Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Շառը՝ դրախտի ներսում եւ դրախտից դուրս (ցանկության ֆենոմենը)



«ՀայԱրտ» մշակութային կենտրոնում հուլիսի 17-ին բացվեց «Շառ դրախտում» ժամանակակից հայ լուսանկարիչների ցուցահանդեսը։ Համադրողը արվեստաբան, Սիդնեյի համալասարանի դոկտորանտ Վիգեն Գալստյանն է։ Ներկայացված ստեղծագործությունների հեղինակները՝ Սվետլանա Անտոնյանը (Օկեանը), Անուշ Բաբաջանյանը, Աննա Դավթյանը, Վեհանուշ Թոփչյանը, Նվարդ Երկանյանը եւ Նազիկ Արմենակյանը։ Ցուցահանդեսի մաս է կազմում նաեւ 20-րդ դարի կոմերցիոն լուսանկարների շարքը, որը պատկանում է «Լուսադարան» հայկական լուսանկարչության հիմնադրամին։

Ցուցասրահի աստիճանների վերեւում՝ մայթին, Էջմիածին մեկնող տաքսիների վարորդերն են պպզած։ Ներսում գրեթե նույն մարդիկ են, ում տեսնում եմ տարբեր մշակութային իրադարձությունների ժամանակ։

«Քու՞ր ջան, էս կլոր շենքում ինչ-որ հետաքրքիր բան կա՞»,- հարցնում է վարորդներից մեկը։

«Ես էլ եմ նոր գնում նայելու»,-պատասխանում եմ, եթե հետաքրքիր է, համեցեք։

«Կնիկս կխանդի»․․․

Առաջին հարկում ներկայացված են լուսանկարչական բացիկներ։ Հիշում եմ 90-ականների թուրքական շոկոլադները․ ստվարաթղթի վրա տարբեր կանայք էին պատկերված, հիմնականում դիմային հատվածով՝ գանգուր մազերով, վառ շրթներկով, շոկոլադը՝ չափից դուրս անհամ։ Ապրանքային այս օրինակի հիմնական գրավիչ մասն ինձ համար ձեւավորումն էր, որը խնամքով հանում էի արտադրական դրոշմներից ու դնում հավաքածուիս մեջ։ Արագ շրջում եմ առաջին հարկում եւ բարձրանում ժամանակակից լուսանկարիչների աշխատանքները տեսնելու․․․

(Այս հատվածից տեքստս ենթարկվում է փոփոխության, որովհետեւ ներկայացված լուսանկարները «ստիպում են» առնչության այլ  մոտեցումներ, ընկալելու եւ ներկայացնելու այլ տարբերակի տեքստեր։ Այս տեսանկյունից՝ տեքստը որոշակի շրջանակի մեջ է ընկնում՝ ստանալով համակարգված բնույթ)։

Էպիզոդային ընդդիմություններ

Գործողության զարգացման հիմնական հնարավորությունը ամեն տեսակի աջակցությունն է։ Տարածության տեսանկյունից գործողությունը ստանում է ֆորմա, որը կարող է դրսեւորվել երկակի՝ կամ ի նպաստ աջակցության եւ համատեղ, կամ հակառակը՝ որպես ընդդիմություն (եթե տվյալ տարածության մեջ բացակայում է աջակցությունը), որը կրում է էպիզոդային բնույթ։ Վերջինիս իրագործման հիմնական տարածքը դառնում է սեփական մարմինը, որը թույլ է տալիս դրսեւորել այն իրականությունը, որի համար «պայքարում», «մղվում» է սուբյեկտը։

Անուշ Բաբաջանյանի «կանայք» ինչ-որ պահից, ինչ-որ պատճառներով դուրս են մղվել այն տարածքներից, որտեղ փորձել են ինքնարտահայտվել, պլանավորել գործողություններ կամ կառուցել սեփական գաղափարական բուրգը։ Այս պահին չվավերագրելով պատճառները, որոնք ոչ պակաս կարեւոր են, մեր աչքի առջեւ մեծ չափերով լուսանկարներ են, որոնք հնարավորություն չեն տալիս երկխոսության։

Վառ շպարով, տարօրինակ (ընդհանրական բառով բնորոշելու դեպքում), աչքի զարնող հագուկապով, հարդարված եւ չհարդարված կանայք են, ովքեր կանգնած են արդեն իսկ «գրավված» տարածքներում (լուսանկարներում հիմնական ֆոնը գրաֆիտիապատ տարածքն է)՝ ուղղորդելով «տարօրինակ» կին + ավարտված գործողություն բանաձեւը։

Առաջացող հարցադրումները թույլ չեն տալիս միանգամից անցնել պնդումների, բայց նրանց որոշման պահը (անկախ հանգամանքներից) եւ ներկայիս կեցվածքն ու կեցությունը (վերջինիս մասին կարելի է միայն երեւակայել) փոխում են դիտողի ընկալման ակնթարթային պահը․․․

Ճիշտ այնպես, ինչպես նրանցից մեկին տեսա Մաշտոց-Թումանյան խաչմերուկում՝ փողոցն անցնելիս, երբ հետիոտների մեծ մասը մատնացույց էր անում նրան՝ բարձրաձայն մեկնաբանություններով, իսկ նա շարունակում էր մեջքը պինդ եւ գլուխը բարձր անցնել փողոցը։ Էպիզոդային նման ընդդիմությունները վիճելու առիթ կարող են դառնալ․ լուսանկարիչ Անուշ Բաբաջանյանը գրում է․«Եթե մեր հասարակության մեջ հնարավոր է ապրել այնպես, ինչպես նրանք են ապրում, ուրեմն հայ կանանց համար հնարավոր է մեկ եւ մի քանի քայլ անել դեպի ավելին, քան նրանք ունեն, դեպի գործունեություն, տարօրինակություն, աշխատանք և կյանք»։

Սակայն այս կանայք շարունակում են մնալ իրենց միկրոտարածություններում (պատահական չէ, որ լուսանկարներում նրանք որեւէ գործողության կենտրոնում չեն) եւ միայն իրենց ներկայությամբ եւ անակնկալ զբոսանքներով կարող են ընդդիմություն ցույց տալ, ինչը չի կարող կրել մասսայական ազդեցության երկարատեւ բնույթ։

Փերֆորմանսային իրադրության վիզուալիզացիան եւ «մենք»

2006թ․ Եռաբլուրի դիմացի կանգառում մի քանի անգամ գիշերվա կեսին տեսել էի երկու անձնավորության, ովքեր ֆիքսված ժամեր ունեին կանգնելու համար։ Որոշեցի, որ առաջին տպագրվող նյութս նրանց մասին է լինելու։ Երկու օր շարունակ մտածում էի՝ ինչպես խոսել նրանց հետ, ինչից սկսել․․․ «Տրանսգենդերային համայնքի» հետ շփումներս ավարտվեցին մի հրապարակմամբ, որի մեծ մասը խմբագրվեց, դուրս մղվեց։ Տեքստը դարձավ սեղմ, նեղ, բովանդակությունը՝ ոչ համոզիչ։

Հաղորդակցությունն ընդհատվեց, ընթերցողի եւ իրենց արանքից դուրս մղվեցի ես, որովհետեւ չկարողացա ներկայացնել տեսակը, հանրության մեջ նրանց իրադրությունն ու իրադարձությունները, որոնք կախված էին նրանցից։

Դեռ մեկ տարի առաջ  սկսեցի հետեւել Նազիկ Արմենակյանի աշխատանքներին։ «Մենակության շտամպը» լուսանկարչական շարքը միջնորդավորված վիզուալիզացիան է «այն կողմում» գտնվողների եւ «մեր» միջեւ։ Ներկայացված տրանսգենդերային համայնքի ներկայացուցիչները հատուկ փերֆորմանսային իրադրությունների մեջ են։ Նրանցից մեկը՝ Լայման ներկայացված է հարսանեկան զգեստով։ «Մեզ» համար հստակ հաղորդագրություն ունեցող այս հանդերձանքի մեջ «մեր» պատկերացումներից դուրս սուբյեկտն է, ում համար հարսանեկան զգեստի իմաստային բնույթը (կոնկրետ Լայմայի պարագայում) եւս փերֆորմանսային իրադրության մաս է։

Հարցադրումները սկսվում են այն պահից, երբ տրանսգենդերային սուբյեկտը դուրս է հանդերձներից, փերֆորմանսային վիճակներից։ Արմենակյանի ներկայացրած տրանսգենդերային համայնքի ներկայացուցիչների մեծ մասը ապրուստ վաստակելու համար զբաղվում են մարմնավաճառությամբ։ Վերջինս թույլ է տալիս երկու տեսակի եզրակացության գալու․ «իր տեսակին» կամ «առաջնային վիճակին» վերադարձած իգականությունն օգտագործվում է սոցիալական եւ իշխանության կոնտեքստում։ Մի դեպքում մարմնավաճառությունը էլ ավելի է խտացնում գույները՝ տալով նաեւ դրամատիկական սոցիալական երանգներ, մյուս կողմից սուբյեկտը վերածվում է օբյեկտի, որը գործում է հանրային նույն իշխանության կանոններով՝ հաճախ ենթարկվելով բռնության, խոշտանգման։

Արմենակյանի լուսանկարներում հատված է լուսանկարչի եւ հերոսների միջեւ եղած պատնեշը։ Խցիկը հնարավորինս մոտեցել է պատմություններին, որը թույլ է տվել լուսանկարչին վիզուալիզացիան բերել հանրային դաշտ՝ մատնանշելով տրանսգենդերային հասարակության խոցելիությունը։ Ցուցահանդեսի ժամանակ հնարավոր է դառնում նախ այս համատեքստում պատմությունները դիտարկելը։

Տարածություն, ընդդիմություն առանց օբյեկտի թելադրանքի

Օկեանի (Սվետլանա Անտոնյանի, ով ապրում եւ ստեղծագործում է Ֆրանսիայում) պիգմենտային լուսանկարները արխիվային թղթի վրա փոխում են տարածության ըմբռնումը։ Այստեղից կարծես թե սկսվում է ցուցահանդեսի երրորդ հարկի (չնայած որ ցուցասրահը երկհարկանի է) իրականությունը, շարունակվում ու եզրափակվում Աննա Դավթյանի ստեղծագործություններով (վերջինիս մասին ավելի մանրամասն` հոդվածի վերջում)։

Անուշ Բաբաջանյանի «տարօրինակ» կանայք եւ Նազիկ Արմենակյանի «խոցելի» տրանսգենդերային իրականության օրինակները մի պահ դուրս են մղվում իրենց վիճելիությամբ։ Օկեանի լուսանկարներում պատկերված մերկ կինը սաղարթախիտ անտառում է, լուսանկարը՝ սեւ եւ սպիտակ (Ֆրանսիայի Լուար շրջանում)․ այդ իրականությունը, որը տարածական առումով անվերջ է, ընդգրկում է հենց իր՝ լուսանկարչի մերկ մարմինը։ Մենք տեսնում ենք Անտոնյանին տարածական իրականության մեջ՝ իր բոլոր հարցադրումներով, գործողություններով եւ նույնիսկ տեսախցիկն այս պարագայում, ինչպես տարածությունը, ընդամենը միջոցներ են, որոնք «ենթարկվել» են Անտոնյանի գործողությանը։

Անմիջապես այս լուսանկարների դիմաց մեկ այլ ստեղծագործողի՝ Նվարդ Երկանյանի «Կլոր սեղանը» ինստալացիան է (տես գլխավոր նկարը)։ Սեղանին դրված իրերի դասավորությունն ու համադրությունը շփոթեցնող է։ Բաժակները (ունենալով վերջիններիս սոցիալ-կենցաղային կարծրատիպային պատկերացումը) տարբեր են իրարից՝ գործնական, կենցաղային, աշխատանքային, հանդիպումների համար նախատեսված․․․Տարբեր են նաեւ դանակ-պատառաքաղները։ Սակայն սեղանը կլոր է, առաջին հայացքից, երբ դեռ չի գործում դիտողի կանոնակարգված դատողությունը (ելնելով նույն կենցաղային քաղաքավարության կարծրատիպերից), սեղանը մեկ իրադրության, մեկ իրադարձության ամբողջական մաս է։ Տեղադրված ափսեները արվեստագետի մերկ մարմնի ֆրագմենտալ տպագրություններն են։

«Տեղադրելով պատկերը հախճապակու պես փխրուն նյութի վրա, ես ցանկանում եմ խաղարկել ուժազրկման և խոցելիության գաղափարները: Մյուս կողմից, այս «ընթրիքի» սեղանը նաև բնորոշում է կնոջ դերի անհրաժեշտությունը և հզորությունը հասարակության մեջ»։

Երկու արվեստագետների ստեղծագործություններում էլ մարմինը բաց է հարցադրմամբ՝ Օկեանի պարագայում՝ սոցիալ-քաղաքական, կենցաղային նշանագրությամբ հանդերձ, տարածական ազատության մեջ՝ անտառում, Նվարդ Երկանյանի պարագայում՝ ընդունված սոցիալ-քաղաքական, կենցաղային նշանագրության շերտերում։

«Մեկ ուրիշի երազը շարքից»

Վեհանուշ Թոփչյանի լուսանկարչական այս շարքի երկու անվերանագիր ստեղծագործությունները փոխում են ցուցահանդեսի իրադրությունը (չնայած որ այս առումով ավելի ցայտուն են Աննա Դավթյանի ստեղծագործությունները)։ Վերարտադրությունը, որը ներկայացված է երազի տեսքով ժամանակակից մարդուն բնորոշ ողջ ամբողջականության դրսեւորումն է․ չկան հստակ սահմաններ, չկան հստակեցված «իր» եւ «ուրիշի» հատումները․ լուսանկարները պատկերում է տեքստ-ֆրագմետներ, որոնք արտահայտված են «ուրիշի» երազներում։ «Կարո՞ղ է արդյոք որեւիցե մեկը երազներ լուսանկարել»․ այս հարցադրման պատասխանը որոնելիս լուսանկարիչը առանձնացրել է Վուդի Ալլենի «Վիկի, Քրիստի, Բարսելոնա» ֆիլմը՝ տալով վերջինիս իր իսկ տարածության՝ բնակարանի առարկաների համադրումը։ Ապրաքայնացված կինը՝ ֆիլմի հերոսուհու կերպարով հայտնվում է իր իսկ տան լուսանցքներում՝ թույլ չտալով միաժամանակ կտրվել Թոփչյանի աշխարհից։

Շառը՝ դրախտի ներսում եւ դրախտից դուրս (ցանկության ֆենոմենը ) 

Իրավիճակային դետալային վիզուալիզացիա՞, բանաստեղծականի պատկերում առօրյա տարածությա՞ն մեջ, խա՞ղ, գործողության վերապատմու՞մ․․․ Աննա Դավթյանի ստեղծագործություններում գերակշռողը նախ ցանկության ֆենոմենն է։ Շառը (կինը) դրախտի (համակարգի) ներսում, թե դրսում իր գործողությամբ (առաջին հայացքից աբսուրդային) ընդգծված ցանկությամբ է առանձնանում, որը ներկայացված է վայրկենական ֆիքսումով։

Միանշանակ չէ, որ կոմպոտի տարրաները, չեխական լյուստրան (կենցաղային այլ իրողությունները) վարկենական ընտրության հարցեր են, բայց երբ մտածում ես լուսանկարիչի ընտրության մասին, կենցաղային առարկան եւ առօրյան տարանջատվում է կնոջ գործողությունից, որը իր ցանկության կրողն է եւ իրականացնողը։ Միեւնույն ժամանակ հստակ գիտակցում ես, որ այդ ցանկության իրագործումը վայրկյանի հարց է եւ ավարտվում է նույն կենցաղի պատկերով, որի կենսականությունը նույնպես պայմանավորված է վայրկյաններ առաջ կտորով փաթաթված սեղանին կանգնած կնոջ աբսուրդային կադրով։

Աննա Դավթյանի լուսանկարչական շարքը հետաքրքիր կերպով եզրափակում է ցուցահանդեսը․ այն ամբողջացնում է առօրեականի, բանաստեղծականի, սեռականի, ֆանտազիայի եւ գործողության շրջանակը՝ դիտողին պահելով հարցադրման տատանվող վիճակում։

Որպես հետգրություն, որը կարող էր նախաբան լինել

Կան բազմաթիվ այլ հարցադրումներ եւ դիտարկումներ, որոնք կարող էին տեղ գտնել այս հրապարակման մեջ․ բոլոր ներկայացված աշխատանքների հեղինակները նոր սերնդի կանայք են, համադրողը՝ տղամարդ։

«Ես չհանդիպեցի գեթ մեկ տղամարդ արվեստագետի, ով անդրադառնար կանացիության թեմային լուսանկարչությունում՝ դիտարկելով այն ոչ թե որպես էսթետիկա, հոգեբանություն ու ինչ- որ դիտարկման օբյեկտ, այլ քննադատական գործողություն: Միայն Սամվել Սաղաթելյանն է, որ դա արել է, բայց նա ավագ սերնդի արվեստագետ է ու հիմնականում աշխատում է ոչ լուսանկարչության մեջ»Վիգեն Գալստյան։

Հ․Գ․ «Շառ դրախտում» ցուցահանդեսը բաց է մինչ հուլիսի 31-ը։

Տեքստի մեջբերումները՝ Անուշ Բաբաջանյանի, լուսանկարչի շարադրանք, «Մայր Այլ Հայաստան» ցուցահանդեսի կատալոգից, Նվարդ Երկանյանի դիտարկումներից։ Լուսանկարները տրամադրել է «Լուսադարան» հայկական լուսանկարչության հիմնադրամը։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ