HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաց ուղղափառ եկեղեցին դատապարտել է Թբիլիսիի հայկական եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպը

Հուլիսի 22-ին Վրաց ուղղափառ սուրբ եկեղեցու պատրիարքարանում կայացել է հանդիպում Վրաց եկեղեցու պատրիարքարանի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի ղեկավար և Զուգդիդի և Ցաիշի մետրոպոլիտ Գերասիմի և Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի միջև, որին մասնակցել են պատրիարքարանի մամլո խոսնակ Միքայել Բոտկովելին և Վիրահայոց թեմի սոցիալական ծառայության ղեկավար Միքայել Ավագյանը:

Ինչպես հայտնում է Վիրահայոց թեմի մամլո դիվանը, Վրաց ուղղափառ սուրբ եկեղեցին և Վիրահայոց թեմը դատապարտել են միջադեպը: Կողմերը քննարկել են հուլիսի 19-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպը և համարել անթուլատրելի Վրաստանում ազգամիջյան կամ կրոնական խտրականության դրսևորումները՝ ընդգծելով, որ Վրաստանը դարերով եղել է բազմազգ և բազմակրոն երկիր, որտեղ ժողովուրդները ապրել և ստեղծագործել են միասին: 

Անդրադառնալով միջադեպին՝ Վիրահայոց թեմի առաջնորդն ընդգծել է, որ եկեղեցու մոտ տեղի ունեցածում թեև կան կենցաղային և խուլիգանական դրսևորումներ, բայց, ցավոք, առկա է նաև ազգային անհանդուրժողականության արտահայտություն, ինչը անթուլատրելի է մեր հասարակությունում:

Թեմի առաջնորդը դիմել է մետրոպոլիտ Գերասիմին, որ Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա Երկրորդի օրհնությամբ, վրաց եկեղեցու համայնքներում առավել մեծ տեղ հատկացվի հանդուրժողականության և քրիստոնեական սիրո քարոզչությանը:

«Հանդիպման ավարտին երկուստեք արժևորելով հայ և վրաց ժողովուրդների հազարամյակներով կողք-կողքի ապրելու պատմությունը և ավանդությունները, հորդորեցին ժողովրդին՝ ապրել սիրո և խաղաղության մեջ: Հույս հայտնեցին, որ իրավապահ մարմինները կգտնեն կազմակերպիչներին և մեղավորներին՝ Վրաստանում ժողովուրդների միջև ցանկացած պառակտում կանխելու նպատակով»,- տեղեկացնում է Վիրահայոց թեմը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter