HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահրամ Բաղդասարյանը՝ Հովիկ Աբրահամյանի հայտարարության մասին. «Ենթադրություններ են»

Երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանը 2015 թվականի հունվարի 1-ից կդառնա Եվրասիական տնտեսական միության անդամ: ԱԺ իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում հորդորեց անդամակցության վերջնական ժամկետների մասին չխոսել ու համբերել:

«Վերջնական ժամկետի մասին խոսք չկա՝ ո́չ հունվարի 1, ո́չ հոկտեմբերի 1: Համբերեք մի քանի օր, որոշ ժամանակ. ամառվա ընթացքում կլինի նախագահների հանդիպում, ու վերջնական որոշում կլինի միայն այդ ժամանակ: Իսկ մնացած բոլոր ժամկետները ենթադրություններ են»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Մեր դիտարկմանը, թե նման հայտարարությամբ հանդես է եկել երկրի վարչապետը, արդյոք նա նույնպես ենթադրություններ է անում, ՀՀԿ խմբակցության ղեկավարն արձագանքեց այսպես. «Դե հա, Հովիկ Աբրահամյանն էլ նույնպես կարծիք է հայտնել, նա չի ասել անդամակցության օրն ու ժամը: Ես էլ հիմա կարող եմ կարծել, որ մինչև հունվարի 1-ը հարցը իր հանգուցալուծումը կստանա, որովհետև մեր կողմից փաստաթղթային հարցերն ավարտված են, պայմանագրերն ուղարկված են երեք պետություններին, որոնք հանդիպման ժամանակ կբարձրաձայնեն իրենց դիրքորոշումը: Այն, ինչ մեր կողմից պետք է արվեր, արել ենք, հայկական կողմն իր բոլոր պարտավորությունները կատարել է»:

Հիշեցնենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ հայտարարել էր. «Ես ասել եմ, որ մենք մինչեւ հոկտեմբերի վերջ կստորագրենք ԵՏՄ անդամակցության փաստաթղթերը։ Դա գործընթաց է, որը կավարտենք սեպտեմբեր-հոկտեմբերին։ Ես համոզված եմ, որ 2015թ. հունվարի 1-ից մենք կդառնանք Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ»:

Ի դեպ, վաղը ՀՀԿ-ն Գործադիր մարմնի  նիստ կհրավիրի: Այս առնչությամբ հետաքրքրվեցինք, թե արդյոք ԵՏՄ անդամակցության հարցը նախագահ Սերժ Սարգսյանը քննարկելո՞ւ է: Վահրամ Բաղդասարյանն ասաց, թե առայժմ այդ հարցին պատասխանել չի կարող, որովհետև քննարկման օրակարգը որոշվում է տեղում:

Փոխարենը նա հայտնեց, որ հնարավոր է նախագահ Սարգսյանը գնահատական տա վարչապետ Հովիկ Աբրահամյանի 100-օրյա պաշտոնավարմանը: «Մարդը 100 օր աշխատել է, հնարավոր է, որ Ս. Սարգսյանը անդրադառնա: Թե ի՞նչ կասի՝ չգիտեմ, բայց ես իմ կողմից կարող եմ ասել, որ 100 օրում գնահատել հնարավոր չէ մարդու աշխատանքը»,- հավելեց նա:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter