկապես` Արեւմուտքի համար Կովկասի դերն իր բարձրակետին է հասել կասպիական-կենտրոնասիական էներգակիրների փոխադրման գործում նրա հարմար դիրքի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Թուրքիայի` Սեւ ծովում ռազմական գերապատվության համար սկսված մրցավազքի պատճառով: Ուստի, իբրեւ աշխարհաքաղաքական խաչվող շահերի տարածական յուրահատուկ միջավայր` քաղաքական առումով այն այսօր ներառում է ե՛ւ Հարավային ու Հյուսիսային Կովկասները, ե՛ւ Սեւ ու Կասպից ծովերի առափնյա հարակից ավազանները:

Աշխարհաքաղաքական բախումների ներկայիս առանցքի վրա Կովկասը շատ բարդ, եթե ոչ` ամենաբարդ հանգույցն է: Նա այդպիսին է իր ներքին բազմատարրության ու միանգամից երեք տերությունների սահմանակցելու պատճառով: Լեզվական, մշակութային, կրոնական, էթնիկ, սովորութային, աշխարհայացքային-գաղափարական, պետական կառուցվածքների եւ այլ տեսակի տարբերությունները հնարավորություն չեն տալիս, որպեսզի նրա հետ կապված ծրագրավորումներում արտաքին խաղացողները միագիծ ինչ-որ սխեմաներ կիրառեն: Հարկ է լինում միանգամից համալիր մոտեցում որդեգրել, բայց ամեն դեպքում նախանշելով, որ դրանց իրագործման աստիճանն ունի մեծ ռիսկայնություն:

Պետք է նկատել, որ Կովկասի շուրջ առավել կատարյալ համալիր մշակումներ կատարելու ու դրանք կենսագործելու հնարավորություններով այսօր առաջնային տեղում դեռեւս Ռուսաստանն է: Վերջին հարյուրամյակներում Կովկասի նկատմամբ նրա ուղղակի տիրապետությունը, խորհրդային ինստիտուտների սոցիալ-մշակութային եւ տնտեսա-աշխարհագրական հետազոտությունների մեծածավալ բազան, տեղեկատվական-քարոզչական եւ գործակալական ցանցերի առկայությունը, առեւտրատնտեսական կապերը, տարածաշրջանի` ռուսական մշակութային արեալում գտնվելու հանգամանքը մյուս տերությունների համեմատ Ռուսաստանին էական առավելություն են ընձեռում Կովկասում հնարավորինս ծավալվելու ու այն գոնե բավարար վերահսկողության տակ պահելու համար:

Այդուամենայնիվ, Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը շարունակական հետընթաց է ապրում: Այդ հարցում դեր է խաղում առավելապես երեք հանգամանք: Այն է` Կովկասի ժողովուրդների` կայսերական թելադրանքից, մետրոպոլիայից ունեցած կախումից կամ գաղութային շահագործումից ազատվելու գաղափարական հիմնավորումներն ու գործնական հակազդեցությունները, Կովկասում մյուս տերությունների նույնքան շահագրգիռ միջամտություններն ու ազդեցության տարածումը, ինչպես նաեւ հենց իր` Ռուսաստանի` Կովկասի հետ փոխհարաբերություններում առավելապես կացնային «բոլշեւիկյան» գործելաոճը:

Ի տարբերություն Ռուսաստանի, Կովկասում Թուրքիայի դիրքերը շատ հակասական են ու անկայուն: Կովկասի շուրջ թուրքական քաղաքական ինստիտուտների առավել հավակնոտ մշակումները Էրդողանի կառավարությունն ընդգրկել էր «Զրո խնդիր հարեւանների հետ» հայտնի դոկտրինում: Սակայն վերջինիս ֆիասկոն եւ հատկապես սիրիական պատերազմում կրած քաղաքական խոշոր պարտությունն իրենց հերթին ձախողեցին Թուրքիայի` դեպի Կովկաս ծավալվելու բոլոր ծրագրերը: Այսօր Թուրքիայի ուշադրությունն արդեն գամված է Իրաքում շիա-սուննի հակամարտության, քրդական անկախ պետության ստեղծման, Մերձավոր Արեւելքում Իրանի նոր դերակատարության առաջ բերած մարտահրավերների վրա: Ըստ էության, ԱՄՆ-ի սեւծովյան-կովկասյան ռազմավարության հաջող ընթացքի, ինչպես նաեւ Կովկասում Իրանի ծավալման նոր հնարավորությունների պայմաններում, երբ ակնհայտ է դառնում, որ նախկին ստատուս-քվոյի խախտման մեծ վտանգ կա, կովկասյան թատերաբեմում Թուրքիայի ամբողջ հույսը Ռուսաստանն է: Դրա գործնական դրսեւորումն էր, օրինակ, ուկրաինական զարգացումների խորապատկերին Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիային Թուրքիայի վերաբերմունքը: Պաշտոնական Անկարան, Կիեւի նոր վարչակազմի անգործության պայմաններում, կարելի է ասել գրեթե ոչինչ չձեռնարկեց ընդդեմ Ռուսաստանի` Ղրիմի թաթարների հովանավորի իր կարգավիճակը գոնե առերեւույթ պահպանելու համար:

Կոնկրետ հարավկովկասյան հանրապետությունների հետ փոխգործակցության հարցում Թուրքիան այսօր կայուն քաղաքական նվաճումներ գրեթե չունի: Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ Թուրքիան այդպես էլ չկարողացավ իր համար պարզել Հայաստանի Հանրապետության հետ իր հարաբերությունների կառուցման բնույթն ու չափը: Պաշտոնական մակարդակի բարձրացված` Հայաստանն անտեսելու նրա քաղաքականությունը որքան արդյունավետ էր Ադրբեջանի, Վրաստանի ու Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններ կառուցելու տեսանկյունից, նույնքան էլ վնասակար էր Արեւմուտքի ու Իրանի հետ մրցակցելու հարցում: Արեւմուտքի համար Թուրքիա-Հայաստան հարաբերությունների չկարգավորվածությունն արդեն իսկ Թուրքիայի վրա հարկ եղած դեպքում ազդելու արդյունավետ գործոն էր, որը բազմիցս օգտագործվեց վերջին տարիներին: Իսկ Թուրքիայի հետ Հայաստանի սահմանի փակ լինելը Իրանին հնարավորություն տվեց Թուրքիայի ծավալմանը խոչընդոտելու եւ արտաքին քաղաքական հավասարակշռություն ապահովելու գործում լրացուցիչ ջանքեր չներդնել Կովկասում:

Վրաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերություններում Թուրքիան, ստանալով Արեւմուտքի քաղաքական աջակցությունը, կարողացավ միայն լիարժեք կյանքի կոչել տնտեսական կապերն ու հատկապես էներգետիկ նախագծերը: Ադրբեջանի դեպքում Թուրքիայի քաղաքական հիմնական կարգախոս-բանաձեւը` «մեկ ազգ, երկու պետություն», այդպես էլ չծառայեց առավել մեծ քաղաքական ինտեգրման խնդիրը լուծելուն: Ադրբեջանի սուվերենության բարձր մակարդակն, օրինակ, իրեն զգացնել տվեց Թուրքիայի` Իսրայելի հետ լարված հարաբերություններ ունենալու ժամանակահատվածում, երբ Ադրբեջանը շարունակում էր պահպանել մահմեդական աշխարհում Իսրայելի ռազմավարական գլխավոր գործընկերոջ կարգավիճակը:

Թուրքիան, չնայած Վրաստանի հետ տնտեսական փոխգործակցության բարձր մակարդակին, քաղաքական գործակցության հարցում, ըստ էության, նույնպես որեւէ լուրջ արդյունք չարձանագրեց: Վրաստանն այսօր անշեղորեն ընթանում է ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերության ծիրում եւ Կովկասում որքան Ռուսաստանի ծավալման գլխավոր պատնեշն է, նույնքան էլ ռուս-թուրքական մերձեցման գլխավոր սեպը:

Բոլորովին այլ պատկեր է ուրվագծվում, երբ դիտարկում ենք Իրանի կովկասյան ռազմավարությունը: Կովկասյան տարածաշրջանում պաշտոնական Թեհրանի ներգրավվածություն ունի իր թերություններն ու առավելությունները: Արդեն երկու տասնամյակ իրար փոխարինած բոլոր վարչակազմերի` ալիեւյան կլանի հանդեպ անվստահությունը Իրանին հնարավորություն չի տալիս մոտենալ Կովկասում հաստատվելու ու ամրապնդվելու հարցին: Բացի այդ, Իրանի` Կովկասում ամրապնդվելու հարցը տարիներ շարունակ օբյեկտիվորեն առկախված էր նաեւ այն պատճառով, որ Իրանն Արեւմուտքի հետ տարածաշրջանում վարում էր առճակատման քաղաքականություն` կովկասյան խնդիրներում Իրանի միջամտությունը թույլ չտալու գործում բնականորեն միավորելով արեւմտյան տերությունների եւ Կովկասին սահմանակից մյուս երկու տերությունների` Ռուսաստանի ու Թուրքիայի շահերը:

Չնայած Ադրբեջանի հետ խնդրահարույց հարաբերություններին, Իրանը Կովկասում չունի ագրեսիվ մեծ հարեւանի համբավ: Այս տերության` արտաքին աշխարհի հետ հարաբերվելու միայն պաշտպանական հայեցակարգը, որն արդեն մի քանի դար բարեհաջող կիրառվել է, այսօր քաղաքական կապիտալի է վերածվել: Դա Կովկասում ոչ միայն Հայաստանին ու Վրաստանին է վստահություն ներշնչել Իրանի հետ երկկողմ հարաբերություններ կառուցելիս, այլեւ Ադրբեջանին` իր բազմակողմ շահերը իրացնելիս:

Կարելի է ասել, որ այսօր Իրանը աշխարհաքաղաքական բախումների ներկայիս առանցքի վրա ունի Կովկասում ծավալվելու լայն հնարավորություն: Իրան-Արեւմուտք բարելավվող հարաբերությունների խորապատկերին Ռուսաստանի ուկրաինական, իսկ Թուրքիայի արաբական ճահիճներում խրված լինելու հանգամանքները լավագույնս ծառայում են Իրանի կողմից Կովկասում նոր մշակումներ ու նախագծեր իրականացնելուն: Սակայն, Կովկասում պատմականորեն ձեւավորված խնդիրների հենքի վրա որքան Վրաստանն է Ռուսաստանի` դեպի Կովկաս ծավալվելու խոչընդոտը կամ Հայաստանը` Թուրքիայի, Իրանի` դեպի Կովկաս ծավալվելու գործում արդեն գրեթե նույնահենք խնդիր դառնալու ներուժով է օժտված Ադրբեջանը: Ուստի Իրան-Ադրբեջան հարաբերություններում կարելի է սպասել կամ թուրքական ու ռուսական ռազմաքաղաքական էքսպանսիաների ու հետեւանքների կրկնության` փակ սահմանների տեսքով, կամ` Կովկասում հավասարակշռության պահպանմանը միտված նոր յուրօրինակ լուծումների կիրառության շահագրգիռ ուժերի կողմից:

Ամեն դեպքում, պետք է նկատել, որ կարծես թե ստատուս-քվոյի փոփոխության եւ աշխարհաքաղաքական նոր հավասարակշռման մեծ ներուժ է կուտակվել Կովկասում:

Շարունակելի

Լուսանկարը` http://iran.worlds.ru/photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter